Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 86-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 86-ՐԴ, 113-ՐԴ, 12 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԱՔԴ/0139/02/09
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0139/02/09 2009 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան 
Դատավորներ` Ն. Տավարացյան
                             Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենտել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ Մարզպետունի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը` ամսական 41.000 ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարզպետունի Հովհաննիսյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Ընկերությունից հարկադիր պարապուրդի գումարը` ամսական 41.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Ընկերությունը պարտավորեցվել է միջին աշխատավարձի չափով Մարզպետունի Հովհաննիսյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` սկսած 19.12.2008 թ-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը: Աշխատանքում վերականգնելու մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.03.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարզպետունի Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

i

Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքերով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 130-132-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 86-րդ հոդվածը, 120-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը, 86-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Մարզպետունի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է Ընկերությունում կատարել ցանկացած աշխատանք, այդ թվում նաև վարորդ-ավտոբեռնիչի աշխատանք, որի հաստիքների թիվն ավելացել է երկուսով: Վերաքննիչ դատարանը հայտարարությունն ընդունել է որպես անվիճելի և հաստատված փաստ, և չի անդրադարձել այն հարցերին, թե գործատուն արդյոք ունեցել է նման հնարավորություն, աշխատողն արդյոք կարող էր կատարել այդ աշխատանքը, և այն արդյոք համապատասխանում է վերջինիս մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանն ու առողջական վիճակին: Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ վարորդ-ավտոբեռնիչների քանակն Ընկերությունում ավելացել է երկու հոգով, ինչը ապացուցում է, որ աշխատողի կրճատման ժամանակ Ընկերությունում եղել է ազատ աշխատատեղ, անհիմն է, քանի որ վարորդի և վարորդ-ավտոբեռնիչի պաշտոնը և աշխատանքային գործառնություններն այլ են:

Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել այն հանգամանքը, որ Ընկերություն Տնօրենների խորհրդի 07.10.2008 թվականի թիվ 06/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր հաստիքացուցակը, և 30.11.2008 թվականի դրությամբ վարորդների թվաքանակը կրճատվել է 52 անձով: Հետևաբար, Ընկերությունը չէր կարող 52 անձանց առաջարկել վարորդ-ավտոբեռնիչի հաստիքը, քանի որ վարորդ-ավտոբեռնիչն աշխատում է Ընկերության պահեստներում, որպես պահեստում ստացված ապրանքների տեղափոխման և տեղադրման աշխատանքները կարգավորողներ և որպես աշխատանքային գործիք օգտագործում են ավտոբեռնիչը, որը մեքենա չէ: Բացի այդ, վարորդ-ավտոբեռնիչները տարին մեկ անգամ անցնում են հատուկ դասընթացներ հատուկ ընկերություններում` անվտանգության կանոնները ապահովելու համար, ինչպես նաև տրվում է հատուկ թույլտվություն, որը երկարացվում է տարին մեկ անգամ դասընթացներն անցնելուց հետո: Այդ հաստիքը գտնվում է պահեստների գործառնությունների խմբում, այլ ոչ թե տրանսպորտային բաժնում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելով գործը, ըստ էության, կայացրել է ճիշտ որոշում, որը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով: Ընկերությունը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի խախտում, այն է` իրեն չի առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանն ու առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, այնինչ Ընկերությունն ունեցել է նման հնարավորություն, իսկ ինքն էլ ունեցել է ավտովարորդի առաջին կարգ և վարորդի բազմամյա աշխատանքային փորձ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարզպետունի Հովհաննիսյանի և Ընկերության միջև 29.12.2006 թվականին կնքվել է թիվ 3706 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` Մարզպետունի Հովհաննիսյանը նշանակվել է Ընկերության հեռահաղորդակցության գլխավոր տնօրինության Շիրակի տարածքային կենտրոնի վարչական և ֆինանսական գրասենյակում` վարորդի պաշտոնում (գ.թ 14-18):

2) Ընկերությունը 16.12.2008 թվականին Մարզպետունի Հովհաննիսյանին ծանուցել է, որ Ընկերությունում տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով 19.12.2008 թվականից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով լուծվելու է Ընկերության և Մ. Հովհաննիսյանի միջև կնքված թիվ 3706 պայմանագիրը: Նույն ծանուցմամբ հայտնվել է, որ Ընկերությունը Մ. Հովհաննիսյանին այլ աշխատանք չի առաջարկում` նման հնարավորության բացակայության պատճառով (գ.թ 13):

3) Ընկերության 16.12.2008 թվականի թիվ 6395-Կ հրամանով Մ. Հովհաննիսյանը տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով 19.12.2008 թվականից ազատվել է աշխատանքից: Նույն հրամանով Ընկերության հաշվապահական հաշվառման ծառայությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ` ինչպես նաև տույժ` ծանուցման ժամկետանց 57 օրվա համար` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձը (գ.թ 11):

4) Ընկերության 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշմամբ Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 137 հոգուց 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը կազմել է 89 հոգի, որոնցից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ (գ.թ 47-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, սույն հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշմամբ Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը 137 անձանցից կազմել է 89 անձ, որից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ: Ընկերությունը 16.12.2008 թվականին Մարզպետունի Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ վերջինիս այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը դատարանին չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ հայցվորի վկայակոչած այլ աշխատանքը չի համապատասխանում նրա մասնագիտական պատրաստվածության, որակավորման կամ առողջական վիճակին: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ հայցվորը Դատարանում որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ նշել է ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքի առկայությունը, ինչը կրճատված հաստիքի փոխարեն իրեն չի առաջարկվել և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի խախտմամբ միակողմանի լուծել է աշխատանքային պայմանագիրը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության կողմից ներկայացվել են բավարար ապացույցներ ինչպես Ընկերությունում համապատասխան աշխատանքի բացակայության, այնպես էլ ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքի` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին անհամապատասխանության մասին:

Այսպես` Ընկերությունը ներկայացրել է 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշումը, համաձայն որի` Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը 137 անձանցից կազմել է 89 անձ, որոնցից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ: Միաժամանակ, սույն գործի քննության ընթացքում նշվել է, որ Մարզպետունի Հովհաննիսյանի կողմից նշված ավտոբեռնիչ-վարորդի հաստիքը գտնվում է Ընկերության Պահեստների գործառնությունների խմբում, այլ ոչ թե տրանսպորտային բաժնում, քանի որ վարորդ-ավտոբեռնիչն աշխատում է Ընկերության պահեստներում, որպես պահեստում ստացված ապրանքների տեղափոխման և տեղադրման աշխատանքները կարգավորողներ և որպես աշխատանքային գործիք օգտագործում են ավտոբեռնիչը, որը մեքենա չէ: Բացի այդ, վարորդ-ավտոբեռնիչները տարին մեկ անգամ անցնում են հատուկ դասընթացներ հատուկ ընկերություններում` անվտանգության կանոնները ապահովելու համար, ինչպես նաև տրվում է հատուկ թույլտվություն, որը երկարացվում է տարին մեկ անգամ դասընթացներն անցնելուց հետո: Այսինքն` Ընկերությունը չէր կարող Մարզպետունի Հովհաննիսյանին առաջարկել Պահեստների գործառնությունների խմբում ավելացված վարորդ-ավտոբեռնիչի հաստիքը, քանի որ վարորդի հաստիքն ընդգրկված է եղել Ընկերության տրանսպորտային բաժնում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքն ունի այնպիսի առանձնահատկություններ, որ չի կարող կատարվել ընդհանուր վարորդական որակավորմամբ և փորձով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական խնդրին:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Մարզպետունի Հովհաննիսյանի հայցը մերժել:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ԵԱՔԴ/0139/02/09
Որոշում