ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0377/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0377/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արտակ Ոսկանյանի` ինքնակամ շինությունը քանդելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Արտակ Ոսկանյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, պարտավորեցնել պատասխանողին քանդելու Երևանի Քանաքեռի Շրջանցիկ թունելի` պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինությունը, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարը:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի 24.10.2007 թվականի որոշմամբ արձանագրվել է Արտակ Ոսկանյանի վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու և ոչ թե ինքնակամ շենք կամ շինություն կառուցելու փաստը և, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն եզրակացության, որ ինքնակամ շենքեր կամ շինություններ կառուցելը պետք է դրսևորվի անձի կողմից տվյալ հողամասի վրա կատարված գործողությամբ` մասնավորապես որևէ շինություն կամ կառույց կառուցելով: Դատարանը վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու հանգամանքը որակել է որպես ընդհանուր օգտագործման տարածքում բարեկարգման նպատակով կատարված վերանորոգում և դրա նկատմամբ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 156-րդ հոդվածը: Մինչդեռ վարչական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտակ Ոսկանյանի կողմից կատարվել են ոչ թե գոյություն ունեցող շինության ընթացիկ նորոգման կամ բարեկարգման գործողություններ, այլ հին շինության փոխարեն կառուցվել է նորը, և այդ աշխատանքները ներառված չեն ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների ցանկում: Նոր շինություն կառուցելու փաստի մասին վարչական իրավախախտում թույլ տալու մասին արձանագրությունում նշել է նաև Արտակ Ոսկանյանը:
i
Ինչ վերաբերում է Դատարանի այն փաստարկին, որ Քաղաքապետարանը չի հիմնավորել տարածքը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքը, ապա սեփականատիրոջ պարզումն էական է միայն կատարված զանցանքի համար պատասխանատվության չափը որոշելու առումով և չի կարող դիտվել որպես հայցի մերժման հիմք: Դատարանն այդ հարցին անդրադառնալիս անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-410 (ՎԴ) և 12.12.2007 թվականի թիվ 3-1835 (Ա) գործերով որոշումներում արտահայտված դիրքորոշումը, որով սահմանվել է հողի նկատմամբ պետական սեփականության կանխավարկածի սկզբունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` գումար բռնագանձելու պահանջի մասով բեկանել Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճիռը և հայցն այդ մասով բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 12.10.2007 թվականի թիվ 004291 արձանագրության համաձայն` Երևանի Քանաքեռի Շրջանցիկ թունել հասցեում Արտակ Ոսկանյանի կողմից իրականացվել են նախկինում գոյություն ունեցող կիսաքանդ բաղնիքի և զուգարանի վերակառուցման շինարարական աշխատանքներ շուրջ 20 քմ մակերեսով: Նույն արձանագրության մեջ առկա Արտակ Ոսկանյանի բացատրության համաձայն` իրենք խարխլված բաղնիքի, զուգարանի և խոհանոցի փոխարեն կառուցում են նորը:
2) Վերոնշյալը հաստատվել է վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 24.10.2007 թվականի թիվ Վ-16/9 արձանագրությամբ, որով առաջարկվել է Արտակ Ոսկանյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամ տույժի:
3) Երևանի քաղաքապետի 24.10.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-16/9 որոշմամբ Արտակ Ոսկանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամի չափով տույժի: Միաժամանակ Արտակ Ոսկանյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:
4) Գործում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է պարզի կողմերի ներկայացրած պահանջների և առարկությունների, ինչպես նաև այն իրավական ակտերի հիման վրա, որոնք կիրառելի են տվյալ գործով: Դրանց միջոցով է դատարանի համար պարզ դառնում, թե տվյալ գործով որ փաստի (փաստերի) առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հայցը բավարարելու կամ մերժելու և համապատասխան իրավական նորմերը տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի դարձնելու համար (Տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ2/0038/05/08 գործով 31.10.2008 թվականի որոշումը):
Սույն գործի քննության ընթացքում Դատարանը գտել է, որ գործի համար էական նշանակություն ունի ինքնակամ շինությունը պետության սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լինելու փաստը, ինչպես նաև այն, որ Արտակ Ոսկանյանի կողմից կառուցվել է ոչ թե նոր ինքնակամ կառույց, այլ իրականացվել են գոյություն ունեցող շինության վերակառուցման աշխատանքներ, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն առաջանալ չի կարող:
1. Ինքնակամ կառույցի հասկացության մասով.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ կառույցը համարվում է ինքնակամ, եթե
1. այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,
2. կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության,
3. կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով:
i
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարական թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարական թույլտվություն չի պահանջվում ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արտակ Ոսկանյանի կողմից իրականացվել է վերակառուցում, որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքերը բացակայում են:
Մինչդեռ վերոնշյալ իրավական ակտերից հետևում է, որ հին շինության քանդման և դրա փոխարեն նորի կառուցման (թեկուզև նույն մակերեսով) համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն:
Սույն գործով այդպիսի թույլտվություն Արտակ Ոսկանյանին չի տրվել, հետևաբար, նրա կողմից վերակառուցված շինությունը համարվում է ինքնակամ և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածները:
2. Հողամասը պետության սեփականություն լինելու կանխավարկածի մասով.
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես` «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից գործի քննության ընթացքում որևէ կերպ չհիմնավորվեց վիճելի տարածքի` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու փաստը` անտեսելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածի հետ կապված արդեն արտահայտել է իր դիրքորոշումը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, արձանագրել է, որ նման դեպքերում գործում է դրա` պետական սեփականություն լինելու կանխավարկածը (Տես Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1835 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում նույնպես բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես կիրառելի է այդ հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածը:
Այսպիսով, Դատարանը սույն գործի քննության ժամանակ հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Հետևաբար, Դատարանի վճիռն օրինական և պատշաճ կերպով պատճառաբանված չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ դա հանգեցրել է գործ սխալ լուծման:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճռի` գումար բռնագանձելու մասը և այն փոփոխել. Արտակ Ոսկանյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ որպես վարչական տույժի գումար, ինչպես նաև 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան