Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ԵՎ 39-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/0041/04/17

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0041/04/17   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Թեքնո Քազա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 20.06.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` դիմումը մերժվել է: Միաժամանակ որոշվել է Ընկերությունից հօգուտ Կոմիտեի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես Դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ, 73-րդ, 219-րդ հոդվածները, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ընդունելով վերաքննության փուլում ներկայացված նոր ապացույցը, պարտավոր էր բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից Կոմիտեի օգտին վճարումը կատարվել է առանց Դատարանի որոշման` խախտելով մնացած պարտատերերի շահերը: Ավելին` ներկայացված նոր ապացույցը գործի լուծման համար նշանակություն չունի, որը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ Ընկերությունն իրականում բաց էր թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը և դատական ակտն առձեռն ստանալով` պարզապես վերականգնել է այդ ժամկետը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի լուծել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքի հարցը:

Վերաքննիչ դատարանը նաև իրավական հիմնավորում չի տվել իր եզրահանգումներին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գևորգ Գևորգյանը շուրջ տասն ամիս իրականացրել է նախ սնանկության գործով ժամանակավոր կառավարչի, այնուհետև` 23.06.2017 թվականից սնանկության գործով կառավարչի լիազորություններ, որպիսի պայմաններում պարտապան Ընկերությունը պետք է պարտավորեցվեր վճարել սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.06.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 20.03.2017 թվականի որոշմամբ Գևորգ Գևորգյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 40).

2) Դատարանի 23.06.2017 որոշմամբ Գևորգ Գևորգյանի` որպես Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվել են, և վերջինս նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք առաջանում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարց այն դեպքերում, երբ սնանկության հիմքերի վերանալու պայմաններում կայացվել է սնանկության դիմումը մերժելու մասին դատական ակտ:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ կետի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի լույսի ներքո մեկնաբանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայությանը կամ բացակայությանը: Տվյալ իրավահարաբերությունում շահագրգիռ անձինք են միայն պարտապանը և պարտատերը, այլ կերպ ասած` այն հարցը, թե արդյոք պարտապանը կճանաչվի սնանկ, թե` ոչ, անդրադառնում է միայն պարտապանի և պարտատիրոջ իրավունքներին: Հետևաբար օրինաչափ և արդարացված է օրենսդրի մոտեցումն այն մասին, որ նշված դատական ակտը կարող են բողոքարկել միայն պարտապանը և պարտատերը (պարտատերերը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշակի դեպքերում դատարանի վճիռը կարող է բողոքարկվել սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից այն դեպքում, երբ վճիռն ուղղակիորեն անդրադառնում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին: Սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից վճիռը բողոքարկելու նման իրավունք ծագում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում: Այսպես, նշված նորմի համաձայն, եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են: Նշված դեպքերում սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռն անմիջականորեն առնչվում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին այնքանով, որքանով կարգավորում է նաև վերջինիս վարձատրության հարցը: Հետևաբար սնանկության ժամանակավոր կառավարչին բողոքարկման իրավունք չտրամադրելը կխախտեր վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր հանդիսացող բողոքարկման իրավունքը:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեև ընդհանուր կանոնի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը չի կարող բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը, սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն դեպքին, երբ վճիռն ուղղակիորեն վերաբերում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին, մասնավորապես` վերջինիս վարձատրություն ստանալու իրավունքին: Ընդ որում, անգամ այդ դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը չի կարող բողոքարկել վճիռը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի և անվճարունակության հատկանիշների առկայության կամ բացակայության հիմքով: (տե՛ս, թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է ինչպես սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճռի, այնպես էլ վերաքննիչ դատարանի այն որոշման բողոքարկման կապակցությամբ, որով բեկանվել և փոփոխվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը, և սնանկ ճանաչելու դիմումը մերժվել է:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 20.03.2017 թվականի որոշմամբ Գևորգ Գևորգյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ, իսկ Դատարանի 23.06.2017 որոշմամբ` Ընկերության սնանկության գործով կառավարիչ:

Դատարանը, բավարարելով Կոմիտեի ներկայացրած դիմումը, Ընկերությանը ճանաչել է սնանկ:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանել է և փոփոխել` մերժելով դիմումը:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք նաև այնպիսի հիմքերով, որոնք չեն առնչվում իր վարձատրությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանը Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու և արդյունքում սնանկության դիմումը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կարող էր բողոքարկել միայն իր վարձատրության հետ կապված հիմքով, մինչդեռ նշված որոշումը բողոքարկվել է նաև այնպիսի հիմքերով, որոնցով բողոքարկելու իրավունքից Գևորգ Գևորգյանը զրկված է` համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն ըստ էության չի անդրադառնում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանի կողմից Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի այն հիմքերին, որոնք չեն վերաբերում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի տարբեր փուլերում նախատեսել է սնանկության ժամանակավոր կառավարչի և կառավարչի մասնակցությունը, որոնք սնանկության իրավահարաբերությունների տարբեր սուբյեկտներ են` ինքնուրույն գործառույթներով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը սնանկության վարույթին մասնակցում է մինչև կառավարչի նշանակումը կամ մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունները: Մասնավորապես, սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.

ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչին թեև վերապահված են սահմանափակ լիազորություններ, ինչպիսիք են գույքագրման կազմակերպումը, պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների, պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեության և ապրանքային շուկայում նրա դրության վերլուծումը, այնուամենայնիվ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը, որը պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին վերը թվարկած սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո մերժվում է:

Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով` նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն:

Սույն գործով Գևորգ Գևորգյանը 20.03.2017 թվականին նշանակվել է Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ: Այնուհետև Դատարանի 20.06.2017 թվականի վճռով Ընկերության սնանկ ճանաչվելուց հետո Դատարանի 23.06.2017 թվականի որոշմամբ նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ:

Վերաքննիչ դատարանը 28.12.2017 թվականի որոշմամբ, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, Ընկերությունից հօգուտ Կոմիտեի բռնագանձել է 500.000 ՀՀ դրամ` որպես Դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար` դատական ակտում չանդրադառնալով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ վերջինս նյութական իրավունքի նորմի չկիրառման արդյունքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գևորգ Գևորգյանը, Դատարանի 20.03.2017 թվականի որոշմամբ նշանակվելով Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ, մինչև 23.06.2017 թվականը իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտապանին պետք է պարտավորեցներ ոչ միայն փոխհատուցել դատական ծախսերը, այլ նաև վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չկիրառելով համապատասխան նյութական նորմը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սխալ եզրահանգման է եկել Վերաքննիչ բողոքը քննելիս, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 28.12.2017 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` մինչև 23.06.2017 թվականը որպես Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Գևորգ Գևորգյանին վարձատրություն նշանակելու հարցը քննարկելու մասով, նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` «Թեքնո Քազա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանի վարձատրությանը չանդրադառնալու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2017 թվականի որոշումը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵԱՔԴ/0041/04/17
Որոշում