Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵՇԴ/1385/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1385/02/13       2015 թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Սմբատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ծ. Ավանեսյանի

                                              Խ. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Վանյա Բալասանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սվետլանա Բեգլարյանի ընդդեմ Ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Բորիս Թանանյանի, Վարազդատ Գևորգյանի, Սերյոժա Քամալյանի, Լիանա Խաչինյանի և Գոհար Բարսեղյանի (այսուհետ` Պատասխանողներ)` տնօրենների խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետլանա Բեգլարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, Ն. Տավարացյան) 30.10.2014 թվականի որոշմամբ Պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ Պատասխանողների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2015 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Բեգլարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը որպես իրավաբանական անձ, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության տնօրենների խորհրդի որոշումները կայացվում են Ընկերության անունից, հետևաբար Ընկերությունն է հանդիսանում սույն գործով վիճարկվող որոշումը կայացնողը, ուստի և պետք է ներգրավվեր սույն գործին: Մինչդեռ Ընկերությունն իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտի մասին տեղեկացել է միայն 07.04.2015 թվականին` դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից Ընկերության վերաքննիչ բողոքի մերժումն Ընկերությանը զրկում է իր իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի 12.06.2015 թվականի որոշումը հիմնավոր է և կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման հիման վրա, Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը որևէ կերպ չի շոշափել Ընկերության իրավունքներն ու պարտականությունները, քանի որ Ընկերության տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով որոշման կայացման իրավասությունը պատկանում է Ընկերության տնօրենների խորհրդին, որն էլ որպես որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտ` պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար:

Բացի այդ, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն քաղաքացիական գործով արդեն իսկ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որով Ընկերության կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստարկը` Դատարանի կողմից իրեն գործով պատասխանող կամ երրորդ անձ չընդգրկելը, ՀՀ վճռաբեկ դատարանը չի դիտել դատական սխալ և գործի ելքի վրա ազդեցություն ունեցող հանգամանք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության կանոնադրության 8.14-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների դադարեցումը (հատոր 2-րդ, գ.թ. 1-16):

2. Ընկերության տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի նիստի արձանագրության համաձայն` որոշվել է դադարեցնել Ընկերության տնօրեն Սվետլանա Բեգլարյանի լիազորությունները (հատոր 1-ին, գ.թ. 57):

3. 30.10.2013 թվականին Սվետլանա Բեգլարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ընկերության տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը, միաժամանակ հայցադիմումի մեջ որպես պատասխանողներ նշվել են Ընկերության տնօրենների խորհրդի անդամները (հատոր 1-ին, գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավաբանական անձի և նրա կառավարման մարմինների անդամների նույնականացման խնդրի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաբանական անձի գործադիր մարմնի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի որոշումը վիճարկելիս տվյալ իրավաբանական անձին քաղաքացիական գործի քննությանը մասնակից չդարձնելով` արդյո՞ք դատարանը չի խախտում վերջինիս արդար դատաքննության իրավունքը, այդ թվում նաև` կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական հարցադրման առնչությամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավաբանական անձի հատկանիշներին ընդհանրապես և մասնավորապես` բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների գործունեության առանձնահատկություններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան: Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է նույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն` բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կողմից թողարկվելիք բաժնետոմսերի տեսակների, դրանց անվանական արժեքի ու քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, բաժնետերերի իրավունքների, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ: Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ): Տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) ստեղծելու դեպքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նրա բացառիկ իրավասությունը: Տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) բացառիկ իրավասությանը կանոնադրությամբ վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում է նույն օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական անձը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով. կազմակերպական միասնությունը, գույքային առանձնացվածությունը, քաղաքացիական շրջանառությունում իր անունից հանդես գալու իրավունքը և ինքնուրույն գույքային պատասխանատվությունը: Ընդ որում, այս հատկանիշներից իրավաբանական անձի քաղաքացիական շրջանառությունում իր անունից հանդես գալու իրավունքն անխզելիորեն փոխկապակցված է իրավաբանական անձի իրավասուբյեկտության` քաղաքացիաիրավական իրավունակության և գործունակության հետ, որոնք ծագում են միաժամանակ` իրավաբանական անձի գրանցման պահից, և այդ պահից էլ իրավաբանական անձն ունակ է իր անունից և իր համար ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել պարտականություններ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաբանական անձը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաբանական անձի` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտի իրավունակությունն ու գործունակությունն իրավաբանական անձի կողմից իրականացվում են միջնորդավորված` վերջինիս կառավարման մարմինների միջոցով: Մյուս կողմից, իրավաբանական անձի կառավարման մարմինները, եթե նույնիսկ դրանք հանդիսանում են առանձին իրավաբանական անձինք, այնուամենայնիվ, գործում են ֆիզիկական անձանց միջոցով, որոնք էլ, իրավաբանական անձի անունից քաղաքացիաիրավական շրջանառության մեջ հանդես գալով, քաղաքացիաիրավական իրավունքներ են իրականացնում և պարտականություններ են ստանձնում իրավաբանական անձի համար, այլ ոչ թե իրենց համար և իրենց անունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել ֆիզիկական անձանց գործունեության` որպես իրավաբանական անձի կառավարման մարմնի գործունեության, և քաղաքացիների` որպես քաղաքացիաիրավական շրջանառության մասնակիցների` քաղաքացիական իրավունքի սուբյեկտների գործունեության տարբերությունը. որպես իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ` ֆիզիկական անձինք կառավարման մարմնի լիազորություններն իրականացնելիս իրավունքներ և պարտականություններ են ձեռք բերում և իրականացնում իրավաբանական անձի անունից և հենց իրավաբանական անձի համար: Իսկ որպես քաղաքացիաիրավական շրջանառության ինքնուրույն մասնակից` ֆիզիկական անձինք քաղաքացիական իրավունքներ են իրականացնում և քաղաքացիական պարտականություններ են ստանձնում անձամբ իրենց համար և իրենց անունից:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքով և կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածով սահմանված են խորհրդի իրավասությունները: Մասնավորապես` նույն հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն` խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության, տնօրինության անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները, եթե կանոնադրությամբ այդ իրավունքները վերապահված են խորհրդին:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Ընկերության գործադիր մարմնի` միանձնյա գործադիր մարմնի կամ Ընկերության միանձնյա գործադիր մարմնի և Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կողմից:

Իրավաբանական անձի կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ վերն արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանցում ներառված ֆիզիկական անձինք այդ մարմինների իրավասություններն իրացնելու ընթացքում գործում են իրավաբանական անձի անունից և ի շահ իրավաբանական անձի:

Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից, համաձայն որի` միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

Իրավաբանական անձի կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` վերը նշված հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընկերության գործադիր մարմնի հետ պայմանագիրը կնքելիս և վերջինիս լիազորությունները դադարեցնելիս ընկերության խորհուրդը հանդես է գալիս ընկերության անունից, և վերջինիս գործունեության արդյունքում իրավական հետևանքներ առաջանում են ընկերության համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ վիճարկվում է ընկերության կառավարման մարմնի որոշումը կամ գործողությունը, որը կայացվել է ընկերության անունից, գործին պետք է ներգրավվի համապատասխան ընկերությունը, որի անունից օրենքով կառավարման մարմնին վերապահված լիազորությունների շրջանակում կայացվել է վիճարկվող որոշումը, կամ կատարվել է վիճարկվող գործողությունը, քանի որ դրանցով իրավական հետևանքներ անմիջականորեն առաջանում են ընկերության և ոչ թե կառավարման մարմնի անդամների համար:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ գործին մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է նշված անձի իրավունքներին ու պարտականություններին:

Սույն գործով Սվետլանա Բեգլարյանը, 30.10.2013 թվականին դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենների խորհրդի 28.08.2012 թվականի որոշումը և որպես գործով պատասխանողներ նշել է Ընկերության տնօրենների խորհրդի անդամներին:

Վերաքննիչ դատարանը, քննելով գործին մասնակից չդարձված Ընկերության վերաքննիչ բողոքը, 12.06.2015 թվականի որոշմամբ մերժել է այն և Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով, որ Ընկերության տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է ընկերության տնօրենների խորհրդին և վերջինս` որպես որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, պատասխանատվություն է կրում իր կայացրած որոշումների հետևանքների համար: Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դատարանում քննվող գործի առկայության մասին Ընկերությունը կարող էր տեղեկանալ իր տնօրենների խորհրդի անդամներից: Բացի այդ, արձանագրելով, որ Ընկերության տնօրենների խորհրդի անդամների կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքում նշվել է Ընկերության` գործի քննությանը ներգրավված չլինելու հանգամանքը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքի վարույթի ընդունումը մերժվել է, Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով արդեն իսկ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որով Ընկերության կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստարկը` Դատարանի կողմից իրեն գործով պատասխանող կամ երրորդ անձ չընդգրկելը, ՀՀ վճռաբեկ դատարանը չի դիտել դատական սխալ և գործի ելքի վրա դրա ազդեցություն ունեցող հանգամանք:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վկայակոչված օրենսդրական կարգավորումները, դրանց շուրջ կատարված իրավական վերլուծությունները, հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի շրջանակներում որպես պատասխանողներ ներգրավված` Ընկերության տնօրենների խորհրդի անդամները ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության կանոնադրությամբ տնօրենների խորհրդին վերապահված լիազորությունների սահմաններում կայացրել են որոշում Ընկերության անունից, ուստի նշված որոշման իրավաչափության պատասխանատվությունը կրում է Ընկերությունը: Մինչդեռ Ընկերությունը սույն գործի քննությանը չի ներգրավվել, վերջինիս համար չի ապահովվել համապատասխան դատավարական կարգավիճակ և առանց Ընկերությանը գործի քննությանը մասնակից դարձնելու` նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման այն պատճառաբանությանը, որ Ընկերությունը կարող էր տեղեկանալ սույն քաղաքացիական գործի քննության վերաբերյալ իր տնօրենների խորհրդի անդամներից, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ տվյալ դեպքում հայցը ներկայացվել է տնօրենների խորհրդի անդամների դեմ անհատապես, հետևաբար վերջիններս չէին կրում և չէին կարող կրել դատարանում հարուցված գործի մասին Ընկերությանը պատշաճ ծանուցելու կամ իրազեկելու պարտականություն:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ սույն քաղաքացիական գործով արդեն իսկ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշում, որով Ընկերության` Դատարանի կողմից իրեն գործով պատասխանող կամ երրորդ անձ չընդգրկելու վերաբերյալ փաստարկը չի դիտվել դատական սխալ և գործի ելքի վրա դրա ազդեցություն ունեցող հանգամանք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 11.02.2015 թվականի որոշումը նախևառաջ կայացվել է ոչ թե Ընկերության` որպես գործին մասնակից չդարձված անձի վճռաբեկ բողոքի հիման վրա, այլ Ընկերության տնօրենների խորհրդի անդամների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա, և երկրորդ` Ընկերության տնօրենների խորհրդի անդամների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքով վիճարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2014 թվականի որոշման իրավաչափությունը:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 11.02.2015 թվականի որոշմամբ մերժել է սույն գործով պատասխանողների վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը պարզելու փուլում Վճռաբեկ դատարանը լուծում է բողոքարկվող դատական ակտում առերևույթ դատական սխալի առկայության կամ բացակայության հարցը, որ կարող էր ազդել գործի ելքի վրա: Ընդ որում, այդպիսի սխալի առկայության և դրա` գործի ելքի վրա ազդեցության մասին Վճռաբեկ դատարանի եզրահանգումները հիմնվում են բացառապես վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկների և հիմնավորումների վրա` առանց բողոքի ըստ էության քննության: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ թե Դատարանի կողմից Ընկերությանը գործով պատասխանող կամ երրորդ անձ չընդգրկելու հանգամանքը Վճռաբեկ դատարանի կողմից չի դիտարկվել դատական սխալ և գործի ելքի վրա դրա ազդեցություն ունեցող հանգամանք, այլ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն եղել առերևույթ դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, իսկ կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Ընկերության իրավունքներին և պարտականություններին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ`  Ծ. Ավանեսյան

Խ. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ԵՇԴ/1385/02/13
Որոշում