10.02.2007 - 28.04.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին
i
ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում «առևտրաարդյունաբերական պալատ» կազմակերպական-իրավական ձևը, առևտրաարդյունաբերական պալատների ստեղծման ընդհանուր իրավական հիմքերը և կարգավորում է դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Առևտրաարդյունաբերական պալատի անվանումը կազմվում է նրա տեղանունից և «առևտրաարդյունաբերական պալատ» բառակապակցությունից:
Հոդված 2. |
Պալատների հասկացությունը |
1. Մարզային (այդ թվում` Երևան քաղաքի) առևտրաարդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա մարզի տարածքում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԱԱՊ):
2. ԱԱՊ-ները սույն օրենքով սահմանված կարգով միավորվում և ստեղծում են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (այսուհետ` ՀՀ ԱԱՊ):
3. Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը (այսուհետ` պալատ (ներ)) ներառում է ՀՀ ԱԱՊ-ն և ԱԱՊ-ները, ինչպես նաև պալատների կողմից ստեղծված իրավաբանական անձանց:
4. Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործել «Առևտրի պալատ», «Արդյունաբերական պալատ», «Առևտրաարդյունաբերական պալատ», «ԱԱՊ» կամ «ՀՀ ԱԱՊ» բառակապակցությունները կամ պետական գրանցում ստանալ այդ անվանումներով:
5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:
(2-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)
Հոդված 3. |
Պալատների մասին օրենսդրությունը |
Պալատների մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
ԳԼՈՒԽ II
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 4. |
Պալատների նպատակները և խնդիրները |
Պալատների ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իրենց անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:
Պալատների խնդիրներն են`
ա) Հայաստանի տնտեսության զարգացմանը և այն միջազգային տնտեսական համակարգին ինտեգրացնելուն նպաստելը.
բ) ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանն օժանդակելը.
գ) օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելը.
դ) ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելը.
ե) պետության կողմից սահմանված գերակայություններին համապատասխան ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացմանը նպաստելը.
զ) տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը.
է) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացմանն ու զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.
ը) անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին, միություններին և ասոցիացիաներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների կազմավորմանն աջակցելը.
թ) առևտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելը.
ժ) ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը նպաստելը.
ժա) իրենց կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:
Հոդված 5. |
Պալատների գործառույթները |
1. Պալատները`
ա) պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնում և պաշտպանում են իրենց անդամների օրինական շահերը.
բ) վարում են Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց վստահելիության և բարեհուսության մասին.
գ) հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի դիմումի հիման վրա անցկացնում են ապրանքների անկախ փորձաքննություն, դրանց որակի, քանակի և կոմպլեկտայնության վերահսկողություն և ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա արժանահավատության համար.
դ) աջակցություն են ցույց տալիս հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցելու գործում.
ե) մշակում են գործարար ծրագրեր.
զ) ստեղծում են տեղեկատվության ապահովման տվյալների բանկ.
է) կազմակերպում և մասնակցում են ցուցահանդեսներին և տոնավաճառներին Հայաստանում և արտասահմանում.
ը) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում և հրատարակում են թերթեր, ամսագրեր և այլ տպագիր նյութեր.
թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.
ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են արբիտրաժային հաստատություն:
2. ԱԱՊ-ները կարող են ՀՀ ԱԱՊ-ի միջոցով մասնակցել ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը:
(5-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, 25.12.06 ՀՕ-56-Ն օրենքներ)
i
Հոդված 6. |
ՀՀ ԱԱՊ-ի գործառույթները |
ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`
ա) համակարգում է ԱԱՊ-ների գործունեությունը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պալատների համակարգը ինչպես հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.
բ) կարող է մասնակցել ձեռնարկատերերի շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում հանրապետության տնտեսության զարգացման հարցերով.
դ) միջազգային առևտրային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները.
ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի և վստահելի գործընկեր լինելու մասին.
զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 04.07.2005 թվականից` 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)
i
է) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար: Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ը) մասնակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
(6-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)
ԳԼՈՒԽ III
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 7. |
Պալատների հիմնադրման կարգը |
1. Սույն օրենքի ընդունման պահից մեկ ամիսը լրանալուց հետո մարզի առնվազն տասն իրավաբանական անձանց կողմից ստեղծված նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժին (իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին) կարող է հայտ ներկայացնել ԱԱՊ-ի հիմնադրման մասին:
Հայտն իր մեջ ներառում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում ԱԱՊ-ի ստեղծումը նախաձեռնելու մասին.
բ) նախաձեռնող խմբի անդամների ցուցակը` կնքված և ստորագրված բոլոր անդամների կողմից: Ցուցակը պարունակում է նախաձեռնող խմբի անդամների պետական գրանցման տվյալները, ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.
գ) ԱԱՊ-ի կանոնադրության նախագիծը:
Նախաձեռնող խմբի ներկայացրած հայտն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժնի կողմից և հաշվառվում է համապատասխան մատյանում: Հայտը ներկայացնողին տրվում է ստացական, որը պարունակում է նշում` ներկայացման ամսաթվի և ժամի մասին: Հայտի ներկայացման պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրանցում է հայտը: Հայտի գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացվել են կեղծ տվյալներ, կանոնադրության նախագիծը հակասում է սույն օրենքին, կամ արդեն հայտ է գրանցվել:
Եթե ներկայացված են մեկից ավելի հայտեր, ապա հայտի մերժման դեպքում քննարկվում է ժամանակային առումով հաջորդ ներկայացված հայտը: Հայտի գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը գրավոր մերժում է հաջորդ ներկայացված հայտերը` նշելով, որ դրանք մերժվում են ԱԱՊ-ի ստեղծման հայտն արդեն գրանցված լինելու պատճառով:
Հայտի գրանցումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնող խումբն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է տպագրում դրա մասին` նշելով հայտի գրանցման համարը:
Մարզի տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ԱԱՊ հիմնադիր համագումարին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են նախաձեռնող խմբին և հաշվառվում վերջինիս կողմից:
ԱԱՊ-ի ստեղծման մասին հայտարարությունը տպագրվելուց առնվազն երկու ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, նախաձեռնող խումբը հրավիրում է ԱԱՊ հիմնադիր համագումար: Հիմնադիր համագումարի հրավիրման մասին հայտարարությունը տպագրվում է համագումարի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:
Օրենքով սահմանված ժամկետում համագումար չհրավիրելու կամ հայտից հրաժարվելու դեպքում գրանցված հայտը համարվում է չեղյալ, և քննարկվում է հաջորդ ներկայացված հայտի գրանցման հարցը:
Նախաձեռնող խմբի լիազորությունները դադարում են հիմնադիր համագումարի աշխատանքներն ավարտվելուց հետո:
2. ԱԱՊ-ն ստեղծվում է հիմնադիր համագումարի որոշմամբ: Համագումարը հաստատում է ԱԱՊ կանոնադրությունը և ընտրում դրա ղեկավար մարմինները:
3. ՀՀ ԱԱՊ-ն ստեղծվում է սույն օրենքին համապատասխան` օրենքի ընդունման պահից վեց ամսվա ընթացքում, պետական գրանցում ստացած ԱԱՊ- ների մեկական ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի կողմից հրավիրած հիմնադիր համագումարի որոշմամբ: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի պատվիրակների քվոտաները նախաձեռնող խմբի կողմից բաշխվում են ԱԱՊ-ների անդամների թվին համամասնորեն: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի պետը կամ նրա տեղակալը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
Հոդված 8. |
Պալատի կանոնադրությունը |
1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները, գործառույթները և գործունեությանն առնչվող մյուս հարցերը:
2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`
ա) պալատի լրիվ և (կամ) կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ստեղծման նպատակները, գործունեության առարկան և գործառույթները.
բ) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը և գտնվելու վայրը.
գ) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների վճարման կարգը և պայմանները.
դ) պալատի կառավարման կարգը.
ե) գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը:
3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաև պալատի գործառույթներին առնչվող այլ դրույթներ:
Հոդված 9. |
Պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները |
1. Պալատի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում.
բ) պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.
գ) արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից.
դ) օգտվել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից:
2. Պալատի անդամները պարտավոր են`
ա) կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումները.
բ) վճարել անդամավճարներ.
գ) նպաստել պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը.
դ) կատարել պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 10. |
Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը |
1. Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը սահմանվում են պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
2. ԱԱՊ-ներն իրենց անդամների անդամավճարներից ստացված գումարի մի մասը մասհանում են ՀՀ ԱԱՊ` որպես անդամավճար, ՀՀ ԱԱՊ համագումարի կողմից սահմանված չափով և կարգով:
Հոդված 11. |
Պալատների պետական գրանցումը |
Պալատները ենթակա են պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV
ՊԱԼԱՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Պալատի համագումարը |
1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 5 տարին մեկ:
2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի և օրակարգի մասին համագումարի բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում պալատի անդամներին:
3. Համագումարը`
ա) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.
բ) 5 տարի ժամկետով ընտրում` է պալատի նախագահ և նախագահություն.
գ) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղությունները.
դ) լսում և գնահատում է պալատի նախագահի և գործադիր տնօրենի հաշվետվությունները:
4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար:
5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանոնադրության հաստատման, փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով:
6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է:
(12-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն օրենք)
Հոդված 13. |
Պալատի նախագահությունը |
1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը պալատի նախագահությունն է:
2. Պալատի նախագահության անդամները, տնօրենից բացի, աշխատում են հասարակական հիմունքներով:
3. ԱԱՊ-ների նախագահները և ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են ՀՀ ԱԱՊ նախագահության անդամներ:
4. Պալատի նախագահությունը`
ա) ընտրում է պալատի նախագահի տեղակալ (ներ).
բ) հաստատում է նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու ծախսերի նախահաշիվը.
i
գ) գումարում է պալատի հերթական և արտահերթ համագումարները.
դ) հաստատում է տնօրինության կառուցվածքը և հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները.
ե) նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործադիր տնօրենին.
զ) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ.
է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ը) որոշում է կայացնում պալատին կից արբիտրաժային հաստատության ստեղծման մասին.
թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.
ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:
5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն 3 ամիսը մեկ:
6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է:
7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`
ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատությունների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:
ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:
9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:
Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:
(13-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, 25.12.06 ՀՕ-56-Ն օրենքներ)
Հոդված 14. |
Պալատի նախագահը |
1. Պալատի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության նախագահ:
2. Պալատի նախագահը`
ա) հրավիրում և վարում է նախագահության նիստերը.
բ) իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը.
գ) ներկայացնում է պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
դ) պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր, տալիս է լիազորագրեր.
ե) նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության կառուցվածքը և գործունեության ուղղությունները.
զ) ստորագրում է նախագահության որոշումները.
է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
3. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է նախագահի տեղակալը:
Հոդված 15. |
Պալատի տնօրինությունը |
1. Պալատի գործադիր մարմինը պալատի տնօրինությունն է:
2. Պալատի տնօրինությունը գլխավորում է գործադիր տնօրենը:
3. Պալատի գործադիր տնօրենը`
ա) ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության անդամ.
բ) ղեկավարում է պալատի ընթացիկ գործունեությունը.
գ) կազմակերպում է պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը.
դ) պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում պալատի տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները.
ե) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում տնօրինության աշխատակիցներին, որոշումներ է կայացնում նրանց խրախուսելու կամ տույժի ենթարկելու վերաբերյալ.
զ) իր իրավասության շրջանակներում գործում է պալատի անունից և իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 16. |
Պալատի գործունեության վերահսկողությունը |
Պալատի ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվում է անկախ աուդիտորական կազմակերպության միջոցով, որի ընտրությունը կատարում է պալատի նախագահությունը:
ԳԼՈՒԽ V
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. |
Միջազգային կապերը և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում |
ՀՀ ԱԱՊ-ն ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առևտրի միջազգային պալատում, Եվրոպալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպություններում:
Հոդված 18. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. |
Եզրափակիչ դրույթներ |
Գործող ՀՀ ԱԱՊ-ն շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ ծավալով` մինչև սույն օրենքով սահմանված կարգով ՀՀ ԱԱՊ-ի պետական գրանցումը:
Մինչև սույն օրենքին համապատասխան ստեղծված ՀՀ ԱԱՊ-ի կողմից ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման գործառույթի իրականացման սկսելու պահն ապրանքների ծագման սերտիֆիկատները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են մինչև սույն օրենքի ընդունումը գործող կարգով:
Հոդված 20. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 21 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-250
|