020.1400.060218
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 փետրվարի 2018 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:
Օրենսգրքի`«Կալանքը» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»:
Ընդունումից ի վեր Օրենսգրքի վիճարկվող նորմում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն և լրացում չի կատարվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2017 թվականի հունիսի 29-ին Փաշա Արարատի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը նրա նկատմամբ ընդունվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
2017 թվականի հունիսի 30-ին Փաշա Արարատի Ավանեսյանի վերաբերյալ թիվ 90959117 քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (գործ համար ՍԴ1/0079/01/17):
2017 թվականի սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ավարտելով թիվ ՍԴ1/0079/01/17 քրեական գործի քննությունը, հեռացել է խորհրդակցական սենյակ: Նույն օրը դատարանը գործի դատաքննությունը վերսկսել է և, լսելով կողմերին, որոշել է գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:
3. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 16, 27, 28, 29, 71 և 78-րդ հոդվածներին:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը, նախ և առաջ, Օրենսգրքի 57, 58, 59, 84 և 361-րդ հոդվածների վերլուծության հիման վրա արձանագրել է, որ.
ա) կալանքի ժամկետը 15 օրից մինչև 3 ամիս է, իսկ կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ժամկետը 3 ամսից մինչև 2 տարի է,
բ) Օրենսգրքի 49-րդ հոդվածում պատժատեսակները շարադրված են առավել մեղմ պատժատեսակից մինչև առավել խիստ պատժատեսակը, որում կալանքը գտնվում է կարգապահական գումարտակում պահելուց և ազատազրկումից առաջ,
գ) կալանքը նախատեսված է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար, իսկ ազատազրկումը` նաև ծանր հանցագործությունների համար,
դ) կալանքի դեպքում դատվածությունը մարվում է պատիժը կրելուց 1 տարի անցնելուց հետո, իսկ ազատազրկման դեպքում` պատիժը կրելուց առնվազն 3 տարի անցնելուց հետո:
Այնուհետև, վերը նշված վերլուծության հիման վրա դիմողը գտնում է, որ կալանքն ավելի մեղմ պատժատեսակ է, քան կարգապահական գումարտակում պահելը կամ ազատազրկումը:
Միաժամանակ, դիմողը կոնկրետ գործով վկայակոչելով մեղմացուցիչ հանգամանքի առկայությունը, այն է` ամբաստանյալի` իր խնամքին մինչև 8 տարեկան երեխա ունենալը, և, հետևաբար, ամբաստանյալի նկատմամբ համեմատաբար մեղմ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը, գտնում է, որ մեղմացուցիչ հանգամանքը տվյալ դեպքում ամբաստանյալի համար առաջացնում է անբարենպաստ հետևանք, քանի որ Օրենսգրքի` վիճարկվող նորմի ուժով մինչև 8 տարեկան երեխա ունենալը բացառում է Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժատեսակներից (կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կարգապահական գումարտակում պահել` առավելագույնը երկու տարի ժամկետով, ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով) տվյալ գործով ամբաստանյալի նկատմամբ ընտրել առավել մեղմ պատժատեսակ հանդիսացող կալանքը:
4. Պատասխանողը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ դատարանը ճիշտ է նկատել, որ սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի սանկցիայում կալանք պատժատեսակն ամենամեղմն է: Սակայն անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ կալանք պատժատեսակն իր բնույթով շատ ավելի ծանր է, քան ազատազրկումը և կարգապահական գումարտակում պահելը. այն քննարկվող հոդվածում և Օրենսգրքում մեղմ է ազատազրկում և կարգապահական գումարտակում պահել պատժատեսակների համեմատությամբ` բացառությամբ Օրենսգրքով այդ պատժատեսակների օրենսդրորեն հնարավոր պատժաչափերի պայմաններում: Այսպես, Օրենսգրքի համաձայն` կալանքը կարող է կիրառվել 15 օրից մինչև 3 ամիս, այնուհետև կարգապահական գումարտակում պահելը` 3 ամսից մինչև 2 տարի, իսկ ազատազրկումը` 3 ամսից մինչև 20 տարի ժամանակով:
Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ` «Թեև վերոգրյալ պատժաչափերի, ինչպես նաև պատիժը կրելուց հետո քրեաիրավական հետևանքների տարբերության պայմաններում կալանքը ավելի մեղմ է, սակայն, եթե դիտարկենք և համեմատենք այս պատժատեսակների 1 օրը, ապա ակնհայտ է, որ կալանքն ավելի ծանր է: ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Հիմք ընդունելով այս պահանջը` ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է կալանքը կրելու ավելի խիստ կարգ ու պայմաններ, քան կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման դեպքում»:
Այդ հանգամանքով պայմանավորված` պատասխանողը գտնում է, որ. «... կալանքի դեպքում դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, կարճաժամկետ մեկնում չի տրամադրվում, չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում»:
Հաշվի առնելով բերված հիմնավորումները` պատասխանողը նաև գտնում է, որ` «... օրենսդիրն իրավաչափորեն ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»:
Միաժամանակ, նման իրավակարգավորումը, ըստ պատասխանողի, նպատակ է հետապնդում պաշտպանելու ընտանիքի լավագույն շահերը և բխում է հենց ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի պահանջից, այն է` ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են, և չի կարող որևէ դեպքում մեկնաբանվել որպես Սահմանադրության 16-րդ հոդվածի պահանջին հակասող և հնարավորություն ստեղծել նման ընտանեկան պայմաններում դատապարտյալին հասարակությունից խիստ մեկուսացնել, այդ թվում` իր խնամքի տակ գտնվող մինչև 8 տարեկան երեխաներից:
Այս հիմնավորմամբ պայմանավորված, պատասխանողի կարծիքով, խոսք չի կարող լինել դատարանի կողմից վկայակոչված հնարավոր խտրական իրավակարգավորման մասին` վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից մեկը, ըստ որի` «Վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է համարվում 14-րդ հոդվածի նպատակների համար, եթե այն չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այն է` եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն» (Սահինն ընդդեմ Գերմանիայի (Sahin v. Germany), 2003թ. հուլիսի 8-ի վճիռ):
Պատասխանողը նաև գտնում է, որ Օրենսգիրքն ունի անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու անհրաժեշտ իրավական գործիքակազմ: Օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»: Դատարանն ավելի մեղմ պատիժ նշանակելու համար կարող է կիրառել Օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, ինչպիսիք են` «Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը» վերտառությամբ 64-րդ հոդվածը, «Պատիժը պայմանականորեն չկիրառելը» վերտառությամբ 70-րդ հոդվածը:
Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանողը կարծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:
5. Հաշվի առնելով դիմող և պատասխանող կողմերի փաստարկները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բարձրացված սահմանադրաիրավական վեճը վերաբերում է կալանք պատժատեսակի ընտրության և նշանակման իրավաչափությանն այն տեսանկյունից, որ քրեական օրենսդրությամբ նախատեսված առանձին հանցակազմերի սանկցիաներում չի նախատեսվում կալանք պատժատեսակից ավելի մեղմ պատժատեսակ:
Այդ կապակցությամբ սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել կալանքի բնույթը, նրա տեղը քրեաիրավական բնույթի պատժատեսակների համակարգում` ելնելով անձի սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների երաշխավորման ու պաշտպանության անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ապահովման անհրաժեշտությունից:
6. Օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, արարքի հանրային վտանգավորության գնահատման և դրա քրեականացման իր իրավասության շրջանակներում, ելնելով Օրենսգրքի խնդիրներից և նպատակներից, նախատեսել է տարբեր խստության պատժատեսակներ: Պատժի տեսակների բազմազանությունը հնարավորություն է տալիս դատարանին հաշվի առնել հանցագործության և հանցագործի վտանգավորության աստիճանը և նշանակել արդարացի պատիժ, որն առավելագույնս կնպաստի դատապարտյալի ուղղմանը, սոցիալական արդարության վերականգնմանը և նոր հանցագործությունների կանխմանը:
Այսպես, օրինակ, Օրենսգրքի 49-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետությունում կիրառվող պատժատեսակները թվարկվում են հետևյալ հաջորդականությամբ` տուգանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, հանրային աշխատանքներ, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկում, զինվորական ծառայության մեջ սահմանափակում, գույքի բռնագրավում, կալանք, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկում, ցմահ ազատազրկում:
Ընդ որում, Օրենսգրքով նախատեսված պատիժների այս համակարգում պատժատեսակներն ունեն որոշակի աստիճանակարգվածություն` սկզբում ներկայացվում են ավելի մեղմ` ազատազրկման հետ չկապված պատժատեսակները, իսկ այնուհետև ավելի խիստ` ազատազրկման հետ կապված պատժատեսակները: Պատժատեսակների նման հաջորդականությունն ակնհայտ է դարձնում, թե օրենսդիրն ինչպես է գնահատում յուրաքանչյուր պատժատեսակի հարաբերական խստությունը և կողմնորոշում դատարանին առավել արդյունավետ պատժատեսակի ընտրության, մասնավորապես, օրենքով նախատեսված դեպքերի համար ավելի մեղմ պատիժ նշանակելիս:
Միաժամանակ, քրեական օրենսդրության տրամաբանությունից հետևում է, որ կալանքը հիմնական և կարճաժամկետ ազատազրկման հետ կապված պատժատեսակ է և դատարանի կողմից կարող է նշանակվել Օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված սանկցիայով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերի համար ավելի մեղմ պատիժ նշանակելիս (Օրենսգրքի 64-րդ հոդված), պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս (Օրենսգրքի 77-րդ հոդված), հանրային աշխատանքների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում (Օրենսգրքի 54-րդ հոդված):
7. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ կալանքն ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է, և այն կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով:
Նույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է»:
Միաժամանակ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` «Դատապարտյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են` հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում` նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը»:
Սակայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուժով կալանքի դատապարտված դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում, նրանց վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար նույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները: Մասնավորապես, կալանքի դատապարտված դատապարտյալներին տեսակցություն չի տրամադրվում` բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության և անձնական բացառիկ հանգամանքների դեպքում, ինչպես նաև նրանց չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ` բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի:
Հիշատակված իրավակարգավորումների վերլուծության արդյունքների շրջանակում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև կալանքի` որպես պատժատեսակի կատարման, այդ թվում` անձի մեկուսացման պայմանները խիստ են, այնուամենայնիվ, պատժի կրման ժամկետի առումով այն ավելի մեղմ պատժատեսակ է, քան կարգապահական գումարտակում պահելը (Օրենսգրքի 58-րդ հոդված) կամ որոշակի ժամկետով ազատազրկումը (Օրենսգրքի 59-րդ հոդված):
Այդ հիմնավորմամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմը նախատեսում է տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք պատժատեսակի նշանակման արգելք` նպատակ հետապնդելով ապահովել այդ անձանց շահերը, ինչը բխում է ոչ միայն արարքի ու պատժաչափի համաչափության սկզբունքի բովանդակությունից, այլև Օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված մարդասիրության սկզբունքի նշանակությունից:
Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի իրավակարգավորման պահանջը, ըստ որի` «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են», Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վիճարկվող հոդվածում կալանք պատժատեսակի նշանակման արգելքն այն տեսանկյունից, որ քրեական օրենսդրությամբ նախատեսված առանձին հանցակազմերի սանկցիաներում կալանք պատժատեսակից ավելի մեղմ պատժատեսակով նշանակելն ինքնին կարող է հանդիսանալ ընտանիքի, մայրության և մանկության նկատմամբ պետության հատուկ պաշտպանության և հովանավորության կարևոր դրսևորումներից մեկը:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանքը նշանակելու արգելքն իրավաչափ է և բխում է կալանքի` որպես պատժատեսակի բնույթից:
8. ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Սահմանադրական այս նորմը նախ օրենսդրից պահանջում է յուրաքանչյուր հանցավոր արարքի համար սահմանել կատարված արարքին համարժեք պատիժ: Իսկ եթե սահմանվում են որոշակի պատժատեսակներ և պատժաչափեր, որոնք, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, դատարանին իրավաչափորեն տալիս են կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելու հայեցողություն, ապա այդ հայեցողությունը դատարանը կարող է իրացնել` հիմք ընդունելով պատժատեսակը և պատժաչափը կատարված արարքին համաչափ լինելու սահմանադրական պահանջը:
Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ նորմի սահմանադրականության քննության շրջանակից դուրս է հանրորեն վտանգավոր արարքների համար կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ որոշելու հարցը: Սակայն Սահմանադրական դատարանը կարող է գնահատել արդեն իսկ սահմանված պատժատեսակի համաչափ լինելու հարցը: Եվ այս հիմնավորմամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը պետք է համապատասխանի, ի թիվս այլ պահանջների, իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, իսկ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:
Օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր կողմից սահմանված պատժատեսակի և/կամ պատժաչափի նշանակումը կարող է կոնկրետ գործի շրջանակներում արդարացված չլինել և խախտել համաչափության սկզբունքը, ամրագրել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հնարավորություն:
Մասնավորապես, Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված այնպիսի բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Հիշատակված նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ կոնկրետ գործի շրջանակներում պատժատեսակի և/կամ պատժաչափի նշանակումն արդարացված լինելու և արարքի ու պատժաչափի համաչափությունն ապահովելու նպատակով օրենսդիրը դատարանին վերապահել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հնարավորություն:
Միաժամանակ, դիմողի կողմից բարձրացված խնդիրն առ այն, որ որոշ դեպքերում քննարկվող մարդասիրական նորմը հանգեցնում է դրանում ընդգրկված անձանց նկատմամբ ավելի խիստ և անհամաչափ պատժի նշանակման, օրակարգային է ՀՀ իրավակիրառ պրակտիկայի համար: Հիշյալ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ համապատասխան հոդվածի սանկցիան կալանք և ազատազրկում պատժատեսակներից բացի, այլ պատժատեսակ չի նախատեսում, որպիսի պայմաններում տվյալ անձի նկատմամբ կիրառելի է դառնում միայն ազատազրկումը, ինչն ավելի խիստ պատժատեսակ է, քան կալանքը: Օրենսգրքի ուսումնասիրությունից հետևում է, որ նման խնդիր առկա է թվով 24 հանցակազմերի դեպքում (Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին, 114-րդ հոդվածի 2-րդ, 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 1-ին մասեր, 283-րդ հոդված, 296-րդ հոդվածի 3-րդ, 306-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 327.1-րդ հոդվածի 1-ին, 327.3-րդ հոդվածի 1-ին, 327.4-րդ հոդվածի 1-ին, 327.6-րդ հոդվածի 2-րդ մասեր, 328-րդ հոդված, 348-րդ հոդվածի 1-ին մաս, 356-րդ հոդվածի 4-րդ մաս, 361-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 363-րդ հոդվածի 1-ին և 3-րդ, 364-րդ հոդվածի 1-ին, 368-րդ հոդվածի 2-րդ, 368.1-րդ հոդվածի 1-ին մասեր): Ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չի մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ` անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով:
Վերոհիշյալով պայմանավորված` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից վերը հիշատակված հանցակազմերի սանկցիաների սահմանման նման իրավակարգավորումը հանգեցնում է դրանց գործնական խնդիրների այնքանով, որքանով դրանցում չի նախատեսվում կալանք պատժատեսակից ավելի մեղմ պատժատեսակ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6 փետրվարի 2018 թվականի
ՍԴՈ-1400