Սեղմել Esc փակելու համար:
ՋՈՒԼԵՏԱ ԵՍԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՈՒԼԵՏԱ ԵՍԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ...

 

 

020.1371.250517

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՋՈՒԼԵՏԱ ԵՍԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Ա. Եղիազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ջուլետա Եսայանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ջուլետա Եսայանի` 2017 թվականի փետրվարի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թ. մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Կտակը վերացնելը, փոփոխելը և լրացնելը» վերտառությամբ 1202-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում, նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

2. Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`

1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.

2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:

3. Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

4. Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:

5. Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը:

6. Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումը պետք է ներկայացվի կտակ կազմելու համար` սույն օրենսգրքով սահմանված ձևով»»:

i

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թ. հոկտեմբերի 19-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2016 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված և 2016 թ. նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած ՀՕ-181-Ն ՀՀ օրենքով կատարվել է փոփոխություն: Մասնավորապես, դիտարկվող հոդվածի 6-րդ մասում «հայտարարությունը պետք է արվի» բառերը փոխարինվել են «դիմումը պետք է ներկայացվի» բառերով:

««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թ. դեկտեմբերի 4-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թ. դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել 2002 թ. մարտի 1-ին:

Օրենքի` «Կտակի վավերացումը» վերտառությամբ 56-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից` համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով: Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի»»:

i

Օրենքի վերոնշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թ. հոկտեմբերի 19-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2016 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված և 2016 թ. նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած ՀՕ-180-Ն ՀՀ օրենքով կատարվել է փոփոխություն: Մասնավորապես, վերաշարադրվել է դիտարկվող հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը: Մինչ այդ, դիտարկվող հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրված է եղել հետևյալ խմբագրությամբ. «Կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Ջուլետա Եսայանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգի Լևոնի Մկրտչյանի և Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի` 04.03.2011 թ. վավերացված կտակն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատվել է, որ առկա են երկու վավերացված կտակներ: Մասնավորապես`

ա) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից 13.01.2011թ. վավերացված կտակի համաձայն` Սերյոժա Եսայանն իրեն պատկանող ամբողջ գույքը հավասար բաժիններով կտակել է Արման Թովմասի Թադևոսյանին և Անուշ Թովմասի Նիկոլայանին,

բ) «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի կողմից 04.03.2011 թ. վավերացված կտակի համաձայն` Սերյոժա Եսայանն իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է Գեորգի Լևոնի Մկրտչյանին:

Դատարանի 21.12.2015 թվականի թիվ ԵՇԴ/3377/02/14 վճռով հայցը բավարարվել է, և անվավեր է ճանաչվել «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի կողմից 04.03.2011 թ. վավերացված կտակը:

Դատարանն իր վճիռը հիմնավորել է հետևյալով. «Օրենսդիրը թույլատրում է կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ ներկա գտնվել վկային, եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը: Վիճարկվող դեպքում վկայի անհրաժեշտություն չի եղել և պատասխանողն էլ ներկա գտնվելով կտակի կազմմանը, վկայի կարգավիճակում չի գտնվել, որպես ներկա գտնվող անձ իր ներկայությամբ խախտել է կտակի կազմման համար օրենսդրի կողմից սահմանված կարգը: Վիճարկվող դեպքում չի պահպանվել նաև օրենսդրի կողմից սահմանված կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները հիմնական նոտարի կողմից կատարված լինելու կանոնը, որոնք երկուսը միասին վերցված, կտակն անվավեր ճանաչելու հիմք են հանդիսանում, քանի որ հակասում են օրենսդրի կողմից սահմանված կտակի կազմման, կտակը վերացնելու, փոփոխելու, լրացնելու կարգին ու պայմաններին»:

Նշված վճռի դեմ պատասխանողի անունից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 05.05.2016 թվականի որոշմամբ բավարարվել են` վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է հետևյալով. «Դատարանը Կտակն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարման հիմքում դրել է նաև ՀՀ քաղ. օր.-ի 1202-րդ և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածների վկայակոչմամբ արված այն հետևությունը, թե «չի պահպանվել նաև օրենսդրի կողմից սահմանված կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները հիմնական նոտարի կողմից կատարված լինելու կանոնը» (թերևս, այստեղ առկա է վրիպակ, և Դատարանը նկատի է ունեցել «հիմնական կտակը վավերացրած նոտարին»` ինչպես նշված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում): Այն փաստը, որ 04.03.2011 թ. Կտակը վավերացվել է ոչ այն նոտարի կողմից, ով վավերացրել էր նույն կտակարարի 13.01.2011 թ. կտակը, անվիճելի է, սակայն այդ փաստը որպես Կտակի անվավերության հիմք որակվել չի կարող առնվազն այն պատճառով, որ պայմանականորեն կտակի վավերացման` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգի խախտման մասին վկայող փաստ համարվելու դեպքում անգամ այն չի կարող մեկնաբանվել որպես կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա ազդած հանգամանք և ՀՀ քաղ. օր.-ի 1211-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով հիմք չէ Կտակն անվավեր ճանաչելու համար: Բացի այդ, ՀՀ քաղ. օր.-ի` կտակը վերացնելը, փոփոխելը և լրացնելը կանոնակարգող 1202-րդ հոդվածը չի պարունակում նոր կտակը վավերացնող նոտարի վերաբերյալ որևէ այնպիսի վերապահում կամ սահմանափակում, ինչպիսին պարունակվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում, և այս անհամապատասխանությունն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի և 24-րդ հոդվածի ուժով պետք է լուծվի հօգուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` տվյալ դեպքում կիրառելի դարձնելով բացառապես այդ օրենսգրքի 1202-րդ հոդվածը և թույլ տալով ձեռնպահ մնալ Կտակն այլ նոտարի կողմից վավերացված լինելու փաստը որպես կտակի վավերացման կարգի խախտում որակելուց:

Այսպիսով, Կտակը չէր կարող անվավեր ճանաչվել նաև «կտակի վերացումը հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից կատարվելու կանոնը պահպանված չլինելու» պատճառաբանությամբ»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 03.08.2016 թվականի որոշմամբ մերժել է Ջուլետա Եսայանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումը, ի թիվս այլնի, հիմնավորել է նաև նրանով, որ բողոքաբերը բերված վճռաբեկ բողոքում թեև վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի թիվ 3-2504(ՏԴ), 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ), 26.12.2008 թվականի թիվ ԿԴ3/0026/02/08, 12.03.2010 թվականի թիվ ԵԷԴ/0272/02/08 որոշումները, ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2014 թվականի ՍԴՈ-1140 որոշումը, սակայն չի մեջբերել դրանց և բողոքարկվող որոշման ենթադրյալ հակասող մասերը, չի կատարել համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոգրյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմերի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կատարել է հետևություն, որ բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:

3. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի 1202-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 10, 28, 29, 60, 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողը գտնում է նաև, որ օրենսգրքի 1202-րդ հոդվածը և օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը` իրավակիրառ պրակտիկայում այս երկու օրենքների անհամապատասխանության վերաբերյալ տրված մեկնաբանությամբ, հակասում են իրավական որոշակիության սկզբունքին:

Իր տեսակետը հիմնավորելու համար դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերի միջև առկա հակասությունը պայմանավորել է իրավական անորոշության առկայությունը, ինչն, իր հերթին, հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 60, 61, 63-րդ հոդվածներով նախատեսված` սեփականության իրավունքի, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Ըստ դիմողի` այդ հակասությունը խախտում է նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածները:

Դիմողն արձանագրում է, որ հին կտակը վերացնելուն վերաբերող իրավահարաբերությունները կանոնակարգող նորմը բաժանվել է երկու մասի: Մի դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածով չի նախատեսվում կտակը կազմած նոտարի կողմից հին կտակը վերացնելուն և նոր կտակ կազմելուն ուղղված գործողությունների կատարման պարտականություն, մյուս դեպքում` ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքի վիճարկվող նորմով նախատեսվում է, որ կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:

Դիմողը նաև նշում է, որ դատարանի, մասնավորապես` Վերաքննիչ դատարանի, կողմից պետք է կիրառվեր ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքը և ոչ թե` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման: Պատասխանողն իր դիրքորոշումը հիմնավորում է հետևյալով.

նախ` օրենսգրքի և օրենքի վերլուծության հիման վրա պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է կտակի վերացման երկու եղանակ` նոր կտակ կազմելու միջոցով, որի կարգավորումներն իրականացվում են օրենսգրքի 1202-րդ հոդվածով, և դիմում տալու միջոցով, որի կարգավորումներն իրականացվում են օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով:

Պատասխանողը գտնում է, որ բացառապես նախկին կտակը վավերացրած նոտարի կողմից կտակի մեջ կատարվող հետագա փոփոխությունները, լրացումները կամ նախկին կտակը վերացնող փաստաթուղթը վավերացնելու պահանջը վերաբերում է միայն այն դեպքին, երբ կտակարարն իր այդ իրավունքն իրացնում է համապատասխան դիմում տալու, այլ ոչ թե նոր կտակ կազմելու միջոցով: Իսկ եթե կտակարարը կազմում է նոր կտակ, ապա այդ դեպքում կիրառելի են օրենսգրքի 1202-րդ հոդվածի պահանջները, որում նույն նոտարի մոտ վավերացնելու պահանջ առկա չէ:

Նշված վերլուծության արդյունքում պատասխանողը գտնում է նաև, որ օրենսգրքի և օրենքի վիճարկվող դրույթների միջև առկա չէ որևէ հակասություն և դրանով պայմանավորված` իրավական անորոշություն, վիճարկվող դրույթները հստակ և լիարժեք կարգավորում են յուրաքանչյուրն իր բովանդակության մեջ ներառված իրավահարաբերությունների ողջ ծավալը` նախատեսելով միմյանցից տարբեր ընթացակարգեր նույն հետևանքն առաջացնող երկու տարբեր իրավաբանական փաստերի` նոր կտակի և կտակը վերացնող դիմումի առնչությամբ: Արդյունքում, հղում կատարելով ՍԴՈ-864 որոշման մեջ իրավունքի բացի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Երկրորդ` վերլուծելով գործի փաստական հանգամանքները, այն, որ Ջուլետա Եսայանը դատարաններում վիճարկել է ավելի ուշ կազմված կտակը` հրաժարվելով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հայցապահանջից, պատասխանողը գտնում է, որ վերջինս այլևս չէր կարող պահանջել անվավեր ճանաչել ավելի ուշ կազմված կտակը, քանի որ ավելի վաղ կազմված կտակի պայմաններում հնարավոր չէ պատշաճ հիմնավորել, թե ինչում և ինչ հիմքերով է դրսևորվում իր իրավունքների խախտումը: Այս կապակցությամբ վկայակոչելով իրավական շահագրգռվածության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները` պատասխանողը կարծում է, որ դատական ակտերով համապատասխան նորմերի կիրառումը դիմողի նկատմամբ չեն կարող միանշանակորեն գնահատվել որպես դիմողի իրավունքների խախտում` այն պատճառով, որ համապատասխան հիմնավորումներ չեն ներկայացվել դիմողի իրական և օրինական շահի առկայության վերաբերյալ, որը գոյություն ուներ կամ կարող էր ծագել ավելի ուշ կազմված կտակն անվավեր ճանաչվելու պարագայում:

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորում է կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու առնչությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումների միջև ենթադրյալ հակասությամբ պայմանավորված իրավական անորոշությամբ, այն իմաստով, թե կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը պետք է վավերացնի հիմնական կտակը վավերացրած նոտարը, թե` այլ նոտար:

Հաշվի առնելով վերոգրյալը` սույն գործի քննության շրջանակներում ենթակա են պարզման հետևյալ հարցադրումները.

- արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքի միջև քննության առարկա հարցի առնչությամբ առկա է հակասություն,

- եթե առկա է, ապա արդյո՞ք օրենսդրությամբ նախատեսվում է տվյալ հակասության հաղթահարման որևէ կառուցակարգ:

Օրենսգրքի 1202-րդ հոդվածը` կարգավորելով կտակի փոփոխման, վերացման կամ լրացման հետ կապված իրավահարաբերությունները` չի պարունակում համապատասխան դիմումը կոնկրետ նոտարի կողմից վավերացվելու պահանջ: Օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ մասը պարզապես սահմանում է, որ կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումը պետք է ներկայացվի կտակ կազմելու համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևով: Իսկ օրենսգրքի` ««Կտակի ձևը»» վերտառությամբ 1203-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Ընդ որում, ընդունումից ի վեր օրենսգրքի 1203-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխությունների չի ենթարկվել, իսկ օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված միակ փոփոխությունը չի վերացրել այդ մասով սահմանված դրույթի տրամաբանությունը: Այսինքն` ընդունումից ի վեր օրենսգիրքը կտակի փոփոխման, վերացման կամ լրացման առնչությամբ չի պարունակում համապատասխան դիմումը կոնկրետ նոտարի կողմից վավերացվելու պահանջ:

Մինչդեռ ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքի վիճարկվող հոդվածի 4-րդ մասը` կարգավորելով կտակի փոփոխման, վերացման կամ լրացման հետ կապված իրավահարաբերությունները, պարունակում է համապատասխան դիմումը կոնկրետ նոտարի, այն է` հիմնական կտակը վավերացրած նոտարի կողմից վավերացվելու պահանջ: Ընդ որում, օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված միակ փոփոխությունը չի վերացրել այդ մասով սահմանված դրույթի տրամաբանությունը: Այսինքն` ընդունումից ի վեր օրենքը կտակի փոփոխման, վերացման կամ լրացման առնչությամբ պարունակում է համապատասխան դիմումը կոնկրետ նոտարի, այն է` կտակը վավերացրած նոտարի կողմից վավերացվելու պահանջ:

Համապատասխան իրավակարգավորումների միջև վերը նշված հակասության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից: Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին:

Համաձայն ««Իրավական ակտերի մասին»» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի` «Օրենսգրքերի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»:

Նշված իրավանորմերից ելնելով` իրավակիրառական պրակտիկայում օրենսգրքի և օրենքի հակասության դեպքում նախապատվությունը տրվում է օրենսգրքին: Այսինքն` հաշվի առնելով նշված նորմերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջները, օրենսդրորեն կարգավորված է դիտարկվող իրավական ակտերի միջև առկա հակասության հաղթահարումը, որպիսի հանգամանքը բացառում է խնդրո առարկա հարցում որևէ իրավական անորոշություն: Անձը կարող է իր վարքագիծը համապատասխանեցնել իրավական նորմերի պահանջներին` հիմք ընդունելով իրավական ակտերի միջև առկա հակասության հաղթահարման` վերոնշյալ օրենսդրական կառուցակարգը:

Բացի դրանից, դիմողը նշում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է կիրառվեր ««Նոտարիատի մասին»» ՀՀ օրենքը և ոչ թե` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: Այսինքն` դիմողը բարձրացնում է իրավանորմերի ոչ թե սահմանադրականության, այլ կիրառման իրավաչափության հարց: Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմերի և իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: Իսկ առկա հակասությունն էլ լուծված է օրենսդրական տեխնիկայի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Ջուլետա Եսայանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1371

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2017
N ՍԴՈ-1371
Որոշում