ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-151 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-1742, 07-2354
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռոմելա Սողոյանի ընդդեմ Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների ընդդեմ Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի, Կարապետ Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, համասեփականատեր ճանաչելու և հաշվառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոմելա Սողոյանը պահանջել է ճանաչել իր, Նարեկ և Նարինե Ասատրյանների օգտագործման իրավունքը Երևանի Չեխովի 54 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները, դիմելով դատարան, պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը և ճանաչել համասեփականության իրավունքը Երևանի Չեխովի 54 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2007 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանները և Անթառամ Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռոմելա Սողոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանված քաղաքացիները: Հայցվորները սեփականաշնորհման ժամանակ վիճելի բնակարանում գրանցված չեն եղել: Հետևաբար նշված հոդվածի հիմքով չէին կարող սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսանալ: Ռոմելա Սողոյանը բնակտարածության օգտագործման իրավունք է ունեցել Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղի հայրական տան նկատմամբ, և որպես ծխի անդամ, մասնակցել սեփականաշնորհմանը: Իր երեխաների հետ հետագայում կազմել է առանձին ծուխ և ստացել 0,12 հա տնամերձ հողամաս, որի նկատմամբ իրավունքները գրանցել է միայն 2007 թվականին:
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների օբյեկտիվ հետազոտություն, քանի որ դրանք թերևս հաստատում են վիճելի բնակարանում հայցվորների բացառապես բնակվելու, այլ ոչ թե հաշվառված կամ գրանցված լինելու հանգամանքը, այսինքն` դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են հայցի բավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանով Ռոմելա Սողոյանը պահանջել է վճռաբեկ բողոքը վերադարձնել հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի սխալ մեկնաբանման մասին բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Ռոմելա Սողոյանը 1991 թվականից ամուսնանալով Կարապետ Ասատրյանի հետ, մշտապես բնակվել է վիճելի բնակարանում և անկախ այդ բնակարանում գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից հանդիսացել է սեփականաշնորհման սուբյեկտ` որպես ընտանիքի լիիրավ անդամ: Իսկ Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում սեփականաշնորհմանը մասնակցելը չի բացառում վիճելի բնակարանի նկատմամբ սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1) Շենգավիթի համայնքի «Գավառ» համատիրության տեղեկանքի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի թիվ 23 բնակարանում Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները գրանցված չեն (հատոր 2, գ.թ. 21):
2) Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղապետարանի տեղեկանքի համաձայն` Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները հաշվառված են Ձորագյուղ համայնքում (հատոր 2, գ.թ. 18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման ընթացքում սեփականաշնորհվող բնակտարածության նկատմամբ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել, եթե գրանցված է այդ բնակտարածությունում:
Սույն քաղաքացիական գործով, Երևանի Չեխովի փողոցի 54 շենքի թիվ 23 բնակարանի սեփականաշնորհման պահին` 10.11.1997 թվականին, գրանցված էին միայն Հակոբ, Մելանյա, Կարապետ, Սրբուհի, Դավիթ Ասատրյանները և Անթառամ Ավդալյանը:
Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա գույքում գրանցում չունենալը հիմք է Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների սեփականաշնորհման սուբյեկտ չլինելու փաստը հաստատված համարելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Շենգավիթ համայնքի «Գավառ» համատիրության տեղեկանքը, որի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի թիվ 23 բնակարանում Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները գրանցված չեն, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղապետարանի տեղեկանքը, ըստ որի` Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները հաշվառված են Ձորագյուղ համայնքում:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործի մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել.
Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագած իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, համասեփականատեր ճանաչելու և հաշվառելու պահանջի մասին հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան