Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԱՎԴ/1324/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1324/02/18     2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 7-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Ջիվան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջիվան Պետրոսյանի ընդդեմ Գուրգեն Այվազյանի (Քրդյան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ջիվան Պետրոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Գուրգեն Այվազյանի անվամբ գրանցված ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող 0.086 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 08.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2019 թվականի որոշմամբ Ջիվան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջիվան Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գուրգեն Այվազյանը (Քրդյան) (ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով սույն գործի փաստական հանգամանքները արձանագրել է, որ չի ապացուցվել սեփականության իրավունքով Գուրգեն Այվազյանին (Քրդյան) պատկանող հողամասի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև Գուրգեն Այվազյանի (Քրդյան) հետաքրքրությունը կորցնելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրման չի ենթարկել վերոնշյալ երկու փաստերի վերաբերյալ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները, հակառակ դեպքում կհանգեր եզրակացության, որ Գուրգեն Այվազյանը (Քրդյան), իր անգործությամբ հրաժարվել է իր սեփականությունից:

Մասնավորապես, վերոգրյալ պնդումը բխում է այն հանգամանքից, որ պատասխանողի կողմից ներկայացված վճարման անդորրագրից պարզ է դառնում, որ 2006 թվականից մինչև 2018 թվականը հողի հարկ չի վճարվել, ավելին` չվճարման հետևանքով Գուրգեն Այվազյանի (Քրդյան) նկատմամբ կիրառվել է տույժ, իսկ վճարում կատարվել է միայն 2018 թվականին` սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վճարումներ կատարելու ժամանակ` 2018 թվականին, արդեն իսկ ավարտված է եղել ձեռքբերման վաղեմության ինստիտուտի գործածության համար օրենքով սահմանված 10 տարվա ժամկետը, որպիսի պայմաններում սեփականատիրոջ ոչ մի գործողություն չէր կարող և չպիտի գնահատվեր որպես գույքի պահպանմանն ուղղված գործողություն և չպիտի մեկնաբանվեր որպես գույքից հրաժարվելու բացառում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով ներկայացված ինչպես հայցադիմումում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում նշված է, որ հայցվորը 1992 թվականից մինչ օրս, շուրջ 26 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ փաստացի տիրապետել է վիճելի հողամասը որպես սեփական գույք, հոգ տարել գույքի պահպանման և բարելավման համար, հիմնել այգի, ջերմոց, որն էլ հանդիսանում է բողոքաբերի ընտանիքի ապրուստի միջոցը: Հայցվորի կողմից վերը վկայակոչված փաստերից որևէ մեկը չի հիմնավորվում գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ:

Տվյալ դեպքում վեճի առարկա հողամասն ունի սեփականատեր, այն տիրազուրկ ճանաչված չէ, իսկ գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին այն փաստը, որ գույքի սեփականատերը երկարատև անտարբեր վերաբերմունք է դրսևորել վիճելի հողամասի նկատմամբ;

Առաջնորդվելով վերոգրյալով պատասխանողը խնդրել է Ջիվան Պետրոսյանի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ Արարատի մարզի Մրգավանի գյուղապետի 04.09.2006 թվականի որոշման համաձայն հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 25.08.2006 թվականի թիվ 9 արձանագրությունը և համայնքի ավագանու 20.07.2006 թվականի թիվ 5 նիստի որոշումը` Արտաշատ քաղաքի բնակիչ Գուրգեն Այվազյանին աճուրդային կարգով տնամերձի նպատակով օտարվել է 0,086 հա մակերեսով հողամաս (կոդ 041-022) (հատոր 1-ին գ.թ. 64):

2. 05.09.2006 թվականին նոտարական կարգով վավերացված պայմանագրի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Սուրեն Դավթյանի ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղական համայնքին պատկանող բնակավայրի կառուցապատման հողամասը` 860,0 քմ ընդհանուր մակերեսով, վաճառել է Գուրգեն Այվազյանին (հատոր 1-ին գ.թ. 65-66):

3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման 28.09.2006 թվականի թիվ 2198509 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող բնակավայրի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Գուրգեն Այվազյանին (հատոր 1-ին գ.թ. 60-62):

4. Ըստ ՀՀ Մրգավան համայնքի ղեկավարի 31.02.2018 թվականի թիվ 253 գրության` Մրգավան համայնքի բնակիչ Ջիվան Պետրոսյանը հարևաններ Սուսաննա Մելքոնյանի, Սլավիկ Ավագյանի և Սուսան Խաչատրյանի գրավոր ներկայացրած հայտարարությունների համաձայն` մաքրել, ցանկապատել և մինչ օրս մշակում է 0.086 հա մակերեսով հողամասը, որտեղ վերջինս տնկել է խաղողի վազեր և պտղատու այգի: Համայնքապետարանը հիմք է ընդունել Ջիվան Պետրոսյանի հարևանների հայտարարություններն այն մասին, որ նա հողամասը մշակում է 1991 թվականից մինչ օրս (հատոր 1-ին գ.թ. 83):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանման և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

i

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նույն հոդված 3-րդ կետի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 21.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ` ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

i

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

i

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Դատարանը մերժելով հայցն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով չի հաստատվել Գուրգեն Այվազյանի (Քրդյան) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի սեփականության իրավունքից հրաժարումը, ինչպես նաև Ջիվան Պետրոսյանի կողմից դրա բարեխիղճ տիրապետումը, հետևաբար հայցվորի կողմից նշված` միայն պատասխանողի սեփականության իրավունքից հրաժարումը` անգործությունը, որը սույն գործով չի ապացուցվել, որևէ կերպ չէր կարող նշված անշարժ գույքն իր փաստացի տիրապետմանն անցնելու ժամանակ, կամ դրանից հետո, հայցվորին բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ ինքն այն ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն:

i

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է, որ սույն գործով չի ապացուցվել սեփականության իրավունքով Գուրգեն Այվազյանին (Քրդյան) պատկանող հողամասի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև Գուրգեն Այվազյանի (Քրդյան) հետաքրքրությունը կորցնելու հանգամանքը` իր սեփականության նկատմամբ: Ավելին, ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի 05.10.2018 թվականի թիվ 510 տեղակայքից պարզ է դառնում, որ Գուրգեն Այվազյանը (Քրդյան) 2006 թվականից ի վեր շարունակել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի պարտականությունների պարտաճանաչ կատարումը, ինչը հակասում է բողոք բերողի պնդմանը: Ինչ վերաբերում է բողոք բերողի այն հիմնավորմանը, որ Ջիվան Պետրոսյանը վիճելի հողամասը տիրապետել է որպես սեփականը, ապա Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով սույն գործի փաստական հանգամանքները, հանգել է եզրակացության, որ Ջիվան Պետրոսյանը վիճելի հողամասի կառավարումը, բարեխիղճ և օրինական տիրապետումը հիմնավորող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց չի ներկայացրել: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ հայցվորի ներկայացրած հողի հարկի և գույքահարկի անդորրագրերը չեն համարվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն վերաբերելի, քանի որ անդորրագրերից պարզ չէ` արդյոք վճարումները կատարվել են վիճելի հողամասի համար, իսկ վկաների ցուցմունքով հաստատվում է միայն այն փաստը, որ Ջիվան Պետրոսյանը օգտագործել է վիճելի գույքը, սակայն առանց իրավական հիմքի, հետևաբար նրա մոտ չէր կարող համոզմունք առաջանալ, որ ինքը այդ գույքը դիտարկում է որպես սեփականը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռքբերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատճառաբանելով, որ հայցվորի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, և բարեխղճության բացակայության հիմքում դրվել է տիրապետման իրավական հիմքի բացակայությունը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է հակառակ կանխավարկածը: Այսինքն` օրենքով նախատեսված որևէ իրավական հիմքով գույքի տիրապետումն այդ ժամանակահատվածում բացառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառումը: Այսինքն ստորադաս դատարանների եզրահանգումը` տիրապետման բարեխղճության բացակայության մասին, չի կարող համարվել հիմնավորված:

Սույն գործում առկա ապացույցներով` այն է` ՀՀ Մրգավան համայնքի ղեկավարի 31.02.2018 թվականի թիվ 253 գրությամբ, հարևանների հայտարարություններով, հիմնավորվում է, որ Ջիվան Պետրոսյանը մաքրել, ցանկապատել և մինչ օրս մշակում է 0.086 հա մակերեսով հողամասը, որտեղ վերջինս տնկել է խաղողի վազեր և պտղատու այգի: Համայնքապետարանը հիմք է ընդունել Ջիվան Պետրոսյանի հարևանների հայտարարություններն այն մասին, որ նա հողամասը մշակում է 1991 թվականից մինչ օրս:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 1991 թվականից մինչև ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի և Գուրգեն Այվազյանի միջև վիճելի գույքի նկատմամբ առուվաճառքի պայմանագրի կնքումը` 05.09.2006 թվականը, և անգամ նշված պայմանագիրը կնքելուց հետո Ջիվան Պետրոսյանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է վիճելի անշարժ գույքը: Նշվածից հետևում է, որ Ջիվան Պետրոսյանը ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող 0.086 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք է բերել դեռևս մինչև 05.09.2006 թվականը` մինչև վիճելի հողամասի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր կնքելը:

Նշված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջիվան Պետրոսյանը վիճելի հողամասը բացահայտ տիրապետել և օգտագործել է իր հայեցողությամբ տիտղոսային սեփականատիրոջ կողմից այդ հանգամանքի մասին տեղյակ լինելու պայմաններում:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն հետևությանը, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ վիճելի հասցեի սեփականատերը հրաժարվել է իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված փաստը հավասարապես կարող է հիմնավորվել ինչպես գործում առկա համապատասխան ապացույցներով, այնպես էլ սեփականատիրոջ վարքագծի գնահատմամբ: Տվյալ պարագայում պատասխանողի վարքագիծը, մասնավորապես` նրա կողմից 10 տարուց ավելի Ջիվան Պետրոսյանի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը ևս ակնհայտ վկայում է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև պատասխանողի կողմից վիճելի հողամասի հողի հարկի վճարման փաստարկին` ձեռքբերման վաղեմության համար էական նշանակություն ունեցող հանգամանքի` գույքը որպես սեփական տիրապետելու փաստի վրա ազդելու առումով:

i

Ստորադաս դատարաններն անշարժ գույքի հետ կապված հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ գյուղապետի կողմից տրված տեղեկանքի հիմքով բացառել են ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման հայցի բավարարումն այն դեպքում, երբ որպես այգի ծառայող վիճելի հողամասը չէր կարող պահպանված լինել առանց համապատասխան գյուղատնտեսական աշխատանքների կատարման և ֆինանսական միջոցների ներդրման: Այսինքն միայն հողի հարկի վճարումով, որի վճարման պարտականությունը կրում է հարկման օբյեկտ հանդիսացող գույքի տիտղոսային սեփականատերը, չի բացառում գույքի տիտղոսային սեփականատիրոջ` գույքից մեկուսանալու հանգամանքը, հատկապես հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, ըստ որի` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են վիճելի գույքի նկատմամբ Ջիվան Պետրոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

- Գեղամ Այվազյանից (Քրդյան) հօգուտ Ջիվան Պետրոսյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

- Գեղամ Այվազյանից (Քրդյան) ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Գեղամ Այվազյանից (Քրդյան) հօգուտ Ջիվան Պետրոսյանի ենթակա է բռնագանձման նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Ջիվան Պետրոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ջիվան Պետրոսյանի սեփականության իրավունքը` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող 0.086 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Գեղամ Այվազյանից (Քրդյան) հօգուտ Ջիվան Պետրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Գեղամ Այվազյանից (Քրդյան) ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Գեղամ Այվազյանից (Քրդյան) հօգուտ Ջիվան Պետրոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Ջիվան Պետրոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԱՎԴ/1324/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1324/02/18     2021 թ.

Նախագահող դատավոր  Ա. Պետրոսյան

    Դատավորներ         Լ. Գրիգորյան

                       Դ. Սերոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՎԴ/1324/02/18 քաղաքացիական գործով 07.12.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    7 դեկտեմբերի 2021 թ.                       ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 07.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Ջիվան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջիվան Պետրոսյանի ընդդեմ Գուրգեն Այվազյանի (Քրդյան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

i

Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս, Ռուզաննա Հակոբյանս, Մամիկոն Դրմեյանս, Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս համաձայն չլինելով 07.12.2021 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է` Ջիվան Պետրոսյանի կողմից Գուրգեն Այվազյանի անվամբ գրանցված ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող 0.086 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (այսուհետ` Հողամաս) բարեխիղճ տիրապետելու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ջիվան Պետրոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Գուրգեն Այվազյանի անվամբ գրանցված Հողամասի նկատմամբ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 08.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշմամբ Ջիվան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջիվան Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գուրգեն Այվազյանը (Քրդյան) (ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյան):

 

2. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը քննել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

Վերաքննիչ դատարանը է խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները, արձանագրել է, որ չի ապացուցվել սեփականության իրավունքով Գուրգեն Այվազյանին (Քրդյան) պատկանող հողամասի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև Գուրգեն Այվազյանի (Քրդյան) հետաքրքրությունը կորցնելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրման չի ենթարկել վերոնշյալ երկու փաստերի վերաբերյալ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները, հակառակ դեպքում կհանգեր եզրակացության, որ Գուրգեն Այվազյանը (Քրդյան), իր անգործությամբ հրաժարվել է իր սեփականությունից:

Մասնավորապես, վերոգրյալ պնդումը բխում է այն հանգամանքից, որ պատասխանողի կողմից ներկայացված վճարման անդորրագրից պարզ է դառնում, որ 2006 թվականից մինչև 2018 թվականը հողի հարկ չի վճարվել, ավելին` չվճարման հետևանքով Գուրգեն Այվազյանի (Քրդյան) նկատմամբ կիրառվել է տույժ, իսկ վճարում կատարվել է միայն 2018 թվականին` սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վճարումներ կատարելու ժամանակ` 2018 թվականին, արդեն իսկ ավարտված է եղել ձեռքբերման վաղեմության ինստիտուտի գործածության համար օրենքով սահմանված 10 տարվա ժամկետը, որպիսի պայմաններում սեփականատիրոջ ոչ մի գործողություն չէր կարող և չպիտի գնահատվեր որպես գույքի պահպանմանն ուղղված գործողություն և չպիտի մեկնաբանվեր որպես գույքից հրաժարվելու բացառում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ինչպես հայցադիմումում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում նշված է, որ հայցվորը 1992 թվականից մինչ օրս, շուրջ 26 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ փաստացի տիրապետել է վիճելի հողամասը որպես սեփական գույք, հոգ տարել գույքի պահպանման և բարելավման համար, հիմնել այգի, ջերմոց, որն էլ հանդիսանում է բողոքաբերի ընտանիքի ապրուստի միջոցը: Մինչդեռ վկայակոչված փաստերից որևէ մեկը չի հիմնավորվում գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցությամբ:

Հողամասն ունի սեփականատեր, այն տիրազուրկ ճանաչված չէ, իսկ գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեին այն փաստը, որ գույքի սեփականատերը երկարատև անտարբեր վերաբերմունք է դրսևորել վիճելի հողամասի նկատմամբ;

Առաջնորդվելով վերոգրյալով` պատասխանողը խնդրել է մերժել Ջիվան Պետրոսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը համարել է ներքոշարադրյալ փաստերը.

1) ՀՀ Արարատի մարզի Մրգավանի գյուղապետի 04.09.2006 թվականի որոշման համաձայն` հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 25.08.2006 թվականի թիվ 9 արձանագրությունը և համայնքի ավագանու 20.07.2006 թվականի թիվ 5 նիստի որոշումը` Արտաշատ քաղաքի բնակիչ Գուրգեն Այվազյանին աճուրդային կարգով տնամերձի նպատակով օտարվել է 0,086 հա մակերեսով հողամաս (ծածկագիր 041-022) (հատոր 1-ին գ.թ. 64):

2) 05.09.2006 թվականին նոտարական կարգով վավերացված պայմանագրի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Սուրեն Դավթյանի, ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղական համայնքին պատկանող բնակավայրի կառուցապատման հողամասը` 860,0 քմ ընդհանուր մակերեսով, վաճառել է Գուրգեն Այվազյանին (հատոր 1-ին գ.թ. 65-66):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման 28.09.2006 թվականի թիվ 2198509 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող բնակավայրի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Գուրգեն Այվազյանին (հատոր 1-ին գ.թ. 60-62):

4) Ըստ ՀՀ Մրգավան համայնքի ղեկավարի 31.02.2018 թվականի թիվ 253 գրության` Մրգավան համայնքի բնակիչ Ջիվան Պետրոսյանը հարևաններ Սուսաննա Մելքոնյանի, Սլավիկ Ավագյանի և Սուսան Խաչատրյանի գրավոր ներկայացրած հայտարարությունների համաձայն` մաքրել, ցանկապատել և մինչ օրս մշակում է 0.086 հա մակերեսով հողամասը, որտեղ վերջինս տնկել է խաղողի վազեր և պտղատու այգի: Համայնքապետարանը հիմք է ընդունել Ջիվան Պետրոսյանի հարևանների հայտարարություններն այն մասին, որ նա հողամասը մշակում է 1991 թվականից մինչ օրս (հատոր 1-ին գ.թ. 83):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանը, Որոշման պատճառաբանական մասում հարկ համարելով անդրադառնալ «ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին», արձանագրել է, որ վերահաստատում է «նախկինում արտահայտած իր դիրքորոշումները»: Մինչդեռ Ջիվան Պետրոսյանի կողմից Հողամասը բարեխիղճ տիրապետելու կապակցությամբ ներկայացված եզրակացությունները չեն բխում ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ վավերապայմաններից բարեխղճության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187) (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը` տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են.

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

i

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է նախ` տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա` գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը` թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Տվյալ դեպքում Ջիվան Պետրոսյանի կողմից չի ներկայացվել Հողամասն իր կողմից տիրապետելու բարեխղճությունը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի որևէ ապացույց, որը հիմք կտար հաստատված համարելու Հողամասն օրինական հիմքերով ձեռքբերելու Ջիվան Պետրոսյանի համոզմունքի առկայությունը և դրա հիման վրա` Ջիվան Պետրոսյանի մոտ Հողամասը, որպես իր սեփականություն, տիրապետելու ենթադրության հանգելու հնարավորության առկայությունը: Ավելին` Վճռաբեկ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի 05.10.2018 թվականի թիվ 510 տեղեկանքով հաստատված այն փաստը, որ Հողամասը պատկանում է ՀՀ քաղաքացի Գուրգեն Յուրիկի Քրդյանին (նախկինում` Գուրգեն Այվազյան), ով 2006 թվականից մինչև 2018 թվականը (ներառյալ) մշտապես և պարտաճանաչ կերպով մուծել է տվյալ հողամասի համար նախատեսված հողի հարկը, և նշված Հողամասի հողի հարկի վճարումներ այլ անձանց կողմից երբևէ չեն կատարվել, ինչը հակված է Ջիվան Պետրոսյանի կողմից Հողամասը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը բացառելուն: Մինչդեռ այդ ապացույցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Գուրգեն Քրդյանը փաստացի չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հողամասից, դեռ ավելին` ձեռնարկել է դրա պահպանմանն ուղղված անհրաժեշտ ակտիվ գործողություններ` 2006-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում անընդմեջ և անընդհատ վճարել է հողի հարկը: Նշվածը վկայում է այն մասին, որ Հողամասը տիրապետելու հարցում Ջիվան Պետրոսյանի բարեխղճությունը չի ապացուցվել ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից կարևորված` նրա սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից, այլ նաև Գուրգեն Քրդյանը չի ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը թույլ կտար արձանագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հողամասի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացված լինելու փաստը:

Հիմք ընդունելով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու պայմաններից բարեխղճության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ վիճելի է մնացել Ջիվան Պետրոսյանի կողմից Հողամասը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը, իսկ Գուրգեն Քրդյանի կողմից շուրջ 12 տարի Հողամասի հողի հարկը վճարելու եղանակով իր տիրապետման իրավազորությունն իրականացնելու փաստն ինքնին բացառել է ձեռքբերման վաղեմության ուժով Ջիվան Պետրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը պետք է մերժեր Ջիվան Պետրոսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանի որոշման ազդեցությունը սեփականության իրավունքի պաշտպանվածության վրա.

Որոշմամբ Վճռաբեկ դատարանը կարևորել է ձեռքբերման վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների դերը նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Մեկուսացված փաստերով գործերի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած իր որոշումներում տրված մեկնաբանություններից շեղվելն ի չիք է դարձնում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունը կյանքի կոչելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի հիմնավորել ձեռքբերման վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների կապակցությամբ նախկինում ներկայացված իր իրավական դիրքորոշումներից շեղվելը` այն դեպքում, երբ վեճը լուծելիս թե՛ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել են Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով:

Որոշմամբ տրված մեկնաբանությունը կարող է էական նշանակություն ունենալ սեփականության իրավունքի պաշտպանվածության հանրային ընկալման տեսանկյունից, քանզի կարող է ձևավորվել ընդհանրացված մոտեցում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց իրավական որևէ հիմքի, կամայականորեն, «բարեխիղճ» վարքագծի հետ անհամատեղելի վարք դրսևորելով ներխուժել որևէ հողամաս, այնտեղ կատարել գյուղատնտեսական աշխատանքներ, և հետագայում պնդել, որ առկա են սեփականության իրավունքի ծագման հիմքեր: Մյուս կողմից սեփականատերը, ով այդ հողամասը ձեռք է բերել հրապարակային աճուրդի միջոցով և կատարել է դրա հետ կապված օրենքով սահմանված պարտականությունները, չի կարող ունենալ համոզում, որ իր սեփականության իրավունքը պաշտպանված է երրորդ անձանց կամայական վարքագծից: Ավելին` Որոշման հետևանքով կարող է նաև ձևավորվել հանրային ընկալում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հիմքով ծագած սեփականության իրավունքը կարող է դադարել այլ անձի կամայականության հետևանքով, իսկ նման ազդեցությունն անթույլատրելի է իրավական պետությունում, որը կրում է յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականություն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով:

 

Դատավորներ  Ա. Մկրտչյան

Ռ. Հակոբյան

Մ. Դրմեյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1324/02/18

2021 թ.

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 07.12.2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    17 դեկտեմբերի 2021 թ.                      ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

քննարկելով ըստ հայցի Ջիվան Պետրոսյանի ընդդեմ Գուրգեն Այվազյանի (Քրդյան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշման մեջ առկա վրիպակներն ուղղելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 08.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2019 թվականի որոշմամբ Ջիվան Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշմամբ Ջիվան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և փոփոխվել է այն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ջիվան Պետրոսյանի սեփականության իրավունքը` ՀՀ Արարատի մարզի Մրգավան համայնքում գտնվող 0.086 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, մասնավորապես` որոշման դատական ծախսերի բաշխման վերաբերյալ կետում որոշման 10-րդ էջի 5-րդ, 6-րդ և 7-րդ պարբերություններում 1-ին տողերում «Գուրգեն Այվազյանից (Քրդյան)» փոխարեն նշվել է «Գեղամ Այվազյանից (Քրդյան)», ինչպես նաև «ՈՐՈՇԵՑ» մասում 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում «Գուրգեն Այվազյանից (Քրդյան)» փոխարեն նշվել է «Գեղամ Այվազյանից (Քրդյան)», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակներն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ, 407-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Թիվ ԱՎԴ/1324/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակներն ուղղել հետևյալ կերպ.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշման 10-րդ էջի 5-րդ, 6-րդ և 7-րդ պարբերություններում համապատասխանաբար 1-ին տողերում «Գեղամ Այվազյանից (Քրդյան)» բառերը փոխարինել «Գուրգեն Այվազյանից (Քրդյան)» բառերով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2021 թվականի որոշման «ՈՐՈՇԵՑ» մասում 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում «Գեղամ Այվազյանից (Քրդյան)» բառերը փոխարինել «Գուրգեն Այվազյանից (Քրդյան)» բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 7 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.12.2021
N ԱՎԴ/1324/02/18
Որոշում