ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0177/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0177/02/08
Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան
Դատավորներ` Էդ. Մուրադյան
Ա. Մկրտչյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Կարեն Բարսեղյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` առևտրի սրահի նկատմամբ սեփականության իրավունքը, հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Բարսեղյանը պահանջել է ճանաչել Երևանի Գ. Հասրաթյան փողոցի 8/3 հասցեում գտնվող 35,5 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ շինության տակի 35,5 քմ հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 16.05.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Բարսեղյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը և 448-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, որի համաձայն` Կարեն Բարսեղյանը Գ. Հասրաթյան փողոցի 8-րդ շենքի դիմաց (Լենինականի փողոց 8-րդ շենք) սեփականության իրավունքով ունեցել է առևտրի սրահ (տաղավար), որը քաղաքապետարանի պահանջով քանդվել է` առանց փոխհատուցում տալու, պայմանով, որ նոր կառուցվող առևտրի սրահի նկատմամբ կպահպանվի նրա սեփականության իրավունքը, իսկ 24.06.2005 թվականին կնքված թիվ ԱԳ/110 հողի վարձակալության պայմանագրի համաձայն` Երևանի քաղաքապետարանը Գ. Հասրաթյան փողոցի 8-րդ շենքի դիմաց (Լենինականի փողոց) գտնվող տաղավարի զբաղեցրած 35,5 քմ մակերեսով հողատարածքն օգտագործման իրավունքով վարձակալության է տրամադրել Կարեն Բարսեղյանին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասի փոխանակության 21.11.2006 թվականին կնքված պայմանագրում հողամասը «կառուցապատման իրավունքով» տրամադրելու մասին ոչ մի բառ կամ արտահայտություն չկա: Նշված պայմանագրով կողմերի միջև 24.06.2005 թվականին կնքված 35,5 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագրի պայմանները չեն փոփոխվել, այլ միայն արդեն իսկ 24.06.2005 թվականին կնքված պայմանագրով վարձակալությամբ տրված 35,5 քմ մակերեսով հողամասի փոխարեն տրամադրվել է նույն մակերեսով հողամաս` 1,5 մ հետ քաշված: Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, քանի որ 24.06.2005 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրի էական պայմանն այն է, որ վարձատու Երևանի քաղաքապետարանը պարտավորվել է վճարի դիմաց վարձակալ Կարեն Բարսեղյանի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել 35,5 քմ մակերեսով հողամաս, իսկ վարձակալը պարտավորվել է ժամանակին մուծել այդ հողամասն օգտագործելու համար պայմանագրով սահմանված վարձավճարները:
Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով մեկնաբանելով ու գնահատելով կողմերի միջև 21.11.2006 թվականին կնքված հողամասի փոխանակության մասին պայմանագիրը, դրա էական պայմաններից (առարկայից) և նպատակից չբխող անհիմն և ոչ օբյեկտիվ հետևություն է արել այն մասին, որ Կարեն Բարսեղյանը, ստորագրելով այդ պայմանագիրը, իբր ըստ էության ընդունել է Երևանի քաղաքապետի առաջարկը` հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: Երևանի քաղաքապետարանը Կարեն Բարսեղյանին նոր հողամաս չի հատկացրել, որպեսզի այն տրամադրեր կառուցապատման իրավունքով, այլ դեռևս 24.06.2005 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագրով վարձակալությամբ տրամադրված 35,5 քմ մակերեսով հողամասն է փոխանակվել համարժեք հողամասի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.05.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
i
ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն` սեփականատերը հողամասն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով: Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով, բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելվում է:
Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման մեջ փոխանակված 35,5 քմ մակերեսով հողամասը Կարեն Բարսեղյանին «կառուցապատման իրավունքով» տրամադրելով` Կարեն Բարսեղյանի վիճակը չի վատթարացել, այլ ընդհակառակը սահմանվել են բարենպաստ պայմաններ, քանի որ կառուցապատման իրավունքը տրամադրվում է 99 տարի ժամկետով, և բացի այդ Երևանի քաղաքապետարանը գործել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Երևանի քաղաքապետի 30.01.2007 թվականի թիվ 160-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման 3-րդ կետում «փոխանակման» բառը փոխարինվել է «կառուցապատման» բառով: Երևանի քաղաքապետի որոշումը հայցվորի կողմից չի բողոքարկվել և որպես գործող իրավական ակտ` միանգամայն կիրառելի է հիշյալ հարաբերությունների կարգավորման նպատակով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի քաղաքապետի 25.04.2005 թվականի թիվ 868-Ա որոշման հիման վրա` Երևանի քաղաքապետի և Կարեն Բարսեղյանի միջև 24.06.2005 թվականին կնքվել է թիվ ԱԳ/110 հողի վարձակալության պայմանագիրը, որով Լենինականի փողոցի թիվ 8 շենքի դիմաց գտնվող տաղավարի զբաղեցրած 35,5 քմ մակերեսով հողատարածքը 3 տարի ժամկետով տրամադրվել է վարձակալության:
2. Երևանի քաղաքապետի 25.04.2005 թվականի թիվ 868-Ա որոշման և հողի վարձակալության պայմանագրի հիման վրա Լենինականի փողոցի թիվ 8 շենքի դիմաց հասցեում գտնվող տաղավարը սեփականության իրավունքով, իսկ 35,5 քմ հողամասը վարձակալության իրավունքով ենթարկվել են պետական գրանցման, և Կարեն Բարսեղյանին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 07.07.2005 թվականի թիվ 1186187 վկայականը:
3. Երևանի քաղաքապետարանի և Կարեն Բարսեղյանի միջև 21.11.2006 թվականին կնքված պետության սեփականությունը հանդիսացող հողամասի փոխանակության թիվ 27/7-ՊՓ պայմանագրով Երևանի Գ. Հասրաթյան փողոցի (նախկին Լենինականի) թիվ 8 և թիվ 10 շենքերի դիմացի մասում գտնվող, պետության սեփականությունը հանդիսացող, առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով 35,5 քմ մակերեսով հողամասը փոխանակվել է նույն հասցեում գտնվող, Կարեն Բարսեղյանին վարձակալության իրավունքով պատկանող 35,5 քմ մակերեսով, առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով համարժեք հողամասի հետ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով:
4. Նոր առևտրի սրահի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից Կարեն Բարսեղյանին տրվել են ճարտարապետա-շինարարական փաստաթղթեր` գլխավոր հատակագիծ, ճարտարապետահատակագծային առաջադրանք, նախագիծ, նախկին առևտրի սրահի քանդման և նոր առևտրի սրահի շինարարության թույլտվություններ, շինարարության շահագործման փաստագրման ակտ:
5. Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 8 և 10 շենքերի դիմաց գտնվող, Կարեն Բարսեղյանի կողմից կառուցված առևտրի սրահին Երևանի քաղաքապետի 31.10.2007 թվականի թիվ 4527-Ա որոշման հիման վրա տրամադրվել է հասցե` Գ. Հասրաթյան փողոց 8/3:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն` հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:
ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վարձակալության պայմաններով հողամասեր են տրամադրել, կարող են այդ մարմինների համաձայնությամբ իրենց հողամասերը փոխանակել կամ կամովին հրաժարվել դրանցից:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վարձակալության պայմաններով տրամադրված հողամասը կարող է փոխանակվել մեկ այլ հողամասի հետ:
i
Սույն գործով Կարեն Բարսեղյանի հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման առաջին կետում նշվել է, որ հայցվոր Կարեն Բարսեղյանին փոխանակության կարգով 35,5 քմ մակերեսով հողամասը տրամադրվում է «կառուցապատման իրավունքով», որը հակասում է ինչպես գործի փաստական հանգամանքներին, այնպես էլ հողի վարձակալության մասին և հողի փոխանակման մասին նշված պայմանագրերին, ՀՀ Սահմանադրության և օրենքների թվարկված հոդվածների պահանջներին, խախտվել է առևտրի սրահի նկատմամբ հայցվոր Կարեն Բարսեղյանի ունեցած սեփականության իրավունքը, իսկ հողամասի նկատմամբ` վարձակալությամբ օգտագործման իրավունքը, դրանով իսկ վատթարացվել է վերջինիս իրավական կարգավիճակը, հետևաբար Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման մեջ եղած «կառուցապատման իրավունքով» նշումն իրավաբանական ուժ չունի: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1 հոդվածի համաձայն` այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի և հայցվոր Կարեն Բարսեղյանի միջև նման պայմանագիր չի կնքվել, այլ կնքվել է հողամասի փոխանակության պայմանագիր, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում նախկինում` 24.06.2005 թվականին կնքված 35,5 քմ մակերեսով հողամասի վարձակալության մասին պայմանագիրը»:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ Կարեն Բարսեղյանը Երևանի քաղաքապետարանի հետ հողամասի փոխանակության պայմանագրի կնքումով ըստ էության իր ազատ կամքն է արտահայտել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը փոխանակելու կառուցապատման իրավունքով հատկացվող հողամասի հետ:
Սույն գործի փաստերից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Բարսեղյանին ոչ թե նոր հողամաս է տրամադրվել կառուցապատման կամ վարձակալության իրավունքով, այլ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով կատարվել է 24.06.2005 թվականի վարձակալության պայմանագրի առարկա հանդիսացող 35,5 քմ մակերեսով հողամասի փոխանակություն: Այսպիսով` 21.11.2006 թվականի հողամասի փոխանակության պայմանագրով կողմերի միջև 24.06.2005 թվականին կնքված 35,5 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագրի պայմանները չեն փոփոխվել, այլ միայն արդեն իսկ 24.06.2005 թվականի պայմանագրով վարձակալությամբ տրամադրված 35,5 քմ մակերեսով հողամասի դիրքն է փոխվել` 1,5 մետր դեպի հետ: Այսինքն` 24.06.2005 թվականի հողի վարձակալության պայմանագիրը պահպանել է իր ուժը, և Կարեն Բարսեղյանը փոխանակված հողամասի նկատմամբ ունի օգտագործման իրավունք վարձակալության պայմաններով:
Հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող պայմանագրի առարկա է Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 8 և 10 շենքերի դիմացի մասում գտնվող 35,5 քմ մակերեսով հողամասը, որը տրվել է վարձակալության իրավունքով: Պայմանագրում նշված «կառուցապատման նպատակը» չի նույնանում «կառուցապատման իրավունք» հասկացության հետ: «Կառուցապատման նպատակով» նշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ, այսինքն` սրանով ոչ թե սահմանվել են գույքային իրավունքներ, այլ որոշվել է հողամասի նպատակային նշանակությունը:
i
Պայմանագրում «առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակի» նշումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսդրության պահանջներով (մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը դասակարգվում է ըստ նպատակային նշանակության). պարտադիր է հողամասի նպատակային նշանակության նշումը, քանի որ հողամասերի դասակարգումով է պայմանավորված, թե ինչ իրավական ռեժիմ է նրա վրա տարածվում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն սկզբունքով պետք է ղեկավարվել նաև 21.11.2006 թվականի պայմանագիրը մեկնաբանելիս` «կառուցապատման նպատակ» նշումը ցույց է տալիս, թե ինչ նպատակային նշանակությամբ կարող է օգտագործվել հողամասը: Այսպիսով` քննարկվող պայմանագրի առարկան վարձակալությունն է, իսկ նպատակը` կառուցապատումը:
Վերը նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ 21.11.2006 թվականի պայմանագրի 12-րդ կետում սահմանվել է, որ «սույն պայմանագրի բաղկացուցիչ մաս է համարվում նաև հողի վարձակալության պայմանագիրը»: Այսինքն` Երևանի քաղաքապետարանի և Կարեն Բարսեղյանի միջև կնքված 24.06.2005 թվականի վարձակալության պայմանագրի դրույթները 21.11.2006 թվականի պայմանագրի հետ միասին շարունակում են կիրառվել: Հետևաբար, այս երկու պայմանագրերի գործողության ուժով Կարեն Բարսեղյանին փոխանակության պայմանագրով տրամադրված 35,5 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է օգտագործման` վարձակալության իրավունքով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված պատճառաբանություններից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացել Երևանի քաղաքապետի և Կարեն Բարսեղյանի միջև 24.06.2005 թվականին կնքված թիվ ԱԳ/110 հողի վարձակալության պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի և Կարեն Բարսեղյանի միջև 21.11.2006 թվականին կնքված պետության սեփականությունը հանդիսացող հողամասի փոխանակության թիվ 27/7-ՊՓ պայմանագիրը, ինչպես նաև վարձակալած հողամասի վրա Կարեն Բարսեղյանի կողմից սեփական գույք ստեղծելու տեսանկյունից ճարտարապետահատակագծային 25.12.2006 թվականի առաջադրանքը, Կարեն Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող նախկին տաղավարի քանդման 15.02.2007 թվականի թույլտվությունը, Կարեն Բարսեղյանին տրված` առևտրի սրահի կառուցման 15.02.2007 թվականի շինարարության թույլտվությունը, Կարեն Բարսեղյանի կողմից կատարված շինարարության շահագործման փաստագրման 16.10.2007 թվականի ակտը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 31.10.2007 թվականի թիվ 4527-Ա որոշումը (որով Կարեն Բարսեղյանի կողմից կառուցված առևտրի սրահին տրամադրվել է Գ. Հասրաթյան փողոց թիվ 8/3 հասցեն):
Վերը նշված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա Վերաքննիչ դատարանը կհանգեր եզրակացության, որ վարձակալության իրավունքով պատկանող հողամասում Կարեն Բարսեղյանի կողմից բոլոր քաղաքաշինական կանոնների պահպանմամբ կառուցվել է շինություն, որի նկատմամբ վերջինս ձեռք է բերել սեփականության իրավունք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի վճռին:
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Կարեն Բարսեղյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան