Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1601-Ն

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները տարածվում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունների և որպես ոչ հիմնական շինություն համարակալված հիմնական շինությունների վրա (բացառությամբ օրինական ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների)` անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված գործընթացի իրականացման համար ելակետային են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում փաստագրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2021 թվականին իրականացված օդալուսանկարահանման տվյալների հետ համադրված քարտեզագրական նյութերը և աղյուսակային նյութերը, որոնք ենթակա են ճշտման ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքներին վերաբերող փաստաթղթային փաթեթները համայնքների կողմից ուսումնասիրության արդյունքում.

3) աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի ժամանակ բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով ցուցաբերվում է պետական աջակցության տարբերակված մոտեցում` կախված տվյալ ընտանիքի` ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից.

4) սույն որոշմամբ նախատեսված գործընթացի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա.

5) սույն որոշմամբ նախատեսված գործընթացը մեկնարկում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 1-ը.

6) սույն որոշման համաձայն առաջարկվող աջակցություն ստանալու հնարավորությունից հրաժարված կամ աջակցություն ստանալու հնարավորություն ստացած, սակայն այդ հնարավորությունը սույն որոշմամբ նախատեսված կարգով և ժամկետներում չիրացրած ընտանիքների մասով սույն որոշմամբ նախատեսված աջակցության տրամադրման պարտավորությունը համարվում է դադարեցված, իսկ այդ ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման սույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի համաձայն, աջակցությունից հրաժարվելու կամ աջակցություն ստանալու հնարավորությունն իրացված չլինելու փաստը հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքների ղեկավարներին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով` դրանով ամրագրված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն, ապահովել համայնքների բնակավայրերի տարածքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` համակարգել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործընթացը և կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն` քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինությունների և քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինություններից վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1601-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) ոչ հիմնական շինություններից (այսուհետ` ոչ հիմնական շինություն) հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման` ապամոնտաժման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման հետ կապված հարաբերությունները:

 

1. ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Սույն որոշմամբ նախատեսված` ոչ հիմնական շինությունների հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման` ապամոնտաժման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզպետարաններին տրամադրված ձևաչափին համապատասխան, տվյալ համայնքի ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների ցուցակի հաստատում համայնքի ղեկավարի կողմից և ներկայացում համապատասխան մարզպետարան.

2) մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը` համապատասխան մարզպետարանների կողմից տվյալ մարզի կտրվածքով սույն կետի 1-ին ենթակետում նշված ցուցակների ամփոփում և ներկայացում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.

3) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը` համայնքների կողմից սույն որոշման 17-րդ կետում նշված ոչ հիմնական շինությունների քանդման (ապամոնտաժման)` տարածքների մաքրման գործընթացի մեկնարկ.

4) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը` համապատասխան մարզպետարանների կողմից տվյալ մարզի կտրվածքով սույն կետի 3-րդ ենթակետում նշված գործընթացի ամփոփում և ներկայացում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.

5) հիմք ընդունելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով ներկայացված տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից սույն որոշմամբ նախատեսված գործընթացի իրականացման համար ֆինանսական միջոցների ներառում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի և պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտում.

6) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների հաշվին համայնքների կողմից սույն որոշմամբ նախատեսված գործընթացի իրականացում` համապատասխան մարզպետարանների համակարգմամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ցուցակներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում մարզպետը` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նյութերի, կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափին անհամապատասխանության առկայության պարագայում ցուցակներում շտկումներ կատարելու առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին:

4. Համայնքի ղեկավարը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված առաջարկությունն ստանալու դեպքում 3-օրյա ժամկետում համապատասխան շտկումներ է կատարում ցուցակում և դրա ճշտված և հաստատված տարբերակը ներկայացնում է համապատասխան մարզպետարան: Սույն կետի համաձայն համայնքների ղեկավարների կողմից համապատասխան մարզպետարաններ ներկայացված ցուցակները համարվում են վերջնական և ենթակա չեն փոփոխման:

 

2. ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ, ՔԱՆԴՈՒՄԸ (ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ)

 

5. Ոչ հիմնական շինությունները, ելնելով դրանց օգտագործման նպատակից և ֆիզիկական վիճակից, ենթակա են`

1) ազատման և քանդման (ապամոնտաժման).

2) որպես ոչ հիմնական շինություն համարակալված քարաշեն կառույցները` քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն օրինականացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման լիազոր մարմնում գրանցման:

6. Ոչ հիմնական շինությունների մասով տարածքային մոտեցում ցուցաբերելու դեպքում հողամասերի ազատման հերթականությունը որոշվում է հնարավորինս տարածքների ամբողջական ազատման սկզբունքով, հաշվի առնելով`

1) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և տարածական պլանավորման փաստաթղթերը.

2) տվյալ մարզի տարածքային զարգացման ռազմավարությունը և համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը (այդ թվում` ժամկետների մասով).

3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները.

4) հաստատված կառուցապատման ներդրումային ծրագրերը կամ կառուցապատման ներդրումային ծրագրերի առաջարկները:

7. Հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատման ժամանակ այդ տարածքի ոչ հիմնական շինությունները տիրապետող կամ օգտագործող քաղաքացիները համայնքի ղեկավարի կողմից գրավոր ծանուցվում են դրանք ազատելու և քանդելու (ապամոնտաժելու), իսկ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շինությունների դեպքում` նաև օրինականացման պայմանների ու ժամկետների վերաբերյալ:

8. Ծանուցման մեջ ամրագրվում են հետևյալ պայմանները`

1) ոչ հիմնական շինություններն ազատվում և ապամոնտաժվում են ծանուցմամբ նախատեսված ժամկետում.

2) ոչ հիմնական շինության ապամոնտաժման արդյունքում առաջացած`

ա. շինանյութերը և աղբը` ոչ հիմնական շինության ապամոնտաժումից հետո 15-օրյա ժամկետում, ենթակա են տարածքից հեռացման և աղբավայր տեղափոխման` ոչ հիմնական շինությունը զբաղեցրած անձանց կողմից,

բ. օգտագործման համար պիտանի շինարարական նյութերը տնօրինվում են ոչ հիմնական շինությունը զբաղեցրած անձանց կողմից` ոչ հիմնական շինությունն ապամոնտաժելուց հետո 15-օրյա ժամկետում դրանք տարածքից հեռացնելու պայմանով.

3) ոչ հիմնական շինությունները զբաղեցրած անձանց կողմից` սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում այդ պարտավորությունները կատարում են համապատասխան համայնքները, որից ելնելով, նույն կետի «բ» պարբերությամբ նախատեսված և ծագող իրավունքները ևս անցնում են համայնքին:

9. Ոչ հիմնական շինությունների`

i

1) ազատման, քանդման (ապամոնտաժման), ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շինությունների օրինականացման պայմանների և ժամկետների հետ կապված անհամաձայնության պարագայում դրանք լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) ազատումից, քանդումից (ապամոնտաժումից) հետո տվյալ համայնքի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինության վերատեղադրման կամ վերակառուցման դեպքում, կամ նոր ոչ հիմնական շինություն տեղադրվելու կամ կառուցվելու դեպքում դրանք ենթակա են քանդման (ապամոնտաժման) համայնքի կողմից` այդ մասին հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

 

3. ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ոչ հիմնական շինությունների ազատման ժամանակ դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցումը և պետական աջակցության տրամադրումը կատարվում են հետևյալ մոտեցումների համաձայն`

1) պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, սակայն տնակը քանդված չլինելու պատճառով հատկացված բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը դեռևս չգրանցած ընտանիքներինը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում բնակարանների նկատմամբ իրենց սեփականության իրավունքի գրանցման պայմանով, իսկ սահմանված ժամկետում բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը չգրանցելու դեպքում ոչ հիմնական շինությունը ենթակա է քանդման (ապամոնտաժման)` սահմանված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան.

2) պետական աջակցության բնակապահովման տարբեր ծրագրերի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքներինը` տվյալ ծրագրի չափանիշներին համապատասխան բնակարանային խնդիրը լուծելու եղանակով, իսկ նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման նրանց բնակարանային խնդիրը լուծվելուց` բնակարանի (բնակելի տան) հատկացումից, բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց կամ ուղղակի ֆինանսական աջակցությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում.

3) նախորդ տարիներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն ստացած, սակայն այդ հնարավորությունը չիրացրած ընտանիքներինը` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով, իսկ նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո մեկամսյա ժամկետում.

i

4) պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման համաձայն` որպես բազմանդամ ընտանիքի մի մաս, նախկինում զբաղեցրած տնակներից մեկը չքանդած բազմանդամ ընտանիքի մասին` անկախ ընտանիքի կազմից, բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկ սենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման ֆինանսական աջակցությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում.

5) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սակայն տարբեր պատճառներով բնակապահովման ծրագրերում չընդգրկված (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակում հաշվառվելու համար սահմանված ժամկետում դիմում չներկայացրած, կամ հերթացուցակում հաշվառված, սակայն պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրին մասնակցելու համար սահմանված ժամկետում փաստաթղթային փաթեթ չներկայացրած կամ ներկայացրած փաստաթղթային փաթեթն ամբողջական փաստաթղթերով չհամալրված) ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով, իսկ նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո մեկամսյա ժամկետում.

6) բնակարան (բնակելի տուն) օտարած (բացառությամբ պետության կամ համայնքի կողմից հատկացված) կամ ներքին միգրացիայի արդյունքում հարակից համայնքներից փոխադրված կամ այլ (օրինակ` ներընտանեկան խնդիրների պատճառով տրոհված) պատճառներով ոչ հիմնական շինություններում բնակվողի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային պայմանների հարցը դիտարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցման և դրանից բնակելի տարածության հատկացմամբ` սոցիալական վարձակալության կամ իրեն վարձակալությամբ տրված բնակարանը տարաժամկետ վճարման եղանակով կամ հիփոթեքային միջոցների ներգրավմամբ հետ գնելու տարբերակներով: Այս խմբին դասված, սակայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն բնակարանային կարիքներն ինքնուրույն բավարարելու հնարավորություն չունեցող անձանց խնդիրը` նաև սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի հատկացման կամ կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցություն տրամադրելու նպատակային ծրագրի միջոցով: Այս ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման նրանց բնակելի տարածություն հատկացնելուց հետո մեկամսյա ժամկետում.

7) բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունք ունեցող ընտանիքներին պետական աջակցություն չի տրամադրվում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (բնակելի տունը) քանդման ենթակա` վթարային է (ունի 4-րդ աստիճանի վնասվածություն): Այս դեպքում ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով, իսկ նրանց վթարային բնակելի տունը և նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո մեկամսյա ժամկետում.

8) բարեգործական ծրագրերի, անհատական նախաձեռնությունների շրջանակներում բնակարան (բնակելի տուն) կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստացած ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման նրանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելուց կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելուց հետո մեկամսյա ժամկետում:

11. Պետության կամ համայնքի կողմից բնակարան (բնակելի տուն) ստացած կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով ձեռք բերած բնակարանն (բնակելի տունն) օտարած ընտանիքներին տրամադրվում է աջակցություն` բնակելի տարածության վարձակալության համար, 1 տարի ժամկետով, և ոչ հիմնական շինությունը քանդվում (ապամոնտաժվում) է վարձակալության առաջին ամսվա գումարը փոխանցելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան:

12. Ոչ հիմնական շինությունները փաստացի տիրապետող և նման ցանկություն գրավոր հայտնած ընտանիքներին որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 3-րդ կետի «է» և «ը» ենթակետերի համաձայն` նույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով կարող է տրամադրվել ոչ հիմնական շինությունով ծանրաբեռնված հողամասը` դրա հատկացումից հետո ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում ոչ հիմնական շինությունը քանդելու և նույն տարածքում բնակելի տուն կառուցելու պայմանով: Հողամասը սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու և կառուցապատման անհնարինության դեպքում ոչ հիմնական շինությունը ենթակա է քանդման` սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան, իսկ այդ ոչ հիմնական շինությունում բնակվող ընտանիքի նկատմամբ ցուցաբերվում է սույն կարգով նախատեսված մոտեցում` կախված տվյալ ընտանիքի` ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

13. Բավարար տեխնիկական վիճակում գտնվող բազմակացարան ոչ հիմնական շինությունում (մոդուլում) բնակվող ընտանիքներին` նման ցանկություն գրավոր հայտնելու դեպքում, այդ շինությունը տրամադրվում է սեփականության իրավունքով` շինության տրամադրումից հետո ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում այդ ընտանիքների կողմից բավարար հարմարություններ և ենթակառուցվածք ստեղծելու, սեյսմիկ անվտանգությունն ապահովելու պայմաններով: Նշված պայմանները ստեղծված լինելու փաստը հավաստում է համայնքի ղեկավարը` նախքան շինության սեփականության իրավունքով տրամադրման մասին որոշման ընդունումը: Շինությունը սեփականության իրավունքով չտրամադրելու մասին որոշում կայացվելու դեպքում այն ենթակա է ազատման տվյալ ընտանիքի կողմից, և ընտանիքի նկատմամբ ցուցաբերվում է սույն կարգով նախատեսված մոտեցում` կախված տվյալ ընտանիքի` ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

14. Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման` այդ կազմակերպությունների, ծառայությունների մատուցման համար ոչ ուշ, քան սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետում քաղաքաշինական նորմերին համապատասխան շինություններ կառուցելուց, նորոգելուց, վերակառուցելուց հետո` եռամսյա ժամկետում:

15. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի (նպատակ 17) 17.1-ին կետը` սույն կարգով առաջնահերթ կարգով դիտարկման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունները:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված ոչ հիմնական շինություններից առաջնահերթ կարգով` սույն կարգի 8-րդ կետի համաձայն, դիտարկման ենթակա են`

1) քանդման (ապամոնտաժման) ենթակա հետևյալ ոչ հիմնական շինությունները`

ա. չօգտագործվող կամ չբնակեցված ոչ հիմնական շինություններ,

բ. ոչ հիմնական շինություններ, որոնք զբաղեցված են մինչև սույն որոշման ընդունումը պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարան ստացած, սակայն ոչ հիմնական շինությունը չքանդելու պատճառով հատկացված բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը դեռևս չգրանցած ընտանիքների կողմից,

գ. սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող անձանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններ,

դ. մինչև սույն որոշման ընդունումը բարեգործական տարբեր ծրագրերի, անհատական նախաձեռնությունների շրջանակներում բնակարան ստացած ընտանիքների կողմից զբաղեցված ոչ հիմնական շինություններ.

2) որպես ոչ հիմնական շինություն համարակալված քարաշեն կառույցները, որոնք ենթակա են օրինականացման.

3) այն ոչ հիմնական շինությունները, որոնց փաստացի տիրապետող անձինք սույն կարգի 12-րդ կետով նախատեսված աջակցություն ստանալու ցանկություն են հայտնել:

17. Ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում ընտանիքների դիտարկման առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ`

1) պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքներ.

2) պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման համաձայն` որպես բազմանդամ ընտանիքի մի մաս, նախկինում զբաղեցրած տնակներից մեկը չքանդած բազմանդամ ընտանիքներ.

3) նախորդ տարիներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն ստացած, սակայն այդ հնարավորությունը չիրացրած ընտանիքներ.

4) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սակայն տարբեր պատճառներով բնակապահովման ծրագրերում չընդգրկված (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակներում հաշվառվելու համար սահմանված ժամկետում դիմում չներկայացրած, կամ հերթացուցակում հաշվառված, սակայն պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրին մասնակցելու համար սահմանված ժամկետում փաստաթղթային փաթեթ չներկայացրած կամ ներկայացրած փաստաթղթային փաթեթն ամբողջական փաստաթղթերով չհամալրված) ընտանիքներ.

5) բնակարան (բնակելի տուն) օտարած (բացառությամբ պետության կամ համայնքի կողմից հատկացված) կամ ներքին միգրացիայի արդյունքում հարակից համայնքներից փոխադրված կամ այլ (օրինակ` ներընտանեկան խնդիրների պատճառով տրոհված) պատճառներով ոչ հիմնական շինություններում բնակվողի կարգավիճակում հայտնված ընտանիքներ.

6) քանդման ենթակա` վթարային բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունք ունեցող ընտանիքներ.

7) պետության կամ համայնքի կողմից բնակարան (բնակելի տուն) ստացած կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով ձեռք բերած բնակարանն (բնակելի տունն) օտարած ընտանիքներ:

18. Սույն կարգի 17-րդ կետում նշված նույն կարգավիճակի դեպքում դիտարկման առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ`

1) զոհված (մահացած) կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի (ազատամարտիկի) ընտանիքներ.

2) բազմազավակ (երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.

3) սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված ընտանիքներ.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի (անձանց) առկայությամբ ընտանիքներ.

5) 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ.

6) երիտասարդ ընտանիքներ (ամուսինների գումարային տարիքը` 70 տարեկան).

7) այլ:

19. Սույն կարգի համաձայն աջակցության տրամադրման ժամանակ ընտանիքի կազմի որոշման ժամանակ այդ կազմում չեն ընդգրկվում`

1) բնակարանի (բնակելի տան) կամ դրա` 9.0 և ավելի քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք.

2) նշված ոչ հիմնական շինության հասցեի հաշվառում չունեցող անձինք (բացառություն են կազմում ոչ հիմնական շինությունում բնակվող, սակայն ոչ հիմնական շինության հասցեի հաշվառումից զինվորական ծառայության մեկնելու կամ ազատազրկվելու հիմքերով հանված քաղաքացիները, ինչպես նաև այն անձինք, որոնք հաշվառված են քանդված կամ քանդման ենթակա բնակարանի (բնակելի տան) հասցեով).

3) բնակարանի (բնակելի տան) կամ դրա` 9.0 և ավելի քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը 2019 թվականի հունվարի 1-ից հետո օտարած անձինք.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

20. Սույն կարգով նախատեսված դեպքերում բնակտարածության վարձակալումը կատարվում է ոչ հիմնական շինությունն զբաղեցնող քաղաքացիների և համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա, 1 տարի ժամկետով, մեկ ամսվա համար 60.000 դրամի չափով, հետևյալ տարբերակներով`

1) բնակտարածության վարձակալում համայնքի կողմից և ժամանակավորապես, անհատույց օգտագործելու նպատակով, ոչ հիմնական շինությունում բնակվող ընտանիքին տրամադրում.

2) բնակարան (բնակելի տուն) վարձակալելու համար ոչ հիմնական շինությունում բնակվող ընտանիքին ֆինանսական աջակցության տրամադրում:

21. Համայնքի ղեկավարը կամ քաղաքացիները կարող են բնակտարածությունը վարձակալել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող և գրանցված ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանցից: Ընդ որում, թե՛ համայնքի ղեկավարի կողմից բնակտարածության վարձակալման դեպքում, թե՛ քաղաքացիների կողմից բնակտարածության վարձակալման դեպքում քաղաքացիներին տրամադրվող վարձավճարը չպետք է գերազանցի սույն կարգի 20-րդ կետով նախատեսված չափը:

22. Բնակարան (բնակելի տուն) վարձակալելու համար աջակցության տրամադրման մասին համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի համաձայն քաղաքացիները վարձակալվող բնակարանի տարբերակն ընտրելուց հետո վարձատուի հետ կնքում են վարձակալության պայմանագիր`

1) որում պետք է ամրագրված լինեն վարձատուին և վարձակալին վճարման ենթակա գումարների չափերը.

2) որի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման վճարները կատարվում են վարձակալի միջոցների հաշվին:

23. Տրամադրվող աջակցության գումարի`

1) չափին համապատասխան բնակելի տարածության վարձակալման դեպքում վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի գումարը վճարվում է վարձատուին.

2) չափից ցածր արժողությամբ բնակելի տարածության վարձակալման դեպքում վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի և աջակցության գումարի չափի տարբերությունը վճարվում է վարձակալին.

3) բարձր արժողությամբ բնակելի տարածության վարձակալման դեպքում տարբերությունը վարձատուին վճարում է վարձակալը` իր սեփական միջոցների հաշվին, վարձակալության պայմանագրի պայմանների համաձայն:

24. Վարձակալության գումարը վճարվում է սույն կարգի համաձայն պայմանագրի կնքման ամսվան հաջորդող ամսվա 1-ից` մինչև մեկ օրացուցային տարվա վերջը, և վարձակալության գումարի չափն անփոփոխ է մեկ տարվա ընթացքում:

25. Վարձակալված բնակելի տարածության փոփոխման դեպքում քաղաքացիներն այդ մասին գրավոր տեղեկացնում են համայնքի ղեկավարին` կցելով վարձակալության նոր պայմանագրի օրինակը:

26. Բնակելի տարածություն վարձակալելու համար աջակցության տրամադրման ժամկետը ենթակա չէ երկարաձգման:

 

4. ՈՉ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ

 

27. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տեղադրված ոչ հիմնական շինություններում առևտրի, սպասարկման, կենցաղային, ծառայությունների մատուցման և այլ գործունեություն իրականացնող անձինք համապատասխան համայնքի ղեկավարի կողմից ծանուցվում են այդ տարածքները` ծանուցման մեջ նշված ժամկետում, ոչ հիմնական շինությունից ազատելու մասին:

28. Առևտրի, սպասարկման, կենցաղային, ծառայությունների մատուցման և այլ նպատակներով օգտագործվող ոչ հիմնական շինությունները ենթակա են ազատման և քանդման առանց աջակցության տրամադրման` սույն կարգի 8-րդ կետի համաձայն:

 

5. ՈՐՊԵՍ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

29. Սույն կարգի համաձայն իրականացված փաստագրման արդյունքում ի հայտ եկած` ոչ հիմնական շինության համարակալմամբ, սակայն քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունների օրինականացման հարցը քննարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգը:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված շինությունները`

1) օրինականացվելու դեպքում դրանց և դրանցով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ`

ա. գրանցվում է փաստագրման պահին տվյալ շինությունն զբաղեցնող անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը,

բ. սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման և այդ իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը (վճարները, տուրքերը և այլն) կատարվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` շինությունը զբաղեցնող անձանց կողմից.

2) չօրինականացվելու դեպքում` ենթակա են քանդման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն, իսկ այդ շինություններում բնակվող ընտանիքներին աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված մոտեցումների համաձայն` կախված տվյալ ընտանիքի` ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

 

6. ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

31. Սույն կարգով նախատեսված աշխատանքների և պետական աջակցության տրամադրման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, տվյալ համայնքի բյուջեն և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

32. Ներդրումային ծրագրերի իրականացման ժամանակ, որպես ոչ հիմնական շինություններից ազատման ենթակա տարածք, դիտարկվում է ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ տարածքը, և այդ տարածքի ոչ հիմնական շինությունները ենթակա են ազատման սույն կարգի համաձայն: Ընդ որում, այդ տարածքի ոչ հիմնական շինություններից վերաբնակեցվող ընտանիքներին աջակցության տրամադրման ֆինանսավորումը կատարվում է ներդրումային ծրագրի շրջանակներում:

33. Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարները կատարում են նախորդ տարվա ընթացքում տվյալ տարածքը ոչ հիմնական շինություններից ազատման գործընթացի ամփոփում և դրա հիման վրա սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաստատված ցուցակները` արդեն քանդված (ապամոնտաժված) և դեռևս քանդման (ապամոնտաժման) ենթակա ոչ հիմնական շինությունների մասով տարանջատված, մարզպետարանի միջոցով ուղարկում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե:

34. Սույն որոշմամբ նախատեսված գործընթացի իրականացման համար Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների շրջանակներում կատարվելիք աշխատանքների շրջանակը սահմանվում է յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ, որի նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ տարվա ապրիլի 20-ը:

35. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ ենթակետերի համաձայն տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է` հիմք ընդունելով`

1) աջակցության տրամադրմանը նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված` տվյալ բնակավայրում բնակարանների շուկայական միջինացված գնի տվյալները` 1 մ2 մակերեսի հաշվարկով.

2) ընտանիքի անդամների թվին (հաշվի առնելով սույն կարգի 19-րդ կետի պահանջները) համապատասխան հասանելիք սենյակների թիվը`

ա. միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին` մեկ սենյակ,

բ. ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին` երկու սենյակ,

գ. չորս-հինգ անձից բաղկացած ընտանիքին` երեք սենյակ,

դ. վեց-յոթ անձից բաղկացած ընտանիքին` չորս սենյակ,

ե. ութ և ավելի անձից բաղկացած ընտանիքին` հինգ սենյակ.

3) հասանելիք սենյակների թվի հետևյալ մակերեսները`

ա. մեկ սենյակ` 45 մ2,

բ. երկու սենյակ` 55 մ2,

գ. երեք սենյակ` 65 մ2,

դ. չորս սենյակ` 75 մ2,

ե. հինգ սենյակ` 85 մ2:

36. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 7-րդ ենթակետերի համաձայն տրամադրվող բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում բնակարանի գնման վկայագրի տրամադրմանը հաջորդող օրվանից 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2022
N 1601-Ն
Որոշում