Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1253/02/12

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1253/02/12

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ա. Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Իդա Զիրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Իդա Զիրոյանի ընդդեմ Բորիս Գրիգորիի Վենդինի իրավահաջորդ Բորիս Բորիսի Վենդինի` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Իդա Զիրոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2013 թվականի որոշմամբ Բորիս Բորիսի Վենդինի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.04.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իդա Զիրոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բորիս Բորիսի Վենդինը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Իդա Զիրոյանը դատարան է ներկայացրել ներքին առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի` դեռևս 1995 թվականին Բորիս Գրիգորիի Վենդինը հրաժարվել է իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ ուղղությամբ կատարելով գործողություններ, որոնք վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, խոսքը գնում է վիճելի բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սեփականության իրավունքի վկայականն Իդա Զիրոյանի ամուսնուն հանձնելու և Բորիս Գրիգորիի Վենդինի կողմից 1995 թվականին բնակարանից հեռանալու մասին:

Փաստորեն, Բորիս Գրիգորիի Վենդինը, որը հանդիսացել է Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի սեփականատերը, ներքին առուվաճառքի միջոցով 1995 թվականին օտարելով իր անշարժ գույքը հայցվորին և նրա ամուսնուն, նրանց հանձնելով օտարված բնակարանի բանալիները և սեփականության իրավունքի վկայականը, այդ օրվանից կատարել է գործողություններ, որով հրաժարվել է վիճելի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Իդա Զիրոյանի կողմից երրորդ անձանց հետ հարաբերություններում վիճելի բնակարանը` որպես իր սեփական բնակարան, տիրապետելու փաստը հաստատվում է նաև «Արմինե» համատիրության կողմից 28.02.2013 թվականին տրված տեղեկանքով, որում նշված է, որ Իդա Զիրոյանը 2000 թվականից բնակվում է Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանում, կառավարում է վերոնշյալ գույքը, այն է` կատարել է համատիրության կողմից սահմանված բազմաբնակարան շենքերի սպասարկման համար նախատեսված պարտադիր նորմերի վճարումներ: Երրորդ անձանց հետ հարաբերություններում վիճելի բնակարանը որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքը հաստատում է նաև հայցվորի մոր` Օֆիկ Ասատրյանի կողմից Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի էլեկտրասնուցումը իրականացնելու համար «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Արևմուտք» մասնաճյուղին դիմելու և թույլտվություն ստանալու փաստը: Իդա Զիրոյանը 1995 թվականից շուրջ քսաներկու տարի փաստացի տիրապետում է Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.04.2013 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխանով Բորիս Բորիսի Վենդինը, պատճառաբանելով, որ վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման անհրաժեշտ պայմանները բացակայում են, պահանջել է վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 18.07.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի սեփականության իրավունքը գրանցված է Բորիս Գրիգորիի Վենդինի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. Լևոն Զիրոյանի (ներկայումս հանգուցյալ) և Բորիս Գրիգորիի Վենդինի միջև 1995 թվականին կնքվել է վիճելի բնակարանի ներքին առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Բորիս Գրիգորիի Վենդինը` ծնված 27.07.1948 թվականին, հանդիսանալով Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի սեփականատերը, համաձայնվել է վաճառել իր բնակարանը Լևոն Մեխակի Զիրոյանին 6.000 ԱՄՆ դոլարով, ստացել է 5.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է մնացած 1.000 ԱՄՆ դոլարը ստանալով` իրեն պատկանող Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի սեփականատիրոջ իրավունքը հանձնել Լևոն Մեխակի Զիրոյանին: Քանի որ ինքը` Բորիս Գրիգորիի Վենդինը, տեղափոխվում է Ռուսաստան, թույլատրել է Լևոն Մեխակի Զիրոյանին տնօրինել Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքում գտնվող թիվ 10 բնակարանը և նրան է տվել սեփականության վկայագիրը: Նշված պայմանագիրը ստորագրել է Բորիս Գրիգորիի Վենդինը (հատոր 1-ին, գ.թ. 54):

3. Բորիս Գրիգորիի Վենդինը մահացել է 14.12.2006 թվականին Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում (հատոր 1-ին, գ.թ. 18):

4. Բորիս Գրիգորիի Վենդինի որդին է հանդիսանում Բորիս Բորիսի Վենդինը` ծնված 14.10.1969 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 100):

5. Բորիս Բորիսի Վենդինի կողմից Բորիս Գրիգորիի Վենդինի մահից հետո վերջինիս ժառանգությունը ընդունելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ:

6. Իդա Զիրոյանի (Ղամբարյան) և Լևոն Զիրոյանի ամուսնությունը գրանցվել է 06.03.1993 թվականին Երևանի Մաշտոցի շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 12):

7. «Արմինե» համատիրության նախագահ Ռ. Բաղիշյանի կողմից 28.02.2013 թվականին տեղեկանք է տրվել Իդա Զիրոյանին այն մասին, որ նա 2000 թվականից բնակվում է Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանում, հիմքը` հարևանների վկայությունները (հատոր 1-ին, գ.թ. 103):

8. Լուսինե Ազատի Գասպարյանը 26.03.2013 թվականին հայտարարություն է տվել այն մասին, որ տեղեկացել է, որ Բորիս Գրիգորիի Վենդինը վաճառել է իր բնակարանը Իդա և Լևոն Զիրոյաններին և մեկնել Հայաստանից: 2002 թվականից մշտապես տեսել է վերջիններիս նշված բնակարանը ելումուտ անելիս, իսկ Լևոն Զիրոյանի մահից հետո նշված բնակարանը մշտապես տիրապետել է Իդա Զիրոյանն իր տղայի հետ (հատոր 1-ին, գ.թ. 115):

9. Ջուլիետա Երեմի Խաչատրյանը 26.03.2013 թվականին հայտարարություն է տվել այն մասին, որ ներկա է եղել Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանի առուվաճառքի մասին խոսակցությանը, և որ Բորիս Գրիգորիի Վենդինը վաճառել է բնակարանն Իդա և Լևոն Զիրոյաններին և մեկնել է Ռուսաստան, 1995 թվականից Իդա Զիրոյանը փաստացի տիրապետում է բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 119):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այսինքն` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 հասցեի բնակարանն Իդա Զիրոյանի և նրա իրավանախորդի կողմից 10 տարուց ավելի տիրապետվել է բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ` որպես սեփական գույք:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «ներքին առուվաճառքի պայմանագիր» վկայակոչված փաստաթղթի բովանդակությունը վկայում է այն մասին, որ հայցվորի կողմից որևէ ժամանակահատվածում բնակարանի տիրապետումը, եթե այդպիսին իրոք եղել է, չի կարող համարվել բարեխիղճ տիրապետում, քանի որ նշված փաստաթուղթը ենթադրել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում միայն բնակարանի գնի չվճարված մնացորդը վճարվելուց հետո: Հետևաբար, հայցվորը երբևէ չի ունեցել այն համոզմունքի համար բավարար հիմքեր, որ ինքը բնակարանը տիրապետում է բարեխղճորեն, և այն թողնվել է իրեն` ի սեփականություն:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող բնակարանը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս, այլև բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և' տիրապետողի, և' գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Մասնավորապես, 1995 թվականին կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրով սահմանված կարգով վիճելի բնակարանի դիմաց վճարում կատարելու փաստը հիմք են հանդիսացել հայցվորի և նրա իրավանախորդի մոտ այն համոզմունքի ձևավորմանը, որ վերոնշյալ բնակարանն իրենց տիրապետմանն է անցնում օրինական հիմքով: Նման համոզմունքն ամրապնդվել է նաև գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունների (անգործության) արդյունքում: Վերջինիս կողմից բնակարանն ազատելը, այն հայցվորի իրավանախորդի փաստացի տիրապետմանը փոխանցելը (բնակարանի բանալիները հանձնելը), այդ բնակարանի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթի փոխանցելը, 10 տարուց ավելի, մինչև իր մահը, հայցվորի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը կարող էին ակնհայտ վկայել գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին:

Վերոնշյալ փաստերը հաստատվում են գործում առկա հետևյալ ապացույցներով`

1995 թվականին կնքված ներքին առուվաճառքի պայմանագրով, Լուսինե Գասպարյանի և Ջուլիետա Խաչատրյանի գրավոր հայտարարություններով առ այն, որ Բորիս Գրիգորիի Վենդինը վիճելի բնակարանը վաճառել է Իդա և Լևոն Զիրոյաններին և մեկնել է Ռուսաստան, նշված բնակարանը 1995 թվականից փաստացի տիրապետում է Իդա Զիրոյանը, «Արմինե» համատիրության նախագահի տեղեկանքով, ըստ որի` Երևանի Բաշինջաղյան 179-րդ շենքի թիվ 10 բնակարանում 2000 թվականից բնակվում է Իդա Զիրոյանը:

Վերոգրյալ փաստերի գնահատումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանի վճիռը հիմնավոր է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

 

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 թվականի վճռին:

2. Բորիս Բորիսի Վենդինից հօգուտ Իդա Զիրոյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԵԱԴԴ/1253/02/12
Որոշում