Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/4129/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/4129/05/08                             2009 թ.

Դատավոր` Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճռի դեմ` ըստ «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարի` ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, կիրառել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ, 5.1-րդ մասերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված օրենքը չի կարգավորում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հարաբերությունները: Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի այն եզրահանգումը, թե նշված օրենքով են սահմանվում ստուգում իրականացնող և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգման արդյունքների ամփոփումը: Օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով Դատարանը հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ Նախարարությունը պետք է ստուգման հետ կապված գործողություններն իրականացներ և համապատասխան ակտերն ընդուներ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված կարգով, մինչդեռ, նշված օրենքի դրույթները քրեադատավարական հարաբերություններում կիրառելի չեն:

Միաժամանակ, դատարանը ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրը դիտել է որպես վարչական ակտ և, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածները, որոնք վերաբերում են գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, եկել է այն համոզման, որ հանձնարարագիրն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչը նույն օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` հիմք է այն անվավեր ճանաչելու համար:

Դատարանի այդ պնդումը հիմնավոր չէ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա: Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հանձնարարագիրը տրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ ոստիկանության քննիչի կայացրած որոշման հիման վրա:

Քննիչն իրավասու է որոշմամբ Նախարարությունից պահանջել կատարելու ստուգում, իսկ Նախարարությունը պարտավոր է կատարել այդ որոշման պահանջները: Հետևաբար, 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի տրման ժամանակ Նախարարությունը կատարել է այնպիսի գործողություն, որի համար լիազորված էր ՀՀ օրենսդրությամբ: Նշված հանձնարարագիրն ընդամենը հանձնարարական է Նախարարության համապատասխան աշխատակիցներին` կատարելու քննիչի որոշման պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշմամբ Ընկերությունում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

2) ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի համաձայն` նախարարը, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պահանջը, ՀԿԳՎ ավագ քննիչի առաջադրված հարցերի ստուգումը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչներին: Ստուգման ժամկետը սահմանվել է 30 օր: Որպես հանձնարարագրի արձակման հիմք նշվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության 19.03.2008 թվականի թիվ 7/816 գրությունը և ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն, և գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է քննիչի լիազորությունները, որի 5-րդ կետի համաձայն` քննիչը լիազորված է պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ: Նույն հոդվածի 5.1-րդ մասի համաձայն` քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:

Վիճարկվող հանձնարարագրի արձակման պահին գործող` «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1460-Ն որոշմամբ

(ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Կառավարության 15.05.2008 թվականի թիվ 503-Ն որոշման հիմքով, որն ուժի մեջ է մտել 12.06.2008 թվականին) հաստատված ՀՀ

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում Նախարարությունն իրականացնում է նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում նշանակելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի արձակման հիմքը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության 19.03.2008 թվականի թիվ 7/816 գրությունը և ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշումն է:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նշված օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նշված օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

Վերը նշված նորմերից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները դուրս են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:

Մինչդեռ, ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրն անվավեր ճանաչելիս Վարչական դատարանը պատճառաբանել է, որ նշված հանձնարարագիրն արձակվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածների պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով և վերը նշված պատճառաբանություններից ելնելով, վերոնշյալ հոդվածները սույն վեճի լուծման համար կիրառելի չեն:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ե. Խունդկարյանի

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ՎԴ/4129/05/08
Որոշում