Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ-85-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ-85-ՐԴ, 94-ՐԴ, 102- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵՄԴ/0042/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0042/02/09                      2009 թ.

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյան

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նաիրա Եղիազարյանի ընդդեմ «Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նաիրա Եղիազարյանը պահանջել է վերականգնել աշխատանքում և բռնագանձել աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Եղիազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ և 219-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ-85-րդ, 94-րդ, 102-րդ, 105-րդ, 110-րդ, 111-րդ, 115-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշումը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Նաիրա Եղիազարյանի և Կազմակերպության տնօրենի միջև կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, մինչդեռ առանց Ն. Եղիազարյանին տեղյակ պահելու և պայմանագրի փոփոխման ձևը պահպանելու գործատուի մոտ գտնվող աշխատանքային պայմանագրի օրինակում ժամկետի վերաբերյալ կատարված փոփոխությունները չեն կարող իրավական ուժ ունենալ, հետևաբար այդ հիմքով Նաիրա Եղիազարյանը չէր կարող ազատվել աշխատանքից:

Բացի այդ, Նաիրա Եղիազարյանի 21.11.2008 թվականի թիվ 806 դիմումին գործատուն ընթացք է տվել շուրջ մեկ ամիս հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված է յոթնօրյա ժամկետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Նաիրա Եղիազարյանի կողմից ներկայացված 31.08.2006 թվականի թիվ 071 աշխատանքային պայմանագրի բնօրինակի համաձայն` Նաիրա Եղիազարյանն ընդունվել է աշխատանքի Կազմակերպությունում որպես աշխարհագրության ուսուցչուհի: Աշխատանքային պայմանագրի 6.1 կետով սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 4-5, 58-61), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված 31.08.2006 թվականի թիվ 071 աշխատանքային պայմանագրի պատճենի 6.1 կետում կատարվել է լրացում, այն է` «Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով: 30.08.2008 թ-ից մինչև I կիսամյակի ավարտը` մասն. ընդունելը» (հատոր 1-ին, գ.թ. 62-63):

2. «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված Նաիրա Եղիազարյանի 30.08.2008 թվականի ծանուցման համաձայն` 31.08.2006 թվականի «Ձեզ հետ կնքած աշխատանքային պայմանագրում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. Ընդառաջել Ձեր դիմումին` մինչև նոր մասնագետ ընդունելը տեխնոլոգիա առարկայի 18 ժամը տրվում է Ձեզ (տղաների խումբ)» (հատոր 1-ին, գ.թ. 50), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված Նաիրա Եղիազարյանի 30.08.2008 թվականի ծանուցման համաձայն` «Ձեզ հետ կնքած աշխատանքային պայմանագրում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. Ընդառաջել Ձեր դիմումին` մինչև նոր մասնագետ ընդունելը տեխնոլոգիա առարկայի 18 ժամը տրվում է Ձեզ (տղաների խումբ)» և կատարվել է հետևյալ լրացումը, այն է` «մինչև դեկտեմբերի 25-ը-I կիսամյակի ավարտը» (հատոր 1-ին, գ.թ. 24):

3. «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրով Նաիրա Եղիազարյանը համաձայնվել է պարապել տեխնոլոգիա առարկան տղաների խմբի հետ շաբաթական 18 ժամով (հատոր 1-ին, գ.թ. 6, 51), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրի պատճենի համաձայն` Նաիրա Եղիազարյանը համաձայնվել է «պարապել տեխնոլոգիա առարկան տղաների խմբի հետ շաբաթական 18 ժամով» և կատարվել է հետևյալ լրացումը, այն է` «մինչև I կիսամյակի ավարտը` 25-ը դեկտեմբերի» (հատոր 1-ին, գ.թ. 25):

4. Նաիրա Եղիազարյանը, իր 21.11.2008 թվականի թիվ 806 դիմումի համաձայն, խնդրել է ազատել աշխատանքից` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 57):

5. Կազմակերպության տնօրենի 25.12.2008 թվականի թիվ 066 հրամանի քաղվածքի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ և 111-րդ հոդվածներով Նաիրա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից` պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Հիմք` անձնական դիմումը, թիվ 806 և թիվ 071 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Մինչդեռ, սույն գործով ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ Նաիրա Եղիազարյանի կողմից ներկայացված փաստաթղթերում և Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են հակասություններ: Մասնավորապես, Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերում կատարվել է լրացում, այն է` սահմանվել է ժամկետ «մինչև դեկտեմբերի 25-ը-I կիսամյակի ավարտը»: Ընդ որում, «բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված փաստաթղթերում նշված լրացումն առկա չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որպես վերաբերելի և թույլատրելի ապացույցներ պետք է հիմք ընդունել Դատարանի կողմից կնիքով վավերացված և «բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ գրավոր փաստաթղթերի պատճենները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ կամ որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է նախկինում կնքված պայմանագրի ձևին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով:

Նաիրա Եղիազարյանի և Կազմակերպության տնօրենի միջև 31.08.2006 թվականին կնքված թիվ 071 աշխատանքային պայմանագրի 6.3 կետի համաձայն` պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները, հավելվածները իրավական ուժ են ստանում, եթե դրանք կազմվել են գրավոր, կնքվել, ստորագրվել են Տնօրենի և ՈՒսուցչի (մանկավարժ) կողմից: Կատարված փոփոխությունները, լրացումները, հավելվածները համարվում են Պայմանագրի անբաժանելի մասեր և կնքվում են այն քանակությամբ, որքան Պայմանագրի օրինակներն են, իսկ 9.1 և 9.2 կետերի համաձայն` Պայմանագիրը կնքվում է ոչ պակաս երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է ՈՒսուցչին (մանկավարժ)` ստորագրությամբ: Պայմանագիրը կազմվել է երկու օրինակից:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.08.2008 թվականի համաձայնագրով կողմերի միջև 31.08.2006 թվականի կնքված թիվ 071 անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը փոփոխվել է որոշակի ժամկետով` մինչև 25.12.2008 թվականը գործողության ժամկետով աշխատանքային պայմանագրի:

Մինչդեռ, սույն գործի փաստերից հետևում է, որ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրով աշխատանքային պայմանագրում կատարվել է 3.4.7 կետի փոփոխություն, որով ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետն է փոփոխվել, այլ կայացվել է ուսումնական տարվա ընթացքում ուսումնադաստիարակչական այլ աշխատանք իրականացնելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և պատշաճ գնահատման առարկա չի դարձրել սույն քաղաքացիական գործում առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն` կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ (հատուցումներ և այլն): Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Վերոնշյալ հոդվածով իմպերատիվ կարգով սահմանվել է յոթ օրվա ժամկետ, որի ընթացքում եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը աշխատողին չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Սույն գործով Նաիրա Եղիազարյանը պայմանագիրը լուծելու առաջարկը կատարել է 21.11.2008 թվականին, իսկ Կազմակերպության տնօրենը Նաիրա Եղիազարյանին աշխատանքից ազատել է 25.12.2008 թվականին: Այսինքն` պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը` Կազմակերպության տնօրենը, չի պահպանել վերը նշված նորմով սահմանված յոթնօրյա ժամկետում իր համաձայնության մասին առաջարկ ներկայացրած կողմին ծանուցելու պայմանը, որը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը մերժված համարելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵՄԴ/0042/02/09
Որոշում