Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԼԴ4/0031/02/09      2014 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԼԴ4/0031/02/09
Նախագահող դատավոր`   Գ. Մատինյան
                    Դատավորներ`   Լ. Գրիգորյան
                                                    Ա. Թումանյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ` Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ` Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Բանկի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է հարգելի համարել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարողական թերթ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկը դիմել է ժամկետում, սակայն կատարողական թերթ չի ստացել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2011 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է` վերականգնվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2011 թվականի որոշմամբ Վահե Օհանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2011 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշումը և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ.Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 05.04.2012 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2012 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05.04.2012 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.10.2012 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վահե Օհանյանի ներկայացուցիչ Արմինե Բոշյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը մերժելիս պատճառաբանել է, որ օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր-քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ:

Վերաքննիչ դատարանը նույն հիմքով մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը Բանկի կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «քաղաքացի-պահանջատեր» եզրույթը մեկնաբանվել է ՀՀ Սահմանադրության 42.1-ին հոդվածին համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է վերջիններիս նկատմամբ, որն էլ հանդիսանում է նոր հանգամանք սույն գործի վերանայման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վճռաբեկ բողոքի պատասխանով հայտնվել է, որ թեև Բանկի կողմից ներկայացվել են բավարար հիմքեր Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը վերանայելու համար, սակայն այն հիմք չէ Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը բեկանելու, քանի որ Բանկը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար որպես պատճառաբանություն նշել է այն հանգամանքը, որ օրենքով սահմանված ժամկետում դիմել է դատարան կատարողական թերթ ստանալու համար, սակայն դատարանը կատարողական թերթ չի տվել, մինչդեռ այն չի հանդիսանում հարգելի պատճառ, այն հիմնավորմամբ, որ Բանկն այդ ժամանակահատվածում չի օգտվել օրենքով իրեն ընձեռված իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 05.04.2012 թվականի որոշմամբ մերժել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի դիմումը` պատճառաբանելով, որ օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ (հատոր 2-րդ, գ.թ. 92-94):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.09.2012 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է` նշելով, որ «...օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ» (հատոր 3-րդ, գ.թ. 21-23):

3) Բանկի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ որոշել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սահմանադրական դատարանի կողմից դրա սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հիման վրա ներկայացված հետևյալ մեկնաբանությամբ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության 42.1-ին հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է վերջիններիս նկատմամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը (տե՛ս թիվ ՎԴ/1375/05/12 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.05.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը մերժելով, պատճառաբանել է, որ օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր-քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի որոշումը, գտել է, որ բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ դատական ակտի սխալի պատճառով է Բանկը այժմ հայտնվել նման իրավիճակում, անհիմն է, վերաքննիչ բողոքը բավարարելու ոչ բավարար հիմք, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Վրիպակն ուղղելու մասին» Դատարանի որոշումը կայացվել է 09.03.2010 թվականին, մինչդեռ Բանկը վրիպակն ուղղված մասով կատարողական թերթ տրամադրելու, միաժամանակ կատարողական թերթը ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին դիմումը դատարան է ներկայացրել 22.06.2011 թվականին, որը Դատարանն իրավացիորեն մերժել է, միաժամանակ նկատի ունենալով, որ օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր-քաղաքացու դիմումի հիման վրա, մինչդեռ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը:

i

Բանկի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, թիվ ՍԴՈ-1115 գործով 24.09.2013 թվականին որոշել է. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սահմանադրական դատարանի կողմից դրա սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հիման վրա ներկայացված հետևյալ մեկնաբանությամբ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության 42.1-ին հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է վերջիններիս նկատմամբ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշումը նոր հանգամանք է և սույն գործով կայացված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմք:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե.Խունդկարյան
Դատավորներ` Վ.Ավանեսյան
Վ.Աբելյան

Ս.Անտոնյան

Ա.Բարսեղյան

Մ.Դրմեյան

Գ.Հակոբյան

Է.Հայրիյան

Տ.Պետրոսյան

Ե.Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԼԴ4/0031/02/09
Որոշում