ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0744/06/10
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0744/06/10
Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ղուկասյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ դատախազ Զ. Ստեփանյանի
2011 թվականի մայիսի 11-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.
1. Անհայտ անձի կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Հրաչիկ Աղեկյանին զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց իրացնելու և վերջինիս կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերի թմրամիջոց պահելու փորձի փաստի առթիվ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 15103810 քրեական գործը:
2. 2010 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Հ.Աղեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 17-ի դատավճռով դատապարտված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` կրկին անգամ, առանց իրացնելու նպատակի փորձել է իրականացնել բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն:
3. 2010 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթն իրականացնող մարմինը, նկատի ունենալով, որ Հ.Աղեկյանը կատարել է հանցավոր արարք, որի համար նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով` առավելագույնը 3 տարի ժամկետով, և այն, որ նա ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատվելու է 2011 թվականի մարտի 19-ին և մնալով ազատության մեջ, կարող է խուսափել քննությունից, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, կատարել նոր հանցագործություն, համապատասխան միջնորդություն է հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:
Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժել է մեղադրյալ Հ. Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
4. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազը վերաքննիչ բողոք է բերել:
Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Հ. Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշումը:
5. 2011 թվականի հունվարի 18-ին դատախազը Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել:
Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ վերոնշյալ բողոքը վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
6. Հ.Աղեկյանն Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 17-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով և տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի մարտի 19-ից (տե՛ս նյութեր, 8-11 էջեր):
7. Հ.Աղեկյանը պետք է պատժից ազատվեր 2011 թվականի մարտի 19-ին, իսկ քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է հարուցել 2010 թվականի դեկտեմբերի 6-ին, այսինքն` պատժից ազատվելուց 3 ամիս 13 օր առաջ (տե՛ս նյութեր, 2-3 էջեր):
8. Հ.Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու պահին վերջինս ազատազրկման ձևով պատիժ է կրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (տե՛ս նյութեր, էջ 6):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ դրանում առկա են նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե մեղադրյալ Հ.Աղեկյանը, դատապարտված լինելով և գտնվելով անազատության մեջ, կարողացել է իրականացնել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանն ուղղված գործողություններ, ապա նույն հաջողությամբ կարող է խոչընդոտել թմրամիջոց իրացրած անձին հայտնաբերելուն: Բացի այդ, դատապարտյալն ու կալանավորված անձն իրենց պահման վայրերում տարբեր կարգավիճակներ ունեն. դատապարտյալի կարգավիճակն էապես տարբերվում է կալանավորված անձի կարգավիճակից:
Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը կիսաբաց ուղղիչ հիմնարկ է, և դատապարտյալը կարող է ազատ շփումներ ունենալ ինչպես մյուս դատապարտյալների, այնպես էլ տեսակցությունների միջոցով այլ անձանց հետ, մինչդեռ, քրեական գործի շահերից ելնելով, անհրաժեշտ է սահմանափակել կալանավորված անձի տեղաշարժման, տեսակցությունների հնարավորությունները:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը և բավարարել Հ. Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող` քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրող դատապարտյալի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումը:
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(...)»:
i
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`
1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից,
(...)
4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
(...)»:
14. Նախորդ կետում մեջբերված իրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ ինչպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, այնպես էլ ՀՀ Սահմանադրությունը մեղադրական դատավճռով նշանակված պատիժը կրելու համար անձին անազատության մեջ պահելը, և անձի ձերբակալումն ու կալանավորումը հավասարապես դիտում են անձին ազատությունից զրկելու հիմքեր:
Միևնույն ժամանակ, թե՛ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում, թե՛ ՀՀ Սահմանադրության մեջ կիրառված «ազատությունից զրկում» արտահայտությունը, որպես կանոն, ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ անձը նախապես ազատության մեջ է և իրավաչափ հիմքերի պայմաններում ու օրինական ընթացակարգի արդյունքում դադարում է ազատության մեջ լինելուց: Այլ կերպ` ազատությունից զրկումը ենթադրում է անձի վիճակի փոփոխություն:
15. Նշված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որևէ իրավաչափ հիմքով (օրինակ` հանցագործության համար ազատազրկում պատժատեսակը փաստացի կրելու հիմքով) ազատությունից զրկված վիճակում գտնվող անձը չի կարող վերստին «զրկվել ազատությունից» հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի, նրա կողմից նոր հանցագործության կատարումը կամ փախուստը կանխելու հիմքերով:
16. Նախորդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը հիմնվում է նաև ազատությունից զրկելու հիմքերի, ինչպես նաև կառուցակարգերի (կալանավորում` որպես խափանման միջոց, ու ազատազրկում` որպես պատժատեսակ) համեմատական բովանդակային վերլուծության վրա:
17. Այսպես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը տարբերակում են այն դեպքերը, երբ անձին, պատժի կրման համար նախատեսված համապատասխան վայրում պահելով, ազատությունից զրկում են մեղադրական դատավճիռ կայացնելուց հետո, և երբ անձին ազատությունից զրկում են` ձերբակալելով կամ նախնական կալանքի վերցնելով: Ընդ որում, ձերբակալման կամ կալանավորման պարագայում կոնվենցիոն և սահմանադրական երաշխիքները գործում են այն իրավիճակներում, երբ ազատությունից զրկումը տեղի է ունենում անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:
Բոլոր դեպքերում, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ազատության սահմանափակումները` ձերբակալումը կամ կալանավորումը, ի տարբերություն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից նշանակված ազատազրկման, ունեն պայմանական ու վարույթային բնույթ:
18. Խափանման միջոց, այդ թվում` կալանավորում կիրառելու հիմքերն ամրագրած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու կամ այլ ճանապարհով,
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց,
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
19. Ինչպես բազմիցս ընդգծվել է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներում, կալանավորումը քրեական գործերի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է (տե՛ս Արամ Ճուղուրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը, Աղասի Հովսեփյանի վերաբերյալ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0633/06/09 որոշման 10-րդ կետը): Այն առավելագույն չափով սահմանափակում է մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` այնպիսի կարևոր իրավունք, ինչպիսին ազատության և անձեռնմխելիության իրավունքն է: Կալանավորման էությունն անձին հասարակությունից մեկուսացնելն է: Ինչպես ցանկացած այլ խափանման միջոց, կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կիրառվում է քրեական գործի քննության ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը (այսինքն` այն գործողությունները, որոնք ուղղված են քննությունից և դատից թաքնվելուն, գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելուն, ինչպես նաև հանցավոր գործունեությունը շարունակելուն) կանխելու նպատակով: Փաստորեն, կալանավորման կիրառումը նպատակ է հետապնդում քրեական գործով վարույթի ընթացքում կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը:
Կալանավորումը նաև խափանման բացառիկ միջոց է, քանի որ դրա կիրառման հետևանքով ազատությունից զրկվում է դատարանի դատավճռով դեռևս մեղավոր չճանաչված անձը: ՈՒստի, վերոնշյալ բացառիկության չափանիշից բխում է, որ անձը պետք է ենթարկվի նախնական կալանքի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. առկա է ողջամիտ կասկած, որ անձը կատարել է իրավախախտում, և
2. առկա են հիմնավոր պատճառներ կարծելու, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է
ա) դիմել փախուստի, կամ
բ) կատարել նոր հանցագործություն, կամ
գ) խոչընդոտել արդարադատության իրականացմանը, կամ
դ) լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգին:
20. Ինչ վերաբերում է դատարանի դատավճռով անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իմաստով «ազատազրկում» հասկացության բովանդակությունը բացահայտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում: Նշված հոդվածի համաձայն` «Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է»:
Ազատազրկման ինքնուրույն տեսակ է նաև ցմահ ազատազրկումը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում: Նշված հոդվածի համաձայն` «Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը (...) կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար»:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` «Որոշակի ժամկետով (...) ազատազրկման կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը»:
21. Ազատազրկման` որպես պատժի էությունը դատապարտյալին արտաքին աշխարհից մեկուսացնելն է, որն իրականացվում է նրան հատուկ ազատազրկման վայրերում` ուղղիչ հիմնարկներում տեղավորելու միջոցով. ինչը փաստորեն դատապարտյալի ֆիզիկական մեկուսացումն է:
Ազատազրկումը և ցմահ ազատազրկումը հանդիսանում են առավել խիստ քրեական պատիժները, քանի որ դրանց կրումն ուղեկցվում է դատապարտյալի վրա դրված իրավական սահմանափակումների առավել մեծ ծավալով: Ազատազրկման կատարման դեպքում դատապարտյալի իրավական դրությունը հասարակության այլ անդամների համեմատությամբ խիստ սահմանափակվում է: Մասնավորապես, սահմանադրական, քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, ընտրական իրավունքներում և իրավունքի այլ ճյուղերում նրանց նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառվում են հատուկ սահմանափակումներ: Դա առաջին հերթին վերաբերում է անձնական ազատությանը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության, տեղաշարժման ազատության և այլ սահմանադրական իրավունքներին: Դատապարտյալը զրկվում է ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքից, աշխատանքի ազատ ընտրության, հանգստի իրավունքից, հարազատների և այլ անձանց հետ ազատորեն շփվելու իրավունքից և այլն:
22. Ավելին, օրենսդիրը նախատեսել է նոր հանցագործության համար մեղադրվող դատապարտյալի իրավունքների սահմանափակման հատուկ արտադատական կառուցակարգ: Այսպես, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող` ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ սարքավորված տեղամասերում` այլ դատապարտյալներից մեկուսացված»:
23. Սույն որոշման 16-22-րդ կետերում շարադրված վերլուծությունից հետևում է, որ և՛ ազատազրկման ձևով պատիժ կրող, և՛ կալանքի տակ գտնվող անձը մեկուսացված է հասարակությունից, նրա որոշակի իրավունքներ սահմանափակված են, ինչը հնարավորություն է տալիս կանխել քրեական գործի քննության ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը: Այս պարագայում նվազում են մեղադրյալի` դատական քննությանը չներկայանալու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և հետագայում իրավախախտումներ կատարելու ռիսկերը: Այլ կերպ` եթե անձը ազատազրկման ձևով պատիժ է կրում, ապա, ի տարբերություն ազատության մեջ գտնվող անձի, քննությունից և դատից խուսափելու, գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությունը շարունակելու նրա հնարավորությունները առավելագույն հնարավոր չափով սահմանափակված են:
Հետևաբար ազատազրկում պատժատեսակը կրող անձին կալանավորելու միջնորդությունը առարկայազուրկ է, քանի որ հայցվող խափանման ծավալն արդեն իսկ առկա է:
24. Սույն գործի նյութերից երևում է, որ երբ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին քննիչը միջնորդություն է հարուցել Հ.Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, վերջինս պատիժ է կրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և պատժից պետք է ազատվեր 2011 թվականի մարտի 19-ին: Փաստորեն, միջնորդություն հարուցելու պահին Հ.Աղեկյանը գտնվել է ուղղիչ հիմնարկում` անազատության մեջ, արտաքին աշխարհից մեկուսացված, զրկված ազատ տեղաշարժման, հարազատների և այլ անձանց հետ ազատորեն շփվելու իրավունքից և այլն (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):
Այս իրավիճակում Հ.Աղեկյանը չէր կարող կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները, որոնց դեպքում նրա նկատմամբ կարող էր կիրառվել խափանման միջոց ընդհանրապես և կալանավորում` մասնավորապես: Մանավանդ որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը հնարավորություն է տալիս նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող` ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին պահել նույն հիմնարկների հատուկ սարքավորված տեղամասերում` այլ դատապարտյալներից մեկուսացված (տե՛ս սույն որոշման 22-րդ կետը):
Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ Հ.Աղեկյանը տվյալ պահին գտնվում է անազատության մեջ, կրում է դատարանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը և բավարար հիմքեր չկան ենթադրելու, որ նա կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):
25. Սույն որոշման 13-23-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 24-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անազատության մեջ գտնվող և դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրող դատապարտյալ Հ.Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը հիմնավորված չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտ է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Հրաչիկ Սերգեյի Աղեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան