ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԴ/0049/11/19
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0049/11/19
Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Ն. Թումանյանի
2020 թվականի մայիսի 26-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Է.Գրիգորյանը 2019 թվականի հունվարի 11-ին կայացրել է դատապարտյալ Արմեն Սահակի Տեր-Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին թիվ 4 որոշումը:
2. Դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Ս.Սարգսյանի և ներկայացուցիչ Ա.Գալստյանի բողոքի քննության արդյունքում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է և արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թվականի հունվարի 11-ին կայացված` ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Տեր-Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ տրված` Ա.Տեր-Սահակյանի իրավունքների խախտումը:
3. Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1):
____________________________
1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշումը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին(2):
____________________________
2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 18:
6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Առաջին ատյանի դատարանի որոշման (...) պատճենը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 2019 թվականի մայիսի 10-ին:
i
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է ինչպես Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվելու պահից, այնպես էլ այն ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից ավելի քան տասն օր հետո (ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից տասնմեկ օր հետո), այսինքն` չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները»(3):
____________________________
3) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 22-23:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման տասնօրյա ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ, մասնավորապես, 2019 թվականի մայիսի 9-ի, ուստի` բողոքը բերվել է հաջորդ աշխատանքային օրը` նույն թվականի մայիսի 10-ին, հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է ժամկետի պահպանմամբ:
8. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
i
10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` (...) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`
(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ»:
Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև` դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությունը: Դատական ակտերը բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է(4):
____________________________
4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը:
i
10.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (...): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով դատախազի` դատական ակտերի բողոքարկման գործառույթը, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման ժամանակային սահմանափակում: Ընդ որում, որպես նշված գործառույթի ապահովման երաշխիք` օրենսդիրը սահմանել է նաև հիշյալ սահմանափակման կիրառման հստակ կանոններ: Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն` ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին(5),
____________________________
5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դատախազ Գ.Իսախանյանի կողմից բերվել է 2019 թվականի մայիսի 10-ին(6):
____________________________
6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը դատախազ Գ.Իսախանյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն ՀՀ գլխավոր դատախազությունում ստանալու օրվանից ավելի քան տասն օր հետո(7):
____________________________
7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
12. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին, հետևաբար վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, որոշումը ստանալուն հաջորդող օրվանից` 2019 թվականի ապրիլի 30-ից հաշվարկելու դեպքում, վերջանում էր նույն թվականի մայիսի 9-ին և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկնում էր ոչ աշխատանքային օրվան, ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2019 թվականի մայիսի 10-ը(8): Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը, դատախազ Գ.Իսախանյանը 2019 թվականի մայիսի 10-ին վերաքննիչ դատարան ուղարկելով, այն ներկայացրել է սահմանված ժամկետում:
____________________________
8) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` 2019 թվականի մայիսի 9-ը հանդիսացել է ոչ աշխատանքային օր:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը` 2019 թվականի մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր լինելու պատճառով բողոք բերելու վերջին օր պետք է դիտարկվեր նույն թվականի մայիսի 10-ը, ոչ իրավաչափ հետևություն է արել բողոքը ժամկետանց լինելու մասին:
13. Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
i
14. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(9):
____________________________
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արմեն Սահակի Տեր-Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին: