Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0054/02/11

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0054/02/11

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

                                        

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Եմա Խաչատուրովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Եմա Խաչատուրովայի ընդդեմ Վանյա Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Վանյա Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Եմա Խաչատուրովայի` օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և իրավաբանական ծառայությունների մատուցման համար վճարված գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Եմա Խաչատուրովան պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 հասցեի անշարժ գույքի նկուղային հարկի իր կողմից փաստացի զբաղեցված մասի նկատմամբ և որպես հետևանք նույն մասով անվավեր ճանաչել Վանյա Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վանյա Խաչատրյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Եմա Խարատուրովայի օգտագործման իրավունքը և բռնագանձել 144.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների վճար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 27.01.2012 թվականի վճռով հայցը մերժվել է: Հակընդդեմ հայցը` փոխհատուցմամբ Եմա Խաչատուրովայի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկատմամբ դադարեցնելու պահանջի մասով, մերժվել է: Միաժամանակ վճռվել է բռնագանձել Եմա Խաչատուրովայից հօգուտ Վանյա Խաչատրյանի 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման համար նախատեսված գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2012 թվականի որոշմամբ Դատարանի 27.01.2012 թվականի վճռի դեմ Եմա Խաչատուրովայի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եմա Խաչատուրովան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 68-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բնակելի տունը ձեռք է բերվել ամբողջ ընտանիքի համար Եմա Խաչատուրովայի հոր` Միկիչ Խաչատրյանի կողմից: Իսկ այն, որ տունը ձեռք է բերվել ամբողջ ընտանիքի համար, հաստատվում է այն հանգամանքով, որ Վանյա Խաչատրյանը բողոք բերողի ծնողների պահանջով 1993 թվականին տան 3/5-րդ մասը նվիրատվության պայմանագրով նվիրել է բողոք բերողի եղբորը` Ալբերտ Խաչատրյանին: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ իմացել է, որ տան նկատմամբ ունի սեփականության իրավունք, առավելապես հայրը` Միկիչ Խաչատրյանը, քանի որ տունը ձեռք է բերվել առավելապես նրա միջոցներով: Այսինքն` անկախ իրավունքի պետական գրանցումից Միկիչ Խաչատրյանը տունը գնելու հարցում ներդրում ունենալու փաստով հանդիսացել է սեփականատեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Եմա Խաչատուրովան 1972 թվականից սկսած հոր` Միկիչ Խաչատրյանի հետ միասին բնակվել է վիճելի հասցեի նկուղային հարկի մի մասում և Միկիչ Խաչատրյանի մահից հետո մինչև օրս էլ բնակվում է նույն հասցեում, որպես սեփական այն բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել, օգտագործել և պահպանել է, կատարել շինարարական ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` նկուղային հարկը դարձնելով բնակության համար պիտանի, վճարել է նշված անշարժ գույքի հետ կապված բոլոր վարձերը, այդ թվում` տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիմքով հանդիսանալով բաժանորդ: Այսինքն` Եմա Խաչատուրովան հոր` Միկիչ Խաչատրյանի հետ միասին 38 տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ որպես սեփականը օգտագործել են նշված անշարժ գույքը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, վկաների ցուցմունքները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման, քանի որ տվյալ դեպքում ապացուցված է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու համար օրենսդրությամբ նախատեսված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անհիմն կերպով Դատարանը բռնագանձել է 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, քանի որ Վանյա Խաչատրյանի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած Հակոբ Քոյլոյանը փաստաբան չէ, հետևաբար չէր կարող Եմա Խաչատուրովայից որպես դատական ծախս բռնագանձվել փաստաբանի վարձատրության գումար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վերարտադրելով Դատարանի եզրահանգումները, կայացրել է որևէ կերպ չհիմնավորված որոշում, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին այն մասին, որ տունը ձեռք է բերվել ամբողջ ընտանիքի համար և ընտանիքի յուրաքանչյուր անձ ենթադրել է, որ դրա նկատմամբ ունի սեփականության իրավունք, Վանյա Խաչատրյանի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած Հակոբ Քոյլոյանը փաստաբան չէ, հետևաբար չէր կարող հայցը և հակընդդեմ հայցը մերժելու պայմաններում որպես դատական ծախս Եմա Խաչատուրովայից գումար բռնագանձվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.04.2012 թվականի որոշման` Դատարանի 27.01.2012 թվականի վճռի` հայցը մերժելու և Եմա Խաչատուրովայից 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման համար նախատեսված գումար, բռնագանձելու մասերն օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով փոփոխել` հայցը բավարարել, իսկ Եմա Խաչատուրովայից 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման համար նախատեսված գումար բռնագանձելու մասը` մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր համայնքի որդեգրության, խնամակալության և հոգաբարձության գործերով հանձնաժողովի 04.02.1992 թվականի որոշմամբ Եմա Խաչատուրովան նշանակվել է Միկիչ Խաչատրյանի հոգաբարձու (հատոր 1-ին, գ.թ. 33):

2) Երևանի Արաբկիր շրջանի ժողդատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վանյա Խաչատրյանի ընդդեմ Եմա Խաչատուրովայի և Միկիչ Խաչատրյանի` Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան բնակմակերեսից վտարելու պահանջի մասին, 23.09.1993 թվականի թիվ 2-631 վճռով հայցը մերժել է: Նշված օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել, որ`

ա. «Ադրբեջանի Ղազախ քաղաքում ունեցել են սեփական տուն, այն վաճառել են և վիճելի հասցեում գնել են սեփական տուն»,

բ. «տունը գնելուց հետո ամբողջ ընտանիքով տեղափոխվել են և բնակություն են հաստատել այն տանը, որտեղ և ապրում են այժմ»,

գ. «1993 թվականին հայցվորը վիճելի տան 3/5-րդ մասը նվիրել է եղբորը` Ալբերտ Խաչատրյանին, որտեղ մշտական գրանցված ապրում են եղբայրը, մայրը և քույրը, իսկ հայրը և մյուս քույրը` Եմա Խաչատուրովան զբաղեցնում են հիշատակված տան նկուղային մասի երկու սենյակները»,

դ. «վիճելի տունը գնվել է պատասխանող Միկիչ Խաչատրյանի կողմից, որի արժեքի մի մասն էլ տրամադրել է հայցվորը, սակայն նրանք հանդիսացել են մեկ ընտանիք, կողմերի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել, պատասխանողները շուրջ 20 տարի է, ինչ զբաղեցնում են նկուղի մի մասը» (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

3) Եմա Խաչատուրովան Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տուն հասցեում հանդիսանում է գազի, հեռախոսի, էլեկտրական ցանցի ինքնուրույն բաժանորդ (հատոր 1-ին, գ.թ. 26-32):

4) 06.08.2005 թվականի թիվ ԱԱ 029877 մահվան վկայականի համաձայն` Միկիչ Խաչատրյանը մահացել է 05.08.2005 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):

5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 791701 տեղեկանքի համաձայն` Եմա Խաչատուրովան ունի 2-րդ խմբի հաշմանդամություն (հատոր 1-ին, գ.թ. 34):

6) Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի բնակիչների կողմից 17.05.2005 թվականին, 19.01.2011 թվականին, 30.01.2011 թվականին տված հայտարարության և բացատրությունների համաձայն` Միկիչ Խաչատրյանը և Եմա Խաչատուրովան 1967 թվականից բնակվել են Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան կիսանկուղային հարկի երկու սենյակներում (հատոր 1-ին, գ.թ. 35, 75, 142):

7) 05.08.2010 թվականի թիվ 2759069 վկայականի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-84 մատյանի թիվ 136 համարի տակ Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկատմամբ գրանցվել է Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխայել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և Միխայել Սիմոնյանի հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը Եմա Խաչատուրովայի վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վանյա Խաչատրյանը չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից, քանի որ Երևանի Արաբկիրի շրջանի դատարանի` 23.09.1993 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 2-631 վճռով հաստատվում է, որ Վանյա Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկել իր գույքը հետ վերադարձնելու համար: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորի կողմից գույքի տիրապետումը չի եղել բարեխիղճ, տիրապետողի մոտ չի եղել այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, ինչպես նաև տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին տար բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է Եմա Խաչատուրովայի` վիճելի հասցեում իր զբաղեցրած մասը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Ձեռքբերման վաղեմությամբ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերոնշյալ վավերապայմանների առկայությունը հաստատվում է, մասնավորապես, հետևյալ փաստերով.

Երևանի Արաբկիր շրջանի ժողդատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վանյա Խաչատրյանի ընդդեմ Եմա Խաչատուրովայի և Միկիչ Խաչատրյանի` Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան բնակմակերեսից վտարելու պահանջի մասին, 23.09.1993 թվականի թիվ 2-631 վճռով հայցը մերժել է: Նշված օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել, որ «Միկիչ Խաչատրյանի ընտանիքն Ադրբեջանի Ղազախ քաղաքում ունեցել է սեփական տուն, որը վաճառել են, և գնել են Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տունը, և այն գնելուց հետո ամբողջ ընտանիքով տեղափոխվել և բնակություն են հաստատել գնված տանը: 1993 թվականին Վանյա Խաչատրյանը վիճելի տան 3/5-րդ մասը նվիրել է եղբորը` Ալբերտ Խաչատրյանին, որտեղ մշտական գրանցված ապրում են եղբայրը, մայրը և քույրը, իսկ հայրը և մյուս քույրը` Եմա Խաչատուրովան զբաղեցնում են հիշատակված տան նկուղային մասի երկու սենյակները»: Միաժամանակ հաստատվել է այն փաստը, որ «վիճելի տունը գնվել է Միկիչ Խաչատրյանի կողմից, որի արժեքի մի մասն էլ տրամադրել է հայցվորը, սակայն նրանք հանդիսացել են մեկ ընտանիք, կողմերի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել, պատասխանողները շուրջ 20 տարի է, ինչ զբաղեցնում են նկուղի մի մասը»:

06.08.2005 թվականի թիվ ԱԱ 029877 մահվան վկայականի համաձայն` Միկիչ Խաչատրյանը մահացել է 05.08.2005 թվականին, որից հետո Եմա Խաչատուրովան շարունակել է բնակվել և զբաղեցնել Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան կիսանկուղային հարկի երկու սենյակները և հանդիսանում է գազի, հեռախոսի, էլեկտրական ցանցի ինքնուրույն բաժանորդ:

Բացի այդ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով և չգնահատելով գործի հանգամանքները, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Արաբկիր շրջանի ժողդատարանի` 23.09.1993 թվականի թիվ 2-631 վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եմա Խաչատուրովան իր հոր` Միկիչ Խաչատրյանի հետ միասին շարունակել է անընդմեջ, բացահայտ և բարեխղճորեն տիրապետել և տնօրինել Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան կիսանկուղային հարկի երկու սենյակները, ինչը շարունակվել է նաև Միկիչ Խաչատրյանի մահից հետո: Այսինքն` Եմա Խաչատուրովան վերը նշված վճռից հետո մոտ 15 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխղճորեն տիրապետել և տնօրինել է Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան կիսանկուղային հարկի երկու սենյակները:

Այսպիսով` վերոգրյալ փաստերը Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ սույն գործով առկա է վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ չորս վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը բավարար էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու համար, քանի որ Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տունը ձեռք է բերվել Միկիչ Խաչատրյանի ընտանիքի համար, և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ, մասնավորապես Եմա Խաչատուրովան իրավունք է ունեցել ենթադրելու, որ այդ տան նկատմամբ ունի սեփականության իրավունք:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկուղային հարկի Եմա Խաչատուրովայի կողմից փաստացի զբաղեցված մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը ենթակա էր բավարարման, գտնում է, որ որպես հետևանք բավարարման էր ենթակա նաև նույն մասով Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկուղային հարկի նկատմամբ Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու Եմա Խաչատուրովայի պահանջը:

Ինչ վերաբերում է Եմա Խաչատուրովայից 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, բռնագանձելու Վանյա Խաչատրյանի հակընդդեմ հայցով ներկայացված պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում սկզբնական հայցը բավարարելու պայմաններում վերը նշված պահանջը ենթակա է մերժման, քանի որ չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածների պահանջներից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2012 թվականի որոշման` հայցը մերժելու և Եմա Խաչատուրովայից 72.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասերը և այն փոփոխել. Եմա Խաչատուրովայի հայցը բավարարել` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկուղային հարկի` Եմա Խաչատուրովայի կողմից փաստացի զբաղեցված մասի նկատմամբ ճանաչել Եմա Խաչատուրովայի սեփականության իրավունքը և որպես հետևանք նույն մասով անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-84 մատյանի թիվ 136 համարի տակ Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 6 տան նկատմամբ 05.08.2010 թվականին կատարված Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Եմա Խաչատուրովայից 72.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, բռնագանձելու մասին Վանյա Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Վանյա Խաչատրյանից հօգուտ Եմա Խաչատուրովայի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԵԱՔԴ/0054/02/11
Որոշում