Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 10-ՐԴ, 48-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 10-ՐԴ, 48-ՐԴ, 61-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵՇԴ/0143/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0143/01/13

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ մեղադրող    Ա. Գրիգորյանի

                   պաշտպան                    Հ. Անանյանի

                   ամբաստանյալ                Ա. Շահբազյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արմեն Սուրիկի Շահբազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 13-ի որոշման դեմ մեղադրող Ա. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11136812 քրեական գործը` անհայտ անձի կողմից Կարեն Պրուտյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Արմեն Շահբազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրն Ա. Շահբազյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Ա.Շահբազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

2013 թվականի նոյեմբերի 6-ին Ա. Շահբազյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հունվարի 15-ի դատավճռով Ա.Շահբազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ Ա. Շահբազյանն ազատվել է պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 13-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա. Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

2014 թվականի հուլիսի 15-ին ամբաստանյալ Ա.Շահբազյանի պաշտպան Հ.Անանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա. Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Արարատյան փողոցի 62/2 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Պրուտյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 180-185):

6. Դատաբժշկական փորձագետի թիվ 1550 եզրակացության համաձայն` «(...) Կ. Պրուտյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող թորակոաբդոմինալ վերքի, 6-րդ կողի, ստոծանու, լյարդի վնասումով, հեմոթորաքսով, ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի, աջ բազկի շրջանի կտրած վերքի ձևով, պատճառված են ծակող-կտրող գործիքով, այդ թվում` դանակով, հարվածներն ուղղված են եղել համապատասխան շրջաններին, հնարավոր է` գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: (...) Կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող թորակոաբդոմինալ վերքը` 6-րդ կողի, ստոծանու, լյարդի վնասումով, հեմոթորաքսով, առանձին վերցրած առաջացրել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքն առանձին վերցրած պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով (...): Աջ բազկի շրջանի կտրած վերքն առանձին վերցված առաջացրել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին,թերթ 67-68):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Որպես ամբաստանյալ Արմեն Շահբազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նրա խնամքի տակ են գտնվում հինգ և տասներկու տարեկան երեխաները, ամբաստանյալը ներկայացել է մեղայականով, անկեղծորեն զղջացել է կատարված արարքի համար, նախաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ, որոնցով ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել է տուժողի բուժման ծախսերը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ:

(...) Հաշվի առնելով Արմեն Շահբազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը թվարկված հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալի կողմից հասցված միայն մեկ հարվածն է տուժողի առողջությանը պատճառել ծանր վնաս, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, կարելի է հասնել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելու միջոցով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 224-225):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով, որ մինչ ամբաստանյալ Արմեն Շահբազյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայանալը, գործի քննության ընթացքում ըստ էության արդեն իսկ պարզված են եղել տուժող Կարեն Պրուտյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստական հանգամանքները, և բացահայտված է եղել այն կատարած անձը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում բացակայում է ամբաստանյալ Արմեն Շահբազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ամրագրված հանգամանքը` մեղայականով ներկայանալը և հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը:

Վերաքննիչ դատարանը միևնույն ժամանակ որպես ամբաստանյալ Արմեն Շահբազյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով դիտում է քրեական վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայանալու հանգամանքը, քանի որ այն իրական է և էականորեն նվազեցնում է ամբաստանյալի անձի հանրության համար վտանգավորության աստիճանը:

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրահանգման, որ դատարանը, ամբաստանյալ Ա.Շահբազյանի նկատմամբ պատիժ նշանակելիս բավարար չափով հաշվի առնելով վերջինիս կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող դրական տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ամբաստանյալ Արմեն Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, ուստի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 28-37):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են, դրանցով թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, դատարանների կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը վերլուծել է վերոգրյալ օրենսդրական դրույթները, մեջբերել Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եկել այն եզրահանգման, որ Ա.Շահբազյանին մեղսագրվող արարքը մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից առավել վտանգավորն է, ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան, որն արտահայտվում է առողջությանը պատճառված վնասի` կյանքի համար վտանգավոր լինելու հանգամանքով: Հետևաբար, Ա.Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելն արդարացի չէ, չի համապատասխանում նրա կատարած հանցանքի բնույթին, անհրաժեշտ և բավարար չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնելու, նրան ուղղելու, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունները կանխելու համար:

Բացի այդ, բողոքի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնել ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ տուժողի առողջությանը միայն մեկ հարվածով ծանր վնաս պատճառելու փաստը դրականորեն է բնութագրում Ա.Շահբազյանին: Քրեական գործով հաստատված է ամբաստանյալի կողմից մի քանի հարվածներ հասցնելու հանգամանքը, ինչն էլ վկայում է կատարված արարքի առավել բարձր հանրային վտանգավորության մասին:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 13-ի որոշումը, Ա. Շահբազյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ և վերացնել ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) համար պատիժ նշանակելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով ճիշտ դատական պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

(...)»:

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:

Այսպիսով, պատիժ նշանակելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Հանցագործության այս հատկանիշներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

14. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի բացահայտումը սերտորեն կապված է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հետ` թե՛ արդարացի պատիժ նշանակելու և թե՛ պատժի անհատականացման համատեքստում: Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատականը տրվում է դատարանի կողմից` հանցագործության կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա, և արտահայտվում է կոնկրետ պատժի տեսքով (տե՛ս mutatis mutandis Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-17-րդ կետերը): Հանցագործության կատարման եղանակի, գործիքների, միջոցների, պատճառված վնասի չափի և բնույթի (հանրորեն վտանգավոր հետևանքների), հանցավորի մտադրության իրականացման աստիճանի, շարժառիթների, նպատակների բացահայտումը մեծապես ազդում է պատժի տեսակի ընտրության, ինչպես նաև դրա` առավել կամ նվազ խիստ լինելու վրա:

Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոնների հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցավորի մեղքի ձևը: Այսպես` մեղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախատեսելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխությունների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխությունների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կողմից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 14-րդ կետում արված դատողությունները կիրառելի են մարդու առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների դեպքում ընդհանրապես և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված) դեպքում` մասնավորապես: Նշված դիրքորոշման համար հիմք է հանդիսանում մարդու առողջության` որպես պետության կողմից առանձնահատուկ պահպանվող արժեքի կարևորությունը: Քննարկվող հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմի հատկանիշների վերաբերյալ տե՛ս Արարատ Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 15-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով` հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում` գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգամանքների գնահատման առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա. Շահբազյանը 2012 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Արարատյան փողոցի 62/2 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Կ. Պրուտյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Հարվածների հետևանքով տուժողի կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքը` 6-րդ կողի, ստոծանու, լյարդի վնասումով, հեմոթորաքսով, առանձին վերցրած, առաջացրել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքը, առանձին վերցրած, պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, աջ բազկի շրջանի կտրած վերքը, առանձին վերցրած, առաջացրել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը):

Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ Ա. Շահբազյանի խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, ամբաստանյալը ներկայացել է մեղայականով, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը, հատուցել է տուժողի բուժման ծախսերը, տուժողը խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ: Հաշվի առնելով ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ Ա. Շահբազյանի հասցրած միայն մեկ հարվածն է տուժողի առողջությանը պատճառել ծանր վնաս` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը կարելի է հասնել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելու միջոցով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

i

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ գործի օբյեկտիվ տվյալներից չի բխում Ա. Շահբազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող` ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանգամանքը, այն է` մեղայականով ներկայանալը և հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, բավարար չափով հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Ա. Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում նշանակել է արդարացի և համաչափ պատիժ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Ա.Շահբազյանի նկատմամբ պատիժ նշանակելիս օբյեկտիվորեն հաշվի չեն առել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչի հետևանքով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Ինչպես երևում է գործի նյութերից` Ա.Շահբազյանը կտրող-ծակող գործիքով երեք հարված է հասցրել Կ.Պրուտյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կենսականորեն կարևոր օրգանների շրջանում` տուժողի առողջությանը պատճառելով, ի թիվս այլնի, կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ամբաստանյալին վերագրվող հանցագործության բարձր հանրային վտանգավորությունը կանխորոշում են արարքը կտրող-ծակող գործիքով կատարելը, ինչպես նաև դրանով տուժողի մարմնի տարբեր մասերին մի քանի հարված հասցնելը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար ստորադաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի չի արժանացվել նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է նաև ստորադաս դատարանների դատողություններն առ այն, որ Ա. Շահբազյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնվում, որ նրա հասցրած միայն մեկ հարվածն է տուժողի առողջությանը պատճառել ծանր վնաս: Այս հանգամանքը չի նվազեցնում Ա.Շահբազյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժի նշանակման օբյեկտիվ հիմք հանդիսանալ:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն Ա.Շահբազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

ՈՒստի Վերաքննիչ դատարանը, սույն գործով կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի նշված ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտերի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված խախտումները, որոնք ազդել են պատժի նշանակման մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

20. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմեն Սուրիկի Շահբազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԵՇԴ/0143/01/13
Որոշում