Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ, 376.1-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ԵՇԴ/0071/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0071/01/12

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    մասնակցությամբ մեղադրող                   Կ. Ադամյանի

 

    2013 թվականի ապրիլի 18-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ մեղադրող Կ.Ադամյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11117112 քրեական գործը` Արթուր Բաղդասարի Կարնազյանի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերի թմրանյութ ապօրինի պատրաստելու և պահելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հունիսի 6-ի որոշմամբ Ա.Կարնազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի հուլիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի օգոստոսի 20-ի դատավճռով Ա.Կարնազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ա.Կարնազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

3. Վերոգրյալ դատավճռի դեմ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել մեղադրող Կ.Ադամյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Կ.Ադամյանը, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրողի վերաքննիչ բողոքում նշված է. «(...) Այսպիսով, գտնում եմ, որ (...) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը և խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորվող օրինականության, գործի արդարացի քննության սկզբունքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետն ամրագրել է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, 376.1 հոդվածի 2-րդ կետով (...) խնդրում եմ վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2012 թվականի օգոստոսի 20-ին թիվ ԵՇԴ-0071/01/12 գործով կայացված դատավճիռը` Արթուր Կարնազյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով փոփոխել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժ» (տե՛ս քրեական գործ, թերթ 190-192):

6. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն` «(...) ՈՒսումնասիրելով դատախազ Կ.Ադամյանից ստացված վերաքննիչ բողոքը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում են` առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

Ինչպես երևում է գործի նյութերից, առաջին ատյանի դատարանի դատավճիռը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսի 20-ին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ.Ադամյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ առձեռն հանձնվել է 2012 թվականի հոկտեմբերի 26-ին, այսինքն` օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետն ավարտվելուց հետո: Հետևաբար, վերաքննիչ դատարանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքը համարում է ժամկետանց: (...)» (տե՛ս քրեական գործ, թերթ 195-198):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին, 375.3-րդ հոդվածի 6-րդ մասերը և փաստարկել, որ արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանի նշանակած պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Մինչդեռ, սույն գործը քննելով արագացված դատական քննության կարգով Առաջին ատյանի դատարանն Ա.Կարնազյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատիժն է:

8. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հնարավորություն են տալիս օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի` վերոնշյալ հիմքերով և հիմնավորումներով վեցամսյա ժամկետի պահպանմամբ վերաքննիչ բողոք է ներկայացրել սույն գործով կայացված դատավճռի դեմ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով նշված քրեադատավարական դրույթների պահանջները, ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքը թողել է առանց քննության` դրանով իսկ հնարավորություն չընձեռելով շտկելու Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտումը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը, Ա.Կարնազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը փոփոխել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատիժ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման կարգի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանն առաջին հերթին անդրադառնում է բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. իրավաչա՞փ է արդյոք ժամկետանց լինելու պատճառաբանությամբ մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:

(...)»:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(...) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

(...)

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

Վերոշարադրյալ իրավանորմերում ամրագրված է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կարևորագույն սկզբունքներից մեկը` կրկնակի դատապարտման անթույլատրելիության (ոe bis iո idem) սկզբունքը, որն իրենից ներկայացնում է դատարանի վճռի վերջնական և պարտադիր լինելու լայն սկզբունքի (res judicata) դոկտրինի մեկնաբանություն և նպատակ է հետապնդում արգելել վերջնականապես ավարտված քրեական հետապնդման կրկնությունը: Կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ.Բաբայանի գործով կայացված որոշման մեջ (տե՛ս Դավիթ Բորիսի Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ne bis in idem սկզբունքն իմպերատիվ բնույթի չէ, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թվում` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան նախատեսում են այդ սկզբունքից շեղվելու հնարավորություն: Նշված միջազգային փաստաթուղթը, մասնավորապես, չի բացառում պետության քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հնարավորությունն այն բացառիկ դեպքերում, երբ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա:

i

13. Սույն որոշման նախորդ կետում նշված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հնարավորությունն ամրագրված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն`

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Վերաքննիչ բողոք բերվում են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.

(...)

2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով»:

Ինչպես հետևում է շարադրված դրույթների համադրված վերլուծությունից, ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը հստակ սահմանում է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ բողոքի քննության կապակցությամբ վերաքննիչ դատարանի լիազորությունները: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած, գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար որևէ առանձնահատուկ պայման նախատեսված չէ, բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից մեկ ամիս է, և այս ժամկետն անցնելուց հետո բերված բողոքները թողնվում են առանց քննության: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու բացառիկ հնարավորություն նախատեսելով հանդերձ, օրենսդիրը սահմանում է առանձնահատուկ պայման, այն է` գործի նախորդ դատական քննության ընթացքում պետք է թույլ տրված լինեն նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Այդպիսի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դրա օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

14. Նախորդ կետում շարադրված վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով բերված բողոքը կարող է վարույթ ընդունել և քննել, եթե հանգում է եզրակացության այն մասին, որ բողոքաբերին հաջողվել է առերևույթ հիմնավորել, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Հակառակ դեպքում, վերաքննիչ դատարանի որոշմամբ այդպիսի բողոքը վարույթ ընդունելը մերժվում է:

Ընդ որում, եթե վերաքննիչ դատարանի կազմը նախագահող դատավորը ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ բերված բողոքը վարույթ է ընդունում միանձնյա, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված բողոքի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով (նախագահող դատավոր և դատական կազմում ընդգրկված երկու դատավոր): Վերաքննիչ բողոքարկման փուլում որոշում կայացնելիս դատարանի կազմի հարցում նման տարբերակված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով բերված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի հիմնավորումների որակին և դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտի, մինչդեռ առաջին դեպքում դրա անհրաժեշտությունը բացակայում է: Այդ հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունն ուղղակիորեն շեղվում է կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքից, օրենսդիրը դատավարության մասնակիցներին օժտել է դատարանի կոլեգիալության լրացուցիչ երաշխիքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգն ու պայմանները, ինչպես նաև բերված բողոքի քննության կապակցությամբ վերաքննիչ դատարանի լիազորությունները տարբեր են և հստակ սահմանված են օրենքով:

15. Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Կարնազյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի դատավճռի դեմ դրա օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետի պահպանմամբ` 2012 թվականի հոկտեմբերի 26-ին, մեղադրող Կ.Ադամյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք (տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը):

Վերաքննիչ բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործի նախորդ քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը, մատնանշելով, որ բողոքը բերվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, խնդրել է այն ընդունել վարույթ և շտկել Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտումները (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մեղադրողի վերաքննիչ բողոքը դիտարկելով որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատական ակտի դեմ բողոք, փաստարկել է, որ այն բերվել է մեկամսյա ժամկետի խախտմամբ, և բողոքը թողել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

16. Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքի հիմնավորումները գնահատելու և նշված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բավարարության հարցը լուծելու փոխարեն, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածների պահանջները, որոշում է կայացրել բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

17. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից բարձրացված այն հարցին, որը կապված է Առաջին ատյանի դատարանի կողմից ենթադրաբար թույլ տրված խախտումներին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումը վերացնելուց հետո: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը նշված հարցին սույն որոշման շրջանակներում չի անդրադառնում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.04.2013
N ԵՇԴ/0071/01/12
Որոշում