Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ, 274...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ, 274-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/2404/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2404/02/14  2016թ.

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Գ. Կարախանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Հովհաննիսյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ Սուսաննա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Կարինե Մարտիրոսյանի, երրորդ անձ Գրիգորի Զախարյանի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Հովհաննիսյանը պահանջել է Կարինե Մարտիրոսյանին վտարել Երևանի Ա. Տիգրանյան թիվ 28/1 հասցեի տարածքից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.09.2015 թվականի որոշմամբ Կարինե Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.12.2014 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, թիվ ԵԱՔԴ/1500/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված հանգամանքներին տալով նախադատելի նշանակություն, հաշվի չի առել, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0667/02/13 վճռով վերը նշված քաղաքացիական գործով հաստատված հանգամանքները դադարել են գոյություն ունենալ, քանի որ վեճի առարկա` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեի անշարժ գույքը սեփականատերերի միջև բաժանվել է և հայցվորի բաժնեմասն այդ գույքից բնեղենով առանձնացվել է, այսինքն` ընդհանուր գույքում որոշվել է սեփականատերերից յուրաքանչյուրի ունեցած բաժնեմասի սահմանները, դիրքը, ինչպես նաև ինքնակամ կառույցների գտնվելու վայրը: Այնուհետև հայցվորին հատկացված բաժնեմասի վերաբերյալ տրվել է նոր հասցե` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 բնակելի տուն, և առանձնացված գույքի նկատմամբ կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, իսկ սեփականության իրավունքի թիվ 15042014-01-0133 վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշվել է, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մեջ` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 հասցեում, առկա են 149,5 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որտեղ և ներկայումս փաստացի բնակվում է պատասխանողը: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ ԵԱՔԴ/0667/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականով որոշված չէ վիճելի ինքնակամ կառույցի` կոնկրետ հայցվորին պատկանելիության հարցը:

Բացի այդ, անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, թե իբր հայցվորը սույն գործով չի ապացուցել վիճելի շինության նկատմամբ իր միանձնյա սեփականատեր լինելու փաստը, քանի որ հայցվորի` միանձնյա կամ համատեղ սեփականատեր համարվելու հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար: Ընդ որում, պատասխանող Կարինե Մարտիրոսյանը երբևէ չի վիճարկել այն փաստը, որ նա Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 հասցեի անշարժ գույքը տիրապետում է ապօրինի` առանց սեփականատիրոջ համաձայնության կամ այլ օրինական հիմքերի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0667/02/13 վճռով Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեի անշարժ գույքի սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Սուսաննա Հովհաննիսյանը դիմի իրավասու վարչական մարմնին` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 հասցեի ինքնակամ կառույցները համապատասխան ընթացակարգով ամբողջությամբ իր անվամբ օրինականացնելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականին կայացված որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.12.2014 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն` հիմնավորելով, որ Սուսաննա Հովհաննիսյանը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր այն փաստը, որ ինքնակամ շինությունը կառուցված է սեփականության իրավունքով հենց իրեն պատկանող հողամասի վրա: Ավելին, վերը նշված փաստի չապացուցված լինելու մասին առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, հետևաբար բողոք բերած անձի պահանջը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Կարինե Մարտիրոսյանի` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ինքնակամ կառույցներ մուտք գործելու, չափագրման և տեղազննման աշխատանքներ կատարելու խոչընդոտները վերացնելու պահանջների մասին, թիվ ԵԱՔԴ/1500/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Սուսաննա Հովհաննիսյանի հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 10-26).

2) Ըստ Սուսաննա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Գրիգորի Զախարյանի, Սամվել և Մանուշ Խուդաբաշյանների` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0667/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «... 1. Կողմերն ընդունում են, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեի և Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 26 հասցեի բնակելի տների սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը կազմել է 1750 քմ: Այդ փաստը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կադաստրային գործից տրված փաստաթղթերով, որոնք ներկայացվել են դատարանին: Սակայն կողմերն ընդունում են, որ տարիների ընթացքում հողամասի փաստացի չափերը և մակերեսը փոփոխվել են, ինչից ելնելով գալիս են համաձայնության, որ հողամասը բաժանվի կողմերի միջև սույն հաշտության համաձայնության անբաժանելի մասը հանդիսացող հողամասի բաժանման հատակագծին համապատասխան, որը կազմվել է լիցենզավորված չափագրողի կողմից` հիմք ընդունելով 1750 քմ մակերեսով հողամասի ներկայումս առկա մասի փաստացի չափերը և մակերեսը: Նշվածից ելնելով` կողմերը գալիս են համաձայնության, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեի և Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 26 հասցեի հողամասը բաժանվի հետևյալ կերպով`... 1.3 Հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի և պատասխանող Գրիգորի Զախարյանի ընդհանուր համատեղ սեփականությանն է անցնում սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 2 և թիվ 3 հատակագծերում ընդհանուր համատեղ սեփականություն նշումով պատկերված 202 քմ մակերեսով հողամասը: 1.4. Հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի սեփականությանն է անցնում սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 3 հատակագծում պատկերված 293,9 քմ մակերեսով հողամասը, որից 202 քմ մակերեսով հողամասը ինչպես նշված է սույն հաշտության համաձայնության 1.3 կետում հանդիսանում է հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի և պատասխանող Գրիգորի Զախարյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, իսկ մնացած 91,9 քմ մակերեսով հողամասը թողնվում է Սուսաննա Հովհաննիսյանին` միանձնյա սեփականության իրավունքով: 2. Կողմերն ընդունում են, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տունը բաժանված է երկու մասերի` առանձին մուտքերով, որոնցից երկրորդ հարկն ամբողջությամբ պատկանում է հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանին` համաձայն սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 3.1 հատակագծի, իսկ առաջին հարկը, որն ունի նաև կիսանկուղ և նկուղ, ամբողջությամբ պատկանում է պատասխանող Գրիգորի Զախարյանին` համաձայն սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 2.1 հատակագծի: 3. Հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանը, պատասխանող Գրիգորի Զախարյանը, պատասխանող Սամվել Խուդաբաշյանը և պատասխանող Մանուշ Խուդաբաշյանը գալիս են համաձայնության, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի ինքնակամ կառույցները, ինչպես նաև Սուսաննա Հովհաննիսյանին պատկանող 91,9 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցները, որոնք դարձյալ արտացոլված են սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 3.1 հատակագծում օրինականացվի Սուսաննա Հովհաննիսյանի անվամբ: Այդ կապակցությամբ պատասխանող Գրիգորի Զախարյանը, պատասխանող Սամվել Խուդաբաշյանը և պատասխանող Մանուշ Խուդաբաշյանն ընդունում են, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկում գտնվող ինքնակամ կառույցները և Սուսաննա Հովհաննիսյանին պատկանող 91,9 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցները, որոնք ընդհանուր պատկերով արտացոլված են սույն հաշտության համաձայնությանը կից ներկայացված թիվ 3.1 հատակագծում, իրականացվել են հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի կողմից և սույն հաշտության համաձայնությամբ տալիս են իրենց համաձայնությունը, որ հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանը դիմի իրավասու վարչական մարմնին և համապատասխան ընթացակարգով դրանք ամբողջությամբ օրինականացնի իր անվամբ...» (հատոր 1-ին, գ.թ. 16-20).

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2013 թվականի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0667/02/13 վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ Կարինե Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0667/02/13 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 9-15).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.01.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.11.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0667/02/13 որոշման դեմ Կարինե Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 24-25).

5) 15.04.2014 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 150472014-01-0133 վկայականի համաձայն` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 բնակելի տունը գրանցված է Սուսաննա Ժուվելի Հովհաննիսյանի անվամբ (հիմք` առուվաճառքի 24.11.1987 թվականի թիվ 24975 պայմանագիրը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի ԵԱՔԴ/0667/02/13 վճիռը, Երևանի քաղաքապետի 07.04.2014 թվականի թիվ 1320-Ա որոշումը): «Շինության բնութագրով» գրանցված իրավունքի չափը` 30 քմ: «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում առկա է նշում` 149,5 քմ մակերեսով ինքնակամ շինությունների և 2 ինքնակամ բացված պատուհանների, ինչպես նաև 202 քմ մակերեսով հողամասի` Գրիգոր Զախարյանի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանելիության մասին (հատոր 1-ին, գ.թ. 6).

6) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Ավետիսյանի կողմից 23.09.2014 թվականին կազմված արձանագրության համաձայն` պարզվել է, որ «ինքնակամ կառույցը, որում բնակվում է Կարինե Մարտիրոսյանը, կառուցված է Սուսաննա Հովհաննիսյանին համասեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15042014-010133) և Կարինե Մարտիրոսյանը նշված տարածքում գտնվելու և այն տիրապետելու որևէ հիմք չունի (հատոր 1-ին, գ.թ. 70).

7) Սույն գործով հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանը պահանջել է վտարել Կարինե Մարտիրոսյանին Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 հասցեի տարածքից` հիմքում դնելով այն հանգամանքը, որ պատասխանող Կարինե Մարտիրոսյանն առանց որևէ օրինական հիմքի զբաղեցնում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող 149,5 քմ մակերեսով ինքնակամ կառույցի մի մասը և հրաժարվում է դուրս գալ այդ տարածքից (հատոր 1-ին, գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 274-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի կողմից գույքն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու իրավական կարգավորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով սեփականության ներքո գտնվող գույքի բաժնային և համատեղ սեփականության իրավունքի իրավական ռեժիմները, միաժամանակ ամրագրել է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը մասնակիցների կողմից միասին տիրապետելու և օգտագործելու ընդհանուր կարգ, ընդ որում, ելնելով համասեփականատերերի հայեցողությունը հաշվի առնելու պահանջից, հնարավորություն է վերապահել համասեփականատերերին` փոխադարձ համաձայնությամբ սահմանելու տիրապետման և օգտագործման այլ կարգ:

Վերը նշվածից հետևում է, որ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման այլ կարգ նախատեսված չլինելու դեպքում նշված գույքը կարող է տիրապետվել և օգտագործվել բացառապես բոլոր մասնակիցների համաձայնությամբ, որը կոչված է ապահովելու համասեփականատերերից յուրաքանչյուրի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գույքը միասին տիրապետելու և օգտագործելու իրավունքի իրացումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջելու միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերոգրյալ նորմերի համադրման արդյունքում արձանագրել է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքն այլ անձանց կողմից ապօրինի տիրապետվելու պայմաններում համատեղ սեփականության մասնակիցներից որևէ մեկը զրկված չէ հետ պահանջելու իր գույքն ապօրինի տիրապետողից, եթե անգամ առկա չէ մյուս մասնակիցների համաձայնությունը գույքն այլ անձանց տիրապետումից հետ պահանջելու վերաբերյալ: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետը չի սահմանափակում մասնակցի սեփականության իրավունքի պաշտպանությունն ընդդեմ ապօրինի տիրապետող անձանց, եթե անգամ առկա չէ բոլոր մասնակիցների համաձայնությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել, որ պատասխանողը զբաղեցնում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող տարածքը: Միաժամանակ Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող տարածքը զբաղեցնում է որևէ օրինական հիմքով, հանգել է այն հետևության, որ հայցվորի պահանջը ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «թիվ ԵԱՔԴ/1500/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով հաստատված հանգամանքները սույն գործի նկատմամբ կարող են նախադատելի նշանակություն ունենալ այնքանով, որ թիվ ԵԱՔԴ/0667/02/13 քաղաքացիական գործով հաստատված հաշտության համաձայնությամբ և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականով որոշված չէ վիճելի ինքնակամ կառույցը կոնկրետ հայցվորին պատկանելիության հարցը, իսկ թիվ ԵԱՔԴ/1500/02/11 քաղաքացիական գործով, որպես հաստատված հանգամանք, ըստ էության, արձանագրվել է, որ ինքնակամ շինության մի մասը կառուցված է առաջին հարկի սեփականատիրոջ շինության վերևում, այլ անձին պատկանող հողամասի վրա, իսկ հայցվորը ք. Երևան, Ա. Տիգրանյան փողոցի 28 տան երկրորդ, այլ ոչ թե առաջին հարկի սեփականատերն է» և գտել է, որ «սույն դեպքում հայցվորը պետք է ապացուցեր վիճելի շինության նկատմամբ իր միանձնյա սեփականատեր համարվելու փաստը, ինչը գործի քննության ընթացքում չի ապացուցել»:

Մինչդեռ վերը շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/1500/02/11 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ հիմնավորվում է, որ հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի սեփականությանն է անցել 293,9 քմ մակերեսով հողամաս, որից 202 քմ մակերեսով հողամասը հայցվոր Սուսաննա Հովհաննիսյանի և Գրիգորի Զախարյանի ընդհանուր համատեղ սեփականությունն է, իսկ մնացած 91,9 քմ մակերեսով հողամասը թողնվել է Սուսաննա Հովհաննիսյանին` միանձնյա սեփականության իրավունքով: Նշված հաշտության համաձայնության կողմերն ընդունել են, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տունը բաժանված է երկու մասերի` առանձին մուտքերով, որոնցից երկրորդ հարկն ամբողջությամբ պատկանում է Սուսաննա Հովհաննիսյանին, իսկ առաջին հարկը` Գրիգորի Զախարյանին: Սուսաննա Հովհաննիսյանը, Գրիգորի Զախարյանը, Սամվել Խուդաբաշյանը և Մանուշ Խուդաբաշյանը համաձայնվել են, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի ինքնակամ կառույցները, ինչպես նաև Սուսաննա Հովհաննիսյանին պատկանող 91,9 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացվեն Սուսաննա Հովհաննիսյանի անվամբ, քանի որ դրանք իրականացվել են վերջինիս կողմից:

15.04.2014 թվականին, վերը նշված վճռի հիման վրա Սուսաննա Հովհանիսյանին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 150472014-01-0133 վկայականը, որով հաստատվում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 բնակելի տունը գրանցված է Սուսաննա Հովհաննիսյանի անվամբ, որի անբաժանելի մասը հանդիսացող «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում առկա է նշում` 149,5 քմ մակերեսով ինքնակամ շինությունների և 2 ինքնակամ բացված պատուհանների, ինչպես նաև 202 քմ մակերեսով հողամասի` Գրիգոր Զախարյանի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանելիության մասին:

Սույն գործում առկա` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Ավետիսյանի կողմից 23.09.2014 թվականին կազմված արձանագրության համաձայն` ինքնակամ կառույցը, որում բնակվում է Կարինե Մարտիրոսյանը, կառուցված է Սուսաննա Հովհաննիսյանին համասեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա: Սույն գործում առկա չէ Սուսաննա Հովհաննիսյանին համասեփականության իրավունքով պատկանող հողամասը համատեղ սեփականատերերի կողմից Կարինե Մարտիրոսյանի օգտագործմանը տրամադրելու վերաբերյալ որևէ համաձայնություն:

Հաշվի առնելով սույն գործի փաստերի և համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բոլոր մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ տիրապետելու և օգտագործելու վերաբերյալ այլ կարգ սահմանված չլինելու իրավահարաբերությունների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընդհանուր սեփականության սուբյեկտները, միմյանց հետ գտնվելով գույքային շահերով փոխադարձ կապվածության և կախվածության մեջ, կրում են պարտավորություն` իրականացնելու միասնական նպատակ հետապնդող փոխադարձ համաձայնեցված գործողություն: Հետևաբար համատեղ սեփականության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հետ պահանջելու ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից:

Սույն գործով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Հովհաննիսյանի հայցի առարկան Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 28/1 հասցեի տարածքից Կարինե Մարտիրոսյանին վտարելն է: Հետևաբար Սուսաննա Հովհաննիսյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, զրկված չէ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը, տվյալ դեպքում ինքնակամ կառույցներով զբաղեցրած տարածքը Կարինե Մարտիրոսյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր և իրավաչափ է Սուսաննա Հովհաննիսյանի հայցի բավարարումը Դատարանի կողմից, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ գնահատելով սույն գործի փաստերը, սխալ եզրահանգման է եկել նաև գործի ելքի վերաբերյալ:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Սուսաննա Հովհաննիսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Սուսաննա Հովհաննիսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կարինե Մարտիրոսյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2014 թվականի վճռին:

2. Կարինե Մարտիրոսյանից հօգուտ Սուսաննա Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ`  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵԱՔԴ/2404/02/14
Որոշում