ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/26603/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26603/02/18 2021 թ.
Նախագահող դատավոր Կ. Համբարձումյան
Դատավորներ Մ. Հարթենյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի դեկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտաշես Գասպարյանի և Օֆելյա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Արտաշես Գասպարյանի, Օֆելյա Հովհաննիսյանի, Վարդան Գասպարյանի, Արամայիս Պախանյանի, Նինա Ղազարյանի, Արթուր Պախանյանի, Արման Պախանյանի, Կարինե Գասպարյանի, Ռուզաննա Գասպարյանի, Սուսաննա Մուրադյանի` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ և պատասխանողին պատկանող 1/9-րդ բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արմեն Հարությունյանը պահանջել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով ք. Երևան, Կենտրոն, Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ և պատասխանողին պատկանող 1/9-րդ բաժնի վրա տարածել բռնագանձում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2020 թվականի վճռով Արմեն Հարությունյանի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2021 թվականի որոշմամբ Արմեն Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.10.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` որոշվել է Արմեն Հարությունյանի հայցը բավարարել, հրապարակային սակարկություններով վաճառել ք. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 54 հասցեի անշարժ գույքը, իսկ ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ և Արտաշես Գասպարյանին պատկանող 1/9 բաժնի վրա տարածել բռնագանձում:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Արտաշես Գասպարյանը (ներկայացուցիչ` Սահակ Մանուկյան) և Օֆելյա Հովհաննիսյանը (ներկայացուցիչ` Վահրամ Մարտիրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 59-րդ հոդվածի 1-ին մասի, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 58-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները.
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Հիմնազուրկ է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, թե ընդհանուր գույքում պարտապանի բաժնեմասի բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը կարող է պարզվել ոչ թե փորձագետի եզրակացությամբ, այլ սովորական գրավոր ապացույցով:
Ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջով պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը հնարավոր է պարզել բացառապես փորձագետի եզրակացությամբ:
«ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Աթոյանին հասցեագրված թիվ 1/0393 եզրակացությունը չունի ապացուցողական նշանակություն և դրանով չի կարող ապացուցված համարվել Ֆիզկուլտուրնիկների փողոց 54 հասցեի անշարժ գույքից Արտաշես Գասպարյանին պատկանող 1/9 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ հնարավորության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2021 թվականի որոշումը և ամբողջությամբ ուժ տալ Դատարանի 23.10.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
i
1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2018 թվականի թիվ ԵԿԴ/4103/02/16 քաղաքացիական գործով կայացրած վճռով վճռվել է. «Արմեն Հարությունյանի ընդդեմ Արտաշես Գասպարյանի` 3.150.000 ՀՀ դրամ գումարի, նշված գումարի նկատմամբ սկսած 01.09.2014 թվականից մինչև պարտավորությունների կատարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի, բռնագանձումը պատասխանողին պատկանող գույքի վրա տարածելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին հայցը բավարարել մասնակի:
Պատասխանող Արտաշես Գասպարյանից հօգուտ Արմեն Հարությունյանի բռնագանձել 3.150.000 ՀՀ դրամ գումար:
Պատասխանող Արտաշես Գասպարյանից հօգուտ Արմեն Հարությունյանի բռնագանձել 3.150.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` սկսած 02.09.2014 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը, (....):
Պատասխանող Արտաշես Գասպարյանից հօգուտ Արմեն Հարությունյանի բռնագանձել 63.000 ՀՀ դրամ գումար` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանող Արտաշես Գասպարյանից հօգուտ Արմեն Հարությունյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: (....) (հատոր 4, գ.թ. 74-78):
i
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի 15.08.2018 թվականի գրության համաձայն` թիվ ԵԿԴ/4103/02/16 կատարողական թերթի հիման վրա վերսկսված թիվ 0262748 կատարողական վարույթի շրջանակներում պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել: Առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան պարտապան Արտաշես Գասպարյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1, գ.թ. 39):
3) Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Կենտրոն Ֆիզկուլտուրնիկների փողոց 54 բնակելի տուն հասցեով անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Օֆելյա Հովհաննիսյանի (1/9), Վարդան Գասպարյանի (1/9), Արտաշես Գասպարյանի (1/9), Արամայիս Պախանյանի (1/6), Նինա Ղազարյանի (1/18), Արթուր Պախանյանի (1/18), Արման Պախանյանի (1/18), Կարինե Գասպարյանի (1/9), Ռուզաննա Գասպարյանի (1/9) և Սուսաննա Մուրադյանի (1/9) անուններով (հատոր 1, գ.թ. 60):
4) 20.10.2018 թվականին Արմեն Հարությունյանի կողմից Օֆելյա Հովհաննիսյանին, Վարդան Գասպարյանին, Արամայիս Պախանյանին, Նինա Ղազարյանին, Արթուր Պախանյանին, Արման Պախանյանին, Կարինե Գասպարյանին, Ռուզաննա Գասպարյանին և Սուսաննա Մուրադյանին ուղարկվել են Արտաշես Գասպարյանի բաժինը ք. Երևան, Կենտրոն Ֆիզկուլտուրնիկների փողոց 54 բնակելի տուն անշարժ գույքից գնելու առաջարկներ (հատոր 1, գ.թ. 64-72):
5) ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանին «ԿԱՖԷ» ՍՊԸ տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից հասցեագրված «Եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթով հայտնվել է, որ ք. Երևան, Կենտրոն, Ֆիզկուլտուրնիկների փողոց, թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքից /բնակելի տուն և հողամաս/ Արտաշես Գասպարյանին պատկանող 1/9 բաժնեմասը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ (հատոր 1, գ.թ. 80):
6) 26.06.2019 թվականի նախնական դատական նիստում (մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Աթոյան, պատասխանող Կարինե Գասպարյան) դատավոր Ս. Երիցյանը կողմերի միջև ապացուցման բեռը բաշխել է հետևյալ կերպ` հայցվորի վրա, ի թիվս այլնի, դրվել է ապացուցելու այն փաստը, թե արդյոք ք. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փողոց 54 բնակելի տուն հասցեի անշարժ գույքից հնարավոր չէ առանձնացնել Արտաշես Գասպարյանի 1/9-րդ բաժնեմասը:
Ապացուցման բեռի բաշխման հետ կապված առարկություններ չեն ներկայացվել:
7) 26.06.2019 թվականի նախնական դատական նիստում Դատարանի` միջնորդություններ և ապացույցներ ներկայացնելու հարցի կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչը հանդես է եկել գործով դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ` պարզելու համար անշարժ գույքի շուկայական արժեքը:
i
Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածին ծանոթանալու և այդ հիմքով ամբողջական և որոշակի միջնորդություն ներկայացնելու նկատառումներից ելնելով Դատարանը հայտարարել է ընդմիջում, որի ավարտից հետո հայցվորի ներկայացուցիչը խնդրել է չքննարկել և ընթացք չտալ ներկայացված միջնորդությանը: Այլ միջնորդություններ չեն ներկայացվել:
8) 26.06.2019 թվականի նախնական դատական նիստում դատավոր Ս. Երիցյանը կողմերին պարզաբանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «Առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել (...) օրենքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ» դրույթի կիրառման անհրաժեշտության մասին` նշելով, որ սեփական նախաձեռնությամբ դատարանը կարող է փորձաքննություն նշանակել բացառապես օրենքով նախատեսված դեպքում, որպիսին կարող է հանդիսանալ, օրինակ, դատահոգեբուժական փորձաքննությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև 3-րդ մասի 1-ին կետի իմաստով: Մասնավորապես առկա է իրավունքի զարգացման խնդիր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կապակցությամբ, բողոքարկված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը կիրառվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մի շարք որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, բայց պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք արտադատական կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը կարող է ընդունվել որպես ապացույց ու դրվել գործի լուծման հիմքում և եթե այո, ապա որ դեպքում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ապացույցի տեսակ է (....) փորձագետի եզրակացությունը (....):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նշված իրավանորմի բովանդակությունից բխում է, որ փաստաթուղթը փորձագետի եզրակացություն որակելու համար անհրաժեշտ է, որ այն պարունակի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, որոնք են` նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին, նշում կիրառված մեթոդների մասին, կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը» վերտառությամբ 91-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին:
Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է համապատասխանի նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
Նշված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը հավասարազոր լինելու համար փորձագետի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանելուց զատ անհրաժեշտ է, որ այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատի եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ընդ որում, առաջին ատյանի դատարանը նախազգուշացման մասին փորձագետից վերցնում է ստորագրություն, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
i
Իր` նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի` թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը:
Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում` առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին` պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
i
Նշված պահանջներից մեկն էլ վերաբերում է կիրառված մեթոդների մասին տեղեկություններ պարունակելուն: Փորձագետի եզրակացությունը պետք է նշում պարունակի կիրառված մեթոդների վերաբերյալ, որպեսզի` մասնավորապես կողմերը և դատարանը հնարավորություն ունենան գնահատելու եզրակացությունն արժանահավատության, հիմնավորվածության, ամբողջականության տեսանկյունից` անհրաժեշտության դեպքում բարձրացնելով լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հարցը: Փորձագետի եզրակացության մեջ կիրառված մեթոդները նշելով` փորձագետը հնարավորություն է տալիս այլ անձանց` պատկերացում կազմելու իր կազմած եզրակացության մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ: Իրազեկվելով, թե ինչ մեթոդներ են կիրառվել փորձաքննություն իրականացնելիս` կողմերը և դատարանը հնարավորություն են ունենում, օրինակ, բացահայտելու փորձաքննության ընթացքում անթույլատրելի մեթոդների կիրառման դեպքերը: ՈՒստի, եթե փորձագետի եզրակացությունը չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պարտադիր համարվող պահանջները, այդ թվում` չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ապա նման եզրակացությունը չի կարող համարվել պատշաճ ապացույց` մասնավորապես դրա արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, Ղուկաս Ավագյանի ընդդեմ Հայկ Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ փորձագետի եզրակացության` վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության պահանջները համարվում են պահպանված, եթե պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը և վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը 23.10.2020 թվականի վճռով Արմեն Հարությունյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել ք. Երևան, Կենտրոն, Ֆիզկուլտուրնիկների փողոց 54 բնակելի տունը սեփականության մասնակիցների բաժինների բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստն ապացուցելու վերաբերյալ, որպիսի պարտականությունը կրում էր հայցվորը, ավելին` գործի նախապատրաստական փուլում հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել միջնորդություն` փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, իսկ հայցվորի կողմից ներկայացված «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թ. Չոբանյանի կողմից 09.11.2018 թվականին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանին ուղղված թիվ 1/0393 գրությամբ արձանագրված առանձնացման մասով չի կարող սույն գործի լուծման համար ունենալ բավարար ապացուցողական նշանակություն, քանի որ գրության բովանդակությունը հստակ չէ, ավելին` եթե եզրակացություն է, ապա չի ներառում նկարագրական, մեթոդոլոգիական, պատճառաբանական մասեր, որպիսի պայմաններում եզրահանգումը չի կարող համարվել արժանահավատ, իսկ ինչ վերաբերում է հայցվորի փաստարկին, որ գրությունը պետք է համարել մասնագետի կարծիք, ապա Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով գործով մասնագետ ներգրավելու որոշում չի կայացրել և գրությունը չի կարող համարվել մասնագետի կողմից տրված կարծիք, հետևաբար` հայցվորը չի ապացուցել իր կողմից ներկայացված հայցի հիմքում դրված փաստերը, որի բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերաքննիչ դատարանը Արմեն Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում Դատարանի 23.10.2020 թվականի վճիռը բեկանելիս և փոփոխելիս` հայցը բավարարելիս գտել է, որ գործով պահանջի փաստերն ապացուցելու համար ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանին «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թ. Չոբանյանի կողմից հասցեագրված թիվ 1/0393 եզրակացությունն ունի ապացուցողական նշանակություն, քանի որ դրանում արտացոլված մտքից պարզ է դառնում, որ ք. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փողոց թ. 54 հասցեի անշարժ գույքից /բնակելի տուն և հողամաս/ Արտաշես Գասպարյանին պատկանող 1/9 բաժնեմասը բնեղենով առանձնացնել տեխնիկապես հնարավոր չէ:
Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն պարագայում որպես գրավոր ապացույց ներկայացված ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանին «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից հասցեագրված թիվ 1/0393 եզրակացությունը վերաբերելի փաստական տվյալ է, քանի որ այն ավելի հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող փաստի առկայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58 հոդվածի 1-ին մաս: Եվ, բացի այդ, ձեռք չի բերվել հիմնական իրավունքների խախտմամբ, առավել ևս չի խաթարում արդար դատաքննության իրավունքը. նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մաս: Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանին «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից հասցեագրված թիվ 1/0393 եզրակացությունը հանդիսանում է գրավոր ապացույց, որով հիմնավորվում է ընդհանուր սեփականությունից Արտաշես Գասպարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը և ըստ այդմ` հրապարակային սակարկություններով վերջինիս ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելու բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանն ու արձանագրելով, որ փորձագետի եզրակացությունը համարվում է ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու փաստը հաստատող ապացույց, գտնում է, որ դատական փորձաքննության` քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական ձևի առանձնահատկությունների պահպանման պայմաններում միայն կարող է դատարանը այդպիսի փորձաքննության արդյունքը ընդունել որպես փորձագիտական եզրակացություն: Այսինքն` միայն դատավարական ընթացակարգի պահպանման դեպքում կարող է մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն:
Համապատասխան որակավորում ունեցող փորձագետ Թորգոմ Չոբանյանի կողմից կատարված եզրակացությունը, որը ստացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված արտադատարանական կարգով, ըստ էության, չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացության` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, քանի որ տվյալ փորձաքննության եզրակացությունը չի պարունակում այն պայմանները, որոնք նախատեսված են քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ: Մասնավորապես` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանի դիմումի հիման վրա «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 09.11.2018 թվականին տրված թիվ 1/0393 «գրություն-եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը չի բովանդակում կիրառված մեթոդների մասին որևէ նշում, ավելին` նրանում բացակայում է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, հետևաբար չի կարող եզրակացությունը համարվել` առաջադրված հարցի հիմնավորված պատասխան: Բացի այդ, այն իրականացրած փորձագետը մինչ նախնական դատական նիստի ավարտը Դատարանի առջև գրավոր չի հաստատել եզրակացությունը` չնախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ուստի արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական այդ եզրակացությունը գործով չի կարող ունենալ ապացուցողական նշանակություն:
Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործով «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից 09.11.2018 թվականին տրված գրությունը-եզրակացությունը ոչ թե հետազոտության արդյունք է, այլ կոնկրետ հարցի վերաբերյալ դիրքորոշում:
Անդրադառնալով «Փորձագետի եզրակացություն» վերտառությամբ փաստաթուղթը Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված փաստը հիմնավորող անհրաժեշտ և բավարար գրավոր ապացույց դիտարկելու հնարավորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
Նախ, ինչպես նշվեց վերևում, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի` թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը կարևորում է այն, որ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը դատարանի կողմից առանցքային նշանակություն ունի դատավարության համար և չի կարող պայմանավորվել բացառապես ապացույցի վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներով: Ցանկացած դեպքում ապացույցները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել ապացույցի յուրաքանչյուր տեսակի համար դատավարական օրենքով նախատեսված ձևի և բովանդակության պահանջի պահպանումը:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառման արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ «ԿԱՖԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թորգոմ Չոբանյանի կողմից 09.11.2018 թվականին տրված «Եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթի ուժով չէր կարող ապացուցված համարվել հայցի հիմքում դրված փաստն այն մասին, որ անհնարին է առանձնացնել բաժնեմասը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ սույն գործով հանգել է Դատարանը:
Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պահանջին և, ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի լիազորությունների կիրառման հարցին Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում` նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Հիշատակված իրավանորմերով սահմանված է անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի և որպես այդպիսին դատական պաշտպանության իրավունքը և միևնույն ժամանակ որպես հիշյալ իրավունքի երաշխիք նախատեսված է դատարանի պարտականությունը սահմանել և գործնականում իրացնել համապատասխան իրավական կառուցակարգեր և ընթացակարգեր:
i
Վերջիններիս մասնավոր դրսևորում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, որի սահմանմամբ` դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում նույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար: Անձի` իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված` պետության պոզիտիվ պարտականությունը: Հետևաբար` դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իրազեկվելու իր դատավարական իրավունքներին ու պարտականություններին, որպիսի իրավունքին միաժամանակ համապատասխանում է դատարանի պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն` դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:
i
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար` գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախնական դատական նիստի ընթացքում դատարանը, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, ընդ որում` նշված դատավարական գործողությունը կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
Սույն գործով Դատարանը 26.06.2019 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը, ընդ որում` հայցվորի վրա, ի թիվս այլնի, դնելով նաև պատասխանող Արտաշես Գասպարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստի ապացուցման պարտականությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի ուժով Դատարանը պարտավոր էր գործին մասնակցող անձանց հետ քննարկել Արտաշես Գասպարյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստի հաստատման կամ հերքման համար ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, մասնավորապես` անդրադառնալ հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացված` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Աթոյանի դիմումի հիման վրա «ԿԱՖԷ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 09.11.2018 թվականին տրված թիվ 1/0393 «գրություն-եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթին` արձանագրելով, որ ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության հարցը կարող է հաստատվել միայն համապատասխան ապացույցով` փորձագետի եզրակացությամբ, որը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին: Մասնավորապես այն պետք է պարունակի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, միաժամանակ գործին մասնակցող անձի կողմից ներկայացված եզրակացությունը տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև պետք է գրավոր հաստատի իր եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին:
Մինչդեռ տվյալ դեպքում գործի նյութերի, մասնավորապես դատական նիստի ձայնային կրիչի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանը 26.06.2019 թվականին կայացած նախնական դատական նիստում չի իրականացրել գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունները, մասնավորապես` չի քննարկել և լուծել հայցվորի կողմից ներկայացված ապացույցի թույլատրելիության հարցը, ինչի պայմաններում հայցվորը զրկվել է իր վրա դրված փաստի ապացուցման համար պատշաճ ապացույց ներկայացնելու հնարավորությունից:
Դատավարական նման փաստերի առկայությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին հանգելու հետևության, որ սույն գործով առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորության կիրառումը չի հանդիսանա կողմերի դատավարական իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ գործնականում հնարավոր չի լինի ապահովել դատավարության մասնակցի, տվյալ դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունը, նկատի ունենալով նաև այն, որ Հայցվորը կզրկվի իրավունքների պաշտպանության հնարավորությունից (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 126, մաս 1, կետ 2):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավունքի գերակայությունը` դատարանի մատչելիության իրավունքը կարող է ապահովվել սույն գործն առաջին ատյանի դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելով:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը ամբողջությամբ բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 28 դեկտեմբերի 2021 թվական: