Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ 20-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ 20-ՐԴ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ թիվ թիվ

    դատարանի որոշում                                 ՎԴ/8383/05/12  

    Վարչական գործ թիվ ՎԴ/8383/05/12                  2014 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան  

                       Ա. Առաքելյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Հակոբյանի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Տիգրան Հակոբյանի` ՀՀ պետական բյուջեի օգտին 22.509.367 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Տիգրան Հակոբյանից բռնագանձել 22.509.367 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2014 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն բեկանվել է Դատարանի վճիռը և փոփոխվել` որոշվել է հայցը բավարարել մասնակիորեն` Տիգրան Հակոբյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել ԱԱՀ` 21.624.292 ՀՀ դրամ, որից ապառք` 16.232.313 ՀՀ դրամ, տույժ` 2.824.370 ՀՀ դրամ, տուգանք` 2.567.609 ՀՀ դրամ: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Հակոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է»Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ 20-րդ 22-րդ հոդվածները, գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ 24-րդ 25-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ 5-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ 8-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ Տեսչությունը Տիգրան Հակոբյանին նախապես չի տեղեկացրել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքն իբրև կազմել է 143.936.984 ՀՀ դրամ, և որպես ապացույց ճանաչել է այնպիսի փաստաթուղթ, որի կազմմանը և ձևավորմանը պատասխանողը չի մասնակցել:

Մինչդեռ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 12.09.2012 թվականի թիվ ԱՏ-11/09/2012-1-0230 տեղեկանքի և դատաշինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում տրված փորձագետի եզրակացության համաձայն վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմել է 63.659.443 ՀՀ դրամ: Գործում առկա նշված գրավոր ապացույցները, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել:

Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելու համար հիմք է ընդունել Տեսչության կողմից ներկայացված ապացույցն առ այն, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 143.936.984 ՀՀ դրամ, մինչդեռ նշված ապացույցն ըստ էության անթույլատրելի ապացույց է, քանի որ հանդիսանում է վարչական մարմինների ներքին համագործակցության արդյունք: Ավելին, Կադաստրի կողմից Տիգրան Հակոբյանին տրամադրվել է պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 63.659.443 ՀՀ դրամ, որպիսի տեղեկությունը պետք է բավարար լիներ Տեսչության համար:

Տվյալ դեպքում պատասխանողը կատարել է իր հարկային պարտավորությունները, իսկ Տեսչությունը, որպես վարչական մարմին, հարկատուի հետ հարաբերություններում չի պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տիգրան Հակոբյանը հանդիսացել է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի սեփականատերը: 10.05.2012 թվականին վերը նշված անշարժ գույքը վաճառվել է այլ անձի` 55.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 97).

2) Տիգրան Հակոբյանին հասցեագրված Կադաստրի 12.09.2012 թվականի թիվ ԱՏ-11/09/2012-1-0230 տեղեկանքի համաձայն Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող Տիգրան Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային արժեքը 04.05.2012 թվականի դրությամբ կազմել է 63.659.443 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 40).

3) 2012 թվականի 2-րդ եռամսյակի ֆիզիկական անձի իրականացված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի համաձայն` Տիգրան Հակոբյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչություն (այսուհետ` Արմավիրի տեսչություն) է ներկայացրել նշված հաշվարկը, որի 10-րդ տողում պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ն կազմում է 885.084 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 17).

4) Տիգրան Հակոբյանը 22.08.2012 թվականին դիմում է ներկայացրել Տեսչություն և հայտնել, որ Արմավիրի տեսչությունն ունի իրեն տրամադրված ֆիզիկական անձի հարկային կոդ և ցանկանում է օրենքով սահմանված կարգով իր կողմից ներկայացվող հարկային հաշվետվությունները, այդ թվում Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի առուվաճառքի մասով ԱԱՀ-ի հաշվարկը և համապատասխան հաշվետվությունը ներկայացրել Արմավիրի տեսչություն (հատոր 1-ին, գ.թ. 9).

5) Արմավիրի տեսչության 06.02.2012 թվականի թիվ 3065/2 տեղեկանքի համաձայն Տիգրան Հակոբյանը, ըստ Արմավիրի տեսչություն ներկայացրած ֆիզիկական անձի իրականացված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի, բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունի (հատոր 1-ին, գ.թ. 16).

6) 04.03.2013 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության որոշմամբ Տիգրան Հակոբյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Քրեական գործի հարուցումը մերժելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ կատարվել է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկ, որի արդյունքում նշված անշարժ գույքի օտարումից առաջացած հարկի գումարը կազմել է 885.084 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վճարվել է (հատոր 1-ին, գ.թ. 28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ շենքերի, շինությունների իրացման ժամանակ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունն օրենքով սահմանված դեպքերում կադաստրային արժեքով որոշելու համար վերաբերեի և թույլատրելի ապացույցների հարցին:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, բացառությամբ նույն հոդվածով և նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: Ապրանքի մատակարարում է համարվում նաև ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը):

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ նույն կետով նախատեսված դեպքի:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա նույն օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը, ընդ որում, շինությունների հարկման բազա է համարվում նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների մեկնաբանությանը, նախկինում կայացրած որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անշարժ գույքի սեփականատեր հարկատուն կաշկանդված չէ գույքն իր հայեցողությամբ որոշված գնով օտարելու հարցում, այդ թվում նաև իրական արժեքից էականորեն ցածր գնով: Սակայն հարկային պարտավորությունը հաշվարկելիս հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը, իսկ դրա բացակայության դեպքում` գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ շենքերի, շինությունների իրացման ժամանակ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս որպես նվազագույն արժեք առնվազն պետք է ընդունվի տվյալ շինության կադաստրային արժեքը: Քննարկվող հարաբերության նմանատիպ կարգավորում նախատեսված է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետով և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (տե՛ս, «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչության թիվ ՎԴ/3112/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հարկ վճարողն է պարտավոր ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ հարկերի ճիշտ հաշվարկը և ժամանակին վճարումը ապահովելու համար, որպիսի պայմաններում, անդրադառնալով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս որպես նվազագույն արժեք տվյալ շինության կադաստրային արժեքը հիմք ընդունելուն, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկ վճարողը պարտավոր է համապատասխան մարմնից ձեռք բերել անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկություն, որի հիման վրա էլ պետք է հաշվարկի և վճարի ավելացված արժեքի հարկը:

Գործի քննության պահին գործող (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին)` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Հակոբյանը 10.05.2012 թվականին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Գործում առկա` Տիգրան Հակոբյանին հասցեագրված Կադաստրի 12.09.2012 թվականի թիվ ԱՏ-11/09/2012-1-0230 տեղեկանքի համաձայն` Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող Տիգրան Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային արժեքը 04.05.2012 թվականի դրությամբ կազմել է 63.659.443 ՀՀ դրամ: 2012 թվականի 2-րդ եռամսյակի ֆիզիկական անձի իրականացված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի համաձայն` Տիգրան Հակոբյանը Արմավիրի տեսչություն է ներկայացրել նշված հաշվարկը, որի 10-րդ տողում պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ն կազմել է 885.084 ՀՀ դրամ: Արմավիրի տեսչության 06.02.2012 թվականի թիվ 3065/2 տեղեկանքի համաձայն` Տիգրան Հակոբյանն ըստ Արմավիրի տեսչություն ներկայացրած ԱԱՀ հաշվարկի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունի:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելիս պատճառաբանել է, որ գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Մյասնիկյան պողոտա թիվ 1/5 հասցեում գտնվող, Տիգրան Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային արժեքը 04.05.2012 թվականի դրությամբ կազմել է 63.659.443 ՀՀ դրամ, որի նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին. ՀՀ օրենքի 6-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան պատասխանող Տիգրան Հակոբյանի կողմից Արմավիրի տեսչություն է ներկայացվել 2012 թվականի 2-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկ և կատարվել է 885.084 ՀՀ դրամի վճարում այդ հաշվարկին համապատասխան: Վերոգրյալը հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 04.03.2013 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը փոփոխելով, նշել է, որ Տեսչությունը, Կադաստրի «Երևան» տարածքային ստորաբաժանումից ստացել է տեղեկություն այն մասին, որ Երևանի Մյասնիկյան պողոտա թիվ 1/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության օտարված գույքի (ավտոտեխսպասարկման կայան) կադաստրային արժեքը կազմել է 143.936.984 ՀՀ դրամ և արդյունքում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 30.12.2010 թվականի թիվ 1775-Ն որոշմամբ, հաշվարկել է ավելացված արժեքի հարկ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Տեսչությունը ղեկավարվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներով, որի համաձայն` վերջինս անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկություն է ստանում Կադաստրից, գտել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Կ. Խանջյանը չէր կարող գնահատել վեճի առարկային առնչվող անշարժ գույքի կադաստրային արժեքը, իսկ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 06091307 փորձագիտական եզրակացությունը, Կադաստրի 04.02.2014 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների/սահմանափակումների վերաբերյալ» տեղեկանքը սույն գործի լուծման համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող` մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ 1-ին մասի հիմքով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կադաստրի կողմից Տիգրան Հակոբյանին տրված տեղեկության համաձայն` Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը 04.05.2012 թվականի դրությամբ կազմել է 63.659.443 ՀՀ դրամ, որպիսի տեղեկության հիման վրա էլ Տիգրան Հակոբյանը կազմել և Տեսչություն է ներկայացրել 2012 թվականի 2-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկը, և այդ հաշվարկին համապատասխան` կատարել է 885.084 ՀՀ դրամի վճարում, իսկ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տիգրան Հակոբյանը, որպես հարկ վճարող, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ավելացված արժեքի հարկը ճիշտ հաշվարկելու պարտավորությունը կատարելու համար պետք է Կադաստրից ստանար անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկություն, հետևաբար Կադաստրի 12.09.2012 թվականի թիվ ԱՏ-11/09/2012-1-0230 տեղեկանքը սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույց է, որը 2012 թվականի 2-րդ եռամսյակի ֆիզիկական անձի իրականացված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի և Արմավիրի տեսչության 06.02.2012 թվականի թիվ 3065/2 տեղեկանքի հետ համակցության մեջ ապացուցում է Տիգրան Հակոբյանի կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և օրենքով սահմանված ժամկետներում ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկելու, 10.05.2012 թվականին իրականացրած անշարժ գույքի գործարքի համար նախատեսված ԱԱՀ-ի հաշվարկը Արմավիրի տեսչություն ներկայացնելու և օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հաշվարկի հիման վրա առաջացած հարկային պարտավորությունները կատարելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը բավարարելու համար հիմք ընդունված` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 23.07.2012 թվականի գրությանը, որին կից ներկայացվել է Կադաստրի կողմից տրամադրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ 2012 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների տեղեկությունները, որոնց համաձայն` Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 ավտոտեխսպասարկման կայանի կադաստրային արժեքը կազմում է 143.936.984 ՀՀ դրամ, ապա վերը նշված ապացույցների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստաթուղթը չէր կարող դրվել Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում, քանի որ Կադաստրի կողմից միևնույն օբյեկտի կադաստրային արժեքների վերաբերյալ հարկային մարմնին և հարկ վճարողին տրված տեղեկություններում առկա է հակասություն, որը, սակայն, չի կարող կիրառվել ի վնաս հարկ վճարողի, հատկապես այն դեպքում, երբ վերջինս արդեն իսկ իրեն տրամադրված տեղեկության հիման վրա հաշվարկել և կատարել է հարկային պարտավորությունը: Դեռ ավելին, նշված հանգամանքը հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 04.03.2013 թվականին որոշմամբ, համաձայն որի` կատարվել է Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկ, որի արդյունքում նշված անշարժ գույքի օտարումից առաջացած հարկի գումարը կազմել է 885.084 ՀՀ դրամ, որը վճարվել է: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունված ապացույցը` գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ, չէր կարող դիտվել որպես արժանահավատ ապացույց:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վեճը լուծելիս իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ սույն գործով վեճի առարկային առնչվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմել է 63.659.443 դրամ, որի հիման վրա էլ Տիգրան Հակոբյանը հաշվարկել և վճարել է ավելացված արժեքի հարկը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 04.07.2013 թվականի վճռին:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունից հօգուտ Տիգրան Հակոբյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 675.281 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.09.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 655.281 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.10.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ՎԴ/8383/05/12
Որոշում