Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1216/02/10

    դատարանի որոշում                                              2012թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1216/02/10

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե.Սողոմոնյանի

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հենրիկ Սվազյանի (իրավահաջորդներ` Սուսաննա և Հենրիխ Սվազյաններ) ընդդեմ Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանների, Հայկանուշ Խաչատրյանի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենրիկ Սվազյանը պահանջել է Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյաններին, Հայկանուշ Խաչատրյանին վտարել Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանից:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 17.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2011 թվականի որոշմամբ Հենրիկ Սվազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել և փոփոխվել է Դատարանի 17.12.2010 թվականի վճիռը, և հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանները և Հայկանուշ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Սվազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռոբերտ Սվազյանը հոր` Հենրիկ Սվազյանի հետ միասին հանդիսացել է նույն` առաջին հերթի ժառանգ, որոնք 29.05.1994 թվականին մահացած Օֆելյա Կարապետյանի ժառանգներն են:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ռոբերտ Սվազյանն ըստ օրենքի ժառանգ է, և ժառանգությունը ձևակերպելու համար փաստաթղթերը գտնվում են նոտարական գրասենյակում, սակայն իր կամքից անկախ պատճառներով չի հասցրել ստանալ ըստ օրենքի ժառանգության վկայագիր:

Միաժամանակ Ռոբերտ Սվազյանը միջնորդել է կասեցնել գործի վարույթը, քանի որ նույն անձանց միջև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է մեկ այլ վեճ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը:

 

2. Գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.

Ռոբերտ Սվազյանը 16.03.2011 թվականին ստացել է ըստ օրենքի ժառանգության վկայագիր, իսկ 21.03.2011 թվականին ստացել է 18.03.2011 թվականին կազմված անշարժ գույքի սեփականության վկայականը, որի համաձայն` Ռոբերտ Սվազյանը հանդիսանում է վիճելի բնակարանի համասեփականատեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, ապա հարկ է նշել, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք կարող է բերվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ, իսկ տվյալ դեպքում բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտած չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 23.03.2007 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2318486 վկայականի համաձայն` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-011-4-Շ-21 մատյանի թիվ 0036 համարի տակ Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հենրիկ Սվազյանի սեփականության իրավունքը (գ.թ. 8-11):

2) 04.03.2011 թվականի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան և պատճառաբանելով, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սվազյանի, երրորդ անձինք Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի ընդդեմ Հենրիկ Սվազյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, խնդրել է կասեցնել սույն գործի վարույթը (գ. թ. 103):

3) 29.09.2011 թվականի թիվ Ա` 077427 մահվան վկայականի համաձայն` Հենրիկ Սվազյանը մահացել է 29.09.2011 թվականին:

4) 25.04.2012 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 29.09.2011 թվականին մահացած Հենրիկ Սվազյանի գույքի նկատմամբ ժառանգներ են Սուսաննա և Հենրիխ Սվազյանները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու հիմքին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ` սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում (տե՛ս Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0169/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործով հայցվորը պահանջել է Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյաններին, Հայկանուշ Խաչատրյանին վտարել Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանից: 04.03.2011 թվականի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան և պատճառաբանել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սվազյանի, երրորդ անձինք Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի ընդդեմ Հենրիկ Սվազյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և խնդրել է կասեցնել սույն գործի վարույթը:

Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդության մերժումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործը սույն գործի քննության համար առաջացնում է անհնարինություն, քանի որ նշված գործով քննվում է Ռոբերտ Սվազյանի` վեճի առարկա գույքի սեփականատեր լինելու հանգամանքը, որպիսի փաստի հաստատումը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն: Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կասեցնել սույն գործի վարույթը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը պետք է ուղարկվի Դատարան` նոր քննության:

Հիմք ընդունելով սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, որը բավարար հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ԵՇԴ/1216/02/10
Որոշում