Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅ ...

 

 

040.1673.221203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1673-Ն

 

i

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1673-Ն որոշման

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

ա) 2003 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2172-Ն որոշմամբ հաստատված` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագիրը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակները և խնդիրներն են`

ա) փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը.

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը.

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը.

դ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը.

ե) ՓՄՁ-ի սուբյեկտների որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրմանն աջակցությունը.

զ) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2004 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների

ստեղծում և ամրապնդում

1.1. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային

կենտրոն» հիմնադրամի գործունեության ընդլայնում, դրա մարզային 3

մասնաճյուղերի ստեղծում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու

և Կոտայքի մարզերում

 

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրներից է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ գործում հատկապես կարևորվում է ձեռնարկատիրական գործունեության, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացումը տարածաշրջաններում:

Այդ նպատակով փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) 3 մասնաճյուղ` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, որոնք համակարգում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը` վերոհիշյալ մարզերում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության որոշակի ճյուղերի զարգացման համար առկա պայմանները` ծրագրով նախատեսվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 3 մասնաճյուղ ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում, ինչը պայմանավորված է այնտեղ ՓՄՁ-ին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ ներուժի առկայությամբ:

Այդ մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային ու համայնքային ծրագրերի իրականացմանը` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և առկա ներուժը:

 

1.2. Բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի մշակում

 

i

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ձեռնարկատիրության, մասնավորապես, ՓՄՁ-ի պետական աջակցության առավել արդյունավետ և հեռանկարային ուղղություններից է բիզնես ինկուբատորների ստեղծումը` հատկապես տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններում:

Բիզնես ինկուբատորները նոր ստեղծվող և զարգացող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրում են տարածք և կենտրոնացված գործարար ծառայություններ, շուկայական ենթակառուցվածքներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ և տեխնիկական այլ աջակցություն:

Բիզնես ինկուբատորներում ընդգրկված ՓՄՁ-ի սուբյեկտների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ և միացյալ ուժերով գործելու հնարավորություն, ինչն զգալիորեն հեշտացնում է դրանց կայացումն ու հետագա արդյունավետ գործունեությունը:

Գործարար աջակցության նման մեխանիզմի կիրառմանը կարող են օժանդակել տեղական ինքնակառավարման մարմինները` բիզնես ինկուբատորի ստեղծման համար տրամադրելով չօգտագործվող տարածքները` դրանով իսկ նպաստելով մարզային և համայնքային ՓՄՁ-ի սուբյեկտների միջև կոոպերացիայի զարգացմանը:

Ծրագրով նախատեսվում է 2004 թվականի ընթացքում իրականացնել բիզնես ինկուբատորի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ` մշակել բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագիրը:

(1.2-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1679-Ն որոշում)

 

1.3. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից

տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության նպատակով տեխնոպարկի ստեղծում

Երևան քաղաքի տարածքում

 

ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական և նորարարական աջակցության ձևերից է տեխնոպարկը: Այն գիտական կենտրոնի շուրջ համախմբված նորաստեղծ կազմակերպությունների համախումբ է, որն առաջարկում է ժամանակակից բարձրորակ խորհրդատվություն և տեղեկատվություն` ուղղված դրանց տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի կատարելագործմանը, ինչպես նաև տրամադրում է իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ:

Տեխնոպարկերն ավելի հարմար են արդյունաբերական կամ բարձր տեխնոլոգիական ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որտեղ արտադրանքի կամ արտադրական պրոցեսների կատարելագործման համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների և գիտական նոր մշակումների կիրառումը: Սա փոխշահավետ է ինչպես գիտնականների, այնպես էլ ձեռնարկատերերի համար` փորձի և հմտությունների փոխանակման առումով, երբ գիտական ծրագրերը կարող են ներդրվել գործարարության մեջ, իսկ ձեռնարկատերերը կարող են օգտվել գիտական մշակումներից:

Այս մոդելն արդյունավետ կարող է գործել արդյունաբերական և գիտական ներուժ ունեցող խոշոր քաղաքներում, մասնավորապես, Երևանում` հաշվի առնելով պարապուրդի մատնված արդյունաբերական կազմակերպությունների և հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտական բարձր մակարդակ ունեցող աշխատուժի առկայությունը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է համագործակցել տեղական գիտական և գիտակրթական հաստատությունների (կենտրոնների) հետ:

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանը, արտահանման ներուժի ընդլայնմանը:

 

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ընդլայնելով իր գործունեությունը, կշարունակի իրականացնել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման գործառույթը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրները հաղթահարելու, նրանց ֆինանսական ու ներդրումային աջակցություն ցուցաբերելու նպատակով 2004 թվականին կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրային այս միջոցառման կատարելագործման աշխատանքներում կներգրավի այս բնագավառում մեծ փորձառություն ունեցող փորձագետների:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ:

Վարկային երաշխիքների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի գրավի բացակայության պատճառով մերժվող հայտերին, արտադրության կամ ծառայությունների բնագավառում, ինչպես նաև նոր, ոչ առևտրական գործունեություն ծավալած ՓՄՁ-ի սուբյեկտներին և Երևան քաղաքի տարածքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

3. ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման միջազգային ստանդարտների (ԻՍՕ

9000 շարքի) ներդրմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում, հատկապես ՓՄՁ-ի սուբյեկտների համար, ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքի, մատուցվող ծառայությունների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, ներքին շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևոր նախապայման է որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրումը:

Տնտեսավարող սուբյեկտներում որակի կառավարման համակարգերի ներդրումն էականորեն բարելավում է դրանց կառավարման արդյունավետությունը, ավելի մատչելի է դարձնում տեղեկատվությամբ ապահովումը և, վերջապես, բարձրացնում է տնտեսավարող սուբյեկտների մրցունակությունն ու հեղինակությունը:

Ներկայումս ՓՄՁ-ի սուբյեկտները, որակի կառավարման համակարգերի ներդրման հետ կապված, տեխնիկական ու ֆինանսական աջակցության կարիք ունեն:

Ելնելով նշված նկատառումներից և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայություններից` 2004 թվականին ծրագրի շրջանակներում կցուցաբերվի աջակցություն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, ԻՍՕ 9000 շարքի որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվական աշխատանքների իրականացման համար կցուցաբերվի աջակցություն, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում ԻՍՕ 9000 շարքի որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված դասընթացներ /սեմինարներ/, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

 

4. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական

աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է: ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ է ունենալ օպերատիվ տեղեկատվություն ընդհանուր տնտեսական վիճակի (կոնյունկտուրայի), արտաքին և ներքին շուկաներում, օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի ու բարձր տեխնոլոգիաների կիրառման, պետական գնումների իրականացման ընթացքի և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների մասին:

Նման տեղեկատվությունը հիմնականում տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով, որը միշտ չէ, որ ամբողջական է, և չի բավարարում գործարարների պահանջները:

Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, գործարարությանն աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող այլ կառույցներ):

Ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ի սուբյեկտներին` ինտերնետային էջերի պատրաստման ուղղությամբ:

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար որակյալ գործարար խորհրդատվության ապահովումը: Ծրագրով նախատեսվում է շարունակել պետական աջակցությունը ՓՄՁ-ի սուբյեկտներին` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման գործում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցությունը կիրականացվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, շուկայական հետազոտությունների իրականացման, պարբերաբար կազմակերպվող բաց դռների միջոցով գործարար խորհրդատվության տրամադրման (Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում), պոտենցիալ գործընկերների հայտնաբերման, ինչպես նաև այլ ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված պահանջների:

Մաքսային բրոքերի ինստիտուտի զարգացման նպատակով մաքսային միջնորդներին (բրոքերներին) և մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին կցուցաբերվի խորհրդատվական աջակցություն մաքսային ընթացակարգային հիմնահարցերի հաղթահարման (լուծման) և ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցվող մաքսային միջնորդական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

 

5. ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

 

Որպես տեխնիկական բնույթի առաջնահերթ հիմնախնդիր կարելի է առանձնացնել գործարարների համապատասխան գիտելիքների, ֆինանսական, հաշվապահական հաշվետվությունները գրագետ կազմելու և գործարար ծրագրեր մշակելու ունակությունների պակասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը թերի տիրապետելը և այլն:

ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար հմտությունների զարգացման և մասնագիտական վերապատրաստման նպատակով կապահովվի նրանց մասնակցությունն ուսուցողական և վերապատրաստման դասընթացներին: Դրա հետ մեկտեղ` մաքսային բրոքերի ինստիտուտի զարգացման նպատակով պարբերաբար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծ մասամբ հասանելի չեն գործարար ծառայությունները` հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել նրանց մասնակցությանն այդ դասընթացներին` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ գործող հարկային և մաքսային համակարգերի, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ու գործարար ծրագրերի կազմման ուղղությամբ, ինչպես նաև` ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի և այլ բնագավառներում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան պետական ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի, մշակում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ, որը հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

4. Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից սահմանված մրցույթների անցկացման կարգով:

5. Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2004 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված

փոքր և միջին

ձեռնարկատիրությանը պետական

աջակցության 2004 թվականի

ծրագրի

 

ՑԱՆԿ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |            Միջոցառումը         |      Կատարողը         |  Կատարման   |

|ը/կ|                                |                       |  ժամկետը    |

|___|________________________________|_______________________|_____________|

|1. |«Հայաստանի փոքր և  միջին        |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ      |2004 թվականի |

|   |ձեռնարկատիրության զարգացման     |                       |ընթացքում    |

|   |ազգային կենտրոն» հիմնադրամի     |                       |             |

|   |գործունեության ընդլայնում, դրա  |                       |             |

|   |մարզային 3 մասնաճյուղերի        |                       |             |

|   |ստեղծում Հայաստանի              |                       |             |

|   |Հանրապետության Արագածոտնի, Լոռու|                       |             |

|   |և  Կոտայքի մարզերում            |                       |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|2. |Բիզնես ինկուբատորի ստեղծման     |Հայաստանի              |2004 թվականի |

i

|   |ծրագրի մշակում                  |Հանրապետության առևտրի  |4-րդ եռամսյակ|

|   |                                |և  տնտեսական զարգացման |             |

|   |                                |նախարարություն,        |             |

|   |                                |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ      |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|3. |ՓՄՁ-ի սուբյեկտներում            |Հայաստանի              |2004 թվականի |

|   |նորարարությունների և            |Հանրապետության առևտրի  |4-րդ եռամսյակ|

|   |ժամանակակից տեխնոլոգիաների      |և  տնտեսական զարգացման |             |

|   |ներդրմանն աջակցության նպատակով  |նախարարություն,        |             |

|   |Երևանում  տեխնոպարկի ստեղծում   |Հայաստանի              |             |

|   |                                |Հանրապետության         |             |

|   |                                |կրթության և  գիտության |             |

|   |                                |նախարարություն,        |             |

|   |                                |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,     |             |

|   |                                |Հայաստանի              |             |

|   |                                |Հանրապետության         |             |

|   |                                |շահագրգիռ              |             |

|   |                                |նախարարություններ      |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|4. |ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական  |Հայաստանի              |սկսած 2004   |

|   |և  ներդրումային աջակցության     |Հանրապետության առևտրի  |թվականի 1-ին |

|   |նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին    |և  տնտեսական զարգացման |եռամսյակից   |

|   |վարկային երաշխիքների տրամադրման |նախարարություն,        |             |

|   |ծրագրի շարունակում և  ընդլայնում|Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,     |             |

|   |                                |Հայաստանի              |             |

|   |                                |Հանրապետության         |             |

|   |                                |շահագրգիռ              |             |

|   |                                |նախարարություններ      |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|5. |ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի      |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ      |սկսած 2004   |

|   |կառավարման միջազգային           |                       |թվականի 1-ին |

|   |ստանդարտների (ԻՍՕ 9000 շարքի)   |                       |եռամսյակից   |

|   |ներդրմանն աջակցություն          |                       |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|6. |ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ      |սկսած 2004   |

|   |տեղեկատվական և  խորհրդատվական   |                       |թվականի 1-ին |

|   |աջակցություն                    |                       |եռամսյակից   |

|___|________________________________|_______________________|_____________|

|7. |ՓՄՁ-ի ոլորտի կադրերի            |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ      |սկսած 2004   |

|   |մասնագիտական ուսուցման և        |                       |թվականի 1-ին |

|   |վերապատրաստման դասընթացների     |                       |եռամսյակից   |

|   |կազմակերպում` ինչպես ՓՄՁ-ի      |                       |             |

|   |սուբյեկտների, այնպես էլ         |                       |             |

|   |ուսուցողական ծառայություններ    |                       |             |

|   |մատուցող կազմակերպությունների   |                       |             |

|   |համար                           |                       |             |

|___|________________________________|_______________________|_____________|

|8. |Միջազգային դոնոր                |Հայաստանի              |2004 թվականի |

|   |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի  |Հանրապետության առևտրի  |ընթացքում    |

|   |ոլորտի զարգացման համատեղ        |և  տնտեսական զարգացման |             |

|   |(համաֆինանսավորման սկզբունքով)  |նախարարություն,        |             |

|   |ծրագրերի մշակում և  իրականացում |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,     |             |

|   |                                |Հայաստանի              |             |

|   |                                |Հանրապետության         |             |

|   |                                |շահագրգիռ              |             |

|   |                                |նախարարություններ      |             |

.__________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 02.12.04 թիվ 1679-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1673-Ն
Որոշում