Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/3484/05/12

    դատարանի որոշում                                              2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3484/05/12

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Սամվել Ասոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Ասոյանի ընդդեմ Քաղաքապետարանի` վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Սամվել Ասոյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 09.02.2012 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սամվել Ասոյանը պահանջել է առոչինչ ճանաչել Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշումը:

11.06.2012 թվականին վճարման կարգադրությունը վերացվել, և անցում է կատարվել հայցային վարույթի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2013 թվականի որոշմամբ Սամվել Ասոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է Դատարանի 14.12.2012 թվականի վճռի` Սամվել Ասոյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Ասոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, 251-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում առկա ապացույցները: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ 27.10.2011 թվականին Քաղաքապետարան է մուտք եղել Պերճուհի Ասոյանի դիմումը` վարչական իրավախախտման որոշումը վերանայելու մասին, հետևաբար գործը պետք է ուղարկել նոր քննության, պարզելու համար, թե Պերճուհի Ասոյանի հիշյալ դիմումի կապակցությամբ ինչ վարչական վարույթ է իրականացվել, և արդյոք նշված դիմումի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում Քաղաքապետարանի կողմից վարչական ակտ չընդունելու դեպքում վարչական ակտը չի համարվում ընդունված, որը կարող է հանգեցնել Քաղաքապետարանի գումարի բռնագանձման հայցի մերժմանը:

Վերաքննիչ դատարանի նման պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Պերճուհի Ասոյանը դեռևս 14.10.2011 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` խնդրելով մանրամասն ուսումնասիրել վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, որը վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել է, և կայացվել է Քաղաքապետի վիճարկվող որոշումը: 27.10.2011 թվականին Պերճուհի Ասոյանը կրկին նույնաբովանդակ դիմում է ներկայացրել Քաղաքապետարան: Նշված դիմումին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի 08.11.2011 թվականի թիվ 24/8-Ա/64 գրությամբ պատասխանվել է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կարող էր Քաղաքապետարանից պահանջել Պերճուհի Ասոյանի դիմումի կապակցությամբ իրականացված վարչական վարույթի նյութերը, եթե այն համարում էր սույն գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք:

Բացի այդ, Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշումը կարող էր բողոքարկվել միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Տվյալ պարագայում այն կայացվել է 26.10.2011 թվականին, համաձայն փոստային առաքման հետադարձ ծանուցագրի` Սամվել Ասոյանի կողմից ստացվել է 29.10.2011 թվականին, հետևաբար ուժի մեջ է մտել 30.10.2011 թվականին: Սույն հանգամանքը նույնպես բացառում է, որ նշված դիմումի կապակցությամբ իրականացված վարչարարությունը գործի համար կարող է լինել էական նշանակություն ունեցող:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2013 թվականի որոշումը` Սամվել Ասոյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, կայացրել է հիմնավորված և ճիշտ որոշում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ անձը զրկված չէ վարչական ակտը բողոքարկելու իրավունքից, քանի որ սույն գործով վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում չի պարզել մի շարք էական ապացույցներ, չի համադրել դրանք, որի հետևանքով և ենթարկել է վարչական պատասխանատվության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի 1-ին կարգի մասնագետ Վահան Գևորգյանի կողմից կազմվել է 10.10.2011 թվականի թիվ 003976 արձանագրությունը, համաձայն որի` Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանին կից` բակային մասում, Սամվել Ասոյանի կողմից կատարվել է տարածքի ցանկապատում (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

2) Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշմամբ Սամվել Ասոյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, ենթարկվել է վարչական պատասխանատվության, նշանակվել է վարչական տույժ` 200.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 4):

3) Վերաքննիչ դատարանը, 09.04.2013 թվականի դատական նիստի ընթացքում բավարարելով Սամվել Ասոյանի միջնորդությունը, Պերճուհի Ասոյանի վարչական իրավախախտման որոշումը վերանայելու մասին դիմումը 27.10.2011 թվականին Քաղաքապետարանի գրասենյակ հանձնած լինելը հավաստող գրավոր ծանուցումն ընդունել է որպես նոր ապացույց (հատոր 2-րդ, գ.թ. 52-57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ վարույթում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցների ընդունելիության հարցին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն ընդունում է նույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու է ընդունել դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված միայն այն ապացույցները, որոնք վերաբերելի են և գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Սույն գործով առաջին ատյանի դատարանը հայցը բավարարելիս, իսկ հակընդդեմ հայցը մերժելիս պատճառաբանել է, որ վիճարկվող վարչական ակտի առ ոչինչ լինելու մասին պատճառաբանություններում հայցվորը կատարել է դրա հիմքում ընկած օրենքների և իրավական այլ ակտերի նորմերի, դրանց սխալ կիրառելիության և փաստական հանգամանքների վերլուծություն: Դա նշանակում է, որ հայցվորն անդրադարձել է վիճարկվող ակտի անվավերությանը, հետևաբար դատարանն արձանագրել է, որ վիճարկվող ակտը չէր կարող լինել ակնհայտ ոչ իրավաչափ, հետևաբար նաև` առ ոչինչ: Երևանի քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշումը չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, դրա առ ոչինչ լինելը չի հաստատվել տվյալ դատական ակտով, հետևաբար յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Սահմանադրությամբ կամ օրենքներով իր լիազորությունների շրջանակում: Վերոգրյալի հիման վրա` Դատարանը եզրակացրել է, որ Երևանի քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշումն իրավաչափ է, հետևաբար այդ իրավաչափ վարչական ակտի հիման վրա պատասխանողից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում Սամվել Ասոյանը որպես գրավոր ապացույց ներկայացրել է Քաղաքապետարանի գրասենյակ ներկայացված «Ծանուցում» վերնագրով փաստաթուղթը, որի համաձայն` 27.10.2011 թվականի ժամը 12:39-ին Քաղաքապետարանի գրասենյակում ստացվել է Պերճուհի Ասոյանի դիմումը` վարչական իրավախախտման որոշումը վերանայելու մասին: Վերաքննիչ դատարանը, բավարարելով Սամվել Ասոյանի միջնորդությունը, «Ծանուցում» վերնագրով փաստաթուղթն ընդունել է որպես նոր ապացույց և գտել է, որ այդ ապացույցը գործի լուծման համար ունի էական նշանակություն և ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համատեղ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սամվել Ասոյանից 200.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումար բռնագանձելու մասով վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման, և այդ մասով գործը պետք է ուղարկել նոր քննության, քանի որ վերոնշյալ ապացույցի հետ կապված Դատարանը պետք է պարզի Պերճուհի Ասոյանի կարգավիճակը «Վարչական իրավախախտման որոշումը վերանայելու մասին» դիմումի ներկայացման հետ կապված, պետք է հետազոտի այլ ապացույցների, մասնավորապես նշված դիմումի կապակցությամբ իրականացված վարչական վարույթի նյութերի, վկաների ցուցմունքների ձեռք բերելու հնարավորությունն ու նպատակահարմարությունը, իրականացված վարչարարության արդյունքները, որոնք կարող են հանգեցնել բռնագանձման հայցի մերժմանը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, վերլուծելով գործի փաստական հանգամանքները, գտնում է, որ Սամվել Ասոյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված «Ծանուցում» վերնագրով փաստաթուղթը չի կարող սույն գործի համար համարվել էական նշանակություն ունեցող վերաբերելի ապացույց, քանի որ այն ավելի կամ պակաս հավանական չի դարձրել վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի, հետևաբար նշված ապացույցի ապացուցողական ուժի մասով Վերաքննիչ դատարանի արած հետևությունն անհիմն է, և այն չի կարող գործի լուծման համար էական նշանակություն ունենալ, քանի որ Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշմամբ Սամվել Ասոյանն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի տեսքով: Այսինքն` Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/15 որոշմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել Սամվել Ասոյանը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից որպես ապացույց ընդունվել է «Ծանուցում» վերնագրով փաստաթուղթ այն մասին, որ 27.10.2011 թվականի ժամը 12:39-ին Քաղաքապետարանի գրասենյակում Պերճուհի Ասոյանի կողմից ներկայացվել է դիմում` վարչական իրավախախտման որոշումը վերանայելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կարևորելով «Ծանուցում» վերնագրով փաստաթուղթը և Դատարանի վճիռը բեկանելով, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.04.2013 թվականի որոշման` Սամվել Ասոյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով նոր քննության ուղարկելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14.12.2012 թվականի վճռին:

2. Սամվել Ասոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ՎԴ/3484/05/12
Որոշում