ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2043/02/12
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2043/02/12
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2013 թվականի հոկտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` 78.501,96 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամ պարտքը, նշված գումարին հաշվեգրել 28.11.2010 թվականից մինչև դրա փաստացի բռնագանձման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև լուծել փաստաբանական ծախսերի և պետական տուրքի հարցը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 01.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամ պարտքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների` 78.501,96 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 19.09.2012 թվականից մինչև նշված գումարի փաստացի վերադարձման օրը: Հայցը` մնացած մասով, մերժել: Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.570 ՀՀ դրամ պետական տուրքը: Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների երկու տոկոսի չափով պետական տուրքը` մինչև գումարի փաստացի վերադարձման օրը: Դատական ծախսերի հարցը` մնացած մասով, համարել լուծված:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.03.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ, 68-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, պատշաճ չհետազոտելով Ընկերության և «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը և որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ հաստատելով, որ Ընկերությունը Դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց` գումարը վճարված լինելու մասին, հանգել է սխալ եզրահանգման:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը «դատական ծախս» հասկացությունը սահմանել է ոչ թե որպես արդեն իսկ փաստացի վճարված, այլ նաև որպես վճարվելիք գումար, որը ենթադրում է ինչպես արդեն վճարված, այնպես էլ մոտ ապագայում վճարվելիք ծախսերը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում և՛ ծառայություն ստացողը, և՛ այն մատուցողը հանդիսանում են իրավաբանական անձինք, և ծառայության դիմաց գումարը, անկախ այն հանգամանքից` ստացվել է պայմանագրի կնքման պահին, թե որևէ այլ ժամանակահատվածում, ծառայություն մատուցողի կողմից կարող է համարվել ստացված ծառայության մատուցման ավարտից` հաշիվ-ապրանքագիրն ու կատարողական (ավարտական) ակտն ստորագրվելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշումը` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագրով նախատեսված 30.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս չդիտելու մասով, բեկանել և փոփոխել` նշված գումարը ճանաչել որպես դատական ծախս և այն բռնագանձել Կազմակերպությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերության (Հանձնարարող) և Փաստաբանական գրասենյակի (Հանձնակատար) միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Հանձնակատարը պարտավորվում է Հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, մասնավորապես`
ա) իրավաբանական խորհրդատվություն,
բ) փաստաթղթերի ուսումնասիրություն, հայցադիմումի կազմում,
գ) Ընկերության շահերի ներկայացում ՀՀ բոլոր դատարաններում` կապված դատական վեճի հետ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին (գ.թ. 17):
2) Վերոգրյալ պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` հանձնարարության կատարման համար Հանձնարարողը Հանձնակատարին պարտավորվում է անկանխիկ վճարել 30.000 ՀՀ դրամ:
Նույն պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` պայմանագրի 3.1-րդ կետով սահմանված վարձատրությունը Հանձնարարողը Հանձնակատարին վճարում է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում(գ.թ. 18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է Վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, իսկ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումն էական նշանակություն ունի նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանի վարձատրության` որպես դատական ծախսի բաշխման համար անհրաժեշտ ապացույցների ներկայացման հարցին` նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժով փաստաբանի խելամիտ վարձատրությունը ևս հանդիսանում է դատական ծախս, ինչից հետևում է, որ այն սահմանված կարգին համապատասխան ենթակա է բաշխման գործին մասնակցող անձանց միջև:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել նշված իրավադրույթների վերաբերյալ ձևավորած դիրքորոշումը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավական նորմերը, փաստել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: ՈՒստի, փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս` թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Հիմք ընդունելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս ...:
Նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ ...:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ ...:
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով ...:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագրի պայմաններով հանձնարարողը հանձնակատարին վարձատրությունը պետք է վճարի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` որոշակի ժամանակ անց, ապա նման պայմանի առկայությունը կատարվելիք վճարումը հաստատող բավարար ապացույց է:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքվել է թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը, որով Ընկերությունը պարտավորվել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, Կազմակերպությանը վճարել 30.000 ՀՀ դրամ:
Դատարանը, փաստաբանական ծախսերի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարելով լուծված, իր վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց` 30.000 ՀՀ դրամ գումարը Կազմակերպությանը փաստացի վճարելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, մերժել է վերաքննիչ բողոքը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ փաստաբանական ծառայությունների համար կատարվելիք վճարումը հաստատող ապացույցի ներկայացումը ևս բավարար է այդ մասով դատական ծախսերը բաշխելու համար, իսկ սույն գործում առկա է այդպիսի ապացույց, այն է` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը, որով վերջիններս որոշել են հանձնարարության կատարման համար վարձատրության չափը և ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը փաստաբանի վարձատրության մասով դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու հետ կապված սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերի վկայակոչված նորմերը և անտեսել է Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` դրանով խախտելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ինչի արդյունքում էլ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել սույն գործում առկա փաստաբանական ծառայությունների համար կատարվելիք վճարումը հաստատող ապացույցի առկայությունը` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով դատավարական փաստաթղթերի կազմումը (հայցադիմում, միջնորդություն, վերաքննիչ բողոք), թվով չորս դատական նիստերում ներկայացուցչության ապահովումը, գտնում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության նշված չափը` 30.000 ՀՀ դրամ, խելամիտ է, և այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոններով ենթակա է բռնագանձման Կազմակերպությունից հօգուտ Ընկերության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշման` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը դատական ծախսերի մեջ չընդգրկելու մասը և այդ մասով այն փոփոխել` «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար` որպես դատական ծախս:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
ՖԺվհ