ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3494/02/09
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3494/02/09
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Լուլիար» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ «Լուլիար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գործարքներն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության հետ 08.07.2009 թվականին, 28.07.2009 թվականին ու 16.09.2009 թվականին ստորագրված հարգորոշիչ հետազոտման աշխատանքների հանձնման-ընդունման գործարքները և Կազմակերպությունից բռնագանձել 24.039.978 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 10.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, 39-րդ հոդվածի 2-րդ կետը, 52-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, 227-րդ հոդվածի 2-րդ կետը, 228-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում մատնանշված իրավական և փաստական հիմքերին, դրանց հիմնավորվածության վերլուծությանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները, փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժումը դիտարկել է այլ տեսանկյունից:
Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգումներ է կատարել հատուկ գիտելիքներ պահանջող այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց մասին եզրակացություն կարելի էր ակնկալել միայն փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման արդյունքում` մասնագիտացված փորձագիտական հաստատության աշխատողի կամ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետի կողմից այն դեպքում, երբ նման եզրահանգման համար գործում բացակայում է որևէ ապացույց, ավելին` նման փաստարկում չկա ոչ Դատարանի վճռում, ոչ էլ բողոքի դեմ ներկայացված պատասխանում, և ոչ էլ նման հարցը քննարկման առարկա է դարձել:
Քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքում մատնանշված իրավական և փաստական հիմքերն ու դրանց հիմնավորումները` բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այնպիսի հանգամանքների ապացուցողական նշանակությանը, որոնց գոյությունը կամ տվյալ քաղաքացիական գործի ելքի համար նշանակություն ունենալու հանգամանքը չի վիճարկվել առաջին ատյանի դատարանում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժել է էապես այլ հիմքերով, մերժման հիմքում չի դրել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված` փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նմուշների առկայության կամ բացակայության հարցը, քանի որ հիշյալ հարցի վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած պարզաբանումների արդյունքում առարկություն չի եղել փորձաքննության համար անհրաժեշտ փորձանմուշների առկայության և դրանց հասանելիության վերաբերյալ:
Քննարկելով փորձաքննություն նշանակելու մասին Ընկերության միջնորդության մերժման հարցը` Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «Դատարանին վերագրված խախտումների առկայությունը պայմանականորեն հաստատված համարելու պարագայում անգամ դրանցից ոչ մեկը չի կարող հիմք ծառայել վճռի բեկանման համար, որպիսի եզրակացությունը վերացնում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ բողոքում բերված փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կազմակերպության և Ընկերության միջև 04.03.2009 թվականին կնքվել է թիվ 090304 ՀԼ պայմանագիրը, որի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք` «ներկայացված նմուշների նախապատրաստում և մետաղների պարունակության որոշման անալիզներ», և դրա արդյունքը պայմանագրով սահմանված ժամկետում հանձնել Ընկերությանը, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար (հատոր 1, գ. թ. 10).
2) նշված պայմանագրի 3.1. կետի համաձայն` աշխատանքի ընդունումն իրականացվում է Կազմակերպության կողմից Ընկերությանը ներկայացված ակտի, հաշիվ-ապրանքագրի և ուղեկցող փաստաթղթերի հիման վրա (հատոր 1, գ. թ. 10).
3) Ընկերության կողմից Կազմակերպությունից ընդունված աշխատանքների արժեքը կազմել է 45.214.808 ՀՀ դրամ, որից 24.039.978 ՀՀ դրամն Ընկերությունը Կազմակերպությանը վճարել է.
4) Ընկերության և Կազմակերպության միջև աշխատանքի թերությունների հետ կապված վեճ է առաջացել, որի հետևանքով Ընկերությունը 28.12.2009 թվականին ընդդեմ Կազմակերպության հայց է ներկայացրել Դատարան` դրա հիմքում դնելով Կազմակերպության կողմից աշխատանքները թերություններով կատարված լինելու հանգամանքը.
5) դատաքննության նախապատրաստական փուլում Ընկերությունը միջնորդել է նշանակել փորձաքննություն` Կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքների համապատասխանությունն իրականությանը, նմուշներում նյութերի պարունակությունը ստուգելու նպատակով: Նշված միջնորդությունը Դատարանը մերժել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս` Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի` առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումը հաստատել է նաև այլ գործերով` հիմք ընդունելով, որ փորձաքննության նշանակման միջնորդության բավարարումը կամ մերժումը դատարանը լուծում է` ելնելով նաև արդարադատության արդյունավետության շահերի ապահովման սկզբունքից` հատկապես, եթե այդ դեպքերը կապված են տրամադրման ենթակա փաստաթղթերի բացակայության հետ (տե՛ս` «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ն ընդդեմ Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի` վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-459 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Դատարանը, սույն գործով մերժել է փորձաքննություն նշանակելու մասին Ընկերության միջնորդությունը, իսկ 10.03.2010 թվականին հայցը մերժելու մասին վճիռ կայացնելիս դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը Դատարան չի ներկայացրել իր վկայակոչած փաստերը հաստատող ապացույցներ:
Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ «անհրաժեշտ է պարզել պատասխանողի կատարած աշխատանքների որակը որևէ տեսակի փորձաքննությամբ պարզելու հնարավորության հարցն ընդհանրապես», «Վերը շարադրված առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հայցվորի կողմից պատասխանողին տրամադրված նմուշները կատարված աշխատանքների` նմուշների նախապատրաստման և դրանցում մետաղների պարունակության որոշման անալիզների ընթացքում անհրաժեշտաբար ենթարկվել են ֆիզիկա-քիմիական այնպիսի ազդեցությունների և փոփոխությունների, որոնց արդյունքում նմուշներից յուրաքանչյուրը դադարել է իր սկզբնական տեսքով և բաղադրությամբ գոյություն ունենալուց», «նմուշների ստուգողական մասերի բացակայությունն ինքնին բացառել է ստուգողական անալիզների իրականացման, հետևաբար` նաև պատասխանողի կատարած աշխատանքների որակը փորձաքննությամբ պարզելու օբյեկտիվ հնարավորությունը, ինչը նշանակում է, որ փորձաքննություն նշանակելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդության մերժումը, անկախ այդ մերժման պատճառաբանություններից, չի ազդել և չէր էլ կարող ազդել գործի ելքի վրա: Հետևաբար, փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժման առնչությամբ Դատարանին վերագրված խախտումների առկայությունը պայմանականորեն հաստատված համարելու պարագայում անգամ դրանցից ոչ մեկը չի կարող հիմք ծառայել վճռի բեկանման համար, որպիսի եզրակացությունը վերացնում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ բողոքում բերված փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը լուծելու ժամանակ Դատարանը պետք է հաշվի առներ հետևյալ հանգամանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն:
i
Վերը նշված հոդվածների վերլուծությունից նաև հետևում է, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանը կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու հարցը որոշելիս պետք է հաշվի առնի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը, քանի որ օրենսդիրը նմանատիպ դեպքերում հստակ սահմանում է այն գործողությունները, ինչպես նաև ապացույցի այն տեսակը, որով վեճի դեպքում պետք է հաստատվի տվյալ փաստը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար օրենքը նախատեսում է կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու պահանջ, որը դատարանը պարտավոր էր ապահովել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցերը հնարավոր է պարզել նույն փորձաքննության շրջանակներում, իսկ մինչ փորձաքննություն նշանակելը Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ գիտելիքներ պահանջող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան