ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական ԵԷԴ/0119/01/13
դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԷԴ/0119/01/13
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
Դատավորներ Գ. Մելիք-Սարգսյան
Հ. Տեր-Ադամյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Ավետիսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
մասնակցությամբ մեղադրող Տ. ՈՒզոյանի
2014 թվականի հոկտեմբերի 31-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարսևան Ասատուրի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 25-ի որոշման դեմ մեղադրող Տ. ՈՒզոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչ Հ. Բելիչկովի 2013 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի և 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 86150513 քրեական գործը:
2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում թիվ 86150513 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով մասն առանձնացվել է առանձին վարույթում, և շնորհվել է թիվ 12121713 համարը:
2013 թվականի հուլիսի 25-ին Գարսևան Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով: Գ. Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2. 2013 թվականի հուլիսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Մեղադրողի 2014 թվականի հունվարի 29-ի որոշմամբ դատաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Գ. Ոսկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, ապացուցված համարելով, որ Գ. Ոսկանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, կիրառել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և քրեական գործի վարույթը կարճել, իսկ Գ. Ոսկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցրել:
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող Տ. ՈՒզոյանը:
Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրող Տ. ՈՒզոյանը, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Մեղադրողի որոշմամբ Գ. Ոսկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ին եղբոր` Ա. Ոսկանյանի հեռախոսազանգից հետո իրենց տան մոտակայքում գտնվող աղբարկղի մոտից վերցրել է քննությամբ չպարզված անձի կողմից թողնված ծխախոտի տուփը, որի մեջ եղել է զգալի չափի` 4.2 գրամ, «չորացրած մարիխուանա» և խոշոր չափի` 0.0426 գրամ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, և դրանք եղբորը փոխանցելու նպատակով նույն օրը տարել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Գ.Ոսկանյանին չի հաջողվել թմրամիջոցը հանձնել եղբորը, քանի որ հիմնարկի հսկիչ-անցագրային կետում այն զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է (տե՛ս, քրեական գործ, հատոր 2, թերթ 88-89):
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալ Գարսևան Ոսկանյանը մեկ միասնական դիտավորությամբ առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել և պահել է խոշոր չափի` 0.0426 գրամ քաշով «բուպրենորֆին» տեսակի և զգալի չափի` 4.2 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց` հետագայում իր եղբորը` Արտակ Ոսկանյանին փոխանցելու համար: Ըստ գործի տվյալների Գ. Ոսկանյանը հետապնդել է մեկ միասնական նպատակ:
Նման պայմաններում առանց իրացնելու նպատակի խոշոր չափի և զգալի չափի թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար դրանցից յուրաքանչյուրին առանձին քրեաիրավական գնահատական տալը և յուրաքանչյուրի համար առանձին անձին դատապարտելը արհեստականորեն կարող է վատթարացնել ամբաստանյալի վիճակը:
Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանքի առկայության պայմաններում մեկ այլ մեղադրանքով` զգալի չափով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 1-ին մասով առանձին որակելը տեսական և իրավական առումով ճիշտ չէ, ուստի նշված մեղադրանքը ենթակա է ընդգրկման ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանքի ծավալում (...)» (տե՛ս, քրեական գործ, հատոր 2, թերթ 101-102):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...)Դատարանի 03.02.2014 թ. որոշումն օրինական [է] ու հիմնավորված, Դատարանի հետևությունները համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին, դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել կգործի արդյունքի վրա, (...) որպիսի պայմաններում դատական ակտը բեկանելու, նոր քննության ուղարկելու առումով բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
Քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 56):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձի պնդմամբ` ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական իրավունքի նորմերի խախտմամբ:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ թմրանյութերի կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվություն սահմանելով օրենսդիրը սահմանել է նյութերի տեսակները, որոնցից յուրաքանչյուրի ապօրինի շրջանառությունն առանձին վերցրած արդեն իսկ համարվում է հանցագործություն, եթե քաշը համապատասխանում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն առաջացնող չափին: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, երկու ինքնուրույն քրեական պատասխանատվություն առաջացնող թմրամիջոցի հայտնաբերումը որակելով որպես մեկ հանցագործություն, կիրառել է կլանման կանոնը: Արդյունքում փաստացի նշանակություն չի տրվել զգալի չափի թմրամիջոցին այն դեպքում, երբ միայն այդ թմրամիջոցը հայտաբերվելու դեպքում էլ անձը կենթարկվեր քրեական պատասխանատվության:
Առաջին ատյանի դատարանի տրամաբանությամբ այս դեպքում առկա է քրեաիրավական նորմերի մրցակցություն: Մինչդեռ տարբեր չափերի և տեսակների թմրամիջոցները չեն կարող մեկը մյուսին գումարվել կամ մեկը մյուսով կլանվել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ ինքնուրույն քրեական պատասխանատվություն առաջացնող արարք է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքով նման իրավական հնարավորություն նախատեսված չէ: Հետևաբար, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական օրենսգրքի կանոնակարգումների պայմաններում առավել տրամաբանական է անձի արարքը որակել ըստ թմրամիջոցի տեսակի, այսինքն` ըստ հանցագործության առարկայի: Մասնավորապես, եթե անձի մոտ միաժամանակ հայտնաբերվում է 2 տեսակի տարբեր քաշերով թմրամիջոց, ապա դրանք չպետք է գումարել կամ մեկը մյուսով կլանել, այլ պետք է որակել յուրաքանչյուրն առանձին` հանցագործությունների համակցության կանոններով:
Նշվածի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ ամբաստանյալի արարքն այս դեպքում իրենից ներկայացնում է իդեալական համակցություն, իսկ Առաջին ատյանի դատարանն առանց բավարար հիմքերի նրան ազատել է քրեական պատասխանատվությունից:
9. Բողոքի հեղինակը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, թե անձի բոլոր գործողություններն ունեն մեկ միասնական դիտավորություն և ուղղված են եղել առանց իրացնելու նպատակի ապօրինաբար խոշոր չափի թմրամիջոցի ձեռքբերմանն օժանդակելուն, նշել է, որ այն անհիմն է, քանի որ այս դեպքում դիտավորությունը միասնական է զուտ թմրամիջոցի ձեռքբերման փորձին օժանդակելուն, սակայն ոչ տեսակի և չափի մասով: Ըստ գործի տվյալների` Գ. Ոսկանյանը չէր կարող իմանալ և չի իմացել, թե ինչ քաշի և տեսակի թմրամիջոցներ են լինելու ծխախոտի տուփի մեջ, այլ միայն այն բացելուց հետո է տեսել փաթեթները, հետևաբար, խոսք չի կարող լինել մեկ միասնական դիտավորությամբ խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու մասին:
Բողոք բերած անձի պնդմամբ անհիմն է նաև դատարանի այն հետևությունը, թե «առանց իրացնելու նպատակի խոշոր չափի և զգալի, չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար դրանցից յուրաքանչյուրին առանձին քրեաիրավական գնահատական տալը և յուրաքանչյուրի համար առանձին-առանձին դատապարտելն արհեստականորեն կարող է վատթարացնել ամբաստանյալի վիճակը, ինչը տեսական և իրավական առումով ճիշտ չէ», քանի որ դատարանը որևէ փաստարկ չի բերել իր հետևությունը տեսական և իրավական առումով հիմնավորելու համար: Իսկ Գ. Ոսկանյանի հանցավոր արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալը չի կարող գնահատվել որպես նրա վիճակի վատթարացում:
10. Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալ Գ. Ոսկանյանի արարքներին քրեաիրավական գնահատական տալու նկատմամբ կիրառելի է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՔՐԴ/0063/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:
11. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես, իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունների համակցության (ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդված) տեսակները միմյանցից, ինչպես նաև եզակի (մեկ) հանցագործությունից տարանջատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք Գ. Ոսկանյանին մեղսագրված արարքը հանցագործությունների համակցության կանոններով որակելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Հանցագործությունների համակցություն է համարվում
1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ»:
Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Արծրունու գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «(...) հանցագործությունների համակցությունը բնութագրվում է
1) քանակական հատկանիշով (երկու կամ ավելի հանցանք կատարելը),
2) որակական հատկանիշներով, որոնք են`
ա) տարաբնույթ, նույնական կամ համանման հանցանք կատարելը,
բ) համակցություն կազմող հանցանքների համար դատված չլինելը,
գ) համակցություն կազմող առնվազն երկու հանցանքների կատարումից հետո դրանց քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքների, օրինակ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների պահպանումը, (...)» (տե՛ս, Արսեն Արայի Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0126/13/11 որոշման 22-րդ կետը):
15. Վերահաստատելով և զարգացնելով Ա. Արծրունու գործով որոշմամբ արտահայտած և վերը մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների համակցությունը բազմակիության տեսակներից մեկն է (հանցագործությունների ռեցիդիվի հետ միասին), հետևաբար բնութագրվում է բազմակիությանը բնորոշ ընդհանուր հատկանիշներով: Այսպես, համակցության պարտադիր հատկանիշը միևնույն անձի կողմից երկու կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքի կամ արարքների կատարումն է (նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն կամ տարբեր հոդվածներով), որոնց նկատմամբ պահպանված են քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքները:
ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ էության, առանձնացվում են համակցության երկու ինքնուրույն տեսակ`
1) առանձին արարքներով կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն կամ տարբեր հոդվածներով նախատեսված երկու և ավելի հանցագործություններ (իրական համակցություն),
2) մեկ արարքով կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու և ավելի հանցագործություններ (իդեալական համակցություն):
Համակցության վերոնշյալ տեսակները տարբերվում են հանցավոր արարքների քանակով:
Այսպես, իրական համակցության դեպքում մեկից ավելի արարքներով կատարվում են երկու կամ ավելի հանցագործություններ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է ինքնուրույն քրեաիրավական գնահատական: ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` իրական համակցություն կազմող երկու կամ ավելի հանցանքները կարող են նախատեսված լինել ՀՀ քրեական օրենսգրքի`
ա) տարբեր հոդվածներով,
բ) միևնույն հոդվածով,
գ) հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով:
Մինչդեռ իդեալական համակցության դեպքում կատարվում է մեկ արարք, որն իր մեջ պարունակում է երկու կամ ավելի տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Ընդ որում, հանցավոր արարքի անմիջական օբյեկտները չպետք է հարաբերվեն ինչպես ամբողջը և մասը, այլ պետք է լինեն տարբեր, ինքնուրույն իրավական հարաբերություններ:
Այսպիսով, եթե իրական համակցություն կարող են կազմել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր հոդվածներով նախատեսված հանցանքները, ապա իդեալական համակցություն կարող են կազմել միայն տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործությունները: Այլ խոսքով իդեալական համակցությունն առկա է, երբ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարվում են մեկ արարքով: Ասվածը, սակայն, չի վերաբերում այն բացառիկ դեպքերին, երբ մեկ արարքով կատարվում են նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված արարքներ, որոնք ոչ թե միևնույն հանցակազմի հասարակ և ծանրացնող հանգամանքներով տեսակներն են, այլ տարբեր հանցագործություններ են: Վերոնշյալ դեպքերը պայմանավորված են հանցակազմերի կառուցման օրենսդրական տեխնիկայի առանձնահատկություններով, երբ օրենսդիրը նպատակահարմար է գտել երկու ինքնուրույն հանցանքները նախատեսել մեկ հոդվածի տարբեր մասերով (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և այլն):
16. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրական համակցությունն առկա է, եթե
ա) կատարվել են միմյանց հետ միասնական դիտավորությամբ չկապված մեկից ավելի հանցավոր արարքներ,
բ) հանցավոր արարքները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կամ միևնույն հոդվածներով,
գ) կատարված հանցագործությունների նկատմամբ պահպանված են քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքները:
Իդեալական համակցությունն առկա է, եթե` ա) կատարվել է մեկ հանցավոր արարք,
բ) արարքը պարունակում է երկու կամ ավելի տարբեր հոդվածներով նախատեսված, ինքնուրույն հանցակազմեր պարունակող հանցագործությունների հատկանիշներ,
գ) կատարված հանցագործությունների նկատմամբ պահպանված են քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքները:
17. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի փաստական հանգամանքներից, անհրաժեշտ է հանցագործությունների համակցության տեսակները սահմանազատել ինչպես միմյանցից, այնպես էլ եզակի (մեկ) հանցագործությունից: Այսպես, եզակի հանցագործությունը կատարվում է մեկ կամ մի քանի փոխկապակցված արարքներով, ոտնձգում է մեկ հիմնական օբյեկտի դեմ, պարունակում մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով: Հանցագործությունները որակելիս հատկապես դժվարություններ են առաջանում եզակի հանցագործություններն իդեալական համակցությունից տարանջատելու հարցում, քանի որ երկու դեպքում էլ կատարվում է մեկ արարք:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իդեալական համակցությունը եզակի (մեկ) հանցագործությունից տարանջատելու հիմնական չափանիշն օրենսդրորեն ամրագրված այն պարտադիր պահանջն է, ըստ որի` իդեալական համակցություն կարող են կազմել միայն ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանքները: Այսինքն` եթե կատարված արարքը պարունակում է միևնույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ապա իդեալական համակցությունը բացակայում է, քանի որ վերջինիս դեպքում արարքը չի կարող որակվել մեկ քրեաիրավական նորմով:
Անձի մեկ արարքում միևնույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշների առկայության դեպքում (հիմնական, ծանրացնող և (կամ) առավել ծանրացնող) համապատասխան նորմերը միմյանց հետ սերտ կապի մեջ են գտնվում և իրենց հիմնական հատկանիշներով համընկնում են: Դրանցից յուրաքանչյուրն իր ծավալով և բովանդակությամբ համապատասխանում է մյուսին, սակայն առանձնացվում է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ հատկանիշի առանձնահատկությամբ: Այս դեպքում արարքը որակվում է միայն այն նորմով, որն առավել ամբողջական է պարունակում կատարված հանցանքի բոլոր հատկանիշները: Այլ խոսքով եթե անձի կատարած մեկ արարքում միաժամանակ առկա են հիմնական և ծանրացնող կամ ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներով հանցակազմերի հատկանիշներ, ապա արարքը գնահատվում է որպես մեկ հանցագործություն և որակվում միայն ծանրացնող (կամ առավել ծանրացնող) հանգամանքը նախատեսող մասով:
Այս առումով Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիմնական և ծանրացնող հանգամանքով հանցակազմերի մրցակցության դեպքում արարքը ծանրացնող հանգամանքով որակելը, ինչպես նաև ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներով հանցակազմերի մրցակցության դեպքում արարքը առավել ծանրացնող հանցակազմով որակելը չի նշանակում, որ անձի արարքում առկա մյուս ծանրացնող հանգամանքներն անտեսվում են: Նախաքննական մարմինն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման և մեղադրական եզրակացության մեջ, իսկ դատարանը դատավճռի նկարագրական հատվածում պարտավոր են արտացոլել արարքում առկա բոլոր ծանրացնող հանգամանքները, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ գնահատել հանցագործության հանրային վտանգավորությունը և մեկից ավելի ծանրացնող հանգամանքների առկայությունը հաշվի առնել պատիժ նշանակելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերևում շարադրվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ անձի կողմից առանձին արարքներով կատարվում են միևնույն հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով` հիմնական, ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով նախատեսված հանցագործություններ, քանի որ տվյալ դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն առկա է իրական համակցություն, այլ ոչ թե եզակի հանցագործություն (օրինակ` եթե անձն առանց իրացնելու նպատակի զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ է ձեռք բերում մեկ գործողությամբ, այսինքն` կատարում է մեկ միասնական հանցագործություն, որն իր մեջ պարունակում է միևնույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված որակյալ հատկանիշներ, ապա արարքը չի կարող համարվել իդեալական (բացակայում են տարբեր հոդվածները) կամ իրական համակցություն (բացակայում են մեկից ավելի հանցավոր արարքները) և ենթակա է որակման որպես մեկ հանցագործություն: Միևնույն ժամանակ, եթե առանց իրացնելու նպատակի անձը ձեռք է բերում զգալի չափերով թմրամիջոցներ, այնուհետև նույն կամ այլ աղբյուրներից ձեռք է բերում խոշոր կամ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, արարքները կորակվեն հանցագործությունների իրական համակցության կանոններով, քանի որ դրանք թեև նախատեսված են միևնույն հոդվածի տարբեր մասերով, սակայն արդյունք են տարբեր, միմյանց հետ չկապված գործողությունների):
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի կողմից երկու և ավելի հանցագործությունների կատարումը վկայում է ինչպես հանցավորի անձի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվում է հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելու հատուկ կարգ, որն առաջ է բերում հանցավորի համար անբարենպաստ հետևանքներ: Մինչդեռ, ի տարբերություն հանցագործությունների համակցության, եզակի հանցագործության դեպքում կատարվում է մեկ հանցագործություն, հետևաբար այն պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով: Հակառակ պարագայում արհեստականորեն կստեղծվեն հանցագործությունների բազմակիության հատկանիշներ, և հանցավորի քրեական պատասխանատվությունն անհիմն կխստացվի:
Այդպիսի մոտեցումը կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև նույն հանցագործության համար անձին կրկին անգամ դատապարտելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքին (նույն արարքի համար կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի մասին mutatis mutandis տե՛ս Դավիթ Բորիսի Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշումը):
Այս դեպքում «նույն արարք»-ի առկայության մասին վկայում են հիմնական, ծանրացնող և առավել ծանրացնող հանցակազմերի շարադրման օրենսդրական տեխնիկայի առանձնահատկությունները: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում հանցակազմի որակյալ տեսակները շարադրված են հետևյալ կերպ` «Նույն արարքը, որը կատարվել է (...) [խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով]»: Վերոշարադրյալից հետևում է, որ «նույն արարք» եզրույթը վերաբերում է համապատասխան հոդվածի առաջին մասում նկարագրված (հիմնական) հանցագործությանը, որն ամբողջությամբ արտացոլվում է նաև հոդվածի ծանրացնող (առավել ծանրացնող) հանգամանքներում, սակայն առանձնանում է լրացուցիչ հանգամանքի առկայությամբ, ինչը հիմնական հանցակազմը վեր է ածում որակյալի: Օրենսդիրը, նախատեսելով նույն արարքի վտանգավոր տեսակը և դրա համար ավելի խիստ պատիժ սահմանելով, արդեն իսկ դրանում հաշվի է առել և արտացոլել այդ արարքի վտանգավորությունը: Հետևաբար, անթույլատրելի է արարքը որակել հոդվածի բոլոր մասերով` հանցագործությունների համակցության կանոններով, այլ նախապատվությունը պետք է տալ ծանրացնող այն հանգամանքներով հանցակազմին, որն առավել ամբողջական է արտացոլում կատարված հանցագործության բոլոր հատկանիշները:
19. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ. Ոսկանյանը 2012 թվականի դեկտեմբերի 20-ին եղբոր խնդրանքով իրենց տան մոտակայքում գտնվող աղբարկղի մոտից վերցրել է քննությամբ չպարզված անձի կողմից թողնված ծխախոտի մեկ տուփ: Նրան չի հաջողվել տուփը փոխանցել եղբորը, քանի որ այն հիմնարկի հսկիչ-անցագրային կետում զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է: Տուփի մեջ եղել է զգալի չափի` 4.2 գրամ «չորացված մարիխուանա» և խոշոր չափի` 0.0426 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի և զգալի չափի թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքում դրանցից յուրաքանչյուրին առանձին քրեաիրավական գնահատական տալը և յուրաքանչյուրի համար առանձին անձին դատապարտելն արհեստականորեն վատթարացնում է ամբաստանյալի վիճակը: Բացի այդ, դատարանն ընդգծել է, որ անձի արարքում արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայության պայմաններում արարքը հանցագործությունների համակցության կանոններով որակելը տեսական և իրավական առումով հիմնավորված չէ: Հանցագործության սուբյեկտիվ կողմին անդրադառնալիս Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Գ. Ոսկանյանը մեկ միասնական դիտավորությամբ ձեռք է բերել խոշոր չափի և զգալի չափի թմրամիջոց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, հիմնավորված համարելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները, անփոփոխ է թողել դատական ակտը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստերից հետևում է, որ Գ. Ոսկանյանը զգալի և խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները ձեռք է բերել մեկ արարքով (գործողությամբ): Այսինքն` նրա մեկ արարքում առկա են միևնույն հոդվածի (ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդված) տարբեր մասերով (1-ին և 2-րդ) նախատեսված հանցագործության հատկանիշներ:
20. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով 14-19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ. Ոսկանյանի գործողություններում հանցագործությունների համակցությունը բացակայում է, քանի որ Գ. Ոսկանյանի փաստացի կատարած մեկ արարքում առկա է միևնույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված` հիմնական և ծանրացնող հանգամանքներով հանցակազմի հատկանիշներ: Այսինքն նրա արարքը պետք է որակվի ծանրացնող հանգամանքի համար պատասխանատվություն նախատեսող նորմով: Այլ խոսքով` Գ. Ոսկանյանի արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբողջությամբ ընդգրկում է հանցակազմի ինչպես հիմնական, այնպես էլ ծանրացնող հատկանիշները, հետևաբար հանցագործությունների որակման ընդհանուր սկզբունքների տեսանկյունից իրական և իդեալական համակցության կանոնների կիրառումն իրավաչափ չէ:
21. ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Ոսկանյանին մեղսագրված արարքը հանցագործությունների համակցության կանոններով որակելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ են:
22. Այսպիսով, ամբաստանյալ Գ.Ոսկանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38- 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավոր, հետևաբար անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Գ. Ոսկանյանը մեկ արարքով կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու հանցագործություն, հետևաբար կատարված արարքն իրենից ներկայացնում է իդեալական համակցություն (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա նշված եզրահանգումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հանցագործությունների իդեալական համակցության հասկացությանը, ըստ որի իդեալական համակցություն կարող են կազմել միայն տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործությունները:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության ճիշտ որակելով Գ.Ոսկանյանի կատարած հանցագործությունը, սխալ է մեկնաբանել հանցանքի սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես, դատարանը նշել է, որ հանցավորը խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու նկատմամբ դրսևորել է ուղղակի դիտավորություն, մինչդեռ գործի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղակի դիտավորություն հանցավորը դրսևորել է զուտ թմրամիջոց ձեռք բերելու փաստի նկատմամբ, մինչդեռ դրանց տեսակների և չափերի մասին պատկերացում չի ունեցել` գործել է չկոնկրետացված դիտավորությամբ: Սակայն վերոնշյալ հանգամանքն արարքի որակման վրա որևէ ազդեցություն չունի, քանի որ չկոնկրետացված դիտավորության դեպքում արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի:
Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակի նաև այն դիրքորոշմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների պայմաններում առավել տրամաբանական է անձի արարքը որակել ըստ թմրամիջոցի տեսակի, այսինքն` յուրաքանչյուրն առանձին` հանցագործությունների համակցության կանոններով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև քննարկվող հանցագործության պարտադիր հատկանիշ է հանցագործության առարկան (թմրամիջոցները կամ հոգեներգործուն նյութերը), այնուամենայնիվ ծանրացնող հանգամանքների առանձնացման հիմքում դրված են դրանց չափերը, այլ ոչ թե կոնկրետ տեսակները: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսդրությունը չի նախատեսում տարբեր տեսակների թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի քաշերը միմյանց գումարելու որևէ կարգ:
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 3-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշումը հակասում են Վճռաբեկ դատարանի նախկինում` Կ. Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՔՐԴ/0063/01/08 գործով կայացված որոշմանը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս հիմնազուրկ է:
Այսպես, վկայակոչված որոշման փաստական հանգամանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կ. Հովհաննիսյանը տարբեր ժամանակահատվածներում, առանձին արարքներով կատարել է երկուսից ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող հանցագործություններ, մասնավորապես 2005-2007 թվականների ընթացքում տարբեր աղբյուրներից իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել տարբեր տեսակի ու չափերի թմրամիջոցներ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կ. Հովհաննիսյանը կատարել է երկուսից ավել ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքներ` մի մասը նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ, իսկ մյուս մասը` 3-րդ մասով, ինչը բացառում է նրա կատարած արարքների որակումը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս Կ. Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՔՐԴ/0063/01/08 որոշման 5-րդ և 38-րդ կետերը): Մինչդեռ սույն գործով Գ. Ոսկանյանը մեկ արարքով է ձեռք բերել տարբեր տեսակի ու չափերի թմրանյութեր:
ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված որոշման փաստական հանգամանքներն էապես տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից:
24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Գարսևան Ասատուրի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան