Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ Ը ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2022 թվականի թիվ 110-Ա

 

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 22-ի նիստում, քննարկելով «Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 3-ին ««Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 4-Ա որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 4-Ա որոշում) հարուցել է թիվ ՀԳ-00005/22 վարույթը (այսուհետ նաև` Վարույթ):

Հանձնաժողովը 2022 թվականի մարտի 9-ին կայացրել է «Թիվ ՀԳ-00005/22 վարույթով պատասխանող «Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու և արագացված վարույթ կիրառելու մասին» թիվ 101-Ա որոշումը:

 

2. Վարույթի հարուցման առիթի և հիմքի հակիրճ նկարագրությունը.

«ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` «ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերություն) կողմից 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հանձնաժողով ներկայացված փորձարկման թիվ 21/12/1970 հաշվետվության համաձայն` Ընկերության կողմից իրացվող «Արզնի Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը (այսուհետ նաև` Ապրանք) պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգին (այսուհետ նաև` Կանոնակարգ):

Հանձնաժողովի կողմից Վարույթը հարուցվել է Ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ Ապրանքը որպես թթվասեր մակնշելու և իրացնելու վարքագծի առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ պարունակելու հիմքով:

 

3. Ընկերության դիրքորոշումը.

Ընկերությունը 2022 թվականի մարտի 3-ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ Ընկերությունը տեղեկանալով նշված դեպքի մասին, ներքին քննություն է հարուցել, պատասխանատու աշխատակիցներից համապատասխան բացատրություններ է պահանջել և պարզել, որ իրականում 2021 թվականի դեկտեմբերին արտադրված «Թթվասեր» անվանումով ապրանքի խմբաքանակներից մեկում կարող էր առկա լինել բուսական յուղ, քանի որ նախատոնական ծանրաբեռնվածությունից և COVID-19 հիվանդությունով պայմանավորված ծանրաբեռնված աշխատանքային օրեր են եղել: Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը, անմիջապես վերացրել է իրավախախտման պատճառները և սահմանել է լրացուցիչ խստություն և կարգուկանոն համապատասխան անձանց նկատմամբ, որպեսզի նման խախտումն այլևս չկրկնվի, ինչպես նաև մեղավոր աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Միաժամանակ Ընկերությունը խնդրել է Վարույթի շրջանակում որպես մեղմացնող դիտարկել հետևյալ հանգամանքները.

1. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը, դադարեցրել է այն, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ խախտումը չկրկնվելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ` տեղադրել է հսկողության տեխնիկական սարքեր, ընդունել հրամաններ, հրահանգներ, մեղավոր անձանց նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոցներ:

2. Իրավախախտումը չի ունեցել տևական բնույթ, տեղի է ունեցել մեկ անգամ` հանդիսանալով անզգուշության արդյունք:

3. Ընկերության նկատմամբ նախկինում մրցակցության պաշտպանության ոլորտում չի կայացվել որևէ պատասխանատվության միջոց` նույնիսկ վարույթ հարուցված չի եղել;

4. Ընկերության կողմից թույլ տրված արարքը որևէ անձի, ինչպես նաև պետությանը վնաս չի պատճառել:

5. Ընկերությունը Վարույթի շրջանակում հայցում է Հանձնաժողովի համագործակցությունը:

6. Ընկերությունն ունի բարի համբավ, սոցիալական կայքերում դրական լիցքերով և մեկնաբանություններով էջեր, ինչպես նաև մինչ Վարույթի հարուցումը Ընկերության պատմությունը դրական է եղել:

7. Ընկերությունն առաջնորդվում է «Մեր գործն արդար է» կարգախոսով և ունենալով սեփական ֆիրմաները, իր սեփական կովերի բնական կաթն է օգտագործում արտադրանքների մեջ, ինչը չի կարող դրական չգնահատվել որպես տվյալ ապրանքային շուկայի վրա թողնվող հետք:

 

4. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 202-Ա հրամանի հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 21-ին «Պար-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտ իրականացվել է հսկիչ գնում (այսուհետ նաև` Հսկիչ գնում), որի արդյունքում կազմվել է «Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ» թիվ 202 արձանագրությունը:

Հսկիչ գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել Ընկերության կողմից արտադրված «Արզնի Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը, որի տուփի վրա առկա է հետևյալ մակնշումը. ««ԱՐԶՆԻ ԿԱԹ», Սերով Թթվասեր ՍԵՓԱԿԱՆ ԿՈՎԵՐԻ ԿԱԹԻՑ, 400 գ. 20%, sour cream, Թթվասեր 20% յուղայնության: Բաղադրությունը` կաթի սերուցք նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան: Պիտանիության ժամկետի վերջում կաթնաթթվային բակտերիաների քանակը ոչ պակաս 1x10(7) ԳԱՄ/գ: Սննդային արժեքը 100 գ` սպիտակուցներ 2.8 գ, ճարպեր 20 գ, ածխաջրեր 3.2 գ, էներգետիկ արժեքը` 204 կկալ (854 կՋ): Պահել 2 oC-6 oC և 75% ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում: Արտադրման ամսաթիվը և պիտանիության վերջնաժամկետը տես տարայի վրա: Արտադրող` «ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍՊԸ, Իր./հ. ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյան խճուղի 5/1. Գործ/հ. ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փ. 25/8. Արտադրված է Հայաստանում, Հեռ. +374 10646250, ՀՀՏՊ/ՏՈՒՌԱ 05724990.5185-2077»: Բացի այդ, Ապրանքի մակնշման համաձայն` պիտանելիության ժամկետն է` 17.12.2021-23.12.2021:

2) Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Փորձաքննություն իրականացնելու մասին» թիվ 368-Ա հրամանի հիման վրա, ի թիվս այլնի, Ապրանքն ուղարկվել է «ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերությանը լաբորատոր փորձաքննության` Ապրանքում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով:

«ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել փորձարկման թիվ 21/12/1970 հաշվետվությունը, որի համաձայն` Ապրանքը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Կանոնակարգին:

3) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 7-ի թիվ ԳԳ-28 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-28 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն.

1. Ընկերության կողմից Ապրանքի իրացման սկզբնաժամկետի վերաբերյալ` նշելով ամսաթիվը,

2. 2020 և 2021 թվականներին Ընկերության կողմից արտադրված` Ապրանքի և որպես թթվասեր արտադրված այլ ապրանքների իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանցից յուրաքանչյուրի իրացումից ստացված հասույթի չափը` առանձնացված` ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների) և ըստ ապրանքների:

Ընկերությունը, ի պատասխան թիվ ԳԳ-28 գրության, 2022 թվականի մարտի 3-ին Հանձնաժողով ներկայացված գրությամբ հայտնել է, որ Ընկերության կողմից Ապրանքի իրացումը սկսվել 2020 թվականի հունվարի 4-ից:

 

4) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 10-ի թիվ ԳԳ-67 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-67 գրություն) Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ` խնդրելով տրամադրել տեղեկատվություն`

1. Ընկերության 2020 և 2021 թվականների տարեկան հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների,

2. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից Ապրանքի իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ (ըստ տարիների),

3. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից արտադրված «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների, իսկ անհնարինության դեպքում դուրս գրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ:

ՊԵԿ-ը 2022 թվականի հունվարի 14-ին Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն` Ընկերության 2020 թվականի հասույթի չափը

կազմել է          դրամ, իսկ 2021 թվականի հասույթի չափը`

դրամ: Ընկերության կողմից դուրս հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկության վերլուծության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը կազմել է

դրամ:

 

5. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

1. Ընկերության կողմից իրացվող Ապրանքը պարունակում է բուսական յուղ և այն չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին:

2. Հսկիչ գնմամբ Ապրանքի ձեռքբերման ամսաթիվը` 2021 թվականի դեկտեմբերի 21-ն է:

3. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ:

4. ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի

չափը կազմել է             դրամ:

 

6. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողն իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

i

Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

i

Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի` ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունվարի 3-ին թիվ 4-Ա որոշմամբ հարուցվել է Վարույթ այն հիմքով, որ Ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելն առերևույթ պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը, վերացրել է իրավախախտման պատճառները, սահմանել է լրացուցիչ խստություն և կարգուկանոն համապատասխան անձանց նկատմամբ, որպեսզի նման խախտումն այլևս չկրկնվի, մեղավոր աշխատակիցներին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, միջնորդել է կիրառել արագացված վարույթ և Հանձնաժողովը կայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին որոշում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելը, ինչպես նաև դրանում բուսական յուղի առկայության մասին չմակնշելը, համարվում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք` պատասխանատվության միջոցի կիրառում:

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

i

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

i

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

i

Օրենքի 88-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանության (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

Բազային գումարի հաշվարկը.

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

Ապրանքի իրացումից ստացված հասույթի չափը որոշելիս հիմք ընդունվում Մեթոդաբանության 17-րդ կետը: Տվյալ պարագայում մինչև Վարույթի հարուցումը Ընկերության կողմից իրավախախտումը դադարեցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, իսկ Ընկերության` Վարույթը հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա` 2021 թվականի «Թթվասեր» անվանումով ապրանքների

իրացումից ստացված հասույթի չափը կազմել է            դրամ:

Իրավախախտման ծանրության խումբը.

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:

Իրավախախտման տևողությունը.

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերությունը հայտնել է, որ իրավախախտումը կատարվել է աշխատակցի անփութության հետևանքով, իսկ Վարույթի շրջանակում իրավախախտման սկզբնաժամկետի վերաբերյալ այլ տեղեկություն Հանձնաժողովը չի հայտնաբերել և չի հաստատել:

Նման պայմաններում Հանձնաժողովը Վարույթով որպես իրավախախտման սկզբնաժամկետ դիտարկում է հսկիչ գնմամբ Ապրանքի ձեռքբերման ամսաթիվը` 2021 թվականի դեկտեմբերի 21-ը, իսկ Վարույթը հարուցվել է 2022 թվականի հունվարի 3-ին: Ընկերության կողմից իրավախախտման կատարման ժամանակահատվածը 12 ամսից պակաս է, հետևաբար, հիմք ընդունելով Մեթոդաբանության 23-րդ կետը, իրավախախտման տևողության գործակիցը 1 է:

Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է 870 986 դրամ` ըստ հետևյալ հաշվարկի.

    Բ= Հ x Խ x Ժ=              = 870 986 դրամ:

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

Մեթոդաբանության 31-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը դիտարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքները և վարչական ակտում արտացոլում միայն այն հանգամանքները, որոնք հաստատվել են համապատասխան վարույթի ընթացքում:

Մեթոդաբանության 32-րդ կետի համաձայն` մեղմացնող հանգամանքի առկայության ապացուցման բեռը կրում է վարույթով պատասխանողը:

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող որևէ հանգամանք Հանձնաժողովի կողմից չի հաստատվել:

Ընկերության կողմից Վարույթով որպես մեղմացնող ներկայացված հանգամանքների վերաբերյալ Հանձնաժողովը գտնում է, որ նշված հանգամանքներից Վարույթով մեղմացնող է համարվում միայն իրավախախտման փաստն ընդունելը, ինչի հետևանքով Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ, իսկ նշված մնացած հանգամանքների մեղմացնող լինելու վերաբերյալ որևէ ապացույց կամ հիմք Ընկերությունը Հանձնաժողովին չի ներկայացրել, և Հանձնաժողովը Վարույթի շրջանակներում չի հայտնաբերել, ուստի այդ հանգամանքները Վարույթով չեն հաստատվել:

Տուգանքի հաշվարկը.

Վերոշարադրյալից հետևում է, որ տուգանքի չափը կազմում է 870 986 դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.

Տ= Բ + Բ x (Ծ - Մ) = 870 986 + 870 986 x (0%-0%) = 870 986 դրամ:

Մեթոդաբանության 37-րդ կետի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում Հանձնաժողովը նշանակում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի գումարի մեկ երկրորդը:

Այսինքն, Ընկերության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է 435 493 դրամ:

3) Ընկերությանը հանձնարարություն տալու հարցի կապակցությամբ.

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը (...) սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության` հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն:

Տվյալ դեպքում Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը, հայտնել է, որ անմիջապես վերացրել է իրավախախտման պատճառները, սահմանել է լրացուցիչ խստություն և կարգուկանոն համապատասխան անձանց նկատմամբ, որպեսզի նման խախտումն այլևս չկրկնվի, ինչպես նաև մեղավոր աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչից հետևում է, որ Ընկերության կողմից իրավախախտումը շտկվել է և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ հետագայում այն բացառելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերությանը հանձնարարություն տալու անհրաժեշտություն առկա չէ:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հիմք ընդունելով Հանձնաժողովի թիվ 395-Ն որոշումը, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել 435 493 (չորս հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր իննսուներեք) դրամի չափով տուգանք:

 

7. Եզրափակիչ մաս.

i

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ «Արզնի Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելը, ինչպես նաև դրանում բուսական յուղի առկայության մասին չմակնշելը, որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):

2. Օրենքի խախտման համար «Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 435 493 (չորս հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր իննսուներեք) դրամի չափով տուգանք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Արզնի Կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման 4-րդ կետով նշանակված տուգանքը մինչև սույն որոշման անբողոքարկելի դառնալը չվճարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 22

Երևան

 

__________________

ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
22.03.2022
N 110-Ա
Որոշում