ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՐԴ/4024/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4024/02/17 2018 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Ս. Միքայելյանի
Ն. Տավարացյանի
2018 թվականի հուլիսի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գեղանուշ Հարությունյանի ներկայացուցիչ Դիանա Շախրամանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գեղանուշ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել իր և Մարտին Մկրտչյանի միջև կնքված ամուսնությունը, ու դրա հիման վրա ՌԴ Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի Կունցևսկի բաժնում 14.05.2003 թվականին կատարված թիվ 346 գրանցումը ճանաչել չեղյալ:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2017 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2017 թվականի որոշմամբ Գեղանուշ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.10.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղանուշ Հարությունյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 143-րդ և 144-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 244-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ ներկայացվել է ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ, որի պայմաններում իմաստազուրկ է դառնում հյուպատոսական օրինականացմամբ այն վավեր ճանաչելու անհրաժեշտությունը, անհիմն հետևություն է արել այն մասին, որ մինչ ամուսնությունն անվավեր ճանաչելն անհրաժեշտ է այն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում վավեր ճանաչել հյուպատոսական օրինականացմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև գրանցված ամուսնությունն իսկզբանե եղել է կեղծ, քանի որ Մարտին Մկրտչյանը Գեղանուշ Հարությունյանի հետ ամուսնացել է ոչ թե ընտանիք կազմելու, այլ` ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանվում է ոչ թե ամուսնության անվավերության վերաբերյալ գործի քննության ընդդատության, այլ նման գործեր քննելիս կիրառման ենթակա օրենսդրության հարցը: Այսինքն` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը պետք է կիրառի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, որտեղ գրանցվել է ամուսնությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սույն գործով պատասխանող Մարտին Մկրտչյանը 2008 թվականից իր մոր, կնոջ և երեխաների հետ ապրում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1ա տուն հասցեում, այսինքն` ՀՀ տարածքում ունի բնակության վայր և գտնվում է նույն տարածքում, որի պայմաններում Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետության դատարանն իրավասու էր քննելու սույն գործով վեճը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.11.2017 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ` հայցադիմումն ընդունել վարույթ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` օտարերկրյա անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին պահանջը Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից քննելու իրավասություն ունենալու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 143-րդ և 144-րդ հոդվածների, Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` ինչպիսի՞ հանգամանքների առկայության պայմաններում է Հայաստանի Հանրապետության դատարանն իրավասու քննելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միջև Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը:
ա) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Եվրոպական դատարանի որոշումներում:
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս, Ringeisen v. Austria գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):
i
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:
i
բ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարրերից է դատարանի մատչելիության իրավունքը, որի վարույթային երաշխիքներից է ենթակայության ինստիտուտը: Ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից:
Նախկին օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
Նախկին օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավորը պարտավոր է վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:
Նախկին օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Վերը նշված հոդվածների վերլուծությունը վկայում է, որ քաղաքացիական գործի հարուցման հիմքը նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումն է: Ընդ որում, հայցի ներկայացումը և հետագայում այն դատարանի կողմից վարույթ ընդունելը պայմանավորված է մի շարք դատավարական հանգամանքներով, որոնց չպահպանելը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմք է:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ հայցադիմումը վարույթ ընդունելու գործընթացը դատավարության առաջին, հիմնական և ինքնուրույն փուլերից մեկն է, որի ընթացքում դատավորը միանձնյա ստուգում է հայցն օրենքով սահմանված կարգով հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացված լինելու հանգամանքը, պարզում է վեճի բնույթը և այն դատարանի քննությանը ենթակա լինելը, անհրաժեշտ փաստաթղթերը հայցադիմումին կցված լինելը և դատավարական օրենսգրքով սահմանված այլ հանգամանքներ: Այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պարզման ենթակա չեն հայցադիմումում ձևակերպված` հայցի հիմքի և առարկայի հետ կապված վիճելի նյութաիրավական պահանջի օրինականությունն ու հիմնավորվածությունը. նշվածը ստուգվում է հայցի ըստ էության քննության փուլում, ինչի արդյունքում դատարանը բավարարում է կամ մերժում է ներկայացված հայցը: Մինչդեռ այն դեպքում, երբ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պարզում է, որ տվյալ վեճը ենթակա չէ դատարանի քննությանը, դատարանը որոշում է կայացնում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:
i
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքում բարձրացված հարցադրումը, հարկ է համարում անդրադառնալ օտարերկրյա անձանց մասնակցությամբ վեճերի` ՀՀ իրավասու դատարաններին ենթակայության խնդրին:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Նախկին օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով կամ այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Նախկին օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար գործերի ենթակայությանը համապատասխան դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:
Նախկին օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն` օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով դատավարությունը դատարաններում իրականացվում է նույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին համապատասխան:
Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Վկայակոչված կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը երաշխավորել է նաև օտարերկրյա անձանց դատական պաշտպանության իրավունքը` նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար` գործերի ենթակայությանը համապատասխան դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ, եթե տվյալ գործով պատասխանող կողմը Հայաստանի Հանրապետությունում ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Միաժամանակ օրենսդիրն օտարերկրյա անձանց հնարավորություն է տվել հավասարապես օգտվելու ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց վերապահված դատավարական իրավունքներից ու կրելու դատավարական պարտականություններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության դատարանները նրանց մասնակցությամբ դատավարությունը պետք է իրականացնեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ օրենքների նորմերին համապատասխան:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` միջազգային պայմանագրերի նորմերի գերակայության սկզբունքը, կարևորում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ վեճերի ենթակայությունը պարզելիս համապատասխան միջազգային պայմանագրի առկայության և դրանում ենթակայության հարցերը կարգավորող դրույթների բացահայտումը: Պետությունները, մասնավորապես, մի կողմից ելնելով ինքնիշխանության սկզբունքից, մյուս կողմից միջազգային համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված, միջազգային պայմանագրերով կարող են նախատեսել կարգավորումներ, որոնք տարբերվում են տվյալ հարցերի շուրջ ներպետական կարգավորումներից: Ընդ որում, միջազգային պայմանագրերի նորմերի և ներպետական դատավարական նորմերի վերաբերելի կարգավորումների հակասության դեպքում պետք է կիրառվեն համապատասխան միջազգային պայմանագրի դրույթները:
i
գ) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև` ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում` մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերն ու կարգը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընտանիքի անդամների` ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները կարգավորում են ընտանեկան օրենսդրությամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով, իսկ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Ընդ որում, ամուսինների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա իրականացումը ՀՀ ընտանեկան օրենսգրքով վերապահված է համապատասխան պետական մարմիններին կամ խնամակալության և հոգաբարձության մարմիններին: Տվյալ դեպքում օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջների մասով` սահմանելով, որ եթե ամուսիններից մեկը չի իմացել ամուսնության կեղծ լինելու մասին, ապա վերջինս իրավունք ունի իր անձնական ոչ գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով` ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով, բացառապես դիմելու դատարան: Այսինքն` ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով վեճը լուծող միակ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետությունում դատարանն է:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունը, հարկ է համարում անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանին ենթակա լինելու հարցին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե Հայաստանի Հանրապետությունը, և թե Ռուսաստանի Դաշնությունը (1) վավերացրել և մասնակցում են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականին Մինսկում ստորագրված կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա): Հետևաբար, հաշվի առնելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքի հիմքում բարձրացված հարցադրման կապակցությամբ Կոնվենցիայում վերաբերելի կարգավորումների բացահայտմանը:
_________________________
1) Կոնվենցիան Ռուսաստանի Դաշնության համար ուժի մեջ է մտել 10.12.1994 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետության համար` 21.12.1994 թվականին:
Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը, 26-րդ հոդվածին համապատասխան, կիրառվել է ամուսնադրության ժամանակ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով մարմինների իրավասությունը որոշվում է 27-րդ հոդվածին համապատասխան:
Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որոնց օրենսդրությունը ենթակա է կիրառման նույն հոդվածի 1-3 և 5-րդ կետերին համապատասխան: Նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիներն են նրանք: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե ամուսինները երկու տարբեր Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ են, և նրանցից մեկը բնակվում է մի, երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց անձնական ու գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ամուսինների` անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է այդ գույքը:
Վճռաբեկ դատարանը Կոնվենցիայի վկայակոչված դրույթների հիման վրա նախ և առաջ արձանագրում է, որ Կոնվենցիան կարգավորել է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող անձանց միջև ամուսնաընտանեկան հարաբերություններից բխող վեճերի նկատմամբ համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրության կիրառելիության և տվյալ վեճը լուծող մարմինների իրավասության հարցերը: Այսպես, ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով իրավասու մարմինը որոշվում է` հաշվի առնելով կիրառման ենթակա օրենսդրությունը, մասնավորապես այն, թե որ Պայմանավորվող կողմի օրենսդրությունն է ենթակա կիրառման` հիմք ընդունելով Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-3 և 5-րդ կետերի կանոնները: Հետևաբար նմանատիպ վեճերով նախ և առաջ պետք է պարզել կիրառելի օրենսդրության հարցը, ըստ այդմ նաև` վեճը լուծող իրավասու մարմինը, որպիսին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հանդիսանում է դատարանը: Ընդ որում, եթե հայցադիմումի ընդունելիության փուլում ներկայացված փաստական տվյալների հիման վրա հնարավոր չէ բացահայտել Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-3 և 5-րդ կետերի կանոններից որևէ մեկի առկայությունը, այդուհանդերձ, հայցադիմումի ընդունումը միայն այդ հիմքով մերժվել չի կարող, քանի որ կիրառվելիք սահմանափակումն այդ դեպքում համաչափ չի լինի հետապնդվող նպատակի հետ և անհարկի կսահմանափակի անձի դատարանի մատչելիության իրավունքը: Նման իրավիճակում, ելնելով անձի դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից, կիրառման ենթակա են ներպետական վերաբերելի դատավարական նորմերը: Նշվածը, սակայն, չի սահմանափակում ներպետական դատավարական կանոններին համապատասխան հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում դարձյալ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-3 և 5-րդ կետերի կանոններից որևէ մեկի առկայությունը ստուգելու և արդեն իսկ հարուցված գործի պայմաններում համապատասխան դատավարական հետևանքը կիրառելու իրավական հնարավորությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Գեղանուշ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ իր ամուսնու` Մարտին Մկրտչյանի` իրենց միջև կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու, և դրա հիման վրա ՌԴ Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի Կունցևսկի բաժնում 14.05.2003 թվականին կատարված թիվ 346 գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջների մասին:
Դատարանը 12.10.2017 թվականին որոշում է կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին` պատճառաբանելով, որ «Գեղանուշ Հարությունյանի և Մարտին Մկրտչյանի միջև ամուսնությունը 14.05.2003 թվականին գրանցվել է Մոսկվայի Կունցևսկի ՔԿԱԳ տարածքային բաժնում թիվ 346 ակտով, հետևաբար ամուսնության անվավերությունը որոշվում է ՌԴ օրենսդրությամբ, քանի որ այն կնքվել է ՀՀ տարածքից դուրս և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 144-րդ հոդվածի իմաստով գործը չի կարող քննվել ՀՀ տարածքում` ՀՀ դատարանում` գործը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով»:
Վերաքննիչ դատարանը, Գեղանուշ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելով, Դատարանի 12.10.2017 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ «գործող օրենսդրական կարգավորման համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը որոշվում է այն օրենսդրությամբ, որը կիրառվել է ամուսնությունը կնքելիս, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորը ներկայացված հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել իր և Մարտին Մկրտչյանի միջև Մոսկվա քաղաքի ՔԿԱԳ մարմնի Կունցևյան բաժնում 346-րդ համարի ներքո 14.05.2003 թվականին գրանցված ամուսնությունը, հետևաբար Դատարանն իրավացիորեն գտել է, որ Գեղանուշ Հարությունյանի և Մարտին Մկրտչյանի միջև ՌԴ տարածքում գրանցված ամուսնության վավերության հարցը պետք է որոշվի ՌԴ դատարանների կողմից` ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ կողմերի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում ստացել է հյուպատոսական օրինականացում»:
Միաժամանակ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին և հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, սահմանելով ՀՀ դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերի քննությունը, սահմանել է ՀՀ դատարանների քննությանը վերապահված` օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերի սպառիչ շարք, որում ներառված չէ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների անվավերության հետ կապված վեճերի քննությունը:
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով հայցվոր Գեղանուշ Հարությունյանը հայցադիմումին կից նաև ներկայացրել է ՌԴ Մոսկվայի Կունցևսկի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից 14.05.2003 թվականին տրված ամուսնության վկայականի պատշաճ վավերացրած թարգմանության պատճենը, որի համաձայն` վերջինիս և Մարտին Մկրտչյանի միջև 14.05.2003 թվականին Ռուսաստանի Դաշնությունում կնքվել է ամուսնություն: Միաժամանակ նշված վկայականում Գեղանուշ Հենրիկի Հարությունյանի «քաղաքացիություն» տողի դիմաց կատարված է «Ռուսաստանի քաղաքացի» գրառումը, իսկ Մարտին Մկրտչյանի «քաղաքացիություն» տողի դիմաց կատարված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացի» գրառումը (գ.թ. 3-5, 17-18):
Հայցվորի կողմից հայցադիմումին կից նաև ներկայացվել է Արմավիրի թիվ 23 թաղային լիազորի կողմից 03.07.2017 թվականին տրված տեղեկանքի պատճենը, որի համաձայն` Մարտին Մայիսի Մկրտչյանը հաշվառված բնակվում է Արմավիրի Աբովյան 2-րդ նրբանցքի թիվ 1ա տանը, ընտանիքը բաղկացած է 6 անձից: Տեղեկանքում նաև նշվել է, որ Մարտին Մկրտչյանն իր ընտանիքի բոլոր անդամների հետ նշված հասցեում բնակվում է 2008 թվականից (գ.թ. 7):
Վերոգրյալ փաստական հանգամանքներից հետևում է, որ սույն գործով վեճի ենթակայության հարցը լուծելիս նախ և առաջ պետք է հիմք ընդունվեին Կոնվենցիայի համապատասխան կարգավորումները: Այդ կարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սակայն, արձանագրում է, որ հայցադիմումում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա փաստական տվյալները հնարավորություն չեն տալիս պարզել Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-3 և 5-րդ կետերով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայությունը: Մասնավորապես, հայցադիմումում շարադրված փաստական հանգամանքները որոշակիորեն համընկնում են Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստական տվյալների հետ, սակայն պարզ չէ` կողմերի վերջին համատեղ բնակության վայրը, հետևաբար Կոնվենցիայի կարգավորումների համատեքստում հնարավոր չէ պարզել սույն վեճի ենթակայության հարցը: Նման պայմաններում սույն գործով ենթակա են կիրառման ներպետական դատավարական նորմերը, մասնավորապես` Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումը:
Տվյալ դեպքում Գեղանուշ Հարությունյանը, հիմք ընդունելով Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին կետը, սույն գործով ընտանեկան իրավահարաբերություններից բխող և բացառապես դատարանում քննության ենթակա հայցապահանջը, տվյալ քաղաքացիական գործի ենթակայությանը համապատասխան իրավաչափորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված է Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, այն է` առկա է օտարերկրյա անձի մասնակցությամբ քաղաքացիական գործ, և տվյալ գործով պատասխանողը Հայաստանի Հանրապետությունում ունի բնակության վայր, որպիսի պայմաններում սույն վեճը տվյալ դեպքում ենթակա է քննության ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ կետով սպառիչ սահմանվել են օտարերկրյա անձանց մասնակցությամբ այն գործերը, որոնք ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների քննությանը, որոնց մեջ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին պահանջն ընդգրկված չէ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հետևությունը նույնպես հիմնավոր չէ, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվել է, նույն օրենսգրքի նույն հոդվածի 1-ին կետով սահմանել է ընդհանուր կանոն օտարերկրյա անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վերաբերյալ, իսկ նույն օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ կետով, ի լրումն ընդհանուր կանոնի, սահմանվել է նաև այլ պահանջներով գործերի քննության հնարավորությունը, որոնք իրենց հերթին չեն բացառում ընդհանուր կանոնի կիրառությունը, եթե այդ կանոնի դրույթները համապատասխան հայցապահանջով պահպանված են:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ տվյալ դեպքում հայցվորը վիճարկում է Մոսկվա քաղաքում գրանցված ամուսնությունը, ուստի գործող օրենսդրության պայմաններում ՌԴ տարածքում գրանցված ամուսնության վավերության հարցը պետք է որոշվի ՌԴ դատարանների կողմից` ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 144-րդ հոդվածով օրենսդիրն ընդամենը կարգավորել է ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջներով դատարանների կողմից ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորող համապատասխան երկրի օրենսդրության կիրառման հարցը` կախված այն հանգամանքից, թե որ երկրում է գրանցվել ամուսնությունը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «գործի նյութերում առկա չէ ապացույց կողմերի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում հյուպատոսական օրինականացում ստանալու վերաբերյալ», ապա նշված պատճառաբանությունը չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
i
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում պատրաստվել կամ վավերացվել են մարմնի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից` իրենց իրավասությունների շրջանակներում ու սահմանված ձևով, և ամրագրված են զինանշանային կնիքով, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հավաստագրի:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դիտվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, Պայմանավորվող մյուս կողմերի տարածքներում օգտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա ամուսնության վկայականը ենթակա է ընդունման առանց որևէ հատուկ հաստատման` հյուպատոսական օրինականացման, քանի որ գործում առկա ամուսնության վկայականը, համաձայն կատարված թարգմանության (գ.թ. 17), տրվել է իրավասու հիմնարկի (դրա համար լիազորված անձի), այն է` ՌԴ Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության Կունցևսկի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից` իր իրավասության շրջանակներում և սահմանված ձևով` ամրագրված զինանշանի պատկերով կնիքով, որի պայմաններում այն օժտված է պաշտոնական փաստաթղթի ապացուցողական ուժով:
Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 143-րդ և 144-րդ հոդվածները, Նախկին օրենսգրքի 244-րդ հոդվածը խախտելու հետ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան