ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0086/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0086/02/08
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Քոչարյանի դիմումի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի (այսուհետ` Ծառայություն)` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 05.03.2008 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Քոչարյանը պահանջել է վերացնել «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշումը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Արմեն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Տիգրան Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժինը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշմամբ ավարտվել էր Արմեն Սարգսյանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից այն վերացվելու արդյունքում վարույթը վերսկսվել է: Մինչդեռ, դատարանը պարտավոր էր Արմեն Սարգսյանին, որպես երրորդ անձ, մասնակից դարձնել գործի քննությանը, քանի որ կայացվելիք դատական ակտն առնչվելու էր նրա իրավունքներին և պարտականություններին: Միաժամանակ, մասնակից չդարձնելով գործի քննությանը, դատարանն Արմեն Սարգսյանին զրկել է գործով քննարկված փաստերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:
2.1. Տիգրան Քոչարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և գործի քննության ձգձգման նպատակ է հետապնդում: Տիգրան Քոչարյանի կողմից բողոքարկվել է կատարողական վարույթն ավարտելու մասին Ծառայության որոշումը, որը չի առնչվում Արմեն Սարգսյանի գույքային շահերի հետ: Դեռ ավելին, հարկադիր կատարողի որոշմամբ ոտնահարվել են Տիգրան Քոչարյանի գույքային իրավունքները: Բացի այդ, Արմեն Սարգսյանը, տեղյակ լինելով դատաքննության մասին, ոչ մի քայլ չի ձեռնարկել դատաքննությանը մասնակից դառնալու համար:
2.2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Տիգրան Քոչարյանին պարտք լինելու հանգամանքը հիմնավորվում է 18.02.2007 թվականի ստացականով: Ստացականներից պարզ երևում է, որ Տիգրան Քոչարյանը վճռի (հաշտության համաձայնագրի) համաձայն ստացել է 2.000 ԱՄՆ դոլարը և 3.500.000 ՀՀ դրամը: Իսկ 13.10.2006 թվականի գրությունում (ստացականում) չկա որևէ նշում վճռի վերաբերյալ, ինչպես նաև ումից, որ խանութից և ինչի համար է վերցվել ապրանքը: Բացի այդ, Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված երեք ստացականներից երևում է, որ Արմեն Սարգսյանը 10.940.000 դրամ է վճարել, որը 2.280.000 դրամով գերազանցում է կատարողական թերթով սահմանված գումարը:
Իրատեսական է, որ Արմեն Սարգսյանը կպարտադրեր Տիգրան Քոչարյանին վերջին ստացականը գրելիս դրանում նշել վերջնական գումարի ստացման, պարտք ու պահանջի բացակայության վերաբերյալ փաստերը: Բացի այդ, որևէ կերպ չի բացատրվում նաև այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանի կողմից Տիգրան Քոչարյանին կանխիկ գումարով 2.280.000 դրամ գերավճար է տրվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 16.10.2006 թվականի վճռով հաստատվել է Արմեն Սարգսյանի, Տիգրան Քոչարյանի և Սևանի քաղաքապետարանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Արմեն Սարգսյանը պարտավորվել է Տիգրան Քոչարյանին վճարել 17.000 ԱՄՆ դոլար (1 դոլարը 380 դրամի փոխարժեքով), որից 2.000 ԱՄՆ դոլարը` մինչև 10.10.2006 թ-ը, 10.000 ԱՄՆ դոլարը` մինչև 01.12.2006 թ-ը, 5.000 ԱՄՆ դոլարը` մինչև 31.03.2007 թ-ը, ինչպես նաև 2007 թվականի ընթացքում, որպես ապրանքային մնացորդի տարբերություն, վճարել 2.200.000 դրամ:
2. «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշման համաձայն` հարկադիր կատարողն ավարտել է 24.07.2007 թ-ին հարուցված թիվ 05-231/07 կատարողական վարույթը, պատճառաբանելով, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Արմեն Սարգսյանը ներկայացրել է ստացականներ, որոնցից հետևում է, որ Տիգրան Քոչարյանն ստացել է 09.10.2006 թվականին 2.000 ԱՄՆ դոլար, 13.10.2006 թվականին` 6.880.000 դրամ (ապրանքային տեսքով) և 18.02.2007 թվականին` 3.500.000 դրամ, ընդամենը` 11.140.000 դրամ:
3. Սույն գործի քննությանն Արմեն Սարգսյանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն` հարկադիր կատարման է ենթակա նաև քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը, որպիսի հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է: Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերն ու պարտապանը, ընդ որում պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը, իսկ պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն` պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
i
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն` Տիգրան Քոչարյանի կողմից վիճարկվում է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թ-ի որոշումը, որի շրջանակներում որպես պարտապան հանդես է գալիս Արմեն Սարգսյանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է պարտապան Արմեն Սարգսյանի պարտավորություններին, մինչդեռ, նա մասնակից չի դարձվել գործի քննությանը: Այսինքն` բողոք բերած անձը զրկվել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, որի արդյունքում էլ խախտվել է անձի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):
i
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան