Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ՇԱՀՈՒԹԱՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/1477/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1477/05/10

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ «Ինտերռեսուրս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 2.684.119 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.684.119 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ընկերությունից բռնագանձել 2.043.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 28.10.2010 թվականի վճռի դեմ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 50-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը 16.01.2009 թվականին ներկայացրել է շահութահարկի 2008 թվականի տարեկան հաշվարկ և շահութահարկի գումարը պետք է վճարեր մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը, քանի որ ապրիլի 25-ը և 26-ը եղել են ոչ աշխատանքային օրեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ լուծարային ստուգման ակտով արձանագրվել է, որ լուծարային ստուգման ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել, և Ընկերության կողմից 2008 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացվել է առանց խախտումների: Այսինքն` հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ չեն հայտնաբերվել շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող խախտումներ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շահութահարկի գծով 2008 թվականի հաշվարկը շահութահարկի գծով պարտավորությունը հավաստող բավարար ապացույց է:

Վերոգրյալի հիման վրա Տեսչությունը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2011 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03 Ա 062336 վկայականի թիվ 004 ներդիրի (տրված` 30.11.2009 թվական) համաձայն` Ընկերությունը հանդիսանում է «Արմինպորտ» ՍՊԸ-ի իրավահաջորդը (հատոր 1-ին, գ.թ. 23):

2) Ընկերության իրավանախորդի կողմից 24.01.2009 թվականին Տեսչությանը ներկայացված 2008 թվականի շահութահարկի հաշվարկի համաձայն` վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմել է 353.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10-12):

3) Ընկերության շահութահարկի անձնական հաշվի քարտի համաձայն` շահութահարկի գծով վճարման ենթակա 353.800 ՀՀ դրամից հաշվանցվել է 24.01.2009 թվականի դրությամբ առկա շահութահարկի գծով 203.400 ՀՀ դրամ գերավճարը: Այնուհետև, 23.06.2009 թվականին 150.400 ՀՀ դրամ շահութահարկի ապառքի մնացորդից հաշվանցվել է 7.366 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գծով գերավճարը, որի արդյունքում շահութահարկի գծով ապառքը կազմել է 143.034 ՀՀ դրամ: Նույն քարտի համաձայն` շահութահարկի ապառքի նկատմամբ հաշվարկված տույժը 30.03.2010 թվականի դրությամբ կազմել է 60.085 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 25.03.2009 թվականի թիվ 1002125 հանձնարարագրի հիման վրա Ընկերության իրավանախորդ «Արմիմպորտ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքներով 30.04.2009 թվականին կազմված թիվ 1002125 ակտի 1-ին կետով ստուգումն իրականացրած անձանց կողմից արձանագրվել է, որ «Ներկայացված հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ խախտումներ չարձանագրվեց» (հատոր 1-ին, գ.թ. 61-64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարներ:

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` հարկ վճարողը պարտավոր է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.

գ) սահմանված ժամկետում հարկային տեսչություն ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները:

i

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:

Նույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն` հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկատուն պարտավոր է իրականացնել հաշվապահական հաշվառում, հաշվարկել սահմանված հարկերի գումարները, ներկայացնել հարկային հաշվետվություններ, հաշվարկներ, այլ փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև իրականացնել հարկերի վճարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ 24.01.2009 թվականին Ընկերության կողմից ներկայացված 2008 թվականի շահութահարկի հաշվարկից բխող պարտավորությունները մարման ենթակա էին մինչև 2009 թվականի ապրիլի 25-ը ներառյալ (տվյալ դեպքում` ապրիլի 27-ը ներառյալ, քանի որ ապրիլի 25-ը և 26-ը եղել են ոչ աշխատանքային օրեր): Ստուգման ակտը կազմվել է 30.04.2009 թվականին: Տվյալ ակտն ուժի մեջ մտած վարչական ակտ է, և դրանով արձանագրված է, որ Ընկերությունը շահութահարկի գծով խախտումներ չունի: Դրանից հետևում է, որ Ընկերությունը 30.04.2009 թվականի դրությամբ շահութահարկի ժամկետանց պարտավորություններ չունի, այսինքն` 2008 թվականի շահութահարկի հաշվարկից բխող պարտավորությունը, որի մարման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է եղել, մարված է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը գտել է, որ շահութահարկի անձնական քարտի տեղեկությունները հաշվառման ենթակա էին լուծարային ստուգման ընթացքում, ուստի դրանք չեն կարող գնահատվել որպես շահութահարկի գծով Ընկերության պարտավորությունների առկայությունը հավաստող բավարար ապացույցներ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության իրավանախորդի կողմից 24.01.2009 թվականին Տեսչությանը ներկայացված 2008 թվականի շահութահարկի հաշվարկի համաձայն` վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմել է 353.800 ՀՀ դրամ: Ընկերության շահութահարկի անձնական հաշվի քարտի համաձայն` շահութահարկի գծով վճարման ենթակա 353.800 ՀՀ դրամից հաշվանցվել է 24.01.2009 թվականի դրությամբ առկա շահութահարկի գծով 203.400 ՀՀ դրամ գերավճարը: Այնուհետև, 23.06.2009 թվականին 150.400 ՀՀ դրամ շահութահարկի ապառքի մնացորդից հաշվանցվել է 7.366 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գծով գերավճարը, որի արդյունքում շահութահարկի գծով ապառքի մնացորդը կազմել է 143.034 ՀՀ դրամ: Նույն քարտի համաձայն` շահութահարկի ապառքի նկատմամբ հաշվարկված տույժը 30.03.2010 թվականի դրությամբ կազմել է 60.085 ՀՀ դրամ: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 25.03.2009 թվականի թիվ 1002125 հանձնարարագրի հիման վրա Ընկերության իրավանախորդ «Արմիմպորտ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքներով 30.04.2009 թվականին կազմված թիվ 1002125 ակտի 1-ին կետով ստուգումն իրականացրած անձանց կողմից արձանագրվել է, որ «Ներկայացված հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ խախտումներ չարձանագրվեց»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին: Տվյալ դեպքում լուծարային ստուգման ընթացքում տեսուչների կողմից շահութահարկին վերաբերող հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվություններում և այլ փաստաթղթերում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30.04.2009 թվականին կազմված թիվ 1002125 ակտի 1-ին կետով լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրված չլինելու հանգամանքը հիմք չէ շահութահարկի գծով պարտավորությունը մարված համարելու համար: Նման եզրահանգման հանգելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ գործում առկա չէ շահութահարկի գծով պարտավորությունը կատարված լինելու փաստը հավաստող ապացույց:

Այսպիսով, Տեսչության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.03.2011 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 28.10.2010 թվականի վճռի շահութահարկի գծով հարկային պարտավորության գումարի բռնագանձումը մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով այն փոփոխել. «Ինտերռեսուրս» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 203.119 ՀՀ դրամ, որից շահութահարկի գծով ապառք` 143.034 ՀՀ դրամ, տույժ` 60.085 ՀՀ դրամ:

2. «Ինտերռեսուրս» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.062 ՀՀ դրամ` հայցադիմումի, 6.094 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոքի և 10.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ/1477/05/10
Որոշում