Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ, 395...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ, 395-ՐԴ, 396-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1914/02/09

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1914/02/08

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավորներ` Ա. Խառատյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիլիթ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2008 թվականի որոշման դեմ` ըստ Լիլիթ Սարգսյանի հայցի ընդդեմ Լևոն Թոքմաջյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու, և ըստ Լևոն Թոքմաջյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լիլիթ Սարգսյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

 

Դիմելով դատարան` Լիլիթ Սարգսյանը պահանջել է վավեր ճանաչել Երևանի Ավան 4-րդ փողոց 4-րդ նրբանցքի թիվ 17 տան մասի առուվաճառքի պայմանագիրը:

Հակընդդեմ հայցով Լևոն Թոքմաջյանը պահանջել է կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքները` հարկադրելով կողմերին վերադարձնել պայմանագրով ստացածը:

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.08.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Թոքմաջյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ, 396-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Լիլիթ Սարգսյանի և Լևոն Թոքմաջյանի միջև 23.12.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախավճարի պայմանագիր, որի համաձայն` անշարժ գույքի արժեքը կազմել է 30.000 ԱՄՆ դոլար: Գույքի արժեքի մի մասը` 5.000 ԱՄՆ դոլարը, Լևոն Թոքմաջյանին վճարվել է պայմանագրի կնքման օրը, իսկ մնացած 25.000 ԱՄՆ դոլարը պայմանագրով սահմանված ժամկետում փոխանցվել է Լևոն Թոքմաջյանի անձնական հաշվին: Այսինքն, Լիլիթ Սարգսյանը կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքի կապակցությամբ իր կողմից ստանձնված պարտավորությունները, իսկ Լևոն Թոքմաջյանը, ստանալով գույքի արժեքն ամբողջությամբ, հրաժարվել է գործարքի նոտարական վավերացումից: Վերաքննիչ դատարանը, պատշաճ գնահատման առարկա չդարձնելով նշված հանգամանքները, եկել է այն եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի հիմքով գործարքը չի կարող վավեր ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

 

Կողմերի միջև կնքված «Նախավճարի պայմանագիր» վերնագրված պայմանագիրն իրենից ներկայացնում է խառը պայմանագիր, քանի որ իր մեջ ներառում է նաև անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի տարրեր, հետևաբար, այն նույնպես պետք է կնքվեր նոտարական վավերացմամբ, որը սակայն չի արվել: Նշվածից հետևում է, որ պայմանագիրն առոչինչ է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 23.12.2007 թվականին գրավոր ձևով կնքված նախավճարի պայմանագրի համաձայն` Լևոն Թոքմաջյանը պարտավորվել է վաճառել, իսկ Լիլիթ Սարգսյանը պարտավորվել է 30.000 ԱՄՆ դոլարով գնել Լևոն Թոքմաջյանի սեփականության ներքո գտնվող Երևանի Ավան 4-րդ փողոց 4-րդ նրբանցքի թիվ 17 տան մասը:

2. Պայմանագրի հիման վրա 23.12.2007 թվականին Լևոն Թոքմաջյանին տրվել է 5.000 ԱՄՆ դոլար:

3. 28.02.2008 թվականին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում Լևոն Թոքմաջյանի ունեցած անձնական հաշվին փոխանցվել է 25.000 ԱՄՆ դոլար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետևանքով (հոդված 432) պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը նախավճարի պայմանագիր է, հետևաբար, պայմանագրի չկատարման հետևանքը նախավճարի վերադարձն է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով գործարքը վավեր ճանաչելու մասին պահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Լևոն Թոքմաջյանի և Լիլիթ Սարգսյանի միջև 23.12.2007 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված նախավճարի պայմանագիրը, ինչպես նաև 28.02.2008 թվականի թիվ 8022800335375 վճարման անդորրագիրը, որով Լևոն Թոքմաջյանին փոխանցվել է անշարժ գույքի արժեքի մնացած մասը` 25.000 ԱՄՆ դոլարը:

Մասնավորապես` վերոնշյալ պայմանագիրը վկայում է կողմերի միջև տան առուվաճառքի վերաբերյալ գործարքի առկայության, պայմանագրի կնքման պահին գործարքը մասամբ կատարված լինելու` որոշակի գումար վճարված լինելու մասին, իսկ վճարման անդորրագիրը վկայում է գնորդի կողմից գործարքն ամբողջությամբ կատարված լինելու մասին: Մինչդեռ, հետագայում Լևոն Թոքմաջյանը գործարքը կատարած լինելու պայմաններում խուսափել է առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիլիթ Սարգսյանի կողմից ամբողջությամբ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ Լևոն Թոքմաջյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից: Հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից պայմանագիրը վավեր ճանաչելու հայցապահանջի մերժման հիմքում դրված այն հանգամանքին, որ կողմերի միջև կնքվել է միայն նախավճարի պայմանագիր, անհիմն է, քանի որ Լիլիթ Սարգսյանը ոչ միայն կատարել է նախավճարի պարտավորությունը` վճարելով 5.000 ԱՄՆ դոլար, այլ հետագայում ամբողջությամբ կատարել է Լևոն Թոքմաջյանի հետ կնքված նոտարական վավերացում պահանջող գործարքը` վճարելով պայմանագրի առարկա տան մասի համար նախատեսված ամբողջ գումարը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2008 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ԵԱՆԴ/1914/02/09
Որոշում