ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵՇԴ/0070/01/11
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵՇԴ/0070/01/11
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
Դատավորներ` Գ. Ավետիսյան
Ս. Չիչոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
2012 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Խաչատուրի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Կ.Պետրոսյանի պաշտպան Է.Արամյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի մարտի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11106011 քրեական գործը` Կարեն Պետրոսյանի կողմից խարդախությամբ Ալվարդ Առաքելյանի գույքը հափշտակելու փաստի առթիվ:
2011 թվականի մարտի 4-ին Կ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 11-ի որոշմամբ Կ.Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2011 թվականի հունիսի 8-ին Կ.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով:
2011 թվականի հունիսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով Կ.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 350.000 ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` Կ.Պետրոսյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց:
Կ.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառմամբ` Կ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:
3. Պաշտպան Է.Արամյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Կ.Պետրոսյանի պաշտպան Է.Արամյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
2012 թվականի հունվարի 25-ին մեղադրող Շ.Իսրայելյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել, իսկ վերանայվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Կ.Պետրոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով Ա.Առաքելյանի վստահությունը, վերջինիս պատկանող` Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի 13-րդ շենքի թիվ 74 բնակարանը գրավադրելու և նրա համար բանկից վարկ ստանալու պատրվակով 2010 թվականի սեպտեմբերի 27-ին խաբեությամբ Ա.Առաքելյանից Շենգավիթ նոտարական գրասենյակում ստացել է նշված բնակարանը վաճառելու և գրավադրելու վերաբերյալ լիազորագիր, այնուհետև 2010 թվականի հոկտեմբերի 5-ին բնակարանի առուվաճառքի պայմանագիր է կնքել Տ.Գզրարյանի հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը չի կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, քանի որ բնակարանատեր Ա.Առաքելյանը 2010 թվականի հոկտեմբերի 14-ին նոտարական կարգով դադարեցրել է Կ.Պետրոսյանին տրված լիազորագրի գործողությունը:
Բացի այդ, Կ.Պետրոսյանը, ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով Ա.Առաքելյանի վստահությունը, վերջինիս և նրա ամուսնու` Ա.Խառատյանի անվամբ աշխատանքի վերաբերյալ տեղեկանքներ ձեռք բերելու, բանկի կառավարչին կաշառք տալու, բնակարանի չսեփականաշնորհված տարածքն օրինականացնելու պատրվակով, 2010 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին` քննությամբ չպարզված օրերին, Ա.Առաքելյանից խաբեությամբ հափշտակել է 234.111 ՀՀ դրամ` նրան պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
6. 2010 թվականի սեպտեմբերի 27-ին տուժող Ա.Առաքելյանի կողմից ամբաստանյալ Կ.Պետրոսյանին նոտարական կարգով տրվել է լիազորագիր, որն ունի հետևյալ բովանդակությունը. «Ես, Հայաստանի Հանրապետության քաղ. Ալվարդ Վաղուշի Առաքելյանս (...) լիազորում եմ Հայաստանի Հանրապետության քաղ. Կարեն Պետրոսյանին (...) իմ փոխարեն գրավ դնելու, գրավից հանելու, անհրաժեշտության դեպքում իր հայեցողությամբ սահմանված գնով և պայմաններով վաճառելու ՀՀ ք.Երևան, Մայիսի 9 փ., 13 շ., բն. 74 հասցեում գտնվող անշարժ գույքը (...) կնքելու և ստորագրելու գրավի, առուվաճառքի, վարկային պայմանագրերը, ստանալու ինձ հասանելիք գումարները, լուծելու կնքված պայմանագրերը, տալու և ստանալու դիմումներ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր, ստորագրելու իմ փոխարեն և կատարելու բոլոր գործողությունները կապված նշված հանձնարարության հետ:
Ես` Ալվարդ Վաղուշի Առաքելյանս, հայտարարում եմ, որ գործունակությունս սահմանափակված չէ, իմ նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանված չէ, և սույն լիազորագիրը տալիս եմ հոժարակամ և սթափ մտքով:
Լիազորագրի բովանդակությունը, էությունը, ինչպես նաև իրավական հետևանքները նոտարի կողմից բացատրվել են ինձ, պարզ է և համապատասխանում է իմ ցանկությանը (...)» (տե՛ս քրեական գործ, էջ 4):
7. 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Կ.Պետրոսյանը նոտարական կարգով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքել Տ.Գզրարյանի հետ, որով վերջինիս է վաճառել ք.Երևան, Մայիսի 9 փ., 13/74 հասցեում գտնվող բնակարանը (տե՛ս քրեական գործ, էջ 37):
8. 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Ա.Առաքելյանը նոտարական կարգով դադարեցրել է 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Կ.Պետրոսյանին տրված լիազորագրի գործողությունը (տե՛ս քրեական գործ, էջ 173):
9. Տուժող Ա.Առաքելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու նպատակով ցանկացել է իրեն պատկանող բնակարանի գրավադրմամբ վարկ վերցնել և այդ նպատակով դիմել է Կ.Պետրոսյանի օգնությանը: Վերջինս հայտնել է, որ բանկի հետ կապված գործարքները կատարելու համար անհրաժեշտ է մոտ 800 ԱՄՆ դոլար: Ինքը և ամուսինը մաս-մաս տվել են այդ գումարը, ինչպես նաև բնակարանի գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո Կ.Պետրոսյանը երկու անգամ բանկի աշխատակիցների հետ եկել է բնակարանը տեսնելու: Քանի որ տանը չի եղել, խնդրել է հարևանությամբ բնակվող քրոջը բացել բնակարանի դուռը, նշված անձինք տեսել են բնակարանը, որից հետո Կ.Պետրոսյանը հայտնել է, որ 2010 թվականի օգոստոսի 30-ին վարկը կստանան: Այդ օրն ամուսինը զանգահարել է Կ.Պետրոսյանին, վերջինս եկել է իրենց բնակարան, հայտնել, որ վարկը ձգձգվում է, ինքն իր անձնական գումարից որոշակի գումար կտա, իսկ երբ վարկը ստանան` հետ կվերադարձնեն: Նույն օրը Կ.Պետրոսյանն իրեն տվել է 400.000 ՀՀ դրամ: Դրանից հետո Կ.Պետրոսյանը, տարբեր պատճառաբանություններ բերելով, հայտնել է, որ վարկի ձևակերպման գործընթացը ձգձգվում է, իսկ 2010 թվականի սեպտեմբերի կեսերին իրեն տվել է 600.000 ՀՀ դրամ և ասել, որ դա դարձյալ իր անձնական գումարներից է: Դրանից մի քանի օր անց Կ.Պետրոսյանն իրեն ասել է, որ պետք է լիազորագիր տա, որպեսզի բնակարանն իր անվամբ բանկում գրավ դնի, քանի որ բանկի կառավարիչն իրեն է ճանաչում և վստահում ու միայն այդ դեպքում վարկ կտրամադրի: 2010 թվականի սեպտեմբերի 24-ին ինքը, ամուսինը և Կ.Պետրոսյանը գնացել են նոտարական գրասենյակ, հերթ պահել մոտ մեկ ժամ: Մեքենագրուհուն ասել են, որ բնակարանը բանկում գրավ դնելու և վարկ ստանալու համար ցանկանում են լիազորագիր կնքել: Այդ ժամանակ Կ.Պետրոսյանը հեռախոսով զրուցելիս է եղել, հեռախոսն անջատելուց հետո ասել է, որ ինքն աշխատանքի է, չի կարող երկար բացակայել և պայմանավորվել են մեկ ուրիշ օր գալ նոտարական գրասենյակ և լիազորագիր կնքել: 2010 թվականի սեպտեմբերի 27-ին միայնակ գնացել է Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող նոտարական գրասենյակ և մինչ Կ.Պետրոսյանի գալն աշխատակցուհուն ասել է, որ լիազորագիր է ցանկանում տալ, որպեսզի լիազորված անձն իր բնակարանը բանկում գրավ դնի: Մեքենագրուհին համակարգչով հավաքել է լիազորագիրը, հետո եկել է Կ.Պետրոսյանը, կարդացել այն, որից հետո զանգահարել է ինչ-որ մարդու, հեռախոսը փոխանցել մեքենագրուհուն: Նոտարական գրասենյակի աշխատակցուհին, հեռախոսով խոսելուց հետո, փոփոխություններ է կատարել լիազորագրի բովանդակության մեջ: Լիազորագիրը տպելուց հետո կարդացել է այն և նկատել, որ դրանում նշված է նաև բնակարանը վաճառելու իրավունքը, Կ.Պետրոսյանին հարցրել է, թե ինչի համար է այն նշվում, եթե բնակարանը պետք է գրավադրվի, այլ ոչ թե վաճառվի: Վերջինս բարկացել է և հայտնել, որ ձևականորեն է այդ կետը նշվում, բանկի կառավարիչն է այդպես պահանջել, առանց վաճառքի իրավունքի բանկը վարկ չի տրամադրի: Վստահելով Կ.Պետրոսյանին` վերջինիս ցանկացած բովանդակությամբ լիազորագիր է կնքել: Դրանից հետո վարկ ստանալու գործընթացը ձգձգվել է և Կ.Պետրոսյանին հրավիրել է իր տուն, որպեսզի պարզի, թե որն է պատճառը: Վերջինս հայտնել է, որ բանկն այլևս վարկ չի տրամադրում, հետո էլ ասել է, որ իր կողմից տրված 1.000.000 ՀՀ դրամը բանկի տրամադրած վարկի գումարից է եղել: Ինքը պահանջել է վերադարձնել լիազորագիրն ու բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, սակայն Կ.Պետրոսյանն ասել է, որ լիազորագիրն իրեն պետք չի եղել, այն պատռել, գցել է, իսկ վկայականը կվերադարձնի 1.000.000 ՀՀ դրամը հետ ստանալու դեպքում: Այդ խոսակցությունից հետո ինքն անհանգստացել է, մտածել է, որ հնարավոր է Կ.Պետրոսյանն իր բնակարանը վաճառած լինի, գնացել է կադաստր և պարզել, որ իր բնակարանի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է ներկայացվել, որից հետո նոտարական կարգով դադարեցրել է Կ.Պետրոսյանին տրված լիազորագրի գործողությունն ու բնակարանի կադաստրային անվանափոխություն չի կատարվել (տե՛ս քրեական գործ, 45-50-րդ, 79-89-րդ, 120-129-րդ, 145-146-րդ էջեր):
10. Նախքան քրեական գործի հարուցումը Ա.Առաքելյանն իր բացատրություններում նշել է, որ առաջին անգամ, երբ ամուսնու և Կ.Պետրոսյանի հետ գնացել են նոտարական գրասենյակ, իրենք հրաժարվել են լիազորագրի մեջ նշել նաև բնակարանը վաճառելու իրավունքը, որից հետո Կ.Պետրոսյանն ասել է, որ բանկի կառավարչի հետ կխոսի, կճշտի, թե ինչ բովանդակությամբ պետք է լիազորագիր կնքվի և հեռացել է (տե՛ս քրեական գործ, 12-14-րդ, 30-33-րդ էջեր):
11. Ամբաստանյալ Կ.Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականի հուլիս ամսին ծանոթացել է Ա.Խառատյանի և նրա կնոջ` Ա.Առաքելյանի հետ, ովքեր խնդրել են իրեն օգնել բնակարանը բանկում գրավ դնելու և վարկ ստանալու հարցում: Ինքն ասել է, որ բանկում ծանոթներ ունի, կարող է օգնել այդ հարցում, սակայն բանկի աշխատակիցները բնակարանը պետք է տեսնեն, որից հետո միայն պարզ կլինի վարկ կտրամադրեն, թե` ոչ: Այնուհետև բանկի աշխատակիցներն իր ուղեկցությամբ եկել և տեսել են բնակարանը, որից հետո պարզվել է, որ բնակարանն ունի չսեփականաշնորհված տարածք, և բանկից իրեն տեղեկացրել են, որ վարկ չի տրամադրվի: Ինքն այդ մասին հայտնել է Ա.Առաքելյանին, վերջինս էլ ասել է, որ եթե չի ստացվում բնակարանի գրավադրմամբ վարկ վերցնել, անհրաժեշտ է այն վաճառել 20.000-25.000 ԱՄՆ դոլարով: Ինքն այդ մասին հայտնել է իր ծանոթ Տ.Գզրարյանին, որը ցանկություն է հայտնել տեսնել այդ բնակարանը, որից հետո հայտնել է, որ ուզում է գնել այն: Այդ մասին ասել է Ա.Առաքելյանին, իսկ Տ.Գզրարյանի հետ պայմանավորվել է, որ բնակարանը պետք է վաճառվի 23.000 ԱՄՆ դոլարով: Վերջինս որպես կանխավճար իրեն տվել է 1.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ փոխանցել է Ա.Առաքելյանին: Դրանից հետո Ա.Առաքելյանն իրեն ասել է, որ չի կարող գործարքն անձամբ կատարել, որովհետև չի ցանկանում, որ այդ մասին իմանա ամուսինը: 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Շենգավիթ նոտարական գրասենյակում Ա.Առաքելյանը բնակարանը վաճառելու իրավունքով լիազորագիր է տվել իրեն, ինչից հետո` 2010 թվականի հոկտեմբերի 5-ին ինքն առուվաճառքի պայմանագիր է կնքել Տ.Գզրարյանի հետ: Առուվաճառքի պայմանագիրը ներկայացրել են կադաստրի տարածքային ստորաբաժանում, սակայն բնակարանի անվանափոխություն չի կատարվել, քանի որ Ա.Առաքելյանը դիմում է ներկայացրել և կասեցրել գործընթացը: Դրանից հետո Ա.Առաքելյանն իրեն հայտնել է, որ ընտանեկան խնդիրներ ունի, որոշել է չվաճառել բնակարանը և իրենից պահանջել է վերադարձնել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, ինքն էլ հայտնել է, որ վկայականը կվերադարձնի միայն այն ժամանակ, երբ հետ կստանա որպես կանխավճար տրված 1.000.000 ՀՀ դրամը (տե՛ս քրեական գործ, 55-68-րդ, 104-110-րդ, 120-129-րդ էջեր):
12. Վկա Վալիդա Մանուչարյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Առաքելյանի բնակարանում հանդիպել է վերջինիս, և նա հայտնել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով դիմել է Կ.Պետրոսյանին, որպեսզի նա օգնի իր բնակարանը վաճառելու հարցում, սակայն հետագայում փոշմանել է և ցանկանում է հետ ստանալ բնակարանի սեփականության վկայականը (տե՛ս քրեական գործ, 200-204-րդ, 206-209-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Կ.Պետրոսյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Ի հիմնավորումն վերոգրյալ փաստարկի` բողոքի հեղինակը շարադրել և վերլուծել է սույն գործի փաստական հանգամանքները, Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որից հետո եզրակացություն է արել այն մասին, որ Կ.Պետրոսյանի արարքում բացակայում են խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի հատկանիշները: Ըստ բողոքաբերի` բնակարան վաճառելու և գրավադրելու համար տուժող Ա.Առաքելյանի կողմից ամբաստանյալ Կ.Պետրոսյանին լիազորագիր տալու, բնակարանի վաճառքի գումարը ստացած լինելու կամ չլինելու փաստի ապացուցման հիմնախնդիրները վերաբերում են մասնավոր իրավունքի ոլորտին, և այդ հարցով հանրային շահը չի գերակայում մասնավոր շահի նկատմամբ:
14. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ դատարանների կողմից, ի թիվս այլնի, որպես Կ.Պետրոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ են դիտվել «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկից ստացված գրությունը, Տ.Գզրարյանի և ամբաստանյալի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, լիազորագիրը և «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված գրության պատասխանը: Քրեական գործում բացակայում է վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որևէ որոշում, որով նշված փաստաթղթերը ճանաչվել են որպես այլ ապացույց, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, դրանք չպետք է դիտվեին ապացույց և դրվեին դատավճռի հիմքում:
15. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Կ.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է պատասխանել հետևյալ իրավական հարցին. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Կ.Պետրոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:
i
17. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է:
18. Խարդախության հանցակազմի քրեաիրավական բնութագիրը Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության է ենթարկվել Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(...) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: Այս կապակցությամբ էական նշանակություն կարող է ունենալ թե գույքն ուրիշին հանձնելու գործում ով է նախաձեռնություն դրսևորել: Արդյոք գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնելու տուժողի մտադրությունն առաջացել է հանցավորի կողմից նրան համոզելու և հորդորելու արդյունքում:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Այսինքն` օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսևորվում է կատարման հատուկ եղանակով` խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:
Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը: (...):
Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է: Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները:
(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:
Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:
Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:
Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:
Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է (...)» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26-րդ կետերը):
19. Սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Կ.Պետրոսյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Պետրոսյանի գործողություններում խարդախության հանցակազմի առկայության վերաբերյալ եզրահանգման գալու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել, որ վերջինս, նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել Ա.Առաքելյանին պատկանող գույքը, հանցավոր վարքագիծ է դրսևորել, որով ներգործել է Ա.Առաքելյանի գիտակցության և կամքի վրա, ինչի արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ իր բնակարանը վաճառելու իրավունք է հանձնել Կ.Պետրոսյանին:
20. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
ա) 2010 թվականի սեպտեմբերի 27-ին տրված լիազորագրով Ա.Առաքելյանը Կ.Պետրոսյանին լիազորել է իր փոխարեն գրավ դնելու, գրավից հանելու, անհրաժեշտության դեպքում իր հայեցողությամբ սահմանված գնով և պայմաններով վաճառելու Երևանի Մայիսի 9 փողոցում գտնվող իր բնակարանը, կնքելու և ստորագրելու գրավի, առուվաճառքի, վարկային պայմանագրերը, ստանալու հասանելիք գումարները, լուծելու կնքված պայմանագրերը, տալու և ստանալու դիմումներ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր: Ա.Առաքելյանը հայտարարել է, որ լիազորագիրը տալիս է հոժարակամ և սթափ մտքով, լիազորագրի բովանդակությունը, էությունը, ինչպես նաև իրավական հետևանքները նոտարի կողմից բացատրվել են իրեն, պարզ են և համապատասխանում են իր ցանկությանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
բ) 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից երևում է, որ Կ.Պետրոսյանը նշված բնակարանը վաճառել է Տ.Գզրարյանին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
գ) 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Ա.Առաքելյանը նոտարական գրասենյակում հայտարարություն է տվել այն մասին, որ հետ է վերցնում Կ.Պետրոսյանին տրված լիազորագիրը: Ա.Առաքելյանը հայտարարությունը ներկայացրել է կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում, ինչի հիման վրա Կ.Պետրոսյանի և Տ.Գզրարյանի միջև 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքը պետական գրանցում չի ստացել (տե՛ս սույն որոշման 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերը):
դ) Ա.Առաքելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չի ցանկացել վաճառել իր բնակարանը, այլ ընդամենը ցանկացել է դրա գրավադրմամբ բանկից վարկ ստանալ և այդ հարցում իրեն օգնելու խնդրանքով դիմել է Կ.Պետրոսյանին: Վերջինս իրեն ասել է, որ պետք է լիազորագիր տա, որպեսզի բնակարանն իր անվամբ բանկում գրավ դնի, քանի որ բանկի կառավարիչն իրեն է ճանաչում և վստահում ու միայն այդ դեպքում վարկ կտրամադրվի: Նոտարական գրասենյակում Կ.Պետրոսյանն իրեն հայտնել է, որ լիազորագրում ձևականորեն պետք է նշվի նաև վաճառքի իրավունքը, բանկի կառավարիչն է այդպես պահանջել և առանց վաճառքի իրավունքի բանկը վարկ չի տրամադրի: Վստահելով Կ.Պետրոսյանին` վերջինիս ցանկացած բովանդակությամբ լիազորագիր է կնքել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
ե) Կ.Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Առաքելյանի բնակարանի գրավադրմամբ վարկ ստանալու գործընթացը ձախողվել է, քանի որ բնակարանն ունեցել է չսեփականաշնորհված տարածք: Այդ մասին հայտնել է Ա.Առաքելյանին, որից հետո վերջինս խնդրել է վաճառել բնակարանը: Ա.Առաքելյանն իրեն ասել է, որ չի կարող գործարքն անձամբ կատարել, որովհետև չի ցանկանում, որ այդ մասին իմանա ամուսինը: Այնուհետև իր ծանոթներից Տ.Գզրարյանը բնակարանը տեսնելուց հետո ցանկություն է հայտնել գնել այն և որպես կանխավճար իրեն է տվել 1.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ փոխանցել է Ա.Առաքելյանին: 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Ա.Առաքելյանն ինքնակամ բնակարանը վաճառելու իրավունքով լիազորագիր է տվել իրեն, որից հետո առուվաճառքի պայմանագիր է կնքել Տ.Գզրարյանի հետ: Առուվաճառքի պայմանագիրը ներկայացրել են կադաստրի տարածքային ստորաբաժանում, սակայն բնակարանի անվանափոխություն չի կատարվել, քանի որ Ա.Առաքելյանը դիմում է ներկայացրել և կասեցրել գործընթացը: Ա.Առաքելյանից պարզաբանումներ է պահանջել, վերջինս էլ հայտնել է, որ ընտանեկան խնդիրներ ունի, որոշել է չվաճառել բնակարանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է վկա Վ.Մանուչարյանը, որը հայտնել է, որ Ա.Առաքելյանի բնակարանում հանդիպել է վերջինիս, և նա ասել է, որ ինքն է խնդրել Կ.Պետրոսյանին օգնել բնակարանը վաճառելու հարցում, սակայն հետագայում փոշմանել է և ցանկանում է հետ ստանալ բնակարանի սեփականության վկայականը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը վկա Վ.Մանուչարյանի ցուցմունքները չեն հետազոտել և նրա հայտնած փաստական տվյալները որևէ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տուժող Ա.Առաքելյանի կողմից մինչ քրեական գործի հարուցումը տված բացատրությունների և գործի քննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ: Մասնավորապես, Ա.Առաքելյանն իր բացատրություններում նշել է, որ առաջին անգամ, երբ ամուսնու և Կ.Պետրոսյանի հետ գնացել են նոտարական գրասենյակ, իրենք հրաժարվել են լիազորագրի մեջ նշել նաև բնակարանը վաճառելու իրավունքը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Մինչդեռ հետագա ցուցմունքներում տուժողը հայտնել է, որ Կ.Պետրոսյանը բնակարանը վաճառելու իրավունքը լիազորագրում նշելու պահանջ է ներկայացրել միայն այն ժամանակ, երբ ինքը երկրորդ անգամ, միայնակ գնացել էր նոտարական գրասենյակ և վստահելով Կ.Պետրոսյանին` վերջինիս ցանկացած բովանդակությամբ լիազորագիր է կնքել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
Վերոգրյալ հակասությունը նույնպես ստորադաս դատարանները որևէ գնահատականի չեն արժանացրել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց վերը նշված հանգամանքները պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արգելված արարքում Կ.Պետրոսյանի մեղավորության կամ անմեղության մասին եզրահանգման գալ հնարավոր չէ:
22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ հետազոտման և գնահատման չեմ ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները: Նշվածը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստի հիմք է սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասով պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության, որը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներով, ինչպես վերաբերելիության և թույլատրելիության առումով, այնպես էլ իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից պետք է պատշաճ հետազոտման և գնահատման ենթարկի գործում առկա ապացույցները, որից հետո միայն սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո եզրահանգման գա առ այն, թե Ա.Առաքելյանն իր բնակարանը վաճառելու իրավունքով նոտարական լիազորագիր է տվել Կ.Պետրոսյանին ինքնակամ, թե վերջինիս կողմից դրսևորած հանցավոր վարքագծի արդյունքում` գտնվելով մոլորության մեջ:
23. Անդրադառնալով Կ.Պետրոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ղեկավարվելով օրենքով և ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ Կ.Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Հետևաբար, այդ առումով ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված են, իսկ պաշտպանի բողոքում առկա փաստարկներն իրենց հաստատումը չեն գտնում քրեական գործի նյութերում:
24. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին այն մասին, որ դատարանները որպես Կ.Պետրոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ են դիտել մի շարք փաստաթղթեր, որոնք սահմանված կարգով այլ ապացույց չեն ճանաչվել (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնազուրկ է, քանի որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպանի կողմից հիշատակված փաստաթղթերը նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ ճանաչվել են որպես ապացույց (տե՛ս քրեական գործ, 191-192-րդ էջեր):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարեն Խաչատուրի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Կարեն Խաչատուրի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան