ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ԵԷԴ/0030/01/12
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
մասնակցությամբ դատախազ Տ. Հարությունյանի
2015 թվականի դեկտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ Նարեկ Արկադիի Սահակյանի պաշտպան Ժ. Վարոսյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Վահե Վարուժանի Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Հարություն Կառլենի Պետրոսյանի պաշտպան Ղ. Պապոյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
i
1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Նարեկ Սահակյանը, Վահե Պարանյանը և Հարություն Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության մարմնի` 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Տիգրան Կոստանդյանը, Գևորգ Խնուսյանը և Սերգո Մելիքբեկյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն. Սահակյանը, Վ. Պարանյանը, Հ. Պետրոսյանը, Տ. Կոստանդյանը, Գ. Խնուսյանը և Ս. Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Ն. Սահակյանի և Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանը, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանը և Վ. Բաբայանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ. Պարանյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա:
Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն. Սահակյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվել:
Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
4. Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանի, Տ. Կոստանդյանի պաշտպան Գ. Մադոյանի, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Վ. Պարանյանի, Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի մասով կարճել, իսկ քրեական հետապնդումը` դադարեցրել:
Հ. Պետրոսյանի պաշտպան Ղ. Պապոյանի, Ս. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ. Պետրոսյանին, Ս. Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:
Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի և ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկվել ու մտել են օրինական ուժի մեջ:
i
5. Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանի, իսկ նույն դատարանի` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ. Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասով, ինչպես նաև նույն դատարանի` Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանվել են, գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա. Քալաշյանի, Ղ. Պապոյանի, Գ. Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպաններ Կ. Գրիգորյանի, Վ. Բաբայանի բողոքները` մասնակիորեն, այն է` Հ. Պետրոսյանի, Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի և Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել:
i
7. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Գ. Խնուսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
8. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոք է բերել Տ. Կոստանդյանի պաշտպան Կ. Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Տ. Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
9. Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ. Պապոյանը Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Ն. Սահակյանի և Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանը Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի և 2013 թվականի մարտի 19-ի որոշումների դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերել է վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշումներով ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
10. Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն. Սահակյանը, Վ. Պարանյանը, Հ. Պետրոսյանը, Տ. Կոստանդյանը, Գ. Խնուսյանը և Ս. Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանին, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը և բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 14):
i
11. 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) Սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Նարեկ Արկադիի Սահակյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011 թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10 օր ժամանակով: Նույն օրը Նարեկ Սահակյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: (...) Ամբաստանյալ Նարեկ Սահակյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել է 7/յոթ/ օր:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Նարեկ Սահակյանի նկատմամբ նշանակված և կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Նարեկ Սահակյանի կողմից 7/յոթ/ օր կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրա դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Նարեկ Սահակյանը կրկին անգամ դատվել է նույն արարքի համար»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «Նարեկ Արկադիի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 56-74):
12. Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն` «(...) Սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011 թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:
Ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10/տաս/ օր, իսկ Վահե Պարանյանը` 7/յոթ/ օր:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10/տաս/ օր, իսկ Վահե Պարանյանի նկատմամբ կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար»:
Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է. «Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով կարճել և նրանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 134-142):
13. Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման համաձայն` «(...) Սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Հարություն Պետրոսյանի և Սերգո Մելիքբեկյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011 թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:
Ամբաստանյալ Սերգո Մելիքբեկյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել է 10/տաս/ օր, իսկ Հարություն Պետրոսյանը` 7/յոթ/ օր:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Սերգո Մելիքբեկյանի նկատմամբ կիրառված 10/տաս/ օր, իսկ Հարություն Պետրոսյանի նկատմամբ կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքներն իրենց բնույթով և տևողությամբ հանդիսացել են քրեական պատիժ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հարություն Պետրոսյանի և Սերգո Մելիքբեկյանի կողմից կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է ՀՀ Սահմանադրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածներով սահմանված կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը»:
Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է. «Հարություն Կառլենի Պետրոսյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թ. օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, Հարություն Կառլենի Պետրոսյանին, Սերգո Արմենի Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` կարճելով քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 203-208):
14. Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ. Խնուսյանի, Տ. Կոստանդյանի, Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի իրավունքները` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 122-135):
i
15. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «Գործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012 թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 118-138):
16. Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Գ. Խնուսյանին և Տ. Կոստանդյանին վերաբերող մասերով գործը նոր քննության ուղարկելու արդյունքում 2015 թվականի հունիսի 9-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որի եզրափակիչ մասն ունի հետևյալ բովանդակությունը. «(...) Ամբաստանյալ Գևորգ Սերոբի Խնուսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ամբաստանյալ Տիգրան Ռուբենի Կոստանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 39-51):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
i
17. Բողոքների հեղինակները փաստարկել են, որ սույն գործով թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 35-րդ հոդվածների պահանջների խախտումներ:
18. Բողոքաբերներն իրենց վճռաբեկ բողոքներում, մասնավորապես, նշել են, որ կալանքի ձևով կարգապահական տույժ կրելուց հետո Ն. Սահակյանը, Վ. Պարանյանը և Հ. Պետրոսյանը միևնույն արարքի համար ենթարկվել են քրեական պատասխանատվության և դատապարտվել մեկական տարվա ազատազրկման, որի արդյունքում խախտվել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն. Սահակյանը, Վ. Պարանյանը և Հ. Պետրոսյանը կրկին դատվել են նույն արարքի համար:
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատական ակտ կայացնելու փոխարեն, Ն. Սահակյանի, Վ. Պարանյանի, Հ. Պետրոսյանի մասով կարճել է քրեական գործի վարույթը և նրանց նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը` առանց մատնանշելու կարճման արդարացնող հիմքը:
19. Վերոշարադրյալի հիման վրա`
ա) Ն. Սահակյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և Ն. Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել,
բ) Վ. Պարանյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը և Վ. Պարանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել,
գ) Հ. Պետրոսյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Հ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
20. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման առկայության պայմաններում օրինական և հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի` Ն. Սահակյանի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 21-ի, Վ. Պարանյանի վերաբերյալ 2013 թվականի մարտի 19-ի որոշումները:
i
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա,
(...)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) բացակայում է հանցագործության դեպքը.
2) արարքի մեջ հանցակազմ չկա.
3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.
6) անցել են վաղեմության ժամկետները.
7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.
8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.
9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.
11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) ընդունվել է համաներման ակտ»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:
21.1. Վերոնշյալ նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը Գ. Խնուսյանի և մյուսների գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովելու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք` անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայմանավորված է.
ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով` քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ,
i
բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում` արդարացման հիմքի մասով բողոքարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործողության ապահովման անհրաժեշտությամբ» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 17-րդ կետը):
Մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործով Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասերով կայացված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է, ի թիվս այլոց, Գ. Խնուսյանի, Տ. Կոստանդյանի իրավունքները` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասերով անդրադարձել է Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ այն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
i
22.1. Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան միայն Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասով, իսկ Վ. Պարանյանի մասով վճռաբեկ բողոք չէր ներկայացվել: Հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
22.2. Հաշվի առնելով, որ Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի, ինչպես նաև Վ. Պարանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշման պատճառաբանությունները նույնական են (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները հավասարապես վերաբերելի են բողոքարկվող դատարան ակտի օրինականությանը` Վ. Պարանյանի մասով: Հետևաբար Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Վ. Պարանյանի մասով նույնպես օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
i
23. Անդրադառնալով Ն. Սահակյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման օրինականությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման փաստը, գործի վարույթը կարճել է և Ն. Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` չնշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
23.1. Հաշվի առնելով, որ նախորդ կետում մեջբերված փաստերը և Գ. Խնուսյանի ու մյուսների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ հիմք ընդունված փաստերը նույնանման են` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները հավասարապես կիրառելի են նաև Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման օրինականության նկատմամբ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը նույնպես օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի` Ն. Սահակյանի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 21-ի, Վ. Պարանյանի վերաբերյալ 2013 թվականի մարտի 19-ի որոշումները օրինական և հիմնավորված չեն:
25. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումների առկայության պայմաններում օրինական և հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի` Հ. Պետրոսյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը:
i
26. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
(...)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
(...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
26.1. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ. Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) Ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրաժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումների մշակմամբ:
(...)
Ընդհանուր կանոնի համաձայն` ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:
i
Օրենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պարտադիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: (...)» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):
i
26.2. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Գ. Խնուսյանի մասով գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատարանը, չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 20-րդ կետը):
26.3. Սույն որոշման 26-26.2-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2015 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ նույնական դիրքորոշում է արտահայտել նաև Տ. Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ:
27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներում, համապատասխանաբար Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասերով անդրադարձել է Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք` դրանով իսկ չկատարելով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով, կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:
i
27.1. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերվել միայն Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասերով, իսկ Հ. Պետրոսյանի մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը), հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության միայն Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասերով (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):
28. Հիմք ընդունելով Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 27-27.1 կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի` Հ. Պետրոսյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը օրինական և հիմնավորված չէ:
29. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Գ. Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումն առ այն, որ «(...) Նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ:
(...)
i
Բոլոր այն դեպքերում, երբ նույն արարքի համար կարգապահական կամ վարչական պատասխանատվությանը հաջորդած քրեական դատապարտումը կամ քրեական հետապնդումը գնահատվի որպես նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում, իրավակիրառողները քրեական հետապնդումը դադարեցնելիս պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (բացակայում է հանցագործության դեպքը), ինչն իր բնույթով արդարացնող (ռեաբիլիտացիոն) հիմք է: Արդյունքում անձը ձեռք կբերի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար կդադարեցվի նաև խախտումը և նրան կտրամադրվի համարժեք հատուցում» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 28-րդ կետը):
i
Մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ սույն գործով Վ. Պարանյանի, Ն. Սահակյանի և Հ. Պետրոսյանի` կարգապահական պատասխանատվությանը հաջորդած քրեական հետապնդումը և քրեական դատապարտումը նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում համարվելը անվիճարկելի փաստեր են (տե՛ս սույն որոշման 11-12-րդ, 15-րդ կետերը), ավելին` գործի նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Գ. Խնուսյանի և Տ. Կոստադյանի մասերով արդեն իսկ կայացրել է արդարացման դատական ակտ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ելնելով արդարադատության արդյունավետության շահերից և, մասնավորապես, սույն գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչել Ն. Սահակյանի, Վ. Պարանյանի և Հ. Պետրոսյանի անմեղությունը նրանց առաջադրված մեղադրանքներում, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել:
2. Նարեկ Արկադիի Սահակյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Նարեկ Արկադիի Սահակյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
3. Վահե Վարուժանի Պարանյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Վահե Վարուժանի Պարանյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
4. Հարություն Կառլենի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Հարություն Կառլենի Պետրոսյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Օհանյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան