Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-229 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2412/2006 թ.

Նախագահող դատավոր` Վ. Գրիգորյան

դատավորներ` Գ. Մատինյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյանների վճռաբեկ բողոքն ըստ Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյանների, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Մայիս Օհանյանի հայցի ընդդեմ Վարդան Օհանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ նաև կադաստր)` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու թույլտվության և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին և Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյանների` ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցներին փոխհատուցում վճարելու, բաժնի նկատմամբ իրավունքը կորցրած ճանաչելու, ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը հատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև վերաքննիչ դատարան) 10.07.2006 թվականին կայացված վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյանները դիմելով առաջին ատյանի դատարան` պահանջել են թույլատրել փոխհատուցում վճարել ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի Վարդան Օհանյանի բաժնեմասի դիմաց և անվավեր ճանաչել Վարդան Օհանյանին տրված թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Վարդան Օհանյանը հակընդդեմ հայցով պահանջել է ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցներին փոխհատուցում վճարելով այդ բաժնի նկատմամբ նրանց իրավունքը կորցրած ճանաչել և հատուցել ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2005 թվականի վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել մասնակիորեն` Վարդան Օհանյանին` թույլատրվել է Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյաններին վճարել փոխհատուցում (յուրաքանչյուրին 2.218.800 ՀՀ դրամի չափով)` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ տանը ունեցած յուրաքանչյուրի 3/25 բաժնեմասի դիմաց, որից հետո վերջինների սեփականության իրավունքը դադարեցնել նշված գույքի նկատմամբ և ճանաչել այդ գույքի` 9/25 բաժնի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը:

Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձվել է յուրաքանչյուրից` 369.350-ական ՀՀ դրամ, որպես Ա. Օհանյանի գերեզմանի կառուցման համար ծախսված գումարի հատուցում և 42.000 ՀՀ դրամ` որպես վճարված գույքահարկի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Լադիկ, Սարգիս և Մարինա Օհանյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1)Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 188-րդ հոդվածների, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 7-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վիճելի հողի նկատմամբ հայցվորների իրավունքը կադաստրի կողմից գրանցվել է 1996 թվականին: ՀՀ կառավարության վերը նշված որոշման 7-րդ կետի համաձայն` հողի սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ շինության հարցը լուծվում է դատական կարգով: Հայցվորները իրենց համաձայնությունը չեն տվել ինքնակամ շինությունները օրինականացնելու համար: Այս փաստը դատարանի կողմից չի հետազոտվել և գնահատվել: Այս հանգամանքը օբյեկտիվ գնահատման չարժանացնելու պարագայում, դատարանի կողմից հայցվորների իրավունքները չեն պաշտպանվել:

Բողոք բերած անձը ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ և 14-րդ հոդվածների կիրառելիությունը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի պահանջը.

Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է այն փաստարկով, որ վերը նշված հոդվածով գերեզմանի կառուցման ծախսերի հատուցում նախատեսված չէ:

Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 18.01.1962 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ տան 3/5 մասը գնել է Մայիս Օհանյանը, իսկ 2/5 մասը` 17.28 քմ մակերեսով սենյակը, 11 քմ մակերեսով խոհանոցը և 26 քմ մակերեսով նկուղը` Ալեքսանդր Օհանյանը:

2) 27.12.1996 թվականին գրանցված թիվ 1992 սեփականության վկայականի համաձայն` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ 17,2 քմ բնակելի, 11,95 քմ օժանդակ և 26,4 քմ այլ մակերեսներով տունը 2/5 բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Ալեքսանդր Օհանյանին, իսկ 700 քմ մակերեսով տնամերձ հողամասը նրան է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

3) Ալեքսանդր Օհանյանը մահացել է 31.12.1995 թվականին:

4) 13.01.1997 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայականի համաձայն` Ալեքսանդր Օհանյանի 2/5 բաժնի 1/2 բաժնեմասը հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում նրա չորս ժառանգները` Եվա Ջալալյանին, Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյաններին:

5) Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ 17,2 քմ բնակելի, 11,95 քմ օժանդակ և 26,4 քմ այլ մակերեսներով տան 6/25 բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Եվա Ջալալյանին, յուրաքանչյուրին 1/25 բաժնեմասը` Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյաններին, իսկ 700 քմ մակերեսով տնամերձ հողամասը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

6) Բաժնեմասի նվիրատվության պայմանագրով Եվա Ջալալյանը իր 6/25 բաժնեմասը նվիրել է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններին:

7) Թիվ 1992 սեփականության վկայականի համաձայն` Երևանի վիճելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններին, յուրաքանչյուրին` 3/25-րդ, իսկ Վարդան Օհանյանին` 1/25 բաժնեմասը, իսկ 700 քմ մակերեսով տնամերձ հողամասը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

8) Թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարդան Օհանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 190,63 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն և 700 քմ մակերեսով տնամերձ հողամաս:

9) Վիճելի տան` 52.25 քմ մակերեսով տարածքների շուկայական արժեքն, առանց հողատարածքի, կազմում է մոտ 4.950.000, հողատարածքի արժեքը` 3.080.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետի համաձայն` եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենք, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը:

Նշված որոշման 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք մինչև 01.08.1998 թվականը Երևան քաղաքում Երևանի քաղաքապետին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ: Երևանի քաղաքապետը ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում ընդունում է ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի մասին որոշում, որով կամ բավարարվում է հայտը, կամ այն մերժվում է:

Սույն վճռաբեկ բողոքի փաստարկը, թե վիճելի ինքնակամ կառույցի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ, քանի որ տնամերձ հողամասի բաժնային սեփականության մասնակիցները իրենց համաձայնությունը չեն տվել` ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու համար, Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ ինքնակամ կառույցը օրինական է ճանաչվել Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Նշված որոշումը սույն գործի փաստերի համաձայն` առոչինչ չէ, դատական կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել: Հետևաբար, Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի գրանցումը հողի սեփականատիրոջ համաձայնության բացակայության հիմքով անվավեր ճանաչվել չի կարող:

Ինչ վերաբերվում է ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ և 14-րդ հոդվածների կիրառելիության մասին բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում, քանի որ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում բողոք բերած անձը չի նշել:

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերից առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը:

Վերոնշյալ նորմը սահմանել է, որ առաջին հերթին ենթակա է հատուցման պատշաճ հուղարկավորության հետ կապված ծախսերը, մինչդեռ դատարանը, մերժելով հակընդդեմ հայցվորների` պատշաճ հուղարկավորության ծախսերի բռնագանձման պահանջը մերժելով, բավարարել է սկզբնական հայցվորի` գերեզմանի շինարարության վրա ծախսված գումարի բռնագանձման պահանջը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ այս նորմը ուղղակիորեն նշում է վերաքննիչ դատարանում գործի քննության կանոնների սահմանը, որով հայցվորը վերաքննիչ դատարանում հայցից հրաժարվել չի կարող, ինչը տվյալ դեպքում դատարանը հաշվի չի առել, հուղարկավորության ծախսերի մասով հակընդդեմ հայցը մերժել է, այդ պահանջից հրաժարվելու հիմքով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վարդան Օհանյանի անվամբ տրված թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ (տես` ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1920 քաղաքացիական գործը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր համարելով` դրա առկայությունը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը:

2. Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

3. Գործը մնացած մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2007
N 3-229(ՎԴ)
Որոշում