Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 273-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 273-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴ/0056/01/13

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ պաշտպան`    Տ. Ղազարյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կամո Արարատի Շահինյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ Կ.Շահինյանի պաշտպան Տ.Ղազարյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով ամբաստանյալ Կամո Արարատի Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում:

2. Առաջին ատյանի դատարանը Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Կ.Շահինյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

i

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Կ.Շահինյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը բեկանել է, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի և 6-րդ կետի կիրառմամբ Կ.Շահինյանի վերաբերյալ թիվ ԱՐԴ/0056/01/13 քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել:

4. Վճռաբեկ դատարանը Կ.Շահինյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ վերադարձրել է:

5. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռի, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունվարի 24-ի որոշման, Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Կ.Շահինյանի պաշտպան Տ.Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

6. Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի ամռանն իր տնամերձ հողամասում և դրա հարակից տարածքում ապօրինի կերպով աճեցրել է առանձնապես խոշոր չափերի` 15320 գրամ քաշով մշակումն արգելված թմրանյութեր պարունակող «Կանեփի թուփ» տեսակի բույսեր, որոնցից ապօրինի պատրաստել և իր տան խոհանոցում պահել է խոշոր չափերի` 9,914 գրամ քաշով չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք էլ 2012 թվականի հուլիսի 30-ին հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից նրա տանը կատարված խուզարկությամբ1:

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 156-157:

 

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատարանը, դատաքննության ընթացքում հետազոտելով ձեռք բերված ապացույցները, ստուգելով, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցության մեջ` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում, որ Կամո Արարատի Շահինյանը կատարել է ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցանքներ, նրա արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Կամո Արարատի Շահինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված հանցանքը որակվում է որպես առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որը կատարվել է խոշոր չափերով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի 1-ին մասով կատարած հանցանքը որակվում է որպես մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով, որոնց համար էլ վերջինս պետք է պատասխանատվություն կրի (...)»2:

________________________

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 145-146:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ Կ.Շահինյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, որ վերջինիս մեղավորությունը հիմնավորված է Առաջին ատյանի դատարանում` դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներով, որոնցով և հերքվում են վերաքննիչ բողոքում նշված, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում` դատաքննության ժամանակ, պաշտպանության կողմի բերած` ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ պատճառաբանությունները:

(...)

i

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը և 6-րդ կետը կիրառելի է ամբաստանյալ Կ. Շահինյանի նկատմամբ, իսկ նույն ակտի 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով վերջինիս նկատմամբ համաներում չկիրառելու հիմքեր չկան:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. սեպտեմբերի 18-ի դատավճիռը` ըստ մեղադրանքի` Կամո Արարատի Շահինյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է բեկանել և Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի և 6-րդ կետի կիրառմամբ Կամո Արարատի Շահինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով թիվ ԱՐԴ/0056/01/13 քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել»3:

________________________

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 71-73:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ` դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ուստի ենթակա է բեկանման: Մասնավորապես` ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ թույլ են տրվել «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» սկզբունքի խախտում:

i

Բողոքաբերը, նշված հարցի վերաբերյալ, ի թիվս այլնի, մեջբերելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի, այսինքն` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, սակայն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված չէ նշված բույսերը ցանելու կամ աճեցնելու որևէ կարգ: Այսինքն` առկա է օրենսդրական բաց, ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտման:

10. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունվարի 24-ի, Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի դատական ակտերը, հռչակել Կ.Շահինյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և ճանաչել նրան անպարտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել արդյո՞ք այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

i

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

(...)

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

i

Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(...) Իրավական որոշակիության (res jսdicata) և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքները մարդու իրավունքները երաշխավորող հիմնարար դրույթներ են: Միևնույն ժամանակ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար պահանջներից շեղումը թույլատրելի է (Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետ) (...)»:

Անդրադառնալով «հիմնարար խախտում» հասկացության մեկնաբանմանը` Վճռաբեկ դատարանը նույն որոշման շրջանակներում ընդգծել է. «(...) Ի տարբերություն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին (...)»4:

________________________

4 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 18-19-րդ կետերը:

 

i

13. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել (...)»:

i

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:

i

Մեջբերված նորմերի համակարգված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Դ.Սիմիդյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(...) Միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (...): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (...): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (...):

(...) օրենքի` իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է` օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը` ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:

(...) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է: (...)»5:

________________________

5 Տե՛ս Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:

 

i

13.1. Վճռաբեկ դատարանը Հ.Գրիգորյանի և Է.Սարիբեկյանի, ինչպես նաև Գ.Սարգսյանի վերաբերյալ գործերով որոշումներում արձանագրել է. «Արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:

Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի «օրենքում», որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել «իրավական որոշակիության» երկու բաղադրիչներին, այն է` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին համապատասխանող «օրենքի» առկայության պարագայում (...):

(...)

«Օրենքի» համապատասխանությունը «կանխատեսելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով «օրենքով» նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: (...)» 6:

________________________

6 Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 14-15-րդ կետերը, Գագիկ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0258/01/16 որոշման 12.1-րդ կետը:

 

i

14. Նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված 1-ին մասը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով (...)»:

2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված 1-ին մասը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ) Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վարդան Ղազարյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

ա) անձը ցանել կամ աճեցրել է մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով,

բ) (ա) կետում նշված չափերով համապատասխան բույսերը անձը ցանել կամ աճեցրել է ապօրինի:

Վերոնշյալ (ա) կետում շարադրված պայմանը կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքին կից թիվ 5 հավելվածով (այսուհետ նաև` Հավելված 5), որը սահմանում է մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Ինչ վերաբերում է (բ) կետում նշված պայմանին, այն է` համապատասխան բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, ապա կոնկրետ դեպքում «ապօրինի» եզրույթը ենթադրում է, որ պետք է առկա լինի քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողություններն իրականացնելու (ցանելու կամ աճեցնելու)` նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգ, իսկ իրավակիրառողը այդ կարգի հաշվառմամբ պետք է քննություն իրականացնի և գնահատման ենթարկի այդ բույսերը ցանելու կամ աճեցնելու օրինականությունը (...)»:

i

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածն ունի բլանկետային բնույթ և կոնկրետ չափերով համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու ապօրինի լինելը որոշելու համար անհրաժեշտ է դիմել նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի) օգնությանը` Վճռաբեկ դատարանը, համակարգված վերլուծության ենթարկելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության` 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, հանգել է այն հետևության, որ «(...) Մի կողմից նախատեսված է քրեական պատասխանատվություն օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված կարգի խախտմամբ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու համար, մյուս կողմից որևէ կարգ նախատեսված չէ: Նախատեսելով քրեական պատասխանատվություն թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար` օրենսդիրը նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ նշված գործողություններն իրականացնելն իրավաչափորեն դիտարկել է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության ձև, սակայն չնախատեսելով համապատասխան կարգ` ըստ էության հետևողական չի եղել խնդրի համապարփակ օրենսդրական կարգավորման հարցում:

(...)

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմի որոշակի լինելու պահանջը հատուկ նշանակություն ունի քրեական օրենքի համար` հաշվի առնելով այն իրավական հետևանքների առանձնահատուկ բնույթը, որոնք առաջանում են քրեաիրավական նորմի պահանջների խախտման պարագայում: Այս պահանջի խախտումը արժեզրկում է ոչ միայն օրինականության, այլ նաև քրեական իրավունքի մյուս սկզբունքները: Քրեաիրավական նորմը պետք է պարունակի հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ), հակառակ պարագայում այդ նորմի հասցեատերը զրկվում է իր վարքագիծը դրա պահանջներին համապատասխանեցնելու և համապատասխան իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից: Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը նման դեպքում հանգեցնում է նաև օբյեկտիվ մեղսայնացման` խախտելով ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը:

(...) Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիսպոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով` վերոհիշյալ նորմը պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել համապատասխան ճյուղային օրենսդրության նորմերի հետ ունեցած համակարգային կապերի լույսի ներքո: ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը, պատասխանատվություն նախատեսելով թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի, այլ կերպ` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, ինքնին համապատասխան գործողությունների իրականացման կարգ չի սահմանում` թողնելով դա այլ իրավական ակտերի կարգավորմանը: Մինչդեռ թմրանյութերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կանոնակարգված չէ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Այսպիսով, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը: Իսկ նման պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքում անձի գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստիև նրա արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման: (...)»7:

________________________

7 Տե՛ս Վարդան Ղազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 13-21-րդ կետերը:

 

i

15. Այսպիսով, Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ) չէր բավարարում «օրենքի»` իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, այն պատասխանատվություն էր սահմանում թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, մինչդեռ իրավական որևէ ակտով համապատասխան գործողություններն իրականացնելու որևէ կարգ սահմանված չէր: Այլ կերպ` առկա էր օրենսդրական բաց, ինչի հետևանքով անհնար էր դառնում գնահատել անձի գործողությունների հակաօրինականությունը և նրան մեղսագրել համապատասխան հոդվածով արգելված արարքի կատարումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ որակական չափանիշին չբավարարող օրենքով անձին պատասխանատվության ենթարկելու պարագայում թույլ կտրվի օրինականության սկզբունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող` «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտում: Այդպիսի խախտումն իր բնույթով հիմնարար է և ի սկզբանե վկայում է կայացված դատական ակտի անօրինական ու չհիմնավորված լինելու մասին, ուստի դրա հիման վրա անձին դատապարտելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու արդյունքում կխաթարվի արդարադատության բուն էությունը և կխախտվի սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

i

Հարկ է փաստել, որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված 1-ին մասը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ինչի արդյունքում պատասխանատվություն է նախատեսվել ոչ թե համապատասխան նյութեր պարունակող բույսերը ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, այլ շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր պարզապես ցանելու կամ աճեցնելու համար` խոշոր չափերով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տնամերձ հողամասում և դրա հարակից տարածքում ապօրինի կերպով աճեցրել է առանձնապես խոշոր չափերի` 15320 գրամ քաշով մշակումն արգելված թմրանյութեր պարունակող «Կանեփի թուփ» տեսակի բույսեր (Կ.Շահինյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով)8:

________________________

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով Կ.Շահինյանի արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է այդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ինչի համար վերջինս պետք է պատասխանատվություն կրի (Կ.Շահինյանը մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով)9:

________________________

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

i

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Կ.Շահինյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, ինչը հիմնավորվել է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված ապացույցներով: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի և 6-րդ կետի կիրառմամբ Կ.Շահինյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է10:

________________________

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու արդյունքում դատարանների կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի հիմնարար խախտում, քանի որ այն չի բավարարել «օրենքի»` իրավական որոշակիության և կանխատեսելիության չափանիշներին: Մասնավորապես, այն պատասխանատվություն էր սահմանում թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, մինչդեռ իրավական որևէ ակտով համապատասխան գործողություններն իրականացնելու որևէ կարգ սահմանված չէր, հետևաբար առկա է եղել օրենսդրական բաց: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել օրինականության սկզբունքի և դրա բաղադրատարր հանդիսացող «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտում:

18. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Այսպիսով, թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ և 273-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով հիմնարար են և հիմք են Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը վերանայելու, ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու, Կ.Շահինյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչելու և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 412-րդ հոդվածի 2-րդ մասով, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կամո Արարատի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը վերանայել:

2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը մասնակիորեն բեկանել, ճանաչել Կամո Արարատի Շահինյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և արդարացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԱՐԴ/0056/01/13
Որոշում