Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ ԵՎ 26...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ ԵՎ 265-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1071/02/09

    դատարանի որոշում                                               2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1071/02/09

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ն. Տավարացյան

                                 

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի     

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի        

                                              Վ. Աբելյանի       

                                              Ս. Անտոնյանի      

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի       

                                              Գ. Հակոբյանի      

                                              Է. Հայրիյանի      

                                              Ե. Սողոմոնյանի    

 

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Մարզադպրոց) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ադիկ Արդարյանի ընդդեմ Մարզադպրոցի` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ադիկ Արդարյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում` որպես Մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ և Մարզադպրոցից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2010 թվականի որոշմամբ Մարզադպրոցի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզադպրոցը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ադիկ Արդարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ կարգով չի գնահատել Ադիկ Արդարյանի կողմից ներկայացված ազատման հրամանի քաղվածքը և դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Այսպես` Ադիկ Արդարյանը հայցադիմումին կից ներկայացրել է ազատման հրամանի քաղվածքը (այդ քաղվածքն ազատման օրը պատրաստվել և հանձնվել է միայն նրան և որևէ այլ անձի չի տրամադրվել), որը միանշանակորեն և ուղղակիորեն ապացուցում է ազատման հրամանն Ադիկ Արդարյանի կողմից ստացված լինելու փաստը:

Բացի այդ, Ադիկ Արդարյանն ինքն է Դատարանին միջնորդել վերականգնել դատարան դիմելու բաց թողնված ժամկետը, որը ևս մեկ ուղղակի ապացույց է ազատման հրամանը վերջինիս կողմից ստացված լինելու վերաբերյալ: Հակառակ դեպքում Ադիկ Արդարյանը նման միջնորդությամբ չէր դիմի Դատարան և չէր ներկայացնի դրա վերաբերյալ պատճառաբանություններ: Այսպիսով, ակնհայտ է այն հանգամանքը, որ Ադիկ Արդարյանն ստացել է աշխատանքից ազատման հրամանը, սակայն դատարան է դիմել իր իրավունքի իրականացման մեկամսյա ժամկետից հետո: Հետևաբար, սույն գործի վարույթը ենթակա էր կարճման` որպես դատարանի քննությանը ոչ ենթակա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2010 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Մարզադպրոցի վկայակոչած դրույթների պահանջների խախտման վերաբերյալ փաստարկներն անհիմն են, իսկ վճռաբեկ բողոքում չեն հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարզադպրոցի և Ադիկ Արդարյանի միջև 02.05.2006 թվականին կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ադիկ Արդարյանը Մարզադպրոցում ընդունվել է աշխատանքի` որպես մարզիչ-մանկավարժ (հ. 1, գ.թ. 8):

2) Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանի քաղվածքի համաձայն` Ադիկ Արդարյանն ազատվել է աշխատանքից (հ. 1, գ.թ. 51):

3) Ադիկ Արդարյանն իր իրավունքների պաշտպանության համար դատարան ներկայացված 11.09.2009 թվականի հայցադիմումում նշել է, որ հայցադիմումին կից ներկայացնում է աշխատանքից ազատելու մասին հրամանը (հ. 1, գ.թ. 3-4):

4) Հայցադիմումին կից դատարան ներկայացված միջնորդության համաձայն` Ադիկ Արդարյանը խնդրել է դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները համարել հարգելի և ժամկետը վերականգնել` պատճառաբանելով, որ աշխատանքից ազատելու մասին 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանի պատճենը իրեն չի հանձնվել: Միաժամանակ, միջնորդության մեջ նշվել է. «նախկին աշխատանքում վերականգնվելու մասին ինչպես ես, այնպես էլ իմ մարզիկների ծնողները, իրավասու պաշտոնատար անձինք շարունակ դիմումներ ենք գրել ՀՀ Նախագահին, Վարչապետին, Վանաձորի քաղաքապետին և այլ մարմինների: Վանաձորի քաղաքապետարանից և պատասխանողից ստացվել են հուսադրող պատասխաններ, բայց չեն կատարվել, որի պատճառով ես հուսախաբ եմ եղել և սպասելով բաց եմ թողել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը» (հ. 1, գ.թ. 10):

5) Վանաձոր քաղաքի ավագանուն ուղղված Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի 28.06.2007 թվականի գրության համաձայն` «Հանրապետության աթլետիկայի մասնագետների և երկրպագուների զայրույթն է առաջացրել տնօրենի հրամանը` ՀՀ վաստակավոր մարզիչ, վաստակավոր աշխատող, դպրոցի հիմնադիր Ադիկ Արդարյանի... աշխատանքից ազատելը» (հ. 1, գ.թ. 13-14):

6) Վանաձորի քաղաքապետին հասցեագրված Ադիկ Արդարյանի 09.06.2009 թվականի գրության համաձայն` Ադիկ Արդարյանը հայտնել է հետևյալը. «2007 թվականի հունիսից ազատված եմ աշխատանքից, կենսաթոշակային տարիքի պատճառով» (հ. 1, գ.թ. 17):

7) Գործի քննության ընթացքում Մարզադպրոցը մինչև վճիռ կայացնելը վկայակոչել և Դատարան է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում գործի վարույթը կարճելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-608 (ՎԴ) որոշումը և միջնորդել է սույն գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (հ. 1, գ.թ. 92-100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը չի կարգավորում մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանության հարցը, սակայն հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար, այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին:

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Ադիկ Արդարյանն աշխատանքից ազատելու մասին 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանը չի ստացել, գտել է, որ նրա կողմից դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց չի թողնվել, և այն վերականգնելու անհրաժեշտություն չկա:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանն իրավացիորեն հաստատված է համարել աշխատանքից ազատելու մասին հրամանը ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով Ադիկ Արդարյանին հանձնված չլինելու փաստը:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանով Ադիկ Արդարյանն ազատվել է աշխատանքից և իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 11.09.2009 թվականին: Հայցադիմումում Ադիկ Արդարյանը նշել է, որ կից ներկայացնում է աշխատանքից ազատելու մասին հրամանը, իսկ հայցադիմումին կից դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները համարել հարգելի և ժամկետը վերականգնել:

Ավելին, Վանաձոր քաղաքի ավագանուն ուղղված Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի 28.06.2007 թվականի գրության համաձայն` «Հանրապետության աթլետիկայի մասնագետների և երկրպագուների զայրույթն է առաջացրել տնօրենի հրամանը` ՀՀ վաստակավոր մարզիչ, վաստակավոր աշխատող, դպրոցի հիմնադիր Ադիկ Արդարյանի... աշխատանքից ազատելը», իսկ Վանաձորի քաղաքապետին հասցեագրված Ադիկ Արդարյանի 09.06.2009 թվականի գրության համաձայն` Ադիկ Արդարյանը հայտնել է հետևյալը. «2007 թվականի հունիսից ազատված եմ աշխատանքից, կենսաթոշակային տարիքի պատճառով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելով` Ադիկ Արդարյանն ուղղակիորեն ընդունել է Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանը ստացած լինելու հանգամանքը և հաստատապես համոզված է եղել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու հարցում: Հետևաբար, սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Մարզադպրոցի այն պատճառաբանությունը, որ աշխատանքից ազատման հրամանը տրամադրվել է Ադիկ Արդարյանին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ադիկ Արդարյանն իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 11.09.2009 թվականին, այսինքն` բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը:

Սույն գործի քննության ընթացքում Մարզադպրոցը մինչև վճիռ կայացնելը վկայակոչել և Դատարան է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում գործի վարույթը կարճելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-608 (ՎԴ) որոշումը և միջնորդել է սույն գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքերում վեճերի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարաններում գործի քննության ժամանակահատվածում ձևավորված իրավակիրառական պրակտիկան` Վճռաբեկ դատարանը գործի վարույթը կարճելու վերաբերյալ Մարզադպրոցի միջնորդությունը դիտում է որպես հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որը տրվել է մինչև Դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալը և Մարզադպրոցի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի ուժով հիմք էր Դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Ադիկ Արդարյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ԼԴ/1071/02/09
Որոշում