i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0423/02/08/370/
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0423/02/08/370/
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդուշ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդուշ Ղազարյանի ընդդեմ Գևորգ Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
i
Դիմելով դատարան` Վարդուշ Ղազարյանը պահանջել է բռնագանձել Գևորգ Ղազարյանից 1898,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 1799,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար, 99 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ, ինչպես նաև 175.560 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով Վարդուշ Ղազարյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` 1799,33 ԱՄՆ դոլար անհիմն հարստացման գումարի և 100.000 ՀՀ դրամ փաստաբանական ծառայության գումարի պահանջի մասով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.08.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդուշ Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Ղազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը և 219-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ապացույցների բաշխման սկզբունքը, գտել է, որ հայցվորը պետք է ապացուցի պարտապանից գումար չստանալու փաստը:
Բացի այդ, Գևորգ Ղազարյանն ընդունել է, որ գումարը հանձնել է մասնակի: Տվյալ դեպքում Գևորգ Ղազարյանը պետք է կրեր գումարը «հանձնած» մասով ապացուցման բեռը, իսկ գումարը չհանձնած մասով դատարանն իրավասություն չուներ ապացուցման ենթակա փաստ համարել, քանի որ դրա վերաբերյալ վեճ չկա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում պատասխանողը չի վիճարկել այն փաստը, որ ինքը չի վերադարձրել հայցվորի անձնական հաշվից ստացած գումարը: Ընդհակառակը` առաջին ատյանի դատարանում նշել է, որ ինքն ստացել է գումարը և հայցվորին չի տրամադրել այն պատճառով, որ ինքն է տվյալ գումարի մի մասի սեփականատերը ժառանգության իրավունքի հիման վրա:
i
2) Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը` խախտելով նույն օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե արդյոք տվյալ գումարը ժառանգության իրավունքով պատկանում է նաև պատասխանողին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ ժառանգության իրավունքի վերաբերյալ հայց սույն գործով չի ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որպես խախտում նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սակայն չի հիմնավորել, թե առաջին ատյանի դատարանը հատկապես որ ապացույցն օբյեկտիվ չի գնահատել կամ գործի որ մասը չի քննել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատաքննությամբ հաստատվել է, որ Գևորգ Խաչատուրի Ղազարյանի ժառանգությունից հասանելիք 1800 ԱՄՆ դոլարի ժառանգներ են Վարդուշ Ղազարյանը, Գևորգ Ղազարյանը և Սուսաննա Շահբազյանը: Բոլոր ժառանգների ընդհանուր համաձայնությամբ ժառանգական գումարի ստացման գործողությունների կատարումը ստանձնել է Գևորգ Ղազարյանը: Ժառանգությունն ստանալուց հետո գումարի կեսը` 900 ԱՄՆ դոլարը, տրվել է Վարդուշ Ղազարյանին, իսկ մյուս կեսը հավասարաչափ բաժանվել է Գևորգ Ղազարյանի և Սուսաննա Շահբազյանի միջև:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Վարդուշ Ղազարյանը 28.02.2005 թվականի նոտարական կարգով վավերացված լիազորագրով Գևորգ Ղազարյանին լիազորել է ստանալու իր հոր կողմից ապահովագրության դիմաց հասանելիք գումարները (գ.թ. 19):
2) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 22.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն` 04.12.2007 թվականին Հայկական ապահովագրական հիմնադրամի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գտնվող Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվին փոխանցվել է 1.808,33 ԱՄՆ դոլար: Նույն օրը Գևորգ Ղազարյանը բանկից ստացել է 1.799,33 ԱՄՆ դոլար, իսկ 9 ԱՄՆ դոլարը պահվել է բանկի կողմից, որպես ստացված անկանխիկ գումարը կանխիկացնելու վճար (գ.թ. 41):
3) Բանկից ստացված գումարը Գևորգ Ղազարյանի կողմից Վարդուշ Ղազարյանին հանձնելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտավորությունը: Նույն հոդվածի երկրորդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքով նշված այլ հիմքերից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ լիազորագիրն ըստ էության լինելով միակողմանի գործարք լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը): Ընդ որում, միայն լիազորագրով ստանձնած հանձնարարությունը կատարված լինելու դեպքում է պարտավորությունը դիտվում պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը` դադարած:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Սույն գործի փաստերի համաձայն` 28.02.2005 թվականի լիազորագրով Վարդուշ Ղազարյանը լիազորել է Գևորգ Ղազարյանին ստանալու ապահովագրության դիմաց հասանելիք գումարները և այն վերադարձնել Վարդուշ Ղազարյանին: 04.12.2007 թվականին Գևորգ Ղազարյանը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ստացել է Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվին փոխանցված գումարը:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ դատաքննության արդյունքում վիճելի է մնացել բանկից ստացված գումարը Վարդուշ Ղազարյանին հանձնված լինելու փաստը, նշված գումարը չստանալու փաստի ապացուցման պարտականությունը դրել է Վարդուշ Ղազարյանի վրա:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է Գևորգ Ղազարյանը, այսինքն` այն կողմը, որի վրա լիազորագրի ուժով դրված է փոխանցված գումարը ստանալու և այն Վարդուշ Ղազարյանին հանձնելու պարտականությունը և միայն այդ փաստի առկայության դեպքում լիազորագրով ստանձնած պարտավորության կատարումը կարող է համարվել պատշաճ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գումարը հանձնելու ապացուցման պարտականությունը դրել է Գևորգ Ղազարյանի վրա, իսկ Վերաքննիչ դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հաստատած փաստերը կարող է որպես հիմք չընդունել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը, իսկ վերաքննիչ դատարանն էլ հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Մինչդեռ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Գևորգ Ղազարյանը չի վիճարկել այն փաստը, որ նա չի վերադարձրել Վարդուշ Ղազարյանի անձնական հաշվից ստացած գումարը: Ընդհակառակը` առաջին ատյանի դատարանում նշել է, որ ինքն ստացել է գումարը և Վարդուշ Ղազարյանին չի տրամադրել այն պատճառով, որ ինքն է տվյալ գումարի մի մասի սեփականատերը.
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն, վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Ղազարյանի` վիճելի գումարի նկատմամբ ժառանգ լինելու փաստը առաջին ատյանի դատարանում չի վիճարկվել, և նման փաստ սույն գործով չի հաստատվել, հետևաբար, այն վերաքննիչ վարույթի քննության առարկա չէ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված փաստն առաջին ատյանի դատարանում չվիճարկվելու պայմաններում հանգել է այն եզրակացության, որ այդ փաստը չպարզելու հետևանքով առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08): ՈՒստի սույն գործով Վճռաբեկ դատարանն աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում չի նշել, թե ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է եզրակացություն արել վիճելի գումարի նկատմամբ այլ անձանց, ինչպես նաև Գևորգ Ղազարյանի ժառանգ լինելու փաստի առկայության մասին: Ավելին, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու հատկապես պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարգի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.08.2008 թվականի վճռին:
2. Գևորգ Ղազարյանից բռնագանձել 16.470 (տասնվեց հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Ե. Սողոմոնյան