ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/3693/05/10
դատարանի որոշում 2014 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3693/05/10
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան
Դատավորներ` Հ. Բեդևյան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Սարգսյանի ընդդեմ Նախարարության, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձինք ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ քաղաքաշինության նախարարի (այսուհետ` Նախարար) 01.04.2010 թվականի թիվ 44 հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվել Նախարարի 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2010 թվականի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակի 19-րդ կետը վերացնելու, Նախարարի 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2010 թվականի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակի 19-րդ կետի պահանջը կատարելուն պարտավորեցնելու` պարտադրելով իր ընտանիքին հանձնել հատկացված` Գյումրիի «Մուշ-2» թաղամասի 2-րդ շենքի թիվ 17 երկսենյականոց բնակարանը կամ համարժեք այլ երկսենյականոց բնակարան հատկացնելուն պարտադրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Սարգսյանը պահանջել է վերացնել Նախարարի 01.04.2010 թվականի թիվ 44 հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվել Նախարարի 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2010 թվականի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակի 19-րդ կետը վերացնելու մասին հրամանը, Նախարարությանը պարտավորեցնել կատարելու Նախարարի 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2010 թվականի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակի 19-րդ կետի պահանջը, պարտադրել իր ընտանիքին հանձնել հատկացված` Գյումրիի «Մուշ-2» թաղամասի 2-րդ շենքի թիվ 17 երկսենյականոց բնակարանը կամ հատկացնել այլ համարժեք երկսենյականոց բնակարան:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը, խախտել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» 15.08.2001 թվականի թիվ ՀՕ-203 ՀՀ օրենքի 5-րդ գլխի 5.1 բաժնի և ՀՀ կառավարության 12.06.2008 թվականի թիվ 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի դրույթները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործի փաստերից հետևում է, որ երկրաշարժի հետևանքով քանդված ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սվերդլովի (Ղորղանյան) փողոցի 115-րդ շենքի թիվ 16 երկսենյականոց բնակարանում երկրաշարժի պահին բնակվող ընտանիքն ունեցել է հետևյալ կազմը` բնակարանի վարձակալ Սամսոն Կարապետյանը, կինը` Աիդա Կարապետյանը և երեխաները` Լևոն Կարապետյանը, Գայանե Սարգսյանը, ինչպես նաև վերջինիս երեխաներ Քնարիկ և Կարեն Սարգսյանները: Երկրաշարժից հետո` 1994 թվականին, Լևոն Կարապետյանի 6 անձից բաղկացած ընտանիքին, որոնց թվում են նաև Սամսոն և Աիդա Կարապետյանները, հատկացվել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 4-րդ շենքի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը: Այսինքն` երկրաշարժի հետևանքով քանդված երկսենյականոց բնակարանում բնակվող ընտանիքի մի մասը նախորդ տարիներին ստացել է նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ավելի չափով բնակարան: Նշվածի հիմքով էլ Գայանե Սարգսյանի ընտանիքը հանվել է բնակարան ստացողների ցուցակից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գայանե Սարգսյանի ընտանիքին եղբոր ընտանիքի մի մաս համարելը հիմնավոր չէ, սակայն հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գայանե Սարգսյանը երկրաշարժի պահին արդեն իսկ ամուսնացած է եղել, ուստի Գայանե Սարգսյանի ընտանիքին առանձին բնակարան հատկացնելն օրինական չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2013 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հանձնաժողովի նիստի թիվ 5 արձանագրության 06.03.2010 թվականի քաղվածքի համաձայն` 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանում կատարված փոփոխությունների շրջանակում ուժը կորցրած է ճանաչվել 2-րդ հավելվածի 19-րդ կետը, որով երկսենյականոց բնակարան ստացողների ցուցակում ընդգրկվել էր Գայանե Սարգսյանի 6 անձից բաղկացած ընտանիքը, վերջիններս մասնակցել են 12.02.2012 թվականի բնակարանների բաշխման վիճակահանությանը և ստացել են Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի 2-րդ շենքի թիվ 17 բնակարանի հավաստագիրը, սակայն հետագայում ի հայտ է եկել այն փաստը, որ Գայանե Սարգսյանի` երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրի քաղաքի Սվերդլովի (Ղորղանյան) փողոցի 115-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող երկսենյականոց բնակարանի դիմաց նրա եղբայրը` Լևոն Կարապետյանն ընտանիքի 6 անձով ստացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 4 շենքի 47 հասցեում գտնվող 3-սենյականոց բնակարանը: Մինչդեռ, եթե անգամ Լևոն Կարապետյանի և Գայանե Սարգսյանի ընտանիքները համարվեն մեկ ընտանիք, ապա Լևոն Կարապետյանի ընտանիքին բնակարան հատկացնելը չի կարող դիտվել Գայանե Սարգսյանի հաշվառման վերցված ընտանիքի բնակարանային պայմանների այնպիսի բարելավում, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի կողմից 09.11.1971 թվականին տրված թիվ 16 օրդերի համաձայն` Լենինականի քաղսովետի գործկոմի որոշմամբ Լենինականի Սվերդլովի (Ղորղանյան) փողոցի թիվ 115-րդ շենքի 4-րդ հարկի երկսենյականոց թիվ 16 բնակարանը հատկացվել է Սամսոն Կարապետյանին` ընտանիքի երեք անդամի կազմով, կինը` Աիդա Կարապետյան, տղան` Լևոն Կարապետյան, աղջիկը` Գայանե Կարապետյան (հատոր 1-ին, գ.թ. 37).
2) ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրու անձնագրային բաժանմունքի կողմից Գյումրի քաղաքի Ղորղանյան թիվ 115-րդ շենքի թիվ 16 բնակարանի վերաբերյալ 18.11.2009 թվականին տրված «Քաղվածք թիվ 17(18) Ձևից» տեղեկանքի համաձայն` Գյումրի քաղաքի Ղորղանյան 115-րդ շենքի թիվ 16 բնակարանում հաշվառված են Կարապետյան Սամսոնը` 16.09.1972 թվականից, Կարապետյան Աիդան` 16.09.1972 թվականից, Կարապետյան Լևոնը` 06.07.1977 թվականից, Կարապետյան Նունեն դուրս է գրվել 1995 թվականին, Սարգսյան Գայանեն հաշվառվել է 29.12.1978 թվականից, Սարգսյան Գևորգը հաշվառվել է 27.09.1990 թվականին, Սարգսյան Քնարիկը` 28.11.2003 թվականին, Սարգսյան Կարենը` 11.12.2007 թվականին, Սարգսյան Աննան` 31.10.2007 թվականին, Սարգսյան Անուշն անձնագիր չունի (հատոր 1-ին, գ.թ.34).
3) Գյումրու քաղաքապետարանի բնակարանային բաժնի կողմից 02.11.2007 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Սվերդլովի (Ղորղանյան) թիվ 115-րդ շենքի թիվ 16 բնակարանի դիմաց 13.12.1994 թվականին Գյումրու քաղխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 30 որոշմամբ Լևոն Կարապետյանն ընտանիքի 6 անձով ստացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 4-րդ շենքի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 21).
4) Նախարարության հավաստագրի համաձայն` «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրով» կառուցված թիվ 2-րդ շենքի թիվ 17 երկսենյականոց բնակարանը հանձնվում է Գայանե, Գևորգ, Քնարիկ, Կարեն, Աննա, Անուշ Սարգսյաններին: Վերոնշյալ անձանց կողմից տիրապետվող ժամանակավոր կացարանները 2010 թվականի մայիս ամսվա ընթացքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին չհանձնելու դեպքում սույն հավաստագիրը համարվում է ուժը կորցրած, և հավաստագրով բնակարանի ձեռքբերման իրավունք ունեցող անձինք զրկվում են սույն ծրագրի շրջանակներում բնակարանի ստացման իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 22).
5) Հանձնաժողովի նիստի թիվ 21 արձանագրության 26.12.2009 թվականի քաղվածքի համաձայն` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից 2009 թվականին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում` երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակում, համաձայն թիվ 2 հավելվածի, ընդգրկվել են Գայանե, Գևորգ, Քնարիկ, Կարեն, Աննա, Անուշ Սարգսյանները (հատոր 1-ին, գ.թ. 110-111).
6) Հանձնաժողովի նիստի թիվ 5 արձանագրությունից 06.03.2010 թվականի քաղվածքի համաձայն` 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանում կատարված փոփոխությունների շրջանակում ուժը կորցրած է ճանաչվել 2-րդ հավելվածի 19-րդ կետը, որով երկսենյականոց բնակարան ստացողների ցուցակում ընդգրկվել էր Գայանե Սարգսյանի 6 անձից բաղկացած ընտանիքը, քանի որ նրա եղբայրը` Լևոն Կարապետյանը, 1994 թվականին ընտանիքի 6 անձով ստացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 4-րդ շենքի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 108-109):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 2-րդ կետը սխալ մեկնաբանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և այդ բնակարանները վարձակալության հանձնելու (հատկացնելու) կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:
i
«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» 15.08.2001 թվականի թիվ ՀՕ-203 ՀՀ օրենքի 5-րդ գլխի 5.1 բաժնի համաձայն` անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձևավորման և աջակցության տրամադրման հետևյալ սկզբունքները` ապահովել բնակարաններով երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան տների սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին:
ՀՀ կառավարության 12.06.2008 թվականի թիվ 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի դրույթների 2-րդ բաժնի համաձայն` ելնելով այն հանգամանքից, որ առկա են լրացուցիչ ուսումնասիրման և առանձնահատուկ քննարկման ենթակա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ՀՀ օրենքով հաստատված աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով ձևավորված պարտավորությունների համաձայն մինչև ՀՀ կառավարության 11.11.1998 թվականի թիվ 701 որոշման ընդունումը նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս չափով բնակարան ստացած և տնակներում բնակվող, ինչպես նաև քաղաքային բնակավայրերում, անհատական բնակարանային ֆոնդում տուն կորցրած ընտանիքների բնակապահովման և ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային բարելավման հարցերը, ներկա փուլում առաջնահերթ կարգով պետական աջակցության շրջանակներում առաջարկվում է անդրադառնալ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը` աղետի գոտու բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված այն ընտանիքների, որոնք և որոնց ընտանիքների մի մասը նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում չեն ստացել բնակարան` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափով:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս պատճառաբանել են, որ Գայանե Սարգսյանին` նրա ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ միասին, եղբոր` Լևոն Կարապետյանի ընտանիքի մի մաս համարելը հիմնազուրկ է: Նկատի ունենալով, որ Գայանե Սարգսյանի` վեց անձից բաղկացած ընտանիքը հանդիսանում է աղետի գոտու բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված ընտանիք, որը և որի մի մասը նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում չի ստացել բնակարան` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափով, ուստի Գայանե Սարգսյանին` նրա ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ միասին, եղբոր` Լևոն Կարապետյանի ընտանիքի մի մաս դիտելու հիմքով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու չդիտարկելը և այդ պատճառաբանությամբ վիճարկվող որոշումները կայացնելն անհիմն են, գտել են, որ երեքսենյականոց բնակարանի տեսքով փոխհատուցում է ստացել Գայանե Սարգսյանի եղբոր` Լևոն Կարապետյանի վեց անձից բաղկացած ընտանիքը, ընդ որում, երկու ընտանիքները որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես մեկ միասնական ընտանիք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի կողմից 09.11.1971 թվականին տրված թիվ 16 օրդերի համաձայն` Լենինականի քաղսովետի գործկոմի որոշմամբ Լենինականի Սվերդլովի (Ղորղանյան) փողոցի 115-րդ շենքի 4-րդ հարկի երկսենյականոց թիվ 16 բնակարանը հատկացվել է Սամսոն Կարապետյանին` ընտանիքի երեք անդամի կազմով, կինը` Աիդա Կարապետյան, տղան` Լևոն Կարապետյան, աղջիկը` Գայանե Կարապետյան:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրու անձնագրային բաժանմունքի կողմից Գյումրի քաղաքի Ղորղանյան թիվ 115-րդ շենքի թիվ 16 բնակարանի վերաբերյալ 18.11.2009 թվականին տրված «Քաղվածք թիվ 17(18) Ձևից» տեղեկանքի համաձայն` Գյումրի քաղաքի Ղորղանյան 115-րդ շենքի թիվ 16 բնակարանում հաշվառված են եղել Կարապետյան Սամսոնը` 16.09.1972 թվականից, Կարապետյան Աիդան` 16.09.1972 թվականից, Կարապետյան Լևոնը` 06.07.1977 թվականից, Կարապետյան Նունեն դուրս է գրվել 1995 թվականին, Սարգսյան Գայանեն հաշվառվել է 29.12.1978 թվականից, Սարգսյան Գևորգը հաշվառվել է 27.09.1990 թվականին, Սարգսյան Քնարիկը` 28.11.2003 թվականին, Սարգսյան Կարենը` 11.12.2007 թվականին, Սարգսյան Աննան` 31.10.2007 թվականին, Սարգսյան Անուշն անձնագիր չունի:
Գյումրու քաղաքապետարանի բնակարանային բաժնի կողմից 02.11.2007 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Սվերդլովի 115 շենքի 16 բնակարանի դիմաց 13.12.1994 թվականին Գյումրու քաղխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 30 որոշմամբ Լևոն Կարապետյանն ընտանիքի 6 անձով ստացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 4-րդ շենքի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը:
Նախարարության հավաստագրի համաձայն` «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրով» կառուցված թիվ 2-րդ շենքի թիվ 17 երկուսենյականոց բնակարանը հանձնվում է Գայանե, Գևորգ, Քնարիկ, Կարեն, Աննա, Անուշ Սարգսյաններին: Վերոնշյալ անձանց կողմից տիրապետվող ժամանակավոր կացարանները 2010 թվականի մայիս ամսվա ընթացքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին չհանձնելու դեպքում սույն հավաստագիրը համարվում է ուժը կորցրած, և հավաստագրով բնակարանի ձեռքբերման իրավունք ունեցող անձինք զրկվում են սույն ծրագրի շրջանակներում բնակարանի ստացման իրավունքից:
Հանձնաժողովի նիստի թիվ 21 արձանագրության 26.12.2009 թվականի քաղվածքի համաձայն` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից 2009 թվականին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում` երկսենյականոց բնակարան ստացող ընտանիքների ցուցակում, համաձայն թիվ 2 հավելվածի, ընդգրկվել են Գայանե, Գևորգ, Քնարիկ, Կարեն, Աննա, Անուշ Սարգսյանները:
Հանձնաժողովի նիստի թիվ 5 արձանագրության 06.03.2010 թվականի քաղվածքի համաձայն` 29.12.2009 թվականի թիվ 319 հրամանում կատարված փոփոխությունների շրջանակում ուժը կորցրած է ճանաչվել 2-րդ հավելվածի 19-րդ կետը, որով երկսենյականոց բնակարան ստացողների ցուցակում ընդգրկվել էր Գայանե Սարգսյանի 6 անձից բաղկացած ընտանիքը, քանի որ նրա եղբայրը` Լևոն Կարապետյանը, 1994 թվականին ընտանիքի 6 անձով ստացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 4-րդ շենքի թիվ 47 երեքսենյականոց բնակարանը:
Վերլուծելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ հիշատակված իրավական ակտերի պահանջները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված «քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները» հասկացությունը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց, հետևաբար Լևոն Կարապետյանը, Սամսոն Կարապետյանը, Աիդա Կարապետյանը և Գայանե Սարգսյանը հանդիսացել են միևնույն ընտանիքի անդամներ, իսկ այդ դեպքում նշված ընտանիքի անդամները (ընտանիքի մի մասը) մինչև ՀՀ կառավարության 11.11.1998 թվականի թիվ 701 որոշման ընդունումը նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում քանդված երկսենյականոց բնակարանի փոխարեն արդեն իսկ ստացել են երեքսենյականոց բնակարան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործի նոր քննություն, որի ընթացքում սույն որոշման պատճառաբանությունների լույսի ներքո պետք է պարզել ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգի» դրույթներին համապատասխան հայցվորի ընտանիքին բնակարան ստացող ընտանիքների հերթացուցակից (հաշվառումից) հանելու ուղղությամբ իրականացված վարչարարության իրավաչափության հարցը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան