ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԿԴ1/0007/06/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԿԴ1/0007/06/12
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան Ռ. Բեջանյանի
2012 թվականի դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նոյ Յուրիի Մուսայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2012 թվականի հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20101012 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Նոյ Յուրիի Մուսայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ն. Մուսայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
Նույն դատարանի 2012 թվականի ապրիլի 2-ի և հունիսի 2-ի որոշումներով մեղադրյալ Ն. Մուսայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է երկուական ամսով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ն. Մուսայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով:
3. Մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 31-ի որոշումը:
4. Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության դռնփակ դատական նիստում 2012 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 12-ին (տե՛ս նյութեր, թերթ 91):
6. Ըստ նյութերի` Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցագրերը դատավարության մասնակիցներին, այդ թվում` պաշտպան Ռ. Բեջանյանին ուղարկվել են 2012 թվականի օգոստոսի 15-ին (տե՛ս նյութեր, թերթեր 92-97):
7. 2012 թվականի օգոստոսի 16-ին պաշտպան Ռ. Բեջանյանը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով բողոքի քննությունը հետաձգել և նշանակել մեկ այլ օր (տե՛ս նյութեր, թերթ 99):
8. Ըստ Վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրության` «Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի գրավոր միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց և վերանշանակեց 2012 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14.00-ին» (տե՛ս նյութեր, թերթ 105):
9. 2012 թվականի օգոստոսի 21-ին կայանալիք նիստի մասին Ն. Մուսայելյանին և նրա պաշտպան Ռ. Բեջանյանին ծանուցելու մասին ապացույցներ գործի նյութերում չկան:
10. Վերաքննիչ դատարանում 2012 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած դատական նիստին մեղադրյալ Ն. Մուսայելյանը և նրա պաշտպան Ռ. Բեջանյանը չեն մասնակցել (տե՛ս դատական նիստի արձանագրության համառոտագրում, նյութեր, թերթ 107):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Ն.Մուսայելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում չի ներկայացվել վերջինիս կողմից հանցանքի կատարումը հիմնավորող որևէ ապացույց, ինչի արդյունքում վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է առանց ողջամիտ կասկածի առկայության:
12. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ պաշտպանության կողմը պատշաճ կերպով ծանուցված չի եղել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանում Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումն անց է կացվել առանց իրենց մասնակցության:
13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 31-ի, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի որոշումները և Նոյ Մուսայելյանին ազատ արձակել կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
14. Սույն գործով բողոքաբերն ըստ էության երկու հարց է բարձրացրել, որոնցից առաջինը վերաբերում է Ն. Մուսայելյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմնավորվածությանն ու օրինականությանը, երկրորդը` Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին մեղադրյալին և նրա պաշտպանին չծանուցելուն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հարցերից առաջինին հնարավոր է անդրադառնալ միայն երկրորդ հարցին պատասխանելուց հետո, ուստի Վճռաբեկ դատարանը քննության է առնում սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված երկրորդ հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովե՞լ է արդյոք անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ պաշտպանին չի ծանուցել սույն գործով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` «Պաշտպանը (...) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը, (...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննարկման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննարկմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:
(...)
3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:
(...)»:
Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են»:
Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարևոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը պարտավոր է բողոքը քննելու օրվա և ժամի մասին նախապես իրազեկել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերին:
17. Ա. Ղարիբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորման կիրառման, կալանքի ժամկետի երկարացման հարցերի քննարկման, ինչպես նաև վերաքննության կարգով դրանց օրինականության դատական ստուգման ընթացքում դատարանը համապատասխան որոշում է կայացնում քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունների, փաստերի կամ ապացույցների հետազոտման արդյունքում (...):
(...) նշված հարցերի քննարկման ընթացքում դատական քննությունը զրկված է միայն գործի հրապարակային քննության երաշխիքից: Այս պայմաններում (...) արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից առավել կարևոր է դառնում կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների ապահովումը դատարանի կողմից:
Հետևաբար, (...) ինչպես առաջին ատյանի դատարանը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով դատարանները, ի թիվս այլ գործողությունների, պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին ծանուցելու և վերջիններիս` դատական քննությանը մասնակցելու իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար:
(...) այն դեպքում, երբ մեղադրյալն ապահովված չէ պաշտպանով, ստորադաս դատարանները պետք է միջոցներ ձեռնարկեն դատական քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար` վերջինիս տրամադրելով ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր շահերն այնպիսի պայմաններում, որոնք նրա համար չեն ստեղծում անբարենպաստ վիճակ` ի համեմատ մրցակից կողմի: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը պայմանավորված է պաշտպանությունն անձամբ իրականացնող մեղադրյալի համար մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների իրավաչափ կենսագործման անհրաժեշտությամբ. եթե նշված դեպքերում մեղադրյալի մասնակցությունը չապահովվի, ապա այդ սկզբունքներն անհամաչափ կձևականացվեն և կառարկայազրկվեն» (տե՛ս Ամալյա Սերժիկի Ղարիբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշման 23-25-րդ կետերը):
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ն. Մուսայելյանի պաշտպան Ռ. Բեջանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննության է նշանակվել 2012 թվականի օգոստոսի 17-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Պաշտպան Ռ. Բեջանյանը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով բողոքի քննությունը հետաձգել և նշանակել մեկ այլ օր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Պաշտպանի դիմումի հիման վրա` դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2012 թվականի օգոստոսի 21-ին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
2012 թվականի օգոստոսի 21-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին մեղադրյալը և նրա պաշտպանը չեն ծանուցվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
Վերաքննիչ դատարանում 2012 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած դատական նիստին, որի արդյունքում պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, մեղադրյալ Ն. Մուսայելյանը և նրա պաշտպան Ռ. Բեջանյանը չեն մասնակցել (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):
19. Սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում և համապատասխանաբար նաև Ա. Ղարիբյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանին պատշաճ կերպով չի ծանուցել սույն գործով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ինչի արդյունքում խախտվել է անձի արդար դատական քննության իրավունքը:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում:
21. Ինչ վերաբերում է բողոքաբերի բարձրացրած առաջին հարցին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 19-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Նոյ Յուրիի Մուսայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան