Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ, 65-ՐԴ, 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՏԴ1/0043/01/16
Քրեական գործ թիվ ՏԴ1/0043/01/16  
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
                   Դատավորներ` Ռ. Բարսեղյան
                                                 Ա. Դանիելյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Լ. Թադևոսյանի
 Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի

                   

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրեյ Դմիտրիի Պինչուկի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2016 թվականի փետրվարի 8-ին Անդրեյ Դմիտրիի Պինչուկը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի` 2016 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Ա.Պինչուկին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի հուլիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Արագացված կարգով դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանն իր` 2016 թվականի հուլիսի 27-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Պինչուկին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, և մեղսագրված յուրաքանչյուր հանցավոր արարքի համար դատապարտել ազատազրկման ձևով պատժի` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել և Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է. Ա.Պինչուկը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 ամիս ժամկետով, 329-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 տարի ժամկետով, 34-329-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 6 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական թողնվել կրելու ազատազրկում` 1 տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Պինչուկի պաշտպան Լ.Սիմոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ա.Պինչուկին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «Նա (...), գտնվելով Վրաստանի տարածքում, չունենալով պատշաճ փաստաթղթեր, նպատակադրվել է ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք` ձեռք բերել կեղծ անձնագիր, որն օգտագործելով` Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի տարածքով տարանցիկ մեկնել ՌԴ: Այսպես.

Անդրեյ Պինչուկը, հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, 2015 թվականի դեկտեմբեր ամսին, Վրաստանից` անցնելով սահմանամերձ «Դեբեդ» գետը, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ տարածք: Հայաստանում գտնվելու ընթացքում` նախապես լուսանկարվելով, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել իր լուսանկարով, սակայն Վահե Մարտինի Ավագյանի տվյալներով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` ՀՀ քաղաքացու AH 0533328 սերիա-համարի կեղծված անձնագիր:

Այնուհետև, շարունակելով հանցավոր գործունեությունը, Անդրեյ Պինչուկը նշված կեղծ անձնագրի և Վահե Մարտինի Ավագյանի տվյալներով ձեռք է բերել Երևան-Մոսկվա ավտոբուսային ուղերթով «Անուշ-տրանստուր» ընկերության ուղևորատոմս, որից հետո` 2016 թվականի փետրվարի 4-ին, հասնելով «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետ, ապօրինի օգտագործելով ՀՀ քաղաքացու AH 0533328 սերիա-համարի կեղծված անձնագիրը, փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կեղծիքը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ ծառայողների կողմից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 288-289):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում փաստել է.» (...) Ամբաստանյալ Անդրեյ Դմիտրիի Պինչուկին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, 329 հոդվածի 1-ին մասով, 34-329 հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար:

Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել:

Նշված հանգամանքների պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Անդրեյ Դմիտրիի Պինչուկի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որպիսին անհրաժեշտ ու բավարար է նրա ուղղման, այլ հանցագործության կանխման և սոցիալական արդարության վերականգնման համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 67-68):

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս գնահատման չի ենթարկել կատարված հանրորեն վտանգավոր արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Անդրեյ Պինչուկի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննելիս, սույն գործում առկա, օբյեկտիվ, գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա գալիս է համոզման, որ նրա նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է ու չի կարող ապահովել պատժի նպատակները:

Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգում է` հիմնվելով Անդրեյ Պինչուկի կողմից կատարված հանցագործությունների, դրանց առանձնահատկությունների, գործի փաստական հանգամանքների, հանցավորի անձի բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատական սկզբունքներին համապատասխան:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն Անդրեյ Պինչուկի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցը քննարկելիս հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում վերջինիս կատարած դիտավորյալ հանցագործությունները եղել են նախապես պլանավորված և փոխկապակցված, որը թեև լրացուցիչ քրեաիրավական որակման ենթակա չէ, սակայն էականորեն բարձրացնում է կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանի դատավճռով ամբաստանյալ Անդրեյ Պինչուկի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի չէ` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, այն չի համապատասխանում հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանին և բնույթին, ինչպես նաև ամբաստանյալի անձին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 59-67):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված դատական ակտերին:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների` բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության նշելով Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված նույն հանգամանքները, առանց որևէ պատճառաբանության եկել է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է: Բողոքաբերի կարծիքով` Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու 6 ամիս ժամկետով ազատազրկումը չի կարող բավարար լինել անձին ուղղելու համար կամ պատժի նպատակներն ապահովելուն, իսկ 1 տարի 6 ամիս ժամկետը բավարար է: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող պատիժները երկընտրելի են և պատիժ են նախատեսում նաև տուգանքի ձևով: Ավելին` բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ա.Պինչուկն արարքը կատարել է աշխատատեղ փնտրելու նպատակներով` զուտ սոցիալական պայմաններից ելնելով:

i

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0163/01/13, ՍԴ/0109/01/12 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը արդյունքում եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ամբաստանյալը կատարել է արարք, որը միջին ծանրության է, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, որի արդյունքում նպաստել է հանցագործության ամբողջական բացահայտմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առումով), նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, արարքը կատարել է հանգամանքների պատահական զուգորդման արդյունքում, փաստացի կրել է 6 ամիս 2 օր ժամկետով պատժաչափ, հետևապես նրա նկատմամբ պատժաչափը խստացնելն իրավաչափ չէր:

8.1. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի օրինակը չեն տրամադրվել ամբաստանյալին վերջինիս հասկանալի լեզվով, ինչպես նաև ամբաստանյալը չի ծանուցվել Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստերի տեղի և ժամի մասին: Հետևաբար, ըստ բողոքաբերի` խախտվել են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «ե» կետերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 65-րդ, 382-րդ, 390-րդ հոդվածների պահանջները:

i

Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Ա.Պինչուկի պատժի կրման սկիզբը պետք է համարվի ոչ թե 06.02.2016թ., այլ 04.02.2016 թվականը, քանի որ ամբաստանյալը փաստացի արգելանքի է վերցվել այդ օրը:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի դատավճռին կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատշաճ կերպով պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Ա.Պինչուկի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է

i

«Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի մեջբերված նորմերի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերլուծությանը Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 14-23-րդ կետերում) լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը` Վճռաբեկ դատարանը կրկնում է. «Վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

(...) Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած` պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը):

i

12.1. Միևնույն ժամանակ, վերահաստատելով դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը, Անժելա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԿԴ/0104/11/16 որոշման 13-րդ կետը):

13. Սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Պինչուկին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, մուտք գործել ՀՀ տարածք, ձեռք է բերել ՀՀ քաղաքացու կեղծված անձնագիր, այնուհետև կեղծված անձնագիրն ապօրինի օգտագործելով «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետում` փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կեղծիքը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ ծառայողների կողմից (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելով և մեղսագրված յուրաքանչյուր հանցավոր արարքի համար դատապարտելով 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժի, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում` 6 վեց ամիս ժամկետով` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար: Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս գնահատման չի ենթարկել կատարված հանրորեն վտանգավոր արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա, օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա վերջինս գալիս է համոզման, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է ու չի կարող ապահովել պատժի նպատակները: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նման հետևության է հանգում` հիմնվելով Ա.Պինչուկի կատարած հանցագործությունների, դրանց առանձնահատկությունների, գործի փաստական հանգամանքների, հանցավորի անձի բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր հետևությունը հիմնավորել է նաև նրանով, որ տվյալ դեպքում ամբաստանյալի կատարած դիտավորյալ հանցագործությունները եղել են նախապես պլանավորված և փոխկապակցված, որը, ըստ Վերաքննիչ դատարանի, թեև լրացուցիչ քրեաիրավական որակման ենթակա չէ, սակայն էականորեն բարձրացնում է կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված նորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ:

Այսպես` Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, այնպես էլ կատարված հանցագործությունների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Այս պայմաններում հիմնավոր չի կարող համարվել Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանը կատարված հանրորեն վտանգավոր արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը գնահատման չի ենթարկել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում արձանագրել է նաև, որ եզրահանգումն առ այն, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, հիմնված է սույն գործում առկա, օբյեկտիվ, գոյություն ունեցող տվյալների վերլուծության, Ա.Պինչուկի կատարած հանցագործությունների, դրանց առանձնահատկությունների, գործի փաստական հանգամանքների, հանցավորի անձի բազմակողմանի գնահատման վրա (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի սույն պատճառաբանությունը կրում է ընդհանրական բնույթ, այն հիմնված չէ փաստական կոնկրետ տվյալների վրա, հետևաբար չի կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ դատողություն:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ տվյալ դեպքում ամբաստանյալի կատարած դիտավորյալ հանցագործությունները եղել են նախապես պլանավորված և փոխկապակցված, որը թեև լրացուցիչ քրեաիրավական որակման ենթակա չէ, սակայն էականորեն բարձրացնում է կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշյալ հանգամանքները, ըստ էության, բխում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), որի պայմաններում Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը չի կարող համարվել որպես Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժի ակնհայտ մեղմ լինելը վկայող պատշաճ հիմնավորում:

14.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, բավարար չափով և պատշաճ կերպով չի պատճառաբանել, թե ինչում է արտահայտվել դրա մեղմության ակնհայտությունը:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Պինչուկի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատշաճ կերպով պատճառաբանված չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչի արդյունքում ոչ ճիշտ են կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածները: Նշված խախտումները, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածների, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, կատարված հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի դատավճռին:

17. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, այդպիսիք դիտարկելով բողոքաբերի պահանջի (այն է` բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)) և այն բավարարելու համատեքստում, քննարկման առարկա չի դարձնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Անդրեյ Դմիտրիի Պինչուկի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 27-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ՏԴ1/0043/01/16
Որոշում