i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՇԴ/0016/04/18
Սնանկության գործ թիվ ՇԴ/0016/04/18 2019թ.
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ա. Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի հուլիսի 31-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մելադա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի Գայանե Կիրակոսյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գայանե Կիրակոսյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2018 թվականի որոշմամբ Մելադա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելադա Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը և 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկ ճանաչելու Դատարանի վճիռը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայությանը կամ բացակայությանը: Հետևաբար տվյալ դեպքում շահագրգիռ անձինք են միայն պարտապանը և պարտատերը, այլ կերպ ասած` անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն անդրադառնում է միայն պարտապանի և պարտատիրոջ իրավունքներին, որպիսի պայմաններում արդարացված է օրենսդրի այն մոտեցումը, որ նշված դատական ակտը կարող են բողոքարկել միայն պարտապանը և պարտատերը (պարտատերերը):
Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մելադա Սարգսյանի հանդեպ Գայանե Կիրակոսյանի պարտքը հաստատվում է 02.10.2014 թվականի թիվ ՇԴ/1349/02/14 վճռով, ինչն էլ հիմք ընդունելով Դատարանն իր կողմից կայացված 16.08.2018 թվականի վճիռն ուղարկել է նաև Մելադա Սարգսյանին` պարզաբանելով վճռի բողոքարկման կարգն ու ժամկետները:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, Մելադա Սարգսյանին ճանաչելով բողոքարկման իրավասություն չունեցող անձ, անտեսել է գործում առկա փաստաթղթերը, որոնցից ակնհայտ է, որ Մելադա Սարգսյանը հանդիսանում է նշված վճիռը բողոքարկելու իրավասություն ունեցող անձ: Արդյունքում վերջինս զրկվել է պարտատիրոջ կարգավիճակից և Գայանե Կիրակոսյանի կողմից իր նկատմամբ պարտավորություն կատարելու պահանջի իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 13.09.2018 թվականի թիվ ՇԴ/0016/04/18 սնանկության գործով կայացրած որոշումը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված գործով կայացված եզրափակիչ դատական ակտը պարտատիրոջ կողմից բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
i
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել բացառապես տվյալ գործով պարտապան և/կամ պարտատեր հանդիսացող անձի կողմից, այսինքն` որպեսզի անձը կարողանա բողոքարկել իր շահերին առնչվող և իր իրավունքների ու պարտականությունների հետ անմիջականորեն կապված սնանկության գործով կայացված վճիռը, նա պետք է տվյալ գործով հանդիսանա կամ պարտապան, կամ պարտատեր:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրական նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այն բխում է սնանկության վարույթի առանձնահատկությունից: Մասնավորապես` անձին սնանկ ճանաչելը պայմանավորված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայությամբ կամ բացակայությամբ, ինչն իր հերթին անդրադառնում է պարտապանի և պարտատիրոջ իրավունքների և օրինական շահերի վրա, որպիսի պայմաններում օրենսդրի կողմից սահմանված կարգավորումը կրում է իմպերատիվ բնույթ, այսինքն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքը վերապահված է բացառապես պարտապանին կամ պարտատիրոջը:
i
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է` այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս, Զարուհի, Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայական դրսևորում: Այսինքն` ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց և դրանք հետազոտի տվյալ վեճի լուծման համար թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության և արժանահավատության տեսանկյունից:
Սույն գործի փաստերի համաձայն` Գայանե Կիրակոսյանը Դատարան է ներկայացրել սեփական սնանկությունը ճանաչելու դիմում (գ.թ. 3-5):
Դատարանի 16.08.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է (գ.թ. 70-76):
Վերաքննիչ դատարանը 13.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Մելադա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ «բողոքարկվող վճռի դեմ Մելադա Սարգսյանը վերաքննիչ բողոք բերելու իրավասություն չուներ (...) թիվ ՇԴ/0016/04/18 սնանկության գործով բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Գայանե Կիրակոսյանի սեփական նախաձեռնությամբ (...) սնանկ ճանաչելուն: (...) սնանկության գործով առկա չէ պարտատերերի և/կամ պարտատիրոջ պահանջների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որով հնարավոր կլիներ պարզել, թե արդյո՞ք Մելադա Սարգսյանը հանդիսանում է Գայանե Կիրակոսյանի սնանկության գործով պարտատեր, որպիսի պարագայում նոր միայն վերջինս հնարավորություն կունենար բողոքարկելու սնանկ ճանաչելու վերաբերյալ (...) դատական ակտը: Վերաքննիչ դատարանը վերստին փաստում է, որ օրենսդրի հստակ պահանջն է` պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը բացառապես պարտապանի և պարտատիրոջ/պարտատերերի կողմից բողոքարկելը»:
Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է պարտատերերի և/կամ պարտատիրոջ պահանջների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ առկա չլինելու հանգամանքը, մինչդեռ սույն գործում առկա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014 թվականի թիվ ՇԴ/1394/02/14 վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ ըստ հայցի Մելադա Սարգսյանի ընդդեմ Վոլոդյա Կիրակոսյանի, Գայանե Կիրակոսյանի, Հովհաննես Կիրակոսյանի և Սեդա Թումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014 թվականի թիվ ՇԴ/1394/02/14 վճռով, ի թիվս այլոց, Գայանե Կիրակոսյանից հօգուտ Մելադա Սարգսյանի ընդհանուր առմամբ բռնագանձվել է 14.935.341 ՀՀ դրամ, 858.677 ՀՀ դրամ, 381.733 ՀՀ դրամ, նույն վճռով վճռվել է նաև սկսած 03.10.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ներառյալ պարտավորության գումարի` 14.076.664 ՀՀ դրամի չվճարված մասի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված չափով տոկոսներ և նույնպես համապարտության կարգով, ի թիվս այլոց, Գայանե Կիրակոսյանից բռնագանձվել է հօգուտ Մելադա Սարգսյանի (գ.թ. 34-42):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա են նաև Գայանե Կիրակոսյանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացված ցուցակն ու հայտարարությունը, ըստ որոնց, Գայանե Կիրակոսյանն ընդունել է Մելադա Սարգսյանի նկատմամբ 14.935.341 ՀՀ դրամ պարտավորություն ունենալու հանգամանքը (գ.թ. 13-14):
Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցները վկայում են Գայանե Կիրակոսյանի` Մելադա Սարգսյանի նկատմամբ դրամական պարտավորություն ունենալու, ինչպես նաև դրա հիման վրա Մելադա Սարգսյանի` Գայանե Կիրակոսյանի պարտատեր հանդիսանալու հանգամանքի մասին, ուստի Մելադա Սարգսյանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, Դատարանի 16.08.2018 թվականի վճիռը բողոքարկելու իրավասություն ունեցող անձ է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մելադա Սարգսյանը վերաքննիչ բողոքը ներկայացնելիս օգտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պարտապանին սնանկ ճանաչելու դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, դրանով իսկ սահմանափակելով Մելադա Սարգսյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող Դատարանի 16.08.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 13.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան