Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Սյունիքի մարզի առաջին               Քաղաքացիական գործ թիվ 3-215 (Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                        2007 թ.

քաղաքացիական գործ թիվ 2-2-250/2006 թ.

նախագահող դատավոր` Ի. ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Միրզոյանի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանի վճռաբեկ բողոքն ըստ դիմումի Սաշա Պարոնյանի` ըստ օրենքի ժառանգության ընդունման փաստը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

 

13.02.2006 թվականին դիմելով առաջին ատյանի դատարան` Սաշա Պարոնյանը պահանջել է հաստատել իր կողմից Սյունիքի մարզի Քարաշենի համայնքում գտնվող և Ժենյա Միրզոյանի անվամբ գրանցված սեփական բնակելի տան և տնամերձի, սեփականաշնորհված հողատարածքների` պտղատու այգու, խոտհարքի, վարելահողերի, բանկային ավանդների` իրեն հասանելիք ժառանգությունն ընդունելու փաստը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժորա Միրզոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Ժորա Միրզոյանի կողմից Ժենյա Միրզոյանին պատկանող անշարժ գույքի և ավանդների իր բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու պայմաններում, Սաշա Պարոնյանին Ժենյա Միրզոյանի գույքի նկատմամբ ժառանգ ճանաչելու վերաբերյալ վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Ժորա Միրզոյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչը վերը նշված հոդվածի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների կանոնները.

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը Սաշա Պարոնյանի և Ժենյա Միրզոյանի ազգակցական կապը հաստատող որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում` հաստատել է Սաշա Պարոնյանի կողմից Ժենյա Միրզոյանին պատկանող անշարժ գույքի և բանկային ավանդների 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգության ընդունման իրավաբանական փաստը` վճռի հիմքում դնելով այն, որ Սաշա Պարոնյանը հանդիսանում է Ժենյա Միրզոյանի եղբայրը` հետևաբար նրա ժառանգը:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը.

Բողոք բերող անձը նշված պնդումը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել:

Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքին պատասխան ներկայացրած անձի կարծիքով վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.06.2006 թվականի վճռով հաստատվել է Ժորա Միրզոյանի կողմից Ժենյա Միրզոյանի ժառանգության` միայն իր մասն ընդունելու իրավաբանական փաստը: Իսկ բողոքարկվող վճռով հաստատվել է ժառանգական գույքի մյուս 1/2 մասը Սաշա Պարոնյանի կողմից ընդունելու փաստը: Հետևաբար, անհիմն են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 52-րդ հոդվածների խախտման վերաբերյալ պատճառաբանությունները:

2) Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.02.2007 թվականի վճռով հաստատվել է Ժենյա Միրզոյանի և Սաշա Պարոնյանի քույր և եղբայր հանդիսանալու իրավաբանական փաստը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սույն քաղաքացիական գործը քննվել է հատուկ վարույթի կարգով: Գործի քննությանը Ժորա Միրզոյանը, մասնակից չի դարձվել:

2) Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.06.2005 թվականի վճռով հարգելի է համարվել Սյունիքի մարզի Քարաշենի համայնքում սեփականության իրավունքով Ժենյա Արմենակի Միրզոյանին պատկանող գույքի նկատմամբ` Ժորա Միրզոյանի կողմից ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը և ժառանգությունը նրա մասով ճանաչվել է ընդունված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Սույն գործի փաստերի համաձայն` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.06.2005 թվականի վճռով հարգելի է համարվել Սյունիքի մարզի Քարաշենի համայնքում սեփականության իրավունքով Ժենյա Միրզոյանին պատկանող գույքի նկատմամբ` Ժորա Միրզոյանի կողմից ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը, և ժառանգությունը նրա մասով ճանաչվել է ընդունված: Նշված վճռով հաստատված Ժորա Մինասյանի կողմից ընդունված ժառանգության կոնկրետ չափը որոշված չէ:

Սույն գործով դիմումատուն խնդրել է իրեն ճանաչել Ժենյա Մինասյանի ժառանգության 1/2 մասն ընդունած ժառանգ, այսինքն ի դեմս Սաշա Պարոնյանի, ի հայտ է եկել այլ ժառանգ, որը հավակնում է ժառանգական զանգվածի կոնկրետ` 1/2 մասին: Հետևաբար, դատարանը սույն գործը քննելով հատուկ վարույթի կանոններով և վճիռ կայացնելով Սաշա Պարոնյանի կողմից ժառանգությունն ընդունելու իրավաբանական փաստն հաստատելու մասին` վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձված Ժորա Միրզոյանի իրավունքների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում դատարանը Սաշա Պարոնյանի և Ժենյա Միրզոյանի ազգակցական կապը հաստատող որևէ ապացույց քաղաքացիական գործում չունենալով, հաստատել է Սաշա Պարոնյանի կողմից Ժենյա Միրզոյանին պատկանող անշարժ գույքի և ավանդների 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգության ընդունման փաստը, նրանց դիտելով ազգականներ:

Տվյալ դեպքում, Ժենյա Միրզոյանի գույքի նկատմամբ ժառանգության ընդունման փաստը հաստատելու պահանջի մասին Սաշա Պարոնյանի դիմումը քննելիս, Ժորա Միրզոյանը պետք է մասնակից լիներ դատաքննությանը, քանի որ վերջինս հանդիսանում է ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված հարցի լուծումը ուղղակիորեն առնչվում է Ժորա Միրզոյանի իրավունքներին և պարտականություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը հայցը կամ դրա մի մասը թողնում է առանց քննության, եթե հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ բացակայում է նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է տվյալ գործի հանգամանքներից ելնելով պարզել, թե արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձանց իրավունքների ծավալի վրա: Եթե հատուկ վարույթի կարգով հաստատվող փաստը առնչվում է այլ անձանց քաղաքացիաիրավական իրավունքներին կամ պարտականություններին (թեկուզ առերևույթ), ապա նշանակում է առկա է իրավունքի մասին վեճ: Այսինքն, իրավունքի մասին վեճի առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար պարտադիր չէ անձանց միջև տվյալ պահին իրական իրավական վեճի առկայությունը կամ բացակայությունը, այլ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «իրավունքի մասին վեճի ծագում» արտահայտությունը իր մեջ ներառում է նաև իրավունքի մասին վեճի ծագման իրական հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը միշտ առկա է այն դեպքերում, երբ հաստատվող իրավաբանական փաստը առնչում է այլ անձանց իրավունքներին և պարտականություններին և կարող է ազդել դրանց ծավալի չափի կամ դրանց իրականացման հնարավորության վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ է ծագել իրավունքի մասին, քանի որ քաղաքացիական գործի փաստերի համաձայն` դատարանի 15.06.2005 թվականի վճռով Ժորա Միրզոյանը ճանաչվել էր ժառանգությունն մասով ընդունած ժառանգ: Նշված վճռով Ժորա Մինասյանի կողմից ընդունված ժառանգության կոնկրետ չափը որոշված չէ:

Սույն գործով դիմումատուն խնդրել է իրեն ճանաչել Ժենյա Մինասյանի ժառանգության 1/2 մասն ընդունած ժառանգ, այսինքն ի դեմս Սաշա Պարոնյանի, ի հայտ է եկել այլ ժառանգ, որը հավակնում է ժառանգական զանգվածի կոնկրետ` 1/2 մասին:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանելով դատական ակտը և գործով ներկայացված դիմումը թողնելով առանց քննության:

Վճռաբեկ դատարանը դիմումը առանց քննության թողնելու պայմաններում, սույն բողոքի երրորդ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի սխալ մեկնաբանման վերաբերյալ հիմքին անդրադառնալը նպատակահարմար չի համարում:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի առաջին և երկրորդ հիմքերը հիմնավոր են, իսկ դրանց առկայությունը բավարար հիմք է հանդիսանում բողոքը մասնակի բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-215(Ա)
Որոշում