Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 7-ՐԴ, 17- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0125/11/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0125/11/12

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                   Երևան  քաղաքաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում` «ՈՒնիվերսամ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինության կողմից օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 83101310 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2010 թվականի հուլիսի 27-ին Հմայակ Արսենյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:

2. 2012 թվականի հունիսի 25-ին մեղադրյալ Հ.Արսենյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին` խնդրելով վերսկսել գործի կասեցված վարույթը և նշանակել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ պաշտպան Ն.Բաղդասարյանի միջնորդությունը մերժվել է:

Վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Ն.Բաղդասարյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Կ.Կարապետյանի 2012 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ մերժվել է:

3. 2012 թվականի օգոստոսի 8-ին պաշտպան Ն.Բաղդասարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերականգնել մեղադրյալ Հ.Արսենյանի խախտված իրավունքները:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել թույլ տրված օրինախախտումը և վերականգնել մեղադրյալ Հ.Արսենյանի խախտված իրավունքներն ու օրինական շահերը:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Նույն որոշմամբ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է 5-օրյա ժամկետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշել է «(...) Հարկային մարմինը հարկվող օբյեկտը և հարկային պարտավորությունը անուղղակի եղանակով հաշվարկել կարող էր միայն, եթե ընկերությունը կատարած լիներ հետևյալ խախտումներից որևէ մեկը. չի ներկայացրել հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշվառման սահմանված փաստաթղթերը, հաշվառումը վարել է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում: Ընդ որում, այդ խախտումները պետք է հանգեցրած լինեն հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունը հաշվարկելու անհնարինության:

Տվյալ դեպքում նշված խախտումներից ոչ մեկն ակտով հիմնավորված և ապացուցված չէ, ակտից հայտնի չէ, թե նշվածներից որ խախտումն է առկա ընկերությունում, ինչ ապացույցներով է հաստատվում այդ ենթադրյալ խախտումը:

Ակնհայտ է, որ փորձագետը նույնպես կարևորել է այն փաստական հանգամանքը, թե արդյոք ապրանքը վաճառվել է բարձր գնով, սակայն ձևակերպվել ցածր գնով, թե ընդամենը վաճառվել է շուկայական գնից էժան գնով:

ՈՒստի դատարանը նույնպես բողոքաբերի ներկայացուցչի այն համոզմանն է, որ ՀՀ վարչական դատարանի վճիռը, 19.01.2009թ. կազմված թիվ 2305186 ակտը և հաշիվ-ապրանքագրերը կարևոր և ելակետային նշանակություն կարող էին ունենալ փորձաքննության համար, որոնք սակայն չեն ներկայացվել փորձագետին և վերջինիս կողմից չեն հետազոտվել, դրանցում առկա փաստական հանգամանքները կարող են էապես ազդել փորձաքննության արդյունքների վրա, ինչը հնարավոր է իրականացնել միայն լրացուցիչ կամ կրկնակի դատահաշվապահական փորձաքննության արդյունքում, ուստի դատարանը գտնում է, որ պետք է սահմանել պարտականություն` վարույթն իրականացնող մարմնին վերացնելու թույլ տրված օրինախախտումը և վերականգնել մեղադրյալ Հմայակ Արսենյանի խախտված իրավունքներն ու օրինական շահերը (...)» (տե՛ս նյութեր, թերթ 60-72):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ձեռք բերված և հետազոտված նյութերի օբյեկտիվ գնահատման արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում և իրավացիորեն բավարարել է Հմայակ Արսենյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը` սահմանելով պարտականություն վարույթն իրականացնող մարմնին` վերացնելու թույլ տրված օրինախախտումը և վերականգնելու մեղադրյալ Հմայակ Արսենյանի խախտված իրավունքներն ու օրինական շահերը, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 112-119):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 18-րդ, 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 17-րդ, 25-րդ, 41-րդ, 103-րդ, 199-րդ, 247-րդ, 260-րդ, 278-րդ, 290-րդ, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածները:

Բողոքաբերը, հիշատակելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարաններում իրականացված դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ լրացուցիչ հաշվապահական կամ այլ բնույթի փաստաթուղթ, որով կհիմնավորվեր կրկնակի փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը և մեղադրյալ Հ.Արսենյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի բողոքը մերժել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանները, իրականացնելով կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դուրս չե՞ն եկել արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից:

11. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Միսակյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (...):

(...) մինչդատական վարույթի ընթացքում քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, որոնք կարող են խախտել դատավարության մասնակիցների իրավունքներն ու ազատությունները կամ խոչընդոտել արդարադատության մատչելիությանը, կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան» (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

12. Անդրադառնալով դատական վերահսկողության սահմաններին` Վճռաբեկ դատարանը Վ.Գրիգորյանի գործով որոշման մեջ փաստել է, որ «(...) եթե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման» (տե՛ս Վալերի Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը):

Զարգացնելով Վ.Գրիգորյանի գործով որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Վ.Մանուկյանի գործով որոշման մեջ նշել է` «(...) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման» (տե՛ս Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը):

13. Սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու հարցի քննությունը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում` դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար (նշված սկզբունքների մասին mսtatis mսtaոdis տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, պաշտպանի բողոքի հիման վրա իրականացնելով կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, եզրահանգել է, որ դրանով խախտվել են մեղադրյալ Հ.Արսենյանի իրավունքներն ու օրինական շահերը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել նշված խախտումները (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը ձեռք բերված և հետազոտված նյութերի օբյեկտիվ գնահատման արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, մերժել է դատախազի բողոքը` նշված դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 13-րդ կետում ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, իրականացնելով կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և մեղադրյալ Հ.Արսենյանի պաշտպանի բողոքի հիման վրա հարուցված դատական վարույթը կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումները բեկանել, մեղադրյալ Հմայակ Բաբկենի Արսենյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի բողոքի հիման վրա հարուցված դատական վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԵԿԴ/0125/11/12
Որոշում