ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ
դատարանի որոշում ՎԴ/0429/05/13
Վարչական գործ թիվ ՎԴ/0429/05/13 2014 թ.
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
Դատավորներ` Ա. Բաբայան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21, Վ-44/22, Վ-44/23, Վ-44/24, Վ-44/25, Վ-44/26, Վ-44/28, Վ-44/29 որոշումներն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21, Վ-44/22, Վ-44/23, Վ-44/24, Վ-44/25, Վ-44/26, Վ-44/28, Վ-44/29 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2014 թվականի որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 05.12.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է` վերացվել են Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21, Վ-44/22, Վ-44/23, Վ-44/24, Վ-44/25, Վ-44/26, Վ-44/28, Վ-44/29 որոշումները:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 26-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ թեև հայցվորի կողմից տարբեր հասցեներում տեղադրված բոլոր վահանակներն իրենց բովանդակությամբ հանդիսանում են արտաքին գովազդ, սակայն որևէ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում և Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշմամբ սահմանված չէ, թե կոնկրետ որ դեպքերում է անհրաժեշտ ստանալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն, իսկ որ դեպքերում` ոչ. օրինակ` տրանսպորտային միջոցների, շինությունների վրա պատկերված, գրված տարբեր չափերի տեղեկությունները, որոնք իրենց բովանդակությամբ հանդիսանում են գովազդ, ինչ չափերի պետք է լինեն, որպեսզի դրանց տեղադրման համար պահանջվի թույլտվություն, կամ նման թույլտվությունը պարտադիր չլինի: Այսինքն` գովազդ տեղադրելու համար համապատասխան թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հարցը պետք է կապված լինի գովազդի չափերի հետ, որպիսիք որևէ իրավական ակտով կարգավորված չեն, հետևաբար, քանի դեռ հստակ չէ, թե ինչ չափերի արտաքին գովազդ տեղադրելու համար է պահանջվում թույլտվություն, իսկ ինչ չափերի դեպքում` ոչ, ապա այդպիսի թույլտվություն չունենալու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գովազդի, այդ թվում` արտաքին գովազդի հասկացությունը սահմանված է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, հետևաբար ցանկացած վահանակ` անկախ դրա մակերեսից, որում զետեղված տեղեկությունները համապատասխանում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված գովազդի հասկացությանը, հանդիսանում է արտաքին գովազդ, որի տեղադրման համար պահանջվում է համապատասխան թույլտվություն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի վերը նշված հիմնավորումը կրում է ընդհանուր բնույթ, և ըստ այդ հիմնավորման` Քաղաքապետը տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրության պայմաններում չի կարող «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված վարչական տույժը կիրառել որևէ անձի նկատմամբ, երբ տվյալ անձի կողմից արտաքին գովազդը տեղադրված է առանց համապատասխան թույլտվության:
Մինչդեռ, քանի դեռ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը շարունակում է գործել, Քաղաքապետը պարտավոր է դրանով նախատեսված դեպքերում անձանց ենթարկել վարչական պատասխանատվության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.12.2013 թվականի վճռին:
2.1.Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
«Alfa Pharm» ապրանքային նշանը «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատան ճակատային մասում «Դեղատուն» ցուցանակի վրա զետեղելը չի կարող դիտարկվել որպես արտաքին գովազդ, քանի որ այն ոչ թե նպատակ է հետապնդել անորոշ անձանց շրջանում հետաքրքրություն ձևավորելու, այլ օգտագործվել է որպես ապրանքային նշան` Ընկերությանը պատկանող դեղատունն այլ անձանց պատկանող դեղատներից տարբերելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 10):
2) Երևանի Շինարարների փողոցի թիվ 15 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/22 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9/1 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն Alfa Pհarm» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/23 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 12):
4) Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188/5 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն Alfa Pհarm» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/24 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 14):
5) Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն Alfa Pհarm» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/25 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16):
6) Երևանի Մարգարյան փողոցի թիվ 19/1 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն Alfa Pհarm» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/26 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 18):
7) Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/28 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 20):
8) Երևանի Արզումանյան փողոցի թիվ 10 հասցեում գործող դեղատան ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն Alfa Pհarm» բովանդակությամբ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/29 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 22):
9) ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանի 24.02.2010 թվականի գրանցման թիվ 15037 վկայագրի և ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման համաձայն` «Alfa Pհarm» կանաչ և նարնջագույն գունային համակցությամբ ապրանքային նշանի սեփականատեր է հանդիսանում «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 130):
10) Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 42, Շինարարների փողոցի թիվ 15, Հալաբյան փողոցի թիվ 9/1, Բաշինջաղյան փողոցի թիվ 188 և 188/5, Մարգարյան փողոցի թիվ 19/1 հասցեներում, ինչպես նաև Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատների ճակատային մասի լուսանկարների համաձայն` դրանցում առկա են «Դեղատուն Alfa Pharm» բովանդակությամբ վահանակներ, իսկ Արզումանյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող դեղատան ճակատային մասում առկա է «Դեղատուն» բովանդակությամբ վահանակ (հատոր 1-ին, գ.թ. 39, 48, 57, 75, 66, 84, 102, 91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված «գովազդ» և «արտաքին գովազդ» հասկացությունների, ինչպես նաև արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված «գովազդ» և «արտաքին գովազդ» հասկացությունների բացահայտմանը, և պատասխանել այն հարցին, թե արդյոք արտաքին գովազդի տեղադրման համար թույլտվություն պետք է տրամադրվի կախված արտաքին գովազդի չափերից:
i
1) «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
«Գովազդ» հասկացության վերը նշված սահմանումից հետևում է, որ գովազդը տեղեկություն է, որը պետք է տարածվի տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ, պետք է հասցեագրված լինի անորոշ թվով անձանց, պետք է վերաբերի կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքներին, գաղափարներին կամ նախաձեռնություններին, պետք է նպատակ հետապնդի հետաքրքրություն ձևավորել կամ պահպանել տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Գովազդը, լինելով տեղեկություն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք հնարավորություն են տալիս այդ տեղեկությունը բնորոշել որպես գովազդ:
Այսպես, նախ և առաջ գովազդն իր բովանդակությամբ տեղեկություն է, որը կարող է արտահայտվել բանավոր խոսքի, գրաֆիկական, ֆոտո, աուդիո և տեսապատկերների, երաժշտության, գույնի և այլ միջոցներով, ինչպես առանձին, այնպես էլ նշված միջոցների համակցությամբ: Որպես տեղեկություն այն կարող է տարածվել տարբեր տեղեկատվական միջոցների օգնությամբ, այսինքն` պետք է հրապարակվի և հասանելի դառնա սպառողին: Հետևաբար, տեղեկությունն առանց տարածելու չի կարող համարվել գովազդ: Գովազդը պետք է նախատեսված լինի անորոշ թվով անձանց շրջանում տարածելու համար, ինչը նշանակում է, որ թեև հնարավոր է կանխատեսել գովազդի համար թիրախային հանդիսացող խումբը, սակայն ի սկզբանե հնարավոր չէ պարզել տարածվող տեղեկության կոնկրետ հասցեատերերին, հետևաբար նաև գովազդվող օբյեկտի իրացումից ծագող իրավահարաբերության կողմին:
Գովազդը պետք է վերաբերի կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքներին, գաղափարներին կամ նախաձեռնություններին, որոնք էլ հանդիսանում են գովազդի օբյեկտը: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տարածվող տեղեկության մեջ ապրանքների կամ ծառայությունների որոշակի խմբի ընդհանրացնող անվանման ներառումը (օրինակ` «հագուստ», «մթերք», «հյութեր», «գեղեցկության սրահ» և այլն) չի կարող համարվել գովազդ, որովհետև այդպիսի անվանումները հնարավորություն չեն տալիս միասեռ ապրանքների և ծառայությունների շրջանակից առանձնացնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն, և դրա նկատմամբ ձևավորել դրական վերաբերմունք: Այսինքն` ընդհանրացնող անվանում պարունակող տեղեկությունը չի կարող համարվել գովազդ, քանի որ դրանում բացակայում է գովազդի օբյեկտը:
Գովազդը պետք է գովազդվող օբյեկտի նկատմամբ ձևավորի կամ պահպանի հետաքրքրությունը: Այսինքն` տեղեկությունը պետք է նպատակաուղղված լինի գովազդի օբյեկտը սպառողի ուշադրությանը ներկայացնելուն, վերջինիս համոզելուն, հետևաբար գովազդի կարևոր առանձնահատկությունը օբյեկտի նկատմամբ հետաքրքրվածության խթանումն է, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումն ու այդպիսի վերաբերմունքի պահպանումը:
Վերը նշված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տեղեկությունը գովազդ համարելու համար անհրաժեշտ է տեղեկության հետևյալ հատկանիշների միաժամանակյա առկայություն.
- տեղեկությունը պետք է հնարավորություն տա անհատականացնել կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, ապրանքը, գաղափարը կամ նախաձեռնությունը, այսինքն` պետք է առկա լինի գովազդի օբյեկտը,
- տեղեկությունը պետք է տարածվի տեղեկատվական առնվազն մեկ միջոցով,
- տեղեկությունը պետք է նախատեսված լինի անորոշ անձանց շրջանում տարածելու համար,
- տեղեկությունը պետք է նպատակ հետապնդի ձևավորել և պահպանել գովազդվող օբյեկտի նկատմամբ հետաքրքրությունը:
Նշված առանձնահատկություններից որևէ մեկի բացակայության պայմաններում տեղեկությունը գովազդ համարվել չի կարող:
i
2) «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքով տրված «գովազդ» հասկացության վերը նշված մեկնաբանության լույսի ներքո մեկնաբանելով նույն օրենքի 11-րդ հոդվածում նշված «արտաքին գովազդ» հասկացությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արտաքին գովազդն այնպիսի տեղեկությունն է, որը, վերաբերելով կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ապրանքի, գաղափարի կամ նախաձեռնության, գովազդվող օբյեկտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և պահպանելու նպատակով անորոշ անձանց շրջանում տարածվում է բնակավայրերում` պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Ընդհանրացնելով արտաքին գովազդի տարածման միջոցների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտաքին գովազդը գովազդի հատկանիշներ պարունակող այնպիսի տեղեկությունն է, որը ժամանակավոր կամ հիմնական, շարժական կամ ստացիոնար տեխնիկական միջոցների ձևով տարածվում է բնակավայրերում` տեղակայվելով բաց տեղանքում, շենքերի, շինությունների արտաքին մակերևույթին, փողոցային սարքավորումների տարրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա: Նկատի ունենալով, որ տեխնիկական առաջընթացին զուգահեռ իբրև գովազդի տարածման միջոց կարող են օգտագործվել զանազան նոր տեխնիկական միջոցներ, օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակվել ներկայումս օգտագործվող տեխնիկական միջոցների թվարկմամբ` հնարավոր համարելով գովազդի տարածումը նաև այլ տեխնիկական միջոցներով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց վրա զետեղված տեղեկության` նյութապես արտահայտված արդյունքի չափերը որևէ նշանակություն չունեն տեղեկությունը արտաքին գովազդ համարելու կամ չհամարելու համար, քանի որ, եթե բնակավայրում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով տեղակայված տեղեկությունն ունի գովազդին բնորոշ վերը նշված հատկանիշները, ապա վերջինս պետք է դիտարկվի որպես արտաքին գովազդ` անկախ դրա չափերից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը` «Գովազդի մասին» ՀՀ օրենքով տրված «գովազդ» հասկացության սահմանումից բխում է, որ գովազդի օբյեկտ են հանդիսանում իրավաբանական և ֆիզիկական անձինք, ապրանքները, գաղափարներն ու նախաձեռնությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանն իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցներ են, հետևաբար դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի իմաստով ևս կարող են գովազդ հանդիսանալ այնքանով, որքանով որպես անհատականացման միջոցներ` տեղեկություններ են պարունակում իրավաբանական անձի, ապրանքի կամ ծառայության մասին: Այսինքն` ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը կարող են համարվել գովազդ, եթե օգտագործվում են գովազդի օբյեկտի նկատմամբ անորոշ թվով անձանց շրջանակում հետաքրքրություն առաջացնելու կամ պահպանելու համար: Սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կազմակերպության գտնվելու, գործունեություն իրականացնելու վայրերում դրա ֆիրմային անվանման, ապրանքային կամ սպասարկման նշանների տեղադրումը կարող է արտաքին գովազդ չհամարվել, եթե դրա նպատակը ոչ թե անորոշ անձանց շրջանում հետաքրքրության, դրական վերաբերմունքի ձևավորումն է, այլ կազմակերպության գտնվելու, գործունեություն իրականացնելու վայրի և/կամ գործունեության տեսակի մասին տեղեկացնելը, ինչը համապատասխանում է գործարար շրջանառության սովորույթներին:
Հետևաբար բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով իրավաբանական անձի անհատականացման միջոցներ տեղադրելն արտաքին գովազդի տարածում դիտարկելու համար նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձվի այդպիսի տեղեկության տեղադրման նպատակային նշանակությունը:
3) Անդրադառնալով արտաքին գովազդի համար թույլտվության անհրաժեշտությունը դրա չափերով պայմանավորելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները: Երևան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` որպես պարտադիր լիազորություն քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Նույն օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վարչական շրջանի ղեկավարն օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտաքին գովազդ տեղադրելու համար բոլոր դեպքերում անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն` անկախ արտաքին գովազդի մակերեսներից, իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որոշելու իրավասությունն օրենքով սահմանված քաղաքաշինության բնագավառում վերջինիս լիազորությունների բաղկացուցիչ մասն է:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշմամբ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով պայմանավորված, սահմանվել են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր դրույթներ, գովազդի թույլտվություն տալու կարգը և Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները: Նման պայմաններում արտաքին գովազդի ծավալի և քանակության սահմանումը, դրա շրջանակներում արտաքին գովազդի համար որոշակի սահմանային չափերի ամրագրումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես արտաքին գովազդի թույլտվության անհրաժեշտության նախապայման:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 42, Շինարարների փողոցի թիվ 15, Հալաբյան փողոցի թիվ 9/1, Բաշինջաղյան փողոցի թիվ 188 և 188/5, Մարգարյան փողոցի թիվ 19/1, Արզումանյան փողոցի թիվ 10 հասցեներում, ինչպես նաև Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատների ճակատային մասում, առանց համապատասխան թույլտվության, «Դեղատուն» և/կամ «Դեղատուն Alfa Pharm» բովանդակությամբ վահանակներ տեղադրելու համար Երևանի քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21, Վ-44/22, Վ-44/23, Վ-44/24, Վ-44/25, Վ-44/26, Վ-44/28 և Վ-44/29 որոշումներով «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000-ական ՀՀ դրամ տուգանքի չափով:
Այսինքն` Քաղաքապետը «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելիս «Դեղատուն» և «Դեղատուն Alfa Pharm» բովանդակությամբ վահանակները դիտարկել է որպես արտաքին գովազդ, որոնք վերջինիս կողմից տեղադրվել են առանց թույլտվության:
Դատարանը «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում ներկայումս «Alfa Pharm» ապրանքանիշի նկատմամբ ձևավորված է որոշակի վերաբերմունք, այն սպառողների մոտ ասոցացվում է որոշակի որակի, տեսակի և հատկանիշների դեղորայքի և դեղագործական այլ ապրանքների վաճառքի, և ըստ այդմ` դրանց ձեռքբերման հնարավորության հետ, ինչը նշանակում է, որ «Alfa Pharm»-ը և «Դեղատուն» հրապարակային գրվածքները ոչ միայն պարզապես տեղեկատվություն են տվյալ կազմակերպության կողմից վաճառվող ապրանքի կամ այդ տնտեսվարողի նախաձեռնության մասին, այլև դրանք ուղղված են առևտրի իրականացման կոնկրետ վայրում վաճառքի դրված ապրանքի նկատմամբ անորոշ թվով անձանց շրջանում հետաքրքրության ձևավորմանը և պահպանմանը, քանի որ, ակնհայտ է, որ այս ապրանքանիշը նախընտրողների համար «Alfa Pharm» վերտառությամբ ցուցանակը և (կամ) դրա հետ միաժամանակ կամ առանձին` բայց և այնպես յուրօրինակ նույնական ձևավորմամբ «Դեղատուն» գրվածքը հանդես են գալիս որպես առևտրի իրականացման տվյալ վայր հրավերի յուրահատուկ ձև: Ի վերջո, գովազդի դրսևորման ձև է նաև սպառողների մոտ ապրանքանիշի հաճախակի տեսողական ընկալման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Նման պայմաններում պարզ է դառնում, որ խնդրո առարկա ցուցանակները «Գովազդի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրենցից ներկայացնում են նաև գովազդ:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վերը նշված պատճառաբանությունը հիմնավոր համարելով, ինչպես նաև փաստելով, որ խնդրո առարկա վահանակների (ցուցանակների) տեղադրումը, հնարավոր այլ նպատակներ ունենալու հետ մեկտեղ, իր մեծադիր չափերով ակնհայտորեն անորոշ թվով անձանց շրջանում տեղեկություն է տարածում դեղատնային ապրանքների վաճառքի վայրի` Ընկերության դեղատան մասին, նույնիսկ, եթե Ընկերությունն այդ ցուցանակների տեղադրումով նման նպատակ չի ունեցել, այնուամենայնիվ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թվականի թիվ 37-Ն որոշմամբ, ինչպես նաև որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չեն այն պայմանները, որոնց դեպքում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվությունը, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվություն դրանց համար պահանջվել-չպահանջվելու հարցը տրամաբանորեն պետք է կապված լիներ դրանց չափերի հետ: Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ օրենսդրությամբ սահմանված չէ որևէ հստակ չափանիշ, թե Երևան համայնքում որ դեպքում է անհրաժեշտ նշված թույլտվությունը, գտել է, որ բավարար չափով իրականացված չէ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով Երևան համայնքին վերապահված իրավունքն այն մասին, որ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն` չեն սահմանազատված այն դեպքերը, երբ արտաքին գովազդ տեղադրելու համար պահանջվում է թույլտվություն, և այն դեպքերը, երբ նման թույլտվություն չի պահանջվում: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ քանի դեռ հստակ չէ, թե քննարկվող թույլտվությունը որ դեպքում է անհրաժեշտ, և որ դեպքում` ոչ, ապա այդպիսի թույլտվություն չունենալու համար վարչական պատասխանատվությունը չի կարող կիրառվել, քանի որ դրա կիրառման դեպքում կստացվի, որ վարչական մարմինն իր կամայական մեկնաբանությամբ է որոշում, թե որ դեպքում է թույլտվությունն անհրաժեշտ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումն անհիմն է և հերքվում է Վճռաբեկ դատարանի կողմից «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների` վերը նշված վերլուծությամբ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված հետևյալ հիմնավորմամբ:
Արտաքին գովազդի առանձնահատկությունների` վերը նշված վերլուծության լույսի ներքո անդրադառնալով «Դեղատուն» և «Դեղատուն Alfa Pharm» վահանակները որպես արտաքին գովազդ դիտելու հարցին` Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը:
«Դեղատուն» վերտառությամբ գրվածքն իրենից ներկայացնում է ընդհանրացնող անվանում պարունակող տեղեկություն, հետևաբար վերջինս չի կարող համարվել արտաքին գովազդ: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 3-րդ բաժնի 38-րդ կետի համաձայն` դեղատունը և դեղատնային կրպակն արտաքին հատվածից պետք է ձևավորված լինեն կանաչ գույնի «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ և խաչի նշանով` տեսանելի վայրում փակցված ցուցանակով, այսինքն` «Դեղատուն» վերտառությամբ ցուցանակը դեղատան արտաքին հատվածում տեսանելի վայրում փակցված լինելը դեղատնային գործունեության լիցենզավորման պարտադիր պահանջ է:
Վահանակի վրա զետեղված «Alfa Pharm» գրվածքը հանդիսանում է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի ապրանքային նշանը, այսինքն` իրավաբանական անձն իր գործունեության իրականացման վայրում տեղադրել է անհատականացման միջոց, մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ ապրանքային նշանի զետեղման նպատակը ոչ թե կազմակերպության գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրի մասին տեղեկացնելն է, այլ անորոշ անձանց շրջանում հետաքրքրության, դրական վերաբերմունքի ձևավորումն ու պահպանումը:
Այս առումով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ «Alfa Pharm» վերտառությամբ ցուցանակը և (կամ) դրա հետ միաժամանակ կամ առանձին «Դեղատուն» գրվածքն ուղղված են առևտրի իրականացման կոնկրետ վայրում վաճառքի դրված ապրանքի նկատմամբ անորոշ թվով անձանց շրջանում հետաքրքրության ձևավորմանը և պահպանմանը, քանի որ այս ապրանքանիշը նախընտրողների համար «Alfa Pharm» վերտառությամբ ցուցանակը և (կամ) դրա հետ միաժամանակ կամ առանձին` «Դեղատուն» գրվածքը հանդես են գալիս որպես առևտրի իրականացման տվյալ վայր հրավերի յուրահատուկ ձև:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Alfa Pharm» ապրանքանիշը նախընտրողների մոտ արդեն իսկ ձևավորված է որոշակի վերաբերմունք դրա նկատմամբ, և գործունեության իրականացման վայրում ապրանքային նշանի տեղադրումն այնպիսի տեղեկության տրամադրում է, որը հնարավորություն է տալիս նշված ապրանքային նշանը նախընտրող սպառողին բացահայտելու կազմակերպության գտնվելու, գործունեություն իրականացնելու վայրը, այլ ոչ թե դրա նկատմամբ պահպանելու իրենց վերաբերմունքը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ խնդրո առարկա վահանակների (ցուցանակների) տեղադրումը, հնարավոր այլ նպատակներ ունենալու հետ մեկտեղ, իր մեծադիր չափերով ակնհայտորեն անորոշ թվով անձանց շրջանում տեղեկություն է տարածում դեղատնային ապրանքների վաճառքի վայրի` Ընկերության դեղատան մասին, նույնիսկ, եթե Ընկերությունն այդ ցուցանակների տեղադրումով նման նպատակ չի ունեցել, ապա դա ևս չի կարող «Դեղատուն» կամ «Դեղատուն Alfa Pharm» գրվածքները որպես արտաքին գովազդ դիտարկելու հիմք հանդիսանալ, քանի որ տեղեկությունը գովազդ համարելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն նպատակ ունենա որոշակի հետաքրքրություն և/կամ դրական վերաբերմունք ձևավորելու կամ պահպանելու, մինչդեռ կազմակերպության գործունեություն իրականացնելու վայրի մասին այդ վայրում տեղադրված ցուցանակով տեղեկություն տարածելը համապատասխանում է գործարար շրջանառության սովորույթներին, և բավարար չէ «Դեղատուն» կամ «Դեղատուն Alfa Pharm» գրվածքները գովազդ համարելու համար:
«Դեղատուն» և «Դեղատուն Alfa Pharm» գրվածքներն արտաքին գովազդ չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի 19.12.2012 թվականի թիվ Վ-44/21, Վ-44/22, Վ-44/23, Վ-44/24, Վ-44/25, Վ-44/26, Վ-44/28 և Վ-44/29 որոշումներն անվավեր ճանաչելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. ԱՆտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան