020.1365.050517
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՄԼԵՏ ՉԱՏԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2, 27, 29 ԵՎ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 մայիսի 2017 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողների ներկայացուցիչ Կ. Թումանյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Համլետ Չատինյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 27, 29 և 38-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Համլետ Չատինյանի և այլոց` 2016թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թ. հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 2-րդ հոդվածը սահմանում է.
«Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործին մասնակցող անձանց կազմը» վերտառությամբ 27-րդ հոդվածը սահմանում է.
«Գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Կողմերը» վերտառությամբ 29-րդ հոդվածը սահմանում է.
«1. Քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը:
2. Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել:
3. Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:
4. Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին» վերտառությամբ 38-րդ հոդվածը սահմանում է.
«1. Համայնքի ղեկավարն իրավունք ունի դատարան դիմել համայնքի գույքային շահերի պաշտպանության հայցով:
2. Հայց հարուցած համայնքի ղեկավարն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Համլետ Չատինյանը, Նաիրա Զաքարյանը, Ռոզիկ Կոստանդյանը, Մհեր Չատինյանը, Դավիթ Չատինյանը 2009 թ. մայիսի 25-ին դիմել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի` պահանջելով բռնագանձել 13.875.000 ՀՀ դրամ որպես Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի թիվ 73 կառուցվելիք շենքում 55 քմ մակերեսով բնակարանի շուկայական գնին համարժեք փոխհատուցում: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վանաձորի քաղաքապետարանը պահանջել է փոփոխել դիմողների և Վանաձոր համայնքի միջև 2007 թ. փետրվարի 26-ին կնքված «Հողամասն ազատելու և հետագայում բնակարան հատկացնելու մասին» պայմանագիրը` 1.1. կետում` բնակարանի հանձնման ժամկետ և 3.1. կետում փոխհատուցման տրամադրման ժամկետ սահմանելով 2012 թ. հոկտեմբերի 1-ը: Հայցը բավարարվել է մասնակի, և հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2011 թ. մարտի 22-ի որոշմամբ Վանաձորի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության: Դատարանի 2011 թ. հոկտեմբերի 5-ի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագիրը: Հիշյալ վճռի դեմ Վանաձոր համայնքի ավագանին ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թ. ապրիլի 30-ի որոշմամբ Վանաձոր համայնքի ավագանու վերաքննիչ բողոքը բավարարվել է` դատարանի 2011 թ. հոկտեմբերի 5-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության` այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի կողմից հաստատվել է համայնքի գույքի օտարման մասին հաշտության համաձայնություն, որով կողմ է հանդիսացել Վանաձորի քաղաքապետարանը և ըստ էության համայնքի համար սահմանվել է դրանում նշված ծավալով համայնքի գույքի օտարման պարտականություն: Այսինքն` առաջացել է մի իրավիճակ, երբ Վանաձորի քաղաքապետարանի կամահայտնությամբ (Հաշտության համաձայնության կնքում), առանց իրավասու մարմնի` ավագանու որոշման, օտարվել է համայնքի գույքը: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, լինելով կատարման համար պարտադիր, բացառում է համայնքի գույքի օտարման հարցում ավագանու կողմից իր լիազորության իրականացման հարցում որևէ հայեցողություն` իմաստազրկելով քննարկվող լիազորության օրենսդրի նպատակը»:
Դիմողների ներկայացուցիչը վերը նշված որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, ի թիվս այլնի, մատնանշելով նաև Վանաձոր համայնքի ավագանու` տվյալ գործով շահագրգիռ անձ չլինելու հանգամանքը: ՀՀ վճռաբեկ դատարանը 2014 թ. օգոստոսի 20-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում, որով գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը քննության ընդունելու և հետևության հանգելու համար:
2015 թ. փետրվարի 11-ին Վանաձոր համայնքի ավագանին` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ, հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ սույն գործով դիմողների` նրանց և Վանաձորի քաղաքապետարանի 2007 թ. փետրվարի 26-ին կնքված` հողամասն ազատելու և հետագայում բնակարան հատկացնելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանը 2016 թ. հունվարի 11-ի վճռով Վանաձոր համայնքի ավագանու հայցը բավարարել է ամբողջությամբ: Դիմողները վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2016 թ. հոկտեմբերի 12-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:
3. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 27, 29 և 38-րդ հոդվածները` իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանություններով, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 4-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին մասի և 61-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
Ըստ դիմողների` դատարանները վիճարկվող նորմերը կիրառելիս քաղաքացիական դատավարության սուբյեկտ են դիտարկում նաև համայնքի ավագանուն, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վերլուծության արդյունքում դիմողները հանգել են այն հետևությանը, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են կատարելու համայնքային շահերից բխող ցանկացած լիազորություն, որն ուղղակիորեն արգելված չէ կամ վերապահված չէ հանրային իշխանության այլ սուբյեկտի:
Դիմողները պատճառաբանում են, որ համայնքի երկու մարմիններից մեկին` համայնքի ղեկավարին օրենսդիրն իրավական հնարավորություն է տվել համայնքի անունից հանդես գալու դատարաններում և այլ մարմիններում ներկայացնելու համայնքի շահերը, իսկ համայնքի ավագանուն` որպես համայնքային մարմնի, Սահմանադրությունն ու օրենքներն իրավական հնարավորություն են ընձեռել իրականացնելու տեղական իրավաստեղծ գործունեություն, իսկ առանձին դեպքերում վերահսկողություն իրականացնելու տեղական ինքնակառավարման մյուս մարմնի` համայնքի ղեկավարի գործունեության նկատմամբ:
Դիմողների համոզմամբ, օրենսդիրը, սահմանելով տեղական ինքնակառավարման մարմիններից յուրաքանչյուրի լիազորությունները, դատարան դիմելու և դատարանում որպես դատավարության սուբյեկտ հանդես գալու լիազորություն է սահմանել բացառապես համայնքի ղեկավարի համար և, չնայած այն հանգամանքին, որ վիճարկվող իրավական նորմերը բավարար չափով հստակ են, այնուամենայնիվ, դատարանները պրակտիկայում դրանք կիրառում են այլ մեկնաբանությամբ: Իրենց դիրքորոշումը դիմողները հիմնավորում են նրանով, որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությունը որպես հայցվոր կամ պատասխանող է համարում ֆիզիկական կամ իրավաբանական անձին, մինչդեռ համայնքն է հանդիսանում իրավաբանական անձ, այլ ոչ թե համայնքի ավագանին: Ըստ դիմողների` համայնքի ավագանին կարող է դատարանում հանդես գալ հայցվորի կարգավիճակով միայն ավագանու անդամի իրավունքների կամ շահերի պաշտպանության նպատակով:
4. ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների համադրված վերլուծության արդյունքում պատասխանողը հանգել է այն հետևությանը, որ համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքի գույքային շահերի ենթադրյալ խախտման դեպքում համայնքի ավագանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով հանդես է գալիս որպես «շահագրգիռ անձ» և կարող է քաղաքացիական դատավարության կարգով պաշտպանել համայնքի շահերը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի իրավակարգավորմանը, պատասխանողի կարծիքով, այն դեպքերում, երբ համայնքի գույքային շահերը վտանգվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, ապա բնական է, որ համայնքի ղեկավարը չի կարող հանդես գալ դատարանում որպես հայցվոր` վիճարկելով իր իսկ որոշումը: Նման դեպքերում համայնքի ավագանին օրենքի ուժով պարտավոր է պաշտպանել համայնքի գույքային շահերը` ունենալով գործին մասնակցող անձանց բնորոշ և՛ նյութաիրավական, և՛ դատավարական շահ:
Ըստ պատասխանողի` ավագանին դատարան դիմում է ոչ թե սեփական ինքնուրույն շահերից ելնելով, այլ որպես տեղական ինքնակառավարման մարմին, որպես համայնք իրավաբանական անձի ներկայացուցիչ, իսկ ավագանու դատարան դիմելու և համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու իրավունքներն ուղղակիորեն նախատեսված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով:
Պատասխանողը, վկայակոչելով դիմողների կողմից ձևականորեն օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վիճարկմանը վերաբերող ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշումը, կարծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 27, 29 և 38-րդ հոդվածներով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, իսկ դիմողներն ըստ էության վիճարկում են նորմերի կիրառման իրավաչափությունը, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման:
5. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել`
...
6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` այդ դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական դատարանը 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջներն ինքնանպատակ չեն: Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու` սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը` դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու` շահագրգիռ անձ հանդիսանալու վերաբերյալ դիմողների գործով դատական վերջնական ակտ է հանդիսանում ՀՀ վերաքննիչ դատարանի` 30.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ որոշմամբ է տրվել համայնքային գույքի օտարման հարցում ավագանու դերի իրավական գնահատականը: Նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը 2014 թ. օգոստոսի 20-ին կայացրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում: Այսինքն` 2014 թվականի օգոստոսի 20-ից սկսած դիմողներն սպառել են համայնքի ավագանու` շահագրգիռ անձ հանդիսանալու վերաբերյալ հարցով դատական պաշտպանության բոլոր միջոցները, և նրանք կարող էին այդ կապակցությամբ կիրառված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմել վերը նշված ամսաթվից սկսած վեցամսյա ժամկետում, ինչը չեն արել, և որպիսի հանգամանքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հանդիսանում է սույն գործի վարույթը կարճելու հիմք:
ՀՀ վերաքննիչ դատարանի 2016 թ. հուլիսի 22-ի որոշմամբ հղում կատարելով նույն դատարանի` 30.04.2014 թվականի որոշմանը` վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը և 27-րդ հոդվածի 2-րդ կետը, այլ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն գտել է, որ վերաքննիչ դատարանը տվյալ գործով իրավասու չէ ստուգելու Վանաձոր համայնքի ավագանու կողմից դատարան դիմելու իրավունք ունենալու` օրենքով սահմանված հնարավորության առկայությունը կամ բացակայությունը, քանի որ նույն դատարանի` 30.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ «Վճիռը վերաբերում է ավագանու լիազորություններին, նրա համար սահմանում է պարտականություն, մինչդեռ ավագանին մասնակից չի դարձվել գործի քննությանը»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանն իր` 2016 թ. հունվարի 11-ի վճռում իրավական դիրքորոշում է արտահայտել համայնքի ավագանու` շահագրգիռ անձ հանդիսանալու փաստի առկայության վերաբերյալ, ինչը հետագայում բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, ապա վերաքննիչ դատարանը ոչ թե վերահաստատել է առաջին ատյանի դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, որպիսի հանգամանքը հնարավորություն կտար արձանագրելու, որ վերաքննիչ դատարանն անուղղակիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը և 27-րդ հոդվածի 2-րդ կետը, այլ, հղում կատարելով նույն օրենսգրքի 14-րդ հոդվածին, գտել է, որ վերաքննիչ դատարանը տվյալ գործով իրավասու չէ ստուգելու Վանաձոր համայնքի ավագանու կողմից դատարան դիմելու իրավունք ունենալու` օրենքով սահմանված հնարավորության առկայությունը կամ բացակայությունը, որպիսի հանգամանքը սույն գործի շրջանակներում դիմող կողմի ներկայացրած փաստարկների հիմքով սահմանադրաիրավական վեճի առարկա լինել չի կարող:
6. Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է հետևյալը.
ա) դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան վիճարկվող դրույթների` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ չի պարունակում: Դիմողների իրավունքների հնարավոր խախտումները պայմանավորված չեն վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակությամբ կամ դրանց տրված որևէ կոնկրետ մեկնաբանությամբ: Վիճարկվող իրավակարգավորումները, հանդիսանալով դատավարական նորմեր, որևէ կերպ չեն սահմանափակում դիմողների դատական պաշտպանության` ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքը և չեն խոչընդոտում այդ իրավունքի իրացմանը,
բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-747 որոշումը, որում ամրագրված են հետևյալ իրավական դիրքորոշումները. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի` անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր` դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է` անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են:
Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն»,
գ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 29-րդ և 38-րդ հոդվածները դիմողների նկատմամբ չեն կիրառվել: Այս դրույթները վերաբերում են կողմերին` հայցվորին և պատասխանողին, ինչպես նաև նույն օրենսգրքի 3-րդ բաժնով նախատեսված գործերով դիմողներին, մինչդեռ դիմողների գործով համայնքի ավագանին հանդես է եկել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածին, ապա այն չէր էլ կարող կիրառվել, որովհետև գործի փաստական հանգամանքներից և դիմողների փաստարկներից բխում է, որ դատարանները համայնքի ավագանուն են հնարավորություն ընձեռել դիմելու դատարան, ինչը, ըստ դիմողների, իրենց իրավունքների ենթադրյալ խախտման միակ պատճառն է: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածը վերաբերում է համայնքի ղեկավարի`դատարան դիմելու իրավունքին:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Համլետ Չատինյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 27, 29 և 38-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5 մայիսի 2017 թվականի
ՍԴՈ-1365