ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4466/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/4466/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճռի դեմ` ըստ Հայկ Աբրահամյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Աբրահամյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Աբրահամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 5-րդ պարբերությունները, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Հայկ Աբրահամյանի կողմից ապօրինի գործունեություն իրականացնելու փաստը հաստատված լինելը որոշելիս անմիջականորեն չի գնահատել գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
i
Դատարանը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 և 24.11.2005 թվականի թիվ 2094-Ն որոշումներով հաստատված կարգերով, պատճառաբանել է, որ հաշվարկը նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան չի կատարվել, ինչպես նաև հարկային մարմնի կողմից անձի հայտարարությունները հիմք ընդունելն իրավաչափ չէ, որովհետև անձը կարող է իրացման շրջանառության վերաբերյալ հայտնել ցանկացած` թե իր համար բարենպաստ և թե` անբարենպաստ տվյալներ:
Բացի այդ, Դատարանը պատճառաբանել է նաև, որ ստուգման ակտի հիմքում ընկած և Ծառայության ներկայացրած` գործում առկա երեք հաշվառման գրքերը չեն պարունակում իրացման շրջանառության վերաբերյալ որևէ տեղեկություն, ինչի հիման վրա հանգել է եզրակացության, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և իրացման շրջանառության վերաբերյալ հետևություններն արվել են առանց հիմքերի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել են առանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստն ապացուցելու:
Վերոգրյալի հիմքով էլ Դատարանը Ծառայության 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտը դիտել է ոչ իրավաչափ վարչական ակտ և հայցը բավարարել է:
Մինչդեռ, Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունները հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չէին կարող, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման հիմք է հանդիսացել նախևառաջ Հայկ Աբրահամյանի տված բացատրությունն այն մասին, որ գարեջուրը ձեռք է բերվել Երևանի Արշակունյաց պողոտայի «Կիլիկիա» ֆիրմային խանութից 0.5 լիտր ապակյա մեկ շիշը 212 դրամով, ինչն իրացրել է առավելագույնը` 220 դրամով:
Ստուգման պահին նշված տարածքում առկա էր մեկ լիտրանոց պոլիէթիլենային շշերով 2.700 շիշ գարեջուր, որի վաճառքը պետք է իրականացվեր համապատասխան գրանցում ստանալուց և հարկային տեսչությունում գրանցվելուց հետո: Հետևաբար, անհնար էր իրացման շրջանառության ծավալների հաշվարկումը: Այդ իսկ պատճառով ստուգման ընթացքում հարկվող օբյեկտը և հարկային պարտավորությունները հաշվարկվել են ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 և 24.11.2005 թվականի թիվ 2094-Ն որոշումներով հաստատված կարգերին համապատասխան:
Ավելին, Հայկ Աբրահամյանն իր տված բացատրությունում հստակ նշել է, որ տարածքում առկա գարեջուրը պատկանում է իրեն, և որ 24.04.2008 թվականից ինքը զբաղվել է գարեջրի վաճառքով:
Այսպիսով, Հայկ Աբրահամյանի գործունեության իրացման շրջանառությունը հաշվարկվել է երեք հաշվառման գրքերում կատարված նշումների հիման վրա, ինչպես նաև հիմք է ընդունվել Հայկ Աբրահամյանի բացատրությունն այն մասին, որ 24.04.2008 թվականից մինչև 24.06.2008 թվականն իրացրել է 58.619.910 ՀՀ դրամի գարեջուր:
Ակտի` վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգման բաժնում, հղում կատարելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին, հաշվարկվել և վճարման է առաջադրվել 5.862.000 ՀՀ դրամ տուգանք:
Այսպիսով, Ծառայության 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով սահմանված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին և նույն օրենքի 63-րդ հոդվածի հիմքով չի կարող ոչ իրավաչափ ճանաչվել:
i
Բացի այդ, Դատարանի վճիռն առերևույթ հակասում է նաև թիվ 3-779/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Հայկ Աբրահամյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Բողոքն անհիմն է, դրանում նշված փաստարկները Դատարանի վճիռը բեկանելու հիմք լինել չեն կարող, քանի որ Դատարանը պարզապես հետևություն է արել այն մասին, որ խախտվել են ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 և 24.11.2005 թվականի թիվ 2094-Ն որոշումներով հաստատված կարգերը, ինչը բոլորովին չի նշանակում, որ Դատարանը կասկածի տակ է դնում այդ իրավանորմերի կիրառման անհրաժեշտությունը կամ հետևություն է անում ստուգողների կողմից այդ իրավական ակտերը կիրառված չլինելու վերաբերյալ:
Նշված կարգերի խախտված լինելու վերաբերյալ Դատարանի հետևությունները հիմնավոր են և չեն հերքվում բողոքում բերված փաստարկներով, քանի որ Դատարանի հետևությունների և բողոքում նշված փաստարկների տարբերությունն ընդամենը կայանում է նրանում, որ Դատարանը միայն Հայկ Աբրահամյանի բացատրությունների հիման վրա հաշվարկներ կատարելը և նշված կարգերով նախատեսված այլ աղբյուրներ (տվյալներ) ձեռք չբերելն ու չօգտագործելը չի համարել վերոնշյալ կարգերի պահանջների պահպանում:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-779/ՏԴ որոշմանը, ապա այն հաստատում է ոչ թե Դատարանի վճռի բեկանման, այլ բողոքի մերժման հիմքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության պետի 24.06.2008 թվականի թիվ 1307601 հանձնարարագրի հիման վրա Հայկ Աբրահամյանի մոտ կատարվել է առանց պետական գրանցման, առանց սահմանված ժամկետում հարկային մարմնում հաշվառման, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա, օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս, օրենսդրությամբ արգելված գործունեության ստուգում (գ.թ. 23):
2) Ստուգման արդյունքներով 25.06.2008 թվականին կազմվել է թիվ 1307601 ակտը, որով Հայկ Աբրահամյանին առաջադրվել է պետական բյուջե վճարել 35.172.000 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 6-7):
3) Գործում առկա է թվով երեք հաշվառման գիրք, որոնցում 24.04.2008 թվականից մինչև 24.06.2008 թվականը կատարված են իրացման շրջանառության վերաբերյալ նշումներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել իր հետևությունն այն մասին, որ հաշվառման գրքերը չեն պարունակում իրացման շրջանառության վերաբերյալ որևէ տվյալ, այն դեպքում, երբ Ծառայության 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտով Հայկ Աբրահամյանի գործունեության իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք հանդիսացող թվով երեք հաշվառման գրքերում կատարված նշումները գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Դատարանը չի գնահատել գործում առկա վերը նշված ապացույցները, չի փաստարկել այդ ապացույցների մերժումը:
ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող վճիռն անհիմն է:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (Տե՛ս, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցի ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-2504 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշում), ուստի, սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ դրան:
Ինչ վերաբերում է բողոքի փաստարկին այն մասին, որ Դատարանի կողմից իրացման շրջանառության համար անձի հայտարարությունը հիմք չընդունելն անհիմն է, ապա Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է իրացման շրջանառությունն անձի հայտարարության հիման վրա որոշելու իրավական խնդրին (Իրավական հիմնավորումները տե՛ս, ըստ Արտյոմ Ասլանյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 23.06.2006 թվականի թիվ 1302776 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-779 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհիմն է փաստարկն այն մասին, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է այն դեպքում, երբ իրացման շրջանառությունը որոշելիս հաշվի է առնվել հարկատուի կողմից տրված գրավոր բացատրությունը, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքներն որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները: Այսինքն` ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը որոշելիս չի կարող հիմք ընդունվել զուտ հարկատուի կողմից տրված հայտարարությունը:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան