Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ԵՎ 9 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/2600/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/2600/05/08                              2009 թ.

Դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճռի դեմ` ըստ «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Տեսչության գործողություններն ապօրինի ճանաչելու և հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամ պարտավորությունը, Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ապօրինի ճանաչել հաստատագրված վճարների գծով 21.08.2007 թվականից մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտավորությունների հաշվարկման Տեսչության գործողությունները, վերացնել հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամի պարտավորությունը և Հանձնաժողովի թիվ 7/2 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է` վճռվել է Տեսչության գործողությունները, կապված հաստատագրված վճարների գծով հաշվարկված պարտավորությունների հետ` սկսած 21.08.2007 թվականից մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ճանաչել ապօրինի, վերացնել Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշումը և Տեսչության կողմից հաշվարկված 6.899.280 ՀՀ դրամի Ընկերության պարտավորությունը` որպես վիճարկվող գործողության հետևանք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի դրույթները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 77-րդ հոդվածների դրույթները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից 20.09.2007 թվականին ներկայացված հայտարարությունը չէր կարող դիտվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով նախատեսված ելակետային տվյալների նոր հայտարարություն, քանի որ հայտարարությունը ներկայացնելու գրությունում այդ մասին հստակ նշում առկա չէր, իսկ հայտարարությունում նշված էր «ավտոկանգառ» բառը, ինչը հիմք է տվել Տեսչությանը հետևություն անելու, որ այդ հայտարարությունը վերաբերում է նախկինում ներկայացված երկու ավտոկանգառներից մեկին: Տեսչությունը չէր կարող կռահել, որ հայտարարությունում նշված «ավտոկանգառ» բառի տակ պետք է հասկանալ նախկին երկու ավտոկանգառների փոխարեն ներկայացված մեկ ընդհանուր տարածքը, քանի որ այդ միտքը չի հասկացվում ինչպես նոր հայտարարությունը Տեսչություն ներկայացնելու մասին 20.09.2007 թ. թիվ 15-ի գրության բովանդակությունից, այնպես էլ բուն հայտարարությունից:

Ընկերության 20.09.2007 թվականի հայտարարությամբ ներկայացված ելակետային տվյալների մեծությունը ցածր է եղել Տեսչության ստուգման արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների փաստացի մեծությունից, որը հաշվի առնելով` Տեսչությունն Ընկերության ներկայացրած հաստատագրված վճարի մեծությունը համարել է չհիմնավորված և հիմք է ընդունել ստուգմամբ արձանագրված ելակետային տվյալները:

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Տեսչությունը պարտավոր էր հավաստի համարել Ընկերության ներկայացրած հայտարարությունը կամ ապացուցել հակառակը, հիմնավոր չէ, քանի որ Տեսչությունն ապացուցել է Ընկերության ներկայացրած տվյալների հավաստի չլինելը` հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.11.2008 թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման համար առկա է ինչպես հարկվող օբյեկտը, այնպես էլ հարկման բազան, հետևաբար հաստատագրված վճարի ամսական չափը պետք է հաշվարկվեր ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի հնգապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Տեսչություն ներկայացված 20.09.2007 թվականի հայտարարությանը կից գրություն գրելու պարտավորություն Ընկերությունը չի ունեցել, հետևաբար Տեսչությունն իրավունք չի ունեցել պարզաբանող կից գրություն մուտք չլինելու պատճառաբանությամբ հայտարարությունը հիմք չընդունել:

Հարկային մարմինը պարտավոր էր բոլոր դեպքերում Ընկերության ներկայացրած տվյալները հավաստի համարել կամ ապացուցել հակառակը և հաստատագրված վճարների չափը պետք է որոշեր ըստ 20.09.2007 թվականի հայտարարության, այլ ոչ թե հաշվարկեր «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 10.08.2007 թվականի թիվ 2323130 հանձնարարագրի հիման վրա` Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով փաստացի չափագրումների հիման վրա արձանագրվել է, որ Ընկերությունն ունի երկու ավտոկանգառ` առաջինը` 312 քմ մակերեսով, երկրորդը` 1938 քմ մակերեսով (գ.թ. 24-26):

2) 20.09.2007 թվականի թիվ 15 գրությամբ Ընկերությունը Տեսչություն է ներկայացրել «Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված ելակետային տվյալների փոփոխության հայտարարություն` 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար, ըստ որի` Ընկերության ունեցած ավտոկանգառի մակերեսը նշվել է 620 քմ (գ.թ. 28, 30):

3) Տեսչության կողմից կատարվել է բյուջեի հանդեպ Ընկերության հարկային պարտավորությունների մնացորդների ճշտության փոխադարձ ստուգում և 01.01.2008 թվականի դրությամբ կազմվել փոխադարձ հաշվարկների տեղեկանք, իսկ մինչև 28.02.2008 թվականն ընկած ժամանակաշրջանը 620 քմ և 1938 քմ մակերեսներով ավտոկանգառների համար հաշվարկվել է 6.899.280 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն (գ.թ. 33):

4) 28.02.2008 թվականի թիվ 16 գրության համաձայն` Ընկերությունը Տեսչությանը խնդրել է նույն օրվանից դադարեցնել հաստատագրված վճարների մասով պարտավորությունների հաշվարկումը թիվ 1 և թիվ 2 ավտոկանգառների համար, որոնց վերաբերյալ 2007 թվականի սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ներկայացվել է ելակետային տվյալների մեկ միասնական հայտարարություն (գ.թ. 35):

5) Հանձնաժողովի 14.03.2008 թվականի թիվ 7/2 որոշմամբ Տեսչության գործողությունները գանգատարկելու մասին Ընկերության բողոքը մերժվել է (գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

Նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծությունը չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով փաստացի չափագրումների հիման վրա արձանագրվել է Ընկերության երկու ավտոկանգառ ունենալու փաստը` առաջինը 312 քմ մակերեսով, երկրորդը` 1938 քմ մակերեսով, և հաշվարկվել լրացուցիչ հարկային պարտավորություն` որպես հաստատագրված վճարի համար վճարման ենթակա գումար: Ընկերության 20.09.2007 թվականի թիվ 15 գրությամբ Տեսչություն է ներկայացվել 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» ելակետային տվյալների փոփոխության հայտարարություն, ըստ որի` Ընկերության ունեցած ավտոկանգառի մակերեսը նշվել է 620 քմ: Ընկերությունը չի նշել, որ ավտոկանգառի փոփոխված 620 քմ մակերեսը վերաբերում է նախկինում ներկայացված երկու ավտոկանգառներին: Մասնավորապես, հայտարարությունում նշված «ավտոկանգառ» բառը Տեսչությանը հիմք է տվել հետևություն անելու, որ այդ հայտարարությունը վերաբերում է նախկին երկու ավտոկանգառներից մեկին: Ավելին, Տեսչությունում մուտքագրված ելակետային տվյալների հայտարարությանը կից գրությունում նշվել է, որ հայտարարությունը ներկայացվում է «Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված, հետևաբար Տեսչությունը հիմք է ունեցել հետևություն անելու այն մասին, որ տոնավաճառի մյուս տարածքներից բացի ավտոկանգառների տարածքը ևս նախկինում կատարված ստուգմամբ արձանագրված չափերի համեմատ ընդլայնվել է: Այսինքն` հայտարարությունում նշված 620 քմ մակերեսը վերաբերում է 312 քմ մակերեսով ավտոկանգառի ընդլայնմանը, իսկ 1938 քմ մակերեսով թիվ 2 ավտոկանգառի վերաբերյալ փոփոխված հայտարարություն չի ներկայացվել:

Ընկերությունը միայն 28.02.2008 թվականի գրությամբ է Տեսչությանը խնդրել դադարեցնել թիվ 1 և թիվ 2 ավտոկանգառների համար հաստատագրված վճարի մասով պարտավորությունների հաշվարկումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» 20.09.2007 թվականին ելակետային տվյալների հայտարարություն է ներկայացրել միայն մեկ` 620 քմ մակերես ունեցող ավտոկանգառի վերաբերյալ, մինչդեռ Տեսչության պետի 21.08.2007 թվականի թիվ 2323130 ակտով արձանագրվել է Ընկերության երկու ավտոկանգառ` առաջինը` 312 քմ մակերեսով, երկրորդը` 1938 քմ մակերեսով ունենալու փաստը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը ««Հրազդան» տոնավաճառի տարածքի ընդլայնման հետ կապված» 20.09.2007 թվականի ելակետային տվյալների հայտարարությամբ ըստ էության ներկայացրել է Տեսչության կողմից իրականացված ստուգման արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից ցածր մեծություն, որը հաստատվել է Տեսչության 01.01.2008 թվականի դրությամբ կազմված փոխադարձ հաշվարկների տեղեկանքով:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի ուժով բացակայել է հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից ցածր լինելու փաստը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՎԴ/2600/05/08
Որոշում